HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հայաստանին չի հաջողվում ստրատեգիական գործընկերոջ դերում հանդես եկող Ռուսաստանից զիջումներ կորզել

Հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող ցանկացած հարցում Հայաստանի կառավարության ներկայացուցիչների վիճակն իսկապես աննախանձելի է։ Մարդիկ պարզապես չգիտեն՝ ինչն ինչպես բացատրել, հիմնավորել, որովհետև որոշումների վրա, որոնց կայացման խնդիրն ամբողջությամբ թողնվել է Կրեմլի հայեցողությանը, որևէ կերպ ազդել հնարավոր չի լինում։ Այս իրողությունն առավել տրագիկոմեդիկ դրսևորումներ է ստանում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագնի վերանայումների համատեքստում։

Մարտի 10-ին Կրեմլում կայացած Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ ՀՀ արտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Սարգսյան-Պուտին քննարկումները վերաբերելու են նաև գազի գործող սակագինը պահպանելուն․ ինչպես հայտնի է՝ սահմանին ռուսական գազը Հայաստանը գնում է 1000խ/մ-ի դիմաց 165 դոլարով։ Քոչարյանի հայտարարության տրամաբանությունից հետևում էր, որ եթե կողմերը համաձայնության չգան, սակագինը, որի գործողության ժամկետը սահմանված է մինչև այս տարվա ապրիլ, կարող է նաև բարձրանալ և վերադառնալ նախկին՝ 189 դոլարի մակարդակին։

Չնայած դրան՝ նույն օրը՝ մարտի 10-ին, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց մինչև 2017թ․ առաջին եռամսյակը, այսինքն՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում ուժի մեջ թողնել գործող սակագինը, որը հիմնավորվեց ռուսական կողմի հետ համաձայնութան ձեռքբերմամբ։ Այսինքն՝ այն դեպքում, երբ գործադիրը փաստացի 1 տարով ամրագրում է գործող սակագինը՝ հասկանալի դարձնելով, որ ռուսական կողմը հրաժարվել է ընդառաջել գազի սակագինը միջազգային տենդենցներին համահունչ իջեցնելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ավելի վաղ արած հրապարակային առաջարկությանը, ՀՀ փոխարտգործնախարարը խոսում է այն մասին, որ նախագահները պետք է նոր միայն բանակցեն գործող սակագինը ուժի մեջ թողնելու, այսինքն՝ վերստին չբարձրացնելու շուրջ։  

Բայց ահա Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը երեկ անակնկալ կերպով հայտարարեց, որ ներկայումս ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում գազի սակագինն է՛լ ավելի իջեցնելու շուրջ։ Յոլյանն իսկական գլուխկոտրուկ առաջարկեց բոլորին․ եթե Կառավարությունն արդեն որոշում է կայացել սակագնի պահպանման վերաբերյալ, ապա ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը։ Իսկ եթե կար սակագինն իջեցնելու հնարավորություն, ապա ինչո՞ւ է կառավարությունը շտապում առաջիկա մեկ տարվա համար ամրագրել գործող սակագինը։ Մյուս կողմից՝ ստացվում է, որ ԱԳՆ-ն, ի դեմս փոխնախարար Քոչարյանի, չգիտի՞ ինչ ուղղությամբ կամ նպատակներով են բանակցություններ ընթանում։  Չնայած՝ այս առումով զարմանալու ոչինչ չկա։ Օրինակ՝ նույն Շավարշ Քոչարյանը հերքել էր, թե Թբիլիսիում ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ փորձագիտական մակարդակով քննարկում է անցկացվել։ Դա այն դեպքում, երբ ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքն էր հայտարարել այդ քննարկմանը մասնակցելու նպատակով Թբիլիսի ժամանելու մասին, այլև հայ փորձագետներն իրենք էին հաստատել, որ մասնակցել են դրան։

Այն հանգամանքը, որ սակագնի իջեցման հնարավորության մասին հայտարարությունն արվում է Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո, թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է՝ նոր բանակցությունները սկսվել են այդ հանդիպման արդյունքների հիման վրա։ Սակայն, այդ դեպքում առնվազն տարօրինակ է կողմերի լռությունը․ ո՛չ հանդիպումից առաջ և ո՛չ էլ հետո ո՛չ Երևանը և ո՛չ էլ Մոսկվան որևէ ակնարկ անգամ չարեցին, որ սակագնի հարցը եղել է քննարկման առարկա, կամ որ թեկուզ բանակցությունները շարունակելու հետ կապված ձեռք են բերվել որոշակի նոր պայմանավորվածություններ։

Այս հակասությունների, առավելևս՝ նախագահների բանակցության արդյունքների շուրջ պահպանվող անորոշությունների պատճառը մեկն է․ ռուսական կողմի անկանխատեսելիությունը։ Երևանում պարզապես չեն շտապում որևէ կոնկրետ հայտարարություն անել, որովհետև վստահ չեն, որ ընթացքում ռուսական կողմը չի հրաժարվելու համաձայնություններից և հերթական անգամ չի որոշելու պարզապես Երևանից ստանալ այն, ինչ ցանկանում է։ Մյուս կողմից՝ իհարկե ամոթ է խոստովանել, որ չնայած էներգառեսուրսների ահռելի գնանկման փաստին, ոչ մի կերպ չեն կարողանում ստրատեգիական գործընկերոջ դերում հանդես եկող երկրից՝ Ռուսաստանից, զիջումներ կորզել և ոչ մի կերպ հնարավոր չի լինում սրբագրել այն խայտառակ իրողությունը, որ ռուսական գազը վերջնական, շարքային սպառողին է հասնում գրեթե այն սակագնով, ինչ եվրոպական երկրներում է։

Բայց այն, որ ռուսների հետ բանակցությունները որևէ էական արդյունք չեն տալիս, և որ Մոսկվան պարզապես քմահաճույքով է առաջնորդվում, բոլորովին էլ ռուսական կողմի մեղքը չէ։ Դրա պատասխանատվությունը կրում է Երևանը, որը բացարձակապես ոչինչ չի արել և չի անում բանակցություններ սկսելուց առաջ իր դիրքերն ամրապնդելու և անհրաժեշտության դեպքում ռուսական կողմին այլընտրանքներ չթողնելու համար։

Մի քանի շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ռուսական կողմին առաջարկել է նվազեցնել գազի սակագինը։ Ավելի ուշ, թերևս հասկանալով, որ «Գազպրոմ»-ը պարզապես արհամարհում է այդ առաջարկը, նա կառավարության նիստում որոշեց կրկին բարձրացնել այդ հարցը։ Բայց չկարողանալով կամ չհամարձակվելով իր ասելիքն ուղղել իրական հասցեատիրոջը՝ ՌԴ կառավարությանը կամ «Գազպրոմ»-ին, թիրախ դարձրեց վերջինիս հայաստանյան դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիային»՝ այն էլ ըդնամենը վերջինիս սովորեցնելով, թե ինչպես կարող է վերջինս ավելացնել շահույթը, եթե իջեցնի սակագինը։ Կարծես այդքանը «Գազպրոմ-Արմենիա»-ում չէին հասկանում։

Նման մակարդակով բանակցություններ վարողը, բնականաբար, ոչ միայն որևէ արդյունք ունենալ չի կարող, բացի, թերևս, մուրացկանների հանդեպ ցուաբերվող մեծահոգությունը, այլև չի կարող իր նկատմամբ տարրական հարգանք ակնկալել։ Որովհետև հարգում են նրան, ով ստիպում է հարգել իրեն։ Իսկ թե ինչպես են դա անում, ինչպես են ընդհանրապես արդյունավետ բանակցություններ վարում, հրաշալի ցույց տվեց Վրաստանը։ 

«Գազպրոմ»-ը Վրաստանին վերջնագիր էր ներկայացրել, որ վերջինս պետք է Հայաստան մատակարարվող գազի տարանցման համար վճարվի ոչ թե գազով, որը կազմում է տարեկան մոտ 200մլն խ/մ, այլ արժույթով։ Հակառակ դեպքում ռուսական կողմը սպառնում էր Հայաստանի գազամատակարումն ապահովել Իրանի միջոցով։ Վրաստանի կառավարությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար «Գազպրոմ»-ի հետ բանակցություններին զուգահեռ միաժամանակ ինտենսիվ բանակցություններ սկսեց թե՛ Ադրբեջանի և թե՛ Իրանի հետ՝ գազի ներկրման այլընտրանքային ուղիներ գտնելու համար։ Վրաստանի փոխվարչապետ Կախա Քալաձեի կողմից վարվող բանակցությունները հանգեցրին Իրանի հետ նախնական համաձայնությունների ձեռբերման, ըստ որի՝ Վրաստանը Իրանից տարեկան մոտ 250մլն խ/մ գազ պետք է գներ, որի տարանցումը պետք է ապահովվեր Հայաստանի միջոցով։ Երևանի տարածաշրջանային կշռի բարձրացումը և փաստացի տնտեսական շրջափակման ճեղքումը թույլ չտալու համար Ադրբեջանը համաձայնեց Վրաստանին տարեկան մոտ 500 մլն խ/մ գազ մատակարարել նրան հարմար սակագնով, ինչից համառորեն Բաքուն հրաժարվում էր մոտ 3 ամիս շարունակ։ Դրանից հետո «Գազպրոմ»-ին այլ բան չէր մնում, քան համաձայնել ուժի մեջ թողնել Հայաստան գազի տարանցման դիմաց վրացական կողմին գազով վճարելու գործող պայմանները։ Այսինքն՝ օգտագործելով տարածաշրջանային երկրների միջև հակասությունների ու մրցակցության ողջ կծիկը՝ Վրաստանը հասավ իր համար առավելագույն արդյունքի։

Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններում նման ոչ մի գործիք չի օգտագործում։ Երևանն ինքնակամ հրաժարվել է օգտագործել անգամ Իրանի հանդեպ սանկցիաների վերացումով ընձեռված հնարավորությունը և մասնավորապես Իրանից գազ ներկրելու և իրանական գազը արտաքին շուկաներ հանելու տարանցիկ երկիր դառնալու իր թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական պոտենցիալ առավելությունները։ 

Երբ 2013թ․ ստորագրվում էին հայ-ռուսական «գազային» պայմանագրերը, որոնցով Հայաստանի տարածքում «Գազպրոմին» մոնոպոլ կարգավիճակ էր շնորհվում, Կառավարությունը համոզում էր, որ այդ հանգամանքը չի կարող սահմանափակել անհրաժեշտության և կարիքի դեպքում Իրանից գազի ներկրումը։ Հիմա խոսքը ոչ թե Իրանից գազ ներկրելու մասին է, այլ ընդամենը այդ շանսը ռուսական կողմի հետ բանակցություններում խաղարկելու։ Բայց դրա մասին ոչ ոք չի հիշում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Եթե, իսկապես, այդ պայմանագրերով չէին սահմանափակվում այլ երկրներից, այլ աղբյուրներից գազ ներկրելու Հայաստանի սուվերեն իրավունքները, ինչո՞ւ են իշխանությունները հրաժարվում անգամ տեսական հարթության վրա դիտարկել այդ հարցը, ինչո՞ւ են նյարդայնանում, երբ դրա վերաբերյալ հարց է հնչում։ Գուցե իսկապե՞ս արդեն ժամանակն է խոստովանելու, որ այդ հարցում ժամանակին հասարակության գլխի տակ պարզապես փափուկ բարձր է դրվել, իսկ իրականում Հայաստանը պարզապես ինքն իրեն գցել է ռուսական «գազախցիկ»։ Գուցե պետք է արդեն խոստովանել, որ միայն Պուտինի բարեհաճության արդյունքում է, որ այդ խցիկը դեռ գործի չի գցվում․․․        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter