HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ Թի Փի»-ն ընդլայնում է բնապահպանական կրթության ծրագրերը

«Հայաստանի առջեւ բազմաթիվ բնապահպանական խնդիրներ են ծառացել, որոնք զգալիորեն ներգործում են աշակերտների եւ, առհասարակ, հասարակության բարեկեցության վրա: Հենց այստեղ է, որ բնապահպանական կրթությունը հարթում է դեպի սոցիալ-տնտեսական կայունություն տանող ուղին»- նշում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) երեւանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը:

2005 թ.-ից սկսած՝ Հայաստան Ծառատունկ Ծրագիրը, Հայաաստանը կանաչապատելուց զատ, իր հիմնական ծրագրերում ներառեց բնապահպանական կրթությունը: Հասարակական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների, պետական մարմինների հետ ակտիվ համագործակցությամբ բնապահպանական կրթություն  ծրագրեր զարգացնելու գաղափարը շատ շուտով կյանքի կոչվեց՝ նպատակ հետապնդելով ստեղծել կրթական նոր մոտեցումներ, որոնք համապատասխանեցված կլինեին աշակերտների պահանջներին:

2016թ. փետրվարին «Էյ Թի Փի»-ն կազմակերպեց բնապահպանական կրթությանն առնչվող երեք կարեւոր հանրային միջոցառում, որոնց վերջնական նպատակն է ոլորտում կուտակած փորձի տարածումը հանրապետության բոլոր դպրոցներում:

«Բազմաթիվ կազմակերպություններ են գործում այս ոլորտում, սակայն դեռեւս համագործակցության պակաս ունենք», - ընդգծում է «Էյ Թի Փի»-ի Բնապահպանական կրթական ծրագրերի ղեկավար Ալլա Սահակյանը: Հենց այս գաղափարի իրագործման նպատակով 2014 թ.-ին հիմնվեց Բնապահպանական Կազմակերպությունների Ցանցը (ԲԿՑ):

«Էյ Թի Փի»-ի նախաձեռնությամբ իրականացվեց երկամյա ]րագիր, որն ուղղված էր բնապահպանական կրթական ծրագրերի մշակման նպատակով հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից եւ իրականացվել ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) միջոցով: ԲԿՑ-ն ներառում է Հայաստանում գործող ավելի քան 30 հասարակական, միջազգային եւ կրթական կազմակերպություններ:

Փետրվարի 17-ին, նշված ծրագրի շրջանակներում «Էյ Թի Փի»-ի կազմակերպած համաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի միջեւ համագործակցության եւ բնապահպանական կրթական քաղաքականության զարգացմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը: Միջոցառման նպատակն էր մասնակցային որոշումների կայացման խթանումը եւ կառավարությանը կրթական հիմնական փաստաթղթերում, ինչպիսին, օրինակ, «2016-2025թթ  Կրթության զարգացման պետական  ծրագիրն» է, բնապահպանական հիմնախնդիրները ներառելուն առնչվող առաջարկների ներկայացումը:

«Մենք հավատում ենք բնապահպանական կրթության ուժին: Այն մեկտեղում է մտահոգ չափահասներին եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին եւ թույլ է տալիս ի հայտ բերել երիտասարդների, երեխաների կուտակած էներգիան», - համաժողովի ընթացքում նշեց  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Հենց այս էներգիան էլ եղել է «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթության ծրագրերի շարժիչ ուժը՝ սկսած ուսուցիչների համար նախատեսված «Միտք սերմանի՛ր, ծառ տնկի՛ր» բնապահպանական 2 ձեռնարկների հրապարակումից, մինչեւ բոստոնաբնակ Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների ֆինանսավորմամբ երկու բնապահպանական կենտրոնների ստեղծումը: Կարին եւ Մարգահովիտ գյուղերում տեղակայված այս կենտրոններ, օրինակ, միայն 2015 թ.-ին այցելել են շուրջ 3,500 աշակերտներ:

Փարիզում համաշխարհային կլիմայական փոփոխության շուրջ ձեռք բերված համաձայնագրի հետքերով «Էյ Թի Փի»-ն կազմակերպում է կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում բնապահպանական կրթության եւ իրազեկվածության բարձրացման թեմայով:

Փարիզում դեկտեմբեր ամսին կլիմայի փոփոխության շուրջ բանակցությունների հետքերով «Էյ Թի Փի»-ն գործընկեր կազմակերպությունների հետ փետրվարի 4-ին կլոր սեղան-քննարկում կազմակերպեց՝ կարեւորելով Հայաստանում կլիմայի փոփոխության առնչությամբ իրազեկման բարձրացման եւ բնապահպանական կրթության հարցերը: Փարիզյան բանակցությունները 195 երկրներին հնարավորություն տվեցին հասնելու մի պայմանագրի, որը թույլ կտա պատշաճ անդրադարձ կատարել կլիմայի փոփոխությանն ու դրա ազդեցությանը: «Էյ Թի Փի»-ի կլոր սեղանի մասնակից տարբեր փորձագետներ քննարկեցին այս բանակցությունների առնչությունը Հայաստանին՝ որպես մի զարգացող երկիր, որը եւս զգում է փոփոխվող կլիմայի ազդեցությունը՝ սկսած երկար, չոր ամառներից մինչեւ ճանապարհների, հողի մակերեսային շերտի, մշակաբույսերի, այդ թվում՝ բանջարեղենի եւ մրգերի վրա կործանիչ ներգործությունը:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) Հոդված 6-ում ընդգծված կրթության կարեւորությունը եւս քննարկվեց միջոցառմանը: «Մենք պետք է ֆորմալ եւ ոչ ֆորմալ բնապահպանական կրթության այս գաղափարը տարածենք դպրոցից դուրս՝ ընգրկելով հանրության բոլոր շերտերը», - նշեց ՄԱԿ ԿՓՇԿ-ի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը: Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ Անահիտ Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ բարելավված կրթական ուսումնական մեթոդներն օգտակար են ազդեցության ընդլայնման տեսանկյունից: «Ուսուցիչը չի կարող արդյունավետ կերպով գիտելիք փոխանցել աշակերտին, եթե բավարար ծանոթ չէ բնակլիմայական փոփոխության հիմնահարցին», - ընդգծեց Գասպարյանը: ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն էլ վստահություն հայտնեց, որ միջազգային կրթական փորձը կիրառելիս կարեւոր է նաեւ վերջինի համապատասխան տեղայնացումը:

Վերը նշված քննարկմանը հաջորդեցին ԲԿՑ անդամ կազմակերպությունների աշխատանքային հանդիպումները Ծաղկաձորում, որտեղ մասնակիցները ուրվագծեցին ԲԿՑ հետագա ռազմավարությունը. «Բնապահպանական գիտակցություն ունեցող սերունդ հանուն կանաչ եւ կայուն միջավայրի»: 

«Հայաստանում բնապահպանական կրթության համատեքստում հետաքրքրվածության եւ ակտիվության նման մակարդակ տեսնելը պարզապես ոգեւորիչ է: Երբ 2005 թ.-ին մենք մեկնարկեցինք բնապահպանական ծրագրերը, շատ քչերն էին դեռ ներգրավված այս բնագավառում, իսկ այժմ Բնապահպանական Կազմակերպությունների Ցանցի միջոցով մենք ստեղծեցինք աշխատանքային ու գործընկերային հարաբերություններ ՀԿ-ների եւ կառավարական մարմինների հետ, որոնք հավատարիմ են բնապահպանական կրթության ոլորտում որակի եւ ազդեցության շարունակական բարելավման գաղափարին», - եզրափակում է «Էյ Թի Փի»-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը:

Գլխավոր լուսանկարում՝ «Էյ Թի Փի»-ն Բնապահպանական Կազմակերպությունների Ցանցի իր գործընկերների հետ մշակեց Ցանցի ապագա ռազմավարությունը. «Բնապահպանական գիտակցություն ունեցող սերունդ հանուն կանաչ եւ կայուն միջավայրի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter