HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեմյոնովկայի դպրոցը գազիֆիկացման կարիք ունի

29 աշակերտ ունեցող Սեմյոնովկայի հիմնական դպրոցը ջեռուցվում է հեղուկ վառելիքով: Տնօրեն Վարդուհի Սարգսյանի խոսքով` ուշադիր են լինում, որ դասասենյակներում հանկարծ հրդեհ չբռնկվի: Նրա հավաստիացմամբ` դասարաններում  համապատասխան ջերմություն է ապահովված: Աշակերտներն առանց վերարկուների են դասի նստում: Տնօրենը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին է ներկայացրել դպրոցի առաջնահերթ լուծում պահանջող հարցերը, այն է` դպրոցի գազամատակարարման ապահովումը եւ սպորտդահլիճի վերանորոգումը:

«Հիմա մեր հիմնահարցը մնում է գազիֆիկացումը: Այս հարցով մարզպետին դիմել ենք, նա նույնպես սա առաջնահերթ է համարում: Նա անգամ առաջարկել է փոքր բաքսի համակարգ անցկացնել: Գյուղը ուշ գազիֆիկացվեց, գրեթե ամբողջովին գազիֆիկացված է: Դպրոցի գազիֆիկացումը ծախսատար է, մարզպետը խոստացել է, որ կօգնի»,- լիահույս է Վ. Սարգսյանը, ում խոսքով նախատեսված է նաեւ դպրոցի միջանցքի վերանորոգումը:

Արդեն 2 տարի դպրոցն ունի շուրջօրյա ջրամատակարարում: 2000 թ.-ից դպրոցում մասնակի վերանորոգումներ են իրականացվել, փոխվել է տանիքը, վերանորոգված դասասենյակներում տեղադրվել են եվրոպատուհաններ, դռներ:

«Ճաշարանը երկար տարիներ վերանորոգված է, շատ ուշադիր ենք գույքի, եղածի հանդեպ, եթե փչացնենք, ձեռք բերելը շատ դժվար է: Մենք այն դպրոցների շարքին ենք դասվում, որ առաջիններից էր օգտվում «Դպրոցական սնունդ» ծրագրից»,- նշում է տկն Սարգսյանը:

Դպրոցում դասարանները կոմպլեկտավորված են: Միացված են գործում 1-2-րդ, 3-4-րդ, 6-7-րդ դասարանները, առանձին են 5-րդ եւ 9-րդ դասարանները:

Սեմյոնովկայի հիմնական դպրոցը տիպային երկհարկանի շենք է, շահագործման է հանձնվել 1972-ին` նախատեսված 196 աշակերտի համար: Շուրջ 17 տարի դպրոցը ղեկավարող Վարդուհի Սարգսյանը հիշում է, որ դպրոցը առավելագույն աշակերտներ ունեցել է 2000-2001թթ.-ին, 64 աշակերտ: Ամենաքիչը դպրոց հաճախել է 24 աշակերտ, 2010-2011 թթ.-ին:

«Դա այն ժամանակ էր, երբ շատերը քաղաքից գյուղ էին գալիս, ապրում էին գյուղում, զբաղվում անասնապահությամբ, հողագործությամբ: Իսկ հետո, աշխատանք չունենալով, հեռացան: Հիմնականում երիտասարդներն են գնում իրենց ընտանիքներով, բնականաբար երեխաներին էլ իրենց հետ տանում են»,-նշում է տնօրենը` ավելացնելով, որ 2016 ուսումնական տարում դպրոց է հաճախում 2 առաջին դասարանցի, մյուս տարի նրանք կլինեն 5-ը:

«Մենք օլիմպիադաների փայլուն երեխաներ չունենք, ես միշտ կողմնակից եմ, որ օլիմպիադային փայլուն երեխան պիտի մասնակցի, եթե պիտի մասնակցի ու տեղ չգրավի, ավելի լավ է չգնա: Դպրոցում հետաքրքիր միջոցառումներ են անցկացվում, ներգրավում ենք 5-9 դասարանցիներին` այդ դասարանների ուսումնական պլանին համապատասխան: Դպրոցավարտ երեխաները ուսումը շարունակում են ավագ դպրոցում, քոլեջում, հետո ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մեր երկու շրջանավարտներ սովորում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Մի սպա ունենք, ով Սերժ Սարգսյանի կողմից մեդալի արժանացավ»,- աշակերտների ձեռքբերումներով է հպարտանում տնօրենը:

Աշխատում է 14 ուսուցիչ, նրանց մի մասը Սեւանից է, մյուս մասը` Ծովագյուղից եւ Սեմյոնովկայից: Դպրոցն այժմ ունի ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

«Մենք ֆիզկուլտուրա առարկայի դասերը լրացրել ենք. ըստ ուսուցչի թափուր տեղի կարգի` իրավունք կա ընդունելու ժամանակավորի, մինչեւ մրցույթը տեղի ունենա եւ հաղթող ճանաչվի: Հիմա ուսուցիչ ունենք, ով աշխատանքային փորձ ունի, արդեն մեկ ամիս հիմնական աշխատող է»,- նշում է Վարդուհի Սարգսյանը:

Արփինե Մինասյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter