
Խմբապետ Մարտիրոս Աբրահամյան. Գեորգեւյան խաչի շքանշանակիր ասպետը
(հատվածներ խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի «Իմ հիշելի հուշերը» գրքի առաջաբանից)
Խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի կամ Բաշգառնեցի Մարտիրոսի (ինչպես հաճախ հիշատակվում է նա այդ շրջանի գրականության մեջ)՝ առաջին անգամ հայաստանցի ընթերցողին ներկայացվող հուշերի գիրքը՝ «Իմ հիշելի հուշերը», հուշագրություն է բառի ավանդական ըմբռնումով: Նրա հեղինակը պերճախոս հռետոր չէ եւ ոչ էլ քաղաքական վերլուծաբան: Նա զինվորական գործիչ է, որը վարժված է արտահայտվելու կարճ հրամանների ու բացատրականների ձեւով: Սակայն դա չի նշանակում, թե նրան խորթ է դիտողական հայացքը: Այս կամ այն գործչի, այս կամ այն միջադեպի առնչությամբ շատ սեղմ՝ մեկ-երկու բառով կամ նախադասությամբ արտահայտված կարծիքը խմբապետ Մարտիրոսի սուր աչքի եւ քննական հայացքի վկայություններ են, առանց որոնց պարզապես անհնարին կլինեին այն մեծ ու փոքր ռազմական հաղթանակները, որոնք նրա գլխավորած խմբերին ու զորամասերին ուղեկցել են գրեթե միշտ՝ կամավորական երկրորդ գումարտակի կազմում առաջին մարտերից մինչեւ 1921թ. Փետրվարյան խիզախումները:
«Իմ հիշելի հուշերը» կյանքի պատմությունն է մի մարդու, որը պատանի տարիքից անձնուրաց կերպով նետվում է ազգային-ազատագրական պայքարի հորձանուտը՝ դառնալով այդ ազատամարտի ինչպես հերոսական, այնպես էլ ողբերգական դրվագներից շատերի անմիջական մասնակիցն ու ականատեսը, առանձին դեպքերում՝ պատմության հերոսական էջերի հիմնական կերտողներից մեկը: Միշտ չէ, որ «Հուշերին» բնորոշ անկեղծությունը հուշագրողի օգտին է, բայց դա չի խանգարում, որ նա հարազատ մնա ինքն իրեն եւ իրականությանը: Այս գիրքը փաստագրական հարուստ նյութ է պարունակում նախորդ դարի առաջին երկու տասնամյակների բազում կարեւոր իրադարձությունների վերաբերյալ եւ որպես այդպիսին՝ ունի բացառիկ արժեք: Նյութի մանրամասն մատուցումը եւ իրադարձությունների երբեմն գլխապտույտ արագությամբ զարգացումները մեկ այլ դեպքում գուցե կարող էին հոգնեցնել ընթերցողին, այս դեպքում, սակայն, դա տեղի չի ունենում, որն, ըստ ամենայնի, պիտի վերագրել հուշագրողի անմիջական եւ շարժուն ոճին:
«Հուշերում» ընթերցողը կհանդիպի իրեն ծանոթ ու անծանոթ հարյուրավոր անունների, որոնցից յուրաքանչյուրի կյանքի պատմությունը հայոց ազատամարտի պատմության մի ուրույն դրվագն է: Նրանք հայդուկներ են ու հայդուկապետեր, կուսակցական պատասխանատու գործիչներ ու նշանավոր զորավարներ, գրողներ ու մշակույթի գործիչներ, «խոնարհ հերոսներ» ու պարզ գյուղացիներ:
1903 թ. անդամակցելով Հայ Յեղափոխական Դաշնակցությանը՝ պատանի Մարտիրոսն իր մարտական մկրտությունը բառիս ուղղակի եւ փոխաբերական իմաստներով ստանում է 1904-ին, ի թիվս գառնեցի ութ հայդուկների՝ ԲաբերդցիՄիհրանի գլխավորած «Մասիս» խմբի կազմում մասնակցելով Մոսուն-Զորի արշավանքին: Այդ ութնյակի մեջ էին նաեւ Ղազար Քոչարյանը (Քաչալ Ղազար) եւ Խնկո Ասատրյանը, որոնք իրենց անձնուրաց գործունեությամբ հետագա տարիներին համալրեցին հայոց ազատամարտի ամենից պայծառ անունների փաղանգը:
Հայ-թաթարական կռիվների ընթացքում՝ 1905-1906 թթ., մասնակցելով հայրենի Բաշ-Գառնիի, Կոտայքի շրջանի, ապա Զանգեզուրի մի շարք գյուղերի ինքնապաշտպանությանը, 1909 թ.-ին՝ Սահմանադրական հեղափոխությանը հարեւան Իրանում, նա ոչ միայն ձեռք է բերում մարտական փորձառություն, այլեւ կոփվում է իբրեւ գաղափարի զինվոր: Խմբ. Մարտիրոսի հեղափոխական կենսագրության հատկանշական դրվագներից է նաեւ Իրանից վերադարձի ճանապարհին ձերբակալությունը Նախիջեւանում եւ շուրջ երկու տարվա բանտային կյանքը նախ՝ Երեւանում, ապա՝ Ռուսաստանի Նովոչերկասկ քաղաքում, որն ավարտվում է Լըժինի հայտնի դատավարությամբ: Այսպես կոչված՝ «Դաշնակցության գործով» ձերբակալվածների մեջ էին կուսակցական անվանի գործիչներից շատերը: Նրանց մի մասը տարբեր պայմաններով (մասնավորապես՝ դրամական գրավով) ազատ է արձակվում, որոնց մեջ՝ նաեւ Մարտիրոսը եւ Ղազար Քոչարյանը, իսկ չորսը բռնում են աքսորի ճամփան՝ դեպի Ռուսաստանի խորքերը: Վերջինների մեջ էր հետագային Հայաստանիառաջին հանրապետության երրորդ՝ Բյուրո-կառավարության վարչապետ Համո Օհանջանյանը՝ իրենից անբաժան Ռուբինայի ուղեկցությամբ:
Մինչեւ 1914 թ., այն է՝ մինչեւ կամավորական երկրորդ (Բ) գումարտակի կազմում Արեւմտյան Հայաստանի ազատագրության համար մղվող կռիվներին մասնակցությունը, Մարտիրոս Աբրահամյանի կենսագրության կարեւոր դրվագներից պիտի համարել Դրոյի (Դրաստամատ Կանայան) հետ ծանոթությունը Կոտայքի գյուղերի ինքնապաշտպանական գործողությունների ընթացքում եւ Ռոստոմի (Ստեփան Զորյան) հետ ծանոթությունը պարսկական Սահմանադրական հեղափոխությանը մասնակցության շրջանում: Թերեւս հենց այդ ժամանակ է Դրոն Մարտիրոսի մեջ տեսնում հրամանատարական որակներ եւ արդեն 1914-ին առաջարկում իր գումարտակում ստանձնել վաշտի հրամանատարություն: Կամավորական երկրորդ գումարտակի կազմում խմբ. Մարտիրոսի վաշտը, գրեթե միշտ որպես ռուսական զորքերի առաջապահ, մասնակցում է Արեւմտյան Հայաստանի տարածքում մղվող ռազմական գործողություններին, առաջինը մուտք գործում Վան, հասնում մինչեւ Մուշ, բարձրանում Սասունի բարձրաբերձ լեռները՝ փրկելուհայ ազգաբնակչության՝ թաքստոցներում ծվարած մնացորդներին… Շուրջ երեք տարի տեւած մարտական գործողությունների ընթացքում նրա դրսեւորած քաջությունն ու հրամանատարականձիրքը նկատվում եւ գնահատավում է զինվորական բարձր ղեկավարության կողմից. խմբ. Մարտիրոսն այդ տարիներին պարգեւատրվում է Գեորգեւյան խաչի բոլոր չորս շքանշաններով՝ դառնալով Գեորգեւյան խաչի շքանշանակիր ասպետ:
Խմբ. Մարտիրոսի ծառայությունը ծանրակշիռ է եղել ինչպես Բաշ-Ապարանի հերոսամարտում, այնպես էլ Առաջին հանրապետության տարիներին՝ ներքին թշնամու դեմ պայքարում՝ որպես «միլիցիայի» պահեստի ուժերի եւ հարվածող զորամասի հրամանատար: Նրա մարտական կենսագրության բարձրակետը, սակայն, Փետրվարյան ապստամբության կազմակերպումն էր:
Փետրվարյան ապստամբության մասին գրել են շատերը՝ թե՛ Հայրենիքի փրկության կոմիտեի (ՀՓԿ) անդամներըեւ թե՛ բոլշեւիկ գործիչներն ու պատմաբանները:Ապստամբության պատճառների մասին առաջինների եւ վերջինների գնահատականները տրամագծորեն հակադիր են, եւ դա հասկանալի է: Ընթերցողն այդ մասին բավականին հանգամանալից տեղեկություններ կստանա նաև խմբ. Մարտիրոսի սույն հուշագրության «Փետրվարյան ապստամբությունը» գրքից: Կասկածից վեր է մի բան. եթե ժողովրդի համար հանդուրժելի լիներ Հեղկոմի գործելակերպը, ոչ ոքի չէր հաջողվի ապստամբեցնել նրան: Ավելին, առանց ժողովրդի լայն աջակցության, հնարավոր չէր լինի Փետրվարյան ապստամբության հաղթանակը: Բոլշեւիկները խուճապահար լքեցին Երեւանը, որովհետեւ գիտեին, որ մայրաքաղաքի բնակչությունը նույնպես իրենց դեմ է:
Փետրվարյան ապստամբությունը հատուկ ուսումնասիրության նյութ է, որը, պիտի խոստովանել, հայ պատմագիտական միտքը դեռեւս չի կատարել: Ընթերցողն այդ իրադարձության մասին, խմբ. Մարտիրոսի «Հուշերից» բացի, կարող է տեղեկանալ նաեւ Ս. Վրացյանի «Կյանքի ուղիներով» (հ.հ. Ե, Զ), «Հայաստանի Հանրապետություն», Կ. Սասունու «Փետրվարյան ապստամբությունը», Հ. Իրազեկի (Հակոբ Տեր-Հակոբյան) «Մոտիկ անցյալից», Ե. Սարգսյանի «Փետրվարյան հեղաշրջման օրերից», ինչպես նաեւ այլ աշխատանքներից:
Պիտի նկատել, որ վերոհիշյալ գրքերից եւ ոչ մեկը, այդ թվում՝ խմբ. Մարտիրոսի «Փետրվարյան ապստամբությունը», այդ իրադարձությունը չի ներկայացնում իր ամբողջական դրսեւորումով, որովհետեւ, լինելով առավելապես հուշագրական բնույթի (բացառությամբ Ս. Վրացյանի «Հայաստանի Հանրապետության»), նրանցից յուրաքանչյուրն ունի երեւույթի ներկայացման տարբեր տեսանկյուն եւ տարբեր ընդգրկում: Սակայն, ի տարբերություն մյուսների, խմբ. Մարտիրոսի հուշագրության համար բնութագրական է գործին առնչվող այնպիսի մանրամասների առկայությունը, որոնց չենք հանդիպում մյուս գրքերում, բայց եւ որոնք կարեւոր են ինչպես իրադարձությունների զարգացման ընթացքը ճիշտ ընկալելու, այնպես էլ դրանք անաչառ լուսաբանելու համար:
Որեւէ ապստամբություն, որքան էլ այն համաժողովրդական բնույթ կրի, միշտ ունենում է իր կազմակերպիչը կամ կազմակերպիչները: Տասնամյակներ շարունակ ՀՅԴ պատմագրության մեջ իշխել է այն մտայնությունը, որ Փետրվարյան համաժողովրդական ապստամբությունը կրել է բացառապես տարերային բնույթ: Սա, ըստ էության, պաշտպանվողական մարտավարություն էր բոլշեւիկյան մեղադրանքի դեմ, ըստ որի՝ այդ ապստամբությունը նախապես ծրագրավորված էր իշխանությունից հեռացող դաշնակցական ղեկավարների կողմից: Բոլշեւիկներն այդ մեղադրանքով ցանկանում էին արդարացնել իրենց ոճրագործ քաղաքականությունը սեփական ժողովրդի նկատմամբ:
Խմբ. Մարտիրոսը լավ էր գիտակցում, որ ապստամբության հաջող ընթացքի համար շատ կարեւոր է յուրաքանչյուր կարող զինվորականի մասնակցությունը, իսկ այդպիսիք, ցավոք, քիչ էին մնացել երկրում, իսկ եղածների մասին էլ տեղեկություններ չկային, որովհետեւ թաքնված էին:
Ապստամբ ուժերի՝ Երեւան մուտք գործելու մասին իր «Կյանքի ուղիներով» հուշագրության մեջ Ս. Վրացյանը գրում է. «Քիչ յետոյ Քանաքեռից Երեւան հասան Փետրուար 18-ի իսկական հեղինակները-Կոտայքի ապստամբութեան ղեկավարներն ու Հայրենիքի Փրկութեան Կոմիտէի անդամները»[1]: «Հայաստանի Հանրապետությունում» ավելի հստակեցնում է. «Փետրուար 18-ը յարութեան օր եղավ Հայաստանի ժողովուրդի համար: Վաղ առաւօտեան ազատագրուած շրջաններից Երեւան իջան Ախթայի, Կոտայքի եւ Բաշ-Գառնիի ժողովրդական ապստամբ ուժերը Կուռօ Թարխանեանի եւ խմբապետ Մարտիրոսի ղեկավարութեան տակ»[2]:
Եթե մինչեւ Փետրվարյան ապստամբությունը, ի դեմս խմբ. Մարտիրոսի, մենք տեսնում ենք ղեկավար ընկերների կամ պետական մարմինների կողմից իր առջեւ դրված մարտական առաջադրանքները հմտորեն ու հետեւողականորեն գործադրող հրամանատարի, որը անձնազոհության ու քաջության օրինակ է իր զինվորների համար, ապա Փետրվարյան ապստամբության շրջանում, սկսած կազմակերպման փուլից՝ 1921-իհունվարի վերջերից, մինչեւ նրա պարտությունը, տեսնում ենք ժողովրդական ուժերի իսկական առաջնորդի, որը տիրապետում է ոչ կանոնավոր՝ աշխարհազորային զորամասերով հակառակորդի կանոնավոր ու թվով գերազանցող զորամասերի նկատմամբ հաղթանակի հասնելու արվեստին: Հենց դրանում էր խմբ. Մարտիրոսի՝ որպես մարտական հրամանատարի առավելությունը կանոնավոր զորամասերով կռվելու վարժված, զինվորական կրթություն ստացած եւ քաջությամբ իրեն չզիջող կադրային սպաների նկատմամբ: Խմբ. Մարտիրոսն անցել էր հայդուկային պայքարի մեծ դպրոց: Որպես ռազմիկ՝ նա ձեւավորվել եւ հասունացել էր փառապանծ հայդուկապետերի օրինակով, նրանցից ոմանց հայացքի տակ, ինչպիսիք էին հատկապես Ն. Դումանը եւ Դրոն (վերջինս, Մարտիրոսի հասակակիցը եւ անմիջական հրամանատարը լինելով հանդերձ, նաեւ մեծ հեղինակություն էր նրա համար):
Որպես կարող զինվորական՝ խմբ. Մարտիրոսը բացառիկ հեղինակություն է վայելել ինչպես համագյուղացիների, իր ենթակայությամբ կռվող ուժերի, այնպես էլ առհասարակ իրեն ճանաչողների շրջանում: Նրա երեւալն այս կամ այն վայրում վստահութիւն ու հավատք էր ներշնչում զինուորներին: «Խմբապետ Մարտիրոսն եկավ… - լուր էին տալիս միմեանց ժպտադէմ ու ոգի առնում, կարծես նրա անձը մի զօրամաս էր»,- գրել է ՀՓԿ-ի «աշխատանքի և պրոպագանդի նախարար» Հ. Սարգսյանը: Ուստի պատահական չպիտի համարել, որ Դրոյին Մոսկվա աքսորելուց հետո, երբ հեղկոմականների ձեռքերն ազատվում են սանձարձակության աստիճան, խմբ. Մարտիրոսի ասպարեզ իջնելը եւ նրան ձերբակալելու մի քանի անհաջող փորձերը բոլշեւիկներին խորհել են տալիս, որ իրենք գործ ունեն «նոր Դրոյի» հետ: Փետրվարյան ապստամբության կազմակերպման փուլում Մարտիրոսի եւ նրանից անբաժան Խնկոյի՝ բոլշեւիկների շրջանում ունեցած համարումի վկայություններ են նաեւ ՀՓԿ-ի անդամ Ե. Սարգսյանի հետեւյալ տողերը. «Խնկօն մեզ հետ չէր: Մարտիրոսը նրան իր ուժերով (Գեառնիի եւ շրջանի) թողել էր Ողջաբերդի շրջանում: Բոլշեւիկները, ոչ մի տեղեկութիւն չունենալով ոչ Խնկոյի ուժերի եւ ոչ էլ Կոտայքի մասին, մտահոգուած էին Գեառնիով, ուր պիտի լինէին իրենց քունը կտրող Մարտիրոսն ու Խնկօն: Նրանք գիտէին, որ այս երկու շատ վտանգաւոր խմբապետները եւ իրենց մեծ ու կռուի պատրաստ գիւղը (ընդգծումն իմն է՝ Վ. Պ.) ամենակատաղի թշնամիներն են Սովետական սարք ու կարգի համար»:
Հանուն Փետրվարյան ապստամբության հաղթանակի հայ ժողովուրդը զոհաբերել է հնարավոր ամեն ինչ: Այդ զոհաբերությունների մեջ մեծ էր գառնեցիների ներդրումը, որոնք խմբ. Մարտիրոսի տրամադրության տակ դրեցին այն ամենը, որ ունեին: Մարտի դաշտում բաշգառնեցիների դրսեւորած անձնազոհությունն ու պայքարի մեծ կամքը, մի կողմից, հպարտությամբ է լցրել Մարտիրոսի հոգին, մյուս կողմից, նրան տոգորել է երախտագիտության անսահման զգացումով դեպի իր հերոսական ծննդավայրը՝ «արծվաբույն Բաշ-Գառնին», դեպի իր խիզախ ընկերները, որոնք միշտ իր կողքին գտնվեցին եւ իր հետ կիսեցին հաղթանակների բերկրանքն ու դժվարությունների դառնությունը: Ոմանք՝ նաեւ տարագրության դաժան ճակատագիրը: Նրանց մեջ հատուկ գնահատանքի են արժանի հատկապես Խնկո Ասատրյանը, Լեւոն Տեր-Մելիքսեթյանը եւ Արտուշ Քոչարյանը …Բացառիկ է եղել խմբապետ Խնկոյի քաջությունը, որի հայտնվելը թշնամու դեմ՝ վերջինիս պարզապես խուճապի է մատնել: Եվ ամենեւին էլ ոչ պատահականորեն նրան տրվել է«անվեհեր կռվող» որակումը:
Քաղաքացիական պատերազմի քառասուներկու օրերի ընթացքում զոհվել են հազարավոր հայորդիներ եւ ռուս բոլշեւիկներ: Զոհեր, որոնք կարող էին չլինել եւ չպիտի լինեին, եթե չլիներ հեղկոմականների՝ խորհրդային իշխանության դիրքերը Հայաստանում քաղաքացիական պատերազմով ամրապնդելու անհեթեթ մոլուցքը:
Այդ ամենից, սակայն, ո՛չ Փետրվարյան ապստամբության եւ ո՛չ էլ հետագա գոյամարտերի նշանակությունը ամենեւին չի նվազում: Փետրվարյան ապստամբության շնորհիվ ստույգ կացնահարությունից ու գնդակահարությունից խուսափեց մոտ 2000 մարդ, որոնց շուրջ կեսը գտնվում էր Երեւանի բանտերում: Նրանց թվում էին հայ ժողովրդի այնպիսի երախտավորներ, ինչպիսիք էին Առաջին հանրապետության երկու վարչապետները՝ Հ. Քաջազնունին եւ Հ. Օհանջանյանը, Խորհրդարանի նախագահ Ա. Սահակյանը (Հայր Աբրահամ), տաղանդավոր գրող եւ Խորհրդարանի փոխնախագահ Լ. Շանթը, մեծատաղանդ գրաքննադատ եւ կրթության նախարար Ն. Աղբալյանը, արդարադատության նախարար Ա. Չիլինգարյանը (Ռ. Դարբինյան), Երեւանի քաղաքագլուխ Մ. Մուսինյանը, Խորհրդարանի անդամ բժ. Հովսեփ Տեր-Դավթյանը, Վանի ինքնապաշտպանության հերոս Հ. Կոսոյանը եւ բազմաթիվ այլ երեւելի այրեր, որոնցից շատերի դերը մեծ եղավ նաեւ տարագրության մեջ՝ սփյուռքահայ կյանքը կազմակերպելու եւ հայ ժողովրդի, մասնավորապես՝ արեւմտահայության ոտնահարված իրավունքները աշխարհի բարձր ատյաններում արծարծելու առումով:
Փետրվարյան ապստամբությունը հայ ժողովրդի համար ունեցած նշանակությամբ կարող է համեմատվել Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի հերոսամարտերի հետ, միայն թե փոխվել էին հայության թշնամիները: Հետեւաբար Փետրվարյան հերոսների կատարածը սխրանք էր, որը հայոց պատմության մեջ կմնա որպես ամենից հերոսական ընդվզումներից մեկը հանուն արժանապատիվ կյանքի: Իսկ այդ սխրանքն իրականություն դարձնելու գործում մեծ է խմբ. Մարտիրոսի դերը: Ժամանակակցի վկայությամբ «այդ օրերուն Մարտիրոսի անունը դարձաւ ապստամբութեան խորհրդանիշ»[3]: Ինչպես որ ի դեմս Դրոյի՝ մարմնավորվում է Բաշ-Ապարանի անօրինակ խոյանքը, այնպես էլ Մարտիրոսի գործունեությամբ, մի կողմից, խորհրդանշվում է Փետրվարյան խրոխտ ցասումը, մյուս կողմից, քառասնօրյա գերմարդկային ճիգերից հետո կրած պարտության ողբերգությունը: Ինչպես իր մի շարք ժամանակակիցների, այնպես էլ խմբ. Մարտիրոսի պարագայում արդիական է հնչումպատմության մեջ անհատի դերակատարության հարցադրումը. արդյո՞ք հաղթական ելք կունենար Փետրվարյան ապստամբությունը, եթե չլինեին Մարտիրոսի շրջահայացությունը, անմնացորդ նվիրումը, կամքն ու կազմակերպչական տաղանդը, որոնք առավելագույնս դրսեւորվում են հատկապես Փետրվարյան օրերին:
«Փետրվար 18»-ի կերտման գործում բացառիկորեն մեծ է Բաշ-Գառնիի եւ Կոտայքի ապստամբ ուժերի ծառայությունը, իսկ այդ ուժերը կազմակերպելու եւ առաջնորդելու գործում՝ խմբ. Մարտիրոսի դերը: Իհարկե, արդեն հունվարի վերջերին շատերն էին հասկանում, որ գնալով անխուսափելի էին դառնում ժողովրդական տարերային ընդվզումները, բայց բոլշեւիկները դրանք կճնշեին առանձին-առանձին եւ կճնշեին միայն իրենց բնորոշ դաժանությամբ, որից հետո խոսք անգամ չէր կարող լինել ձերբակալվածների ազատության մասին: ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ նախկին զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանին հայտնի էին խմբ. Մարտիրոսի կարողությունները: Ռուբենը գիտեր, թե ում էր հատուկ առաքելությամբ Սյունիքից Երեւան ուղարկում:
Դրոյի մահվան լուրից խորապես ազդված՝ խմբ. Մարտիրոսն ասել է. «Կեանքի ու մահւան «խելագար» մաքառման մէջ, պատւոյ դաշտում, զէնքը ձեռքին, իդէալի համար պայքարելիս, ճակտից խփուած,- ահա թէ ոնց պիտի մեռնի մարդ…»: Սակայն, որպես ճակատագրի հեգնանք, մոտ մեկ տարի անց՝ 1957 թ. նոյեմբերի 8-ին, ինքը եւս հոգին ավանդեց ճիշտ նույն կերպ՝ մահվան մահճում՝ հյուծիչ հիվանդությունից, «խոցված» սրտով:
Վ. Զ. Պետրոսյան
2015 թ., նոյեմբեր
Երկու խոսք այս հրատարակության մասին.
«Իմ հիշելի հուշերը» եւ «Փետրվարյան ապստամբությունը» գրքերը հրատարակվում են մեկ հատորով: Դրանով պայմանավորված՝ «Իմ հիշելի հուշերը», որը առաջին (Թեհրանի) հրատարակության I գրքի անվանումն է, մենք պահել ենք իբրեւ միասնական հատորի անվանում, իսկ առաջին գրքին տվել ենք «Ազատության փշոտ ճանապարհին (Հանրապետության ծնունդը)» խորագիրը, որը միանգամայն համապատասխանում է այդ գրքի բովանդակությանը:
«Հուշերի» ներկա՝ ամբողջական հրատարակության ծախսերը հոգացել է նրա թոռնուհին՝ Ռուբինա Աբրահամյանը, գործով հավաստելով, որ ինքը նույնպես իր մեծանուն պապի արժանավոր հետնորդն է, ինչպես եւ իր հայրը՝ Դերիկ Աբրահամյանը, որը դեռեւս նախորդ դարի 60-ական թթ. նախաձեռնեց իր նշանավոր հայրիկի հուշերի գրքերի հրատարակությունը:
[1]Ս. Վրացեան, Կեանքի ուղիներով, հ. Զ, էջ 34:
[2]Տե՛ս Ս. Վրացեան, Հայաստանի հանրապետութիւն, էջ 527:
[3]Աշոտ Արծրունի, Խմբապետ Մարտիրոս // «Արմենիա», 1958 թ., հունվարի 17, թիվ 3783:
Մեկնաբանել