HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երրորդ նշիկ

Ալի Աշրաֆ Դերվիշիանը ծնվել է 1942 թ., Իրանի՝ Իրաքին սահմանակից Քերմանշահ քաղաքում: Մանկավարժական կրթություն ստանալուց հետո դասավանդել է Գիլանի և Շահաբադի գյուղական դպրոցներում: Այդ տարիները մեծ հետք են թողել նրա ստեղծագործական կյանքում: Չքավոր, սովի դեմ պայքարող, հալածված այդ գյուղացիներից շատերը դարձել են նրա պատմվածքների հերոսների նախատիպեր:

Հետագայում Դերվիշիանը տեղափոխվել է Թեհրան, ուսումը շարունակել Թեհրանի համալսարանի գրականության ֆակուլտետում: Հեղափոխությունից առաջ մի քանի անգամ բանտարկվել է քաղաքական գործունեության պատճառով: Իր առաջին պատմվածքը նա գրել է բանտում:

Ալի Աշրաֆ Դերվիշիան

ԵՐՐՈՐԴ ՆՇԻԿ

Չուբին խահն ունևոր մարդ է. երեք ալրաղաց, մակարոնեղենի երկու արտադրամաս, նույնքան թռչնաֆաբրիկա, ցեմենտի գործարան ունի: Վերջերս էլ, բիզնեսի ընդլայնման ու զարգացման համար,  հինգ հարյուր միլիոն թուման վարկ է վերցրել: Հաճախ եմ նրան տեսնում: Բարձրահասակ է, գեր, հաղթանդամ. մազերն էլ արծաթագույն են դարձել: Երկու դուստր ու երկու որդի ունի. դպրոցում են սովորում:

Ամեն առավոտ մեր թաղի աղբահավաք Ասքար խանը նրանց թափոնը մեքենայի մեջ նետելուց առաջ փորփրում է աղբի տոպրակները, հետն էլ փնթփնթում.

- Ինչքա՜ն մթերք են փչացնում տնաշենները. կես հավ, մսի ու պանրի կտորներ, ընդամենը մեկ անգամ կծած խոշոր մրգեր:

- Էս ի՞նչ միրգ է, պարո՛ն, - դիմում է ինձ:

- Անանաս է, Ասքար խան:

- Հա՜: Իսկ այս մե՞կը՝ կարտոֆիլի է նման, բայց մազմզուկներով է:

- Կիվի է:

- Կի…ի՞նչ:

- Կիվի:

- Օտարալեզու բա՞ռ է:

- Այո՛:

- Իսկ ի՞նչ է նշանակում:

- Չգիտեմ, պարզապես մրգի անուն է:

Ասքար խանը դրանք լցնում է մոմլաթե տոպրակի մեջ, տուն տանում: Ամեն անգամ էլ, երբ բռնացնում է ինձ փողոցում, բերանն ականջիս մեջ է խցկում ու շշնջում.

- Պարո՛ն, այն դեղահաբերից…

- Որի՞ց:

- Այն, որ փորլուծի համար…

- Հա՛, կտամ:

- Այդ դեղի մի հատիկը իսկական հրաշք է գործում: Շատ շնորհակալ եմ:

***

Կինս ասում է.

- Գրողի տարածները հա՜ ուտում են ու ուտում:

- Նրանք չուտեն` ո՞վ  ուտի:

- Երեկ էլ բիդոնով «Լիղվան»[1] պանիր էին բերել նրանց համար:

- Մեր պանրի կտրոնի մասին չմոռանաս, հանկարծ ժամկետը չլրանա:

- Արկղով անձեռոցիկներ էլ էին բերել:

- Դրա կարիքը նրանք շատ ունեն: Այդքան ուտում են, մաքրել էլ է պետք, չէ՞:

- Զահրումար ուտեն, ի՜նչ էլ աղմուկ-աղաղակ են բարձրացնում անամոթները:

- Այսի՞նքն:

- Երեկ երեկոյան իրենց ցուցադրելու համար  նորից դուրս էին թափվել փողոց, գնում էին էն ծերը, գալիս ու հռհռում: Աղջիկներն էլ ճպճպոցով բերաններն էին բացում-փակում, մաստակ էին ծամում:

- Կերածները պիտի մարսեն, չէ՞:

 ***

Տանը նստած գիրք էի կարդում, երբ դուռը թակեցին: Կինս բացեց, հետո ինձ կանչեց: Երբ հասա շքամուտքին, հանգիստ ասաց.

- Մարդամեկը հետդ գործ ունի:

- Մարդամեկն ո՞վ է:

- Անզգամը:

Չհասկացա՝ խոսքն ում մասին է:

- Մեր դիմացի հարևանը` Չուբին խահը:

Դուրս եկա: Դռան շեմին կանգնած` փոքր գլուխն էր քորում:

- Բա՛րև, հարգարժա՛ն ուսուցիչ:

Անունս չգիտեր:

- Բա՛րև Ձեզ: Համեցե՛ք:

- Շնորհակալ եմ: Ջրով լի կուլան քթներիս տակ է, բայց մեր պապակ շուրթերը ճաքճքել են ծարավից:

- Ինչ-որ բանի կարիք ունե՞ք:

- Երեխաներս… ամռանը  մի քանի վերաքննություն ունեն: Հարգարժա՛ն պարոն, լսել եմ՝ Դուք …

- Հա՛, իհարկե՛…այո՛…այո՛...

- Խնդրում եմ, նեղություն քաշեք…Եթե հնարավոր է, օրը մի քանի ժամ…

- Ո՞ր առարկաներից վերաքննություն ունեն:

- Մաթեմատիկայից, անգլերենից, արաբերենից…մնացածն էլ իրենցից պիտի հարցնեք:

- Լա՛վ: Ինչքան կարողանամ` կօգնեմ:

- Ապրե՛ս, ցա՛վդ տանեմ:

 ***

Կինս ասում է.

- Գոլիին պիտի վիրահատենք, շատ ենք ձգձգում: Քիչ էր մնում՝ գիշերը խեղդվեր: Աննշան քամի էլ դիպչի` անմիջապես նշաբորբով հիվանդանում է ու պառկում: Ինչքա՞ն պիտի հակաբիոտիկներ տանք: Բժիշկն ասում է` եթե չվիրահատենք, մտավոր հետամնացություն կառաջանա  նրա մոտ:

- Մտավոր հետամնացությո՞ւն:

- Այո՛:

- Ա՛յ, քեզ բան, ամեն ինչից հետ ենք մնում, մնացել էր այդ մեկը:

- Ո՞վ գիտի, այդ մեկից էլ ենք…

- Այսի՞նքն:

- Այսինքն՝ եթե հետամնաց չլինեինք, այս կյանքով չէինք ապրի:

- Փաստորեն, այն բանաստեղծի խոսքերը չես լսել:

- Ի՞նչ բանաստեղծ:

- Ինձ ծանոթ բոլոր իմաստուններն էլ տառապանք ու վիշտ են ունեցել…

- Օ՜ֆ, էդ բանաստեղծն էլ քեզ նման…

- Ուրեմն ասում ես` հետամնացներ ենք:

- Խելացին էն անզգամն է, որ տասը գործարան ունի…

- Ու երեխաներն էլ մաթեմատիկայի վերաքննություն ունեն և հույսները մեզ վրա են դրել:

- Հա՛, հետո ի՞նչ:

- Հետո այն, որ մարդու խելքը չափելու համար մաթեմատիկան իսկական կշռաքար է:

- Իսկական մաթեմատիկան նրանք գիտեն, ոչ թե` մենք:

- Եթե չսովորեն ու անգրագետ մնան, նրանց վերջն ի՞նչ է լինելու:

- Սովորելն ինչների՞ն է պետք. յոթը պորտով ապահովված են, ինչքան էլ մսխեն, ունեցվածքը չի վերջանա:

- Հա՛, համաձայն եմ, բայց կյանքի իմաստը միայն դա չէ:

- Դու էն ասա, ի՞նչ ենք անելու: Վիրահատության համար փող պիտի ճարենք:

- Կճարենք:

- Որտեղի՞ց:

- Համբերի՛ր:

- Ինչքա՞ն համբերեմ: Արդեն երկու տարի է՝ ամռանը պարապում ես դրա երեխաների հետ: Ասա՛, տեսնեմ,  ինչքա՞ն է վճարել:

- Չի վճարել:

- Չի վճարել: Գուցե դու չես պահանջել: Կյանքումդ գոնե մի անգամ ամոթխածությունդ մի կողմ դիր, ուրիշները դեռ չպարապած` առաջին հերթին իրենց վարձն են պահանջում:

- Ես այդպես չեմ կարող:

- Չես կարող, դե հիմա էլ ընկիր հետևից, որ փողդ պոկես:

- Ընկնում եմ:

- Եվ ի՞նչ է ասում:

- Երկու ամիս առաջ հանդիպեցինք, հարցրեց` ինչքան պիտի վճարի գրքերի ու պարապմունքների համար: Ես էլ ասացի, որ մեծ բան չի արածս, երկու հարյուր դասաժամ եմ պարապել չորս երեխաներից յուրաքանչյուրի հետ: Ասաց` լավ, ու գնաց:

- Գնա՛ նրա տուն:

- Երկու-երեք անգամ գնացել եմ: Մի անգամ պարզորոշ հասկացրեց, որ գումարը չի տալու: Դրանից հետո ինչքան հանդիպում ենք՝ ճանապարհը փոխում է:

- Թքա՛ծ, թե չի փոխում: Գնա՛, առաջը կտրի՛ր, պահանջի՛ր, ասա` կբողոքեմ:

- Ո՞ւմ  բողոքեմ:

- Տեղական խորհրդին:

- Բայց տեղական խորհրդի նախագահը նա է:

- Դատարանին:

- Իսկ եթե դատը տանուլ տա՞մ: Այդ դեպքում մի բան էլ մենք պիտի վճարենք: Կարծես՝ չգիտես, թե ում հետ գործ ունենք:

- Գուցե գլխավորին…

- Հարուստ է, ազդեցիկ, հեղինակություն ունի…ասում են տանը զենք էլ է պահում: Գիտե՞ս`  երեխաների համար գնած մեքենաներն ինչ արժեն:

- Չէ՛, որտեղի՞ց պիտի իմանամ:

- Մի քանի միլիոն թուման:

- Ի՞նչ գիտես:

- Թերթում եմ կարդացել:

- Բա՜ աղջկա համար գնած «Մերսեդես»-ի, «Վոլվո»-ի, «Տոյոտա»-ի գները:

Կինս լռում է: Ասում եմ.

- Հիմա հասկացա՞ր:

- Ո՛չ: Գնա՛, փողդ պահանջիր:

- Հրահրելով` սրի բերանն ես ուղարկում:

- Ասում եմ՝ գնա՛, իրավունքդ պաշտպանի՛ր, երեխաներիդ համար էլ օրինակ ծառայիր: Վախենում եմ  էգուց երեխաներդ էլ քեզ նման դառնան:

- Ավելին անել չեմ կարող: Վտանգավոր է:

- Ինչի՞ց  ես վախենում:

- Նրա մահակավորներից:

- Դու էլ հարևանների մոտ պատմիր, թող խայտառակ լինի:

- Պատմել եմ, բայց հետաքրքիրն այն է, որ ամենքին էլ վնաս տվել է:

- Որ էդպես չաներ, հարստություն  չէր դիզի:

- Երեկ մի խումբ աֆղան բանվորներ եկել,  նրա այգին փորելու համար իրենց վարձն էին պահանջում: 

- Անցյալ օրը, երբ սառեցրած մսի կտրոնը տարա աղա Մոմեդին տալու, հետաքրքիր բան պատմեց. մի քանի օր առաջ, Չուբին խահը քսանհինգ կիլոգրամ միս է գնել, տարել տուն: Հետո զանգ է տվել Մոմեդին` թե երկու հարյուր գրամ մսից պակասում է:

- Հետո՞:

- Հետո պարզվել է` նրա աղջկա` Մոնայի կատուն է մսից թռցրել:

- Դե՛, տես՝ ինչ աննորմալի հետ գործ ունենք:

- Ինչքան աննորմալ ցավ կա, թող դրանց գլխին թափվի:

- Պատկերացնո՞ւմ ես` ինչպե՞ս են մեր խեղճ ու կրակ երեխաներն ապրելու էդ գայլերի հետ նույն երկնքի տակ:

- Դրա լակոտների հետ չպիտի պարապեիր:

- Ինքդ տեսար` իր ոտքով մեր դուռն էր եկել: «Խնդրում եմ, աղաչում եմ» ասելով՝ անհարմար դրության մեջ ինձ դրեց:

- Ի՞նչ ենք անելու: Երեխայի երրորդ նշիկը…Աղջիկս ձեռքից կգնա: Վարկի հարցն ի՞նչ եղավ:

- Անշարժ գույքի մասին տեղեկանք են ուզում, մի վճարունակ մարդու երաշխավորագիր:

- Ինչքա՞ն գումար են տալու:

- Տասը հազար թուման:

- Այդքանը վիրահատության համար բավական չէ:

- Մնացածն էլ ուրիշ տեղից կճարենք:

- Եթե բակում կանգնած ավտոբուսը գրավ դնե՞նք:

- Ասում են շարժական գույք է, անիվների վրա է, չգիտենք՝ վաղը դրա հետ ինչ կլինի: Անշարժ գույք ունեցող մարդու երաշխավորագիր են ուզում:

- Այսի՞նքն:

- Այսինքն սուպերմարկետի տիրոջ, խանութպանի...

- Աբասփուրի երաշխավորագիրը չե՞ն ընդունում:

- Չէ՛:

- Ինչո՞ւ:

- Դե չեն ընդունում, էլի՛:

- Բայց նա աշխատում է, ակնհայտ է՝ ապագայում էլ գործերը լավ են լինելու:

- Ասում են` տարեց է, արյան ճնշումը, շաքարը, խոլեստերինն էլ բարձր է:

- Բայց նման բաները բժշկական լաբորատորիայում են պարզում:

- Մեր օրերում ամեն ինչ կոմպյուտերացված է, մարդու յուրաքանչյուր քայլի մասին տեղեկություն ունեն:

- Փաստորեն, երաշխավորը հա՛մ պիտի առողջ  ու երիտասարդ լինի, հա՛մ բժշկից տեղեկանք ունենա, հա՛մ սուպերմարկետի տեր լինի, հա՛մ էլ ճնշում, շաքար, խոլեստերին չունենա:

- Հա՛:

- Էդ տեսակ մարդ որտեղի՞ց  գտնենք, էն էլ՝ էս դարում ու էս գյուղում:

- Գրողի ծոցից…

***

Սենյակի մի անկյունում նստած եմ: Գոլին էլի հազում է: Մի ժամ չկա, ինչ խմել է ցեֆալեքսինի օշարակը: Ամեն հազի հետ սիրտս մղկտում է: Գոլին մոտենում է ինձ, նստում ծնկներիս: Շոյում եմ, համբուրում: Մատներով ուղղում եմ խճճված վարսերը: Այտերը գունատ են, նուրբ ու փափուկ: Ասում է.

- Պա՛պ, ինձ հիվանդանոց չտանես:

- Ինչո՞ւ աղջիկս:

- Վախենում եմ:

- Ինչի՞ց ես վախենում, փոքրի՛կս, վախենալու բան չկա:

- Դուք ինձ մենակ կթողնեք, և ես կվախենամ:

- Մենք  քեզ երբեք մենակ չենք թողնի: Այդ վիրահատությունը շատ պարզ է, անվտանգ:

- Ցավո՞ւմ է:

- Ո՛չ, այսինքն շատ քիչ:

- Պա՜պ…

- Սիրելի՛ս:

- Եթե պարզ է, անվտանգ և քիչ է ցավում, ինչո՞ւ եք մայրիկի հետ շարունակ այդ մասին խոսում:

- Ուղղակի զրուցում ենք, մեր խոսակցությունն ընդհանրապես նշիկների վիրահատության հետ կապ չունի:

Լռում է, գլուխը դնում է ծնկներիս: Խռխռում է: Նիրհում է: Հենվում եմ պատին: Սենյակում լռություն է: Փորձում եմ գլուխն ավելի հարմար տեղավորել գրկիս մեջ, որ հեշտ շնչի: Գլուխը թեթև է ու նուրբ: Մատներս մխրճում եմ գլխի մեջ. ասես ձյան կամ բամբակի մեջ եմ ձեռքս մտցնում:

- Այս…այս երեխան մահացե՜լ է…

Կնոջս ճիչից վեր եմ թռչում:

- Ի՞նչ է եղել:

- Գոլիի հետ դո՞ւ էլ էիր քնել:

- Հա՜…ինչո՞ւ ճչացիր:

- Նայի՛ր դրան:

- Ո՞ւմ:

- Ոնց որ տիկ լինի գրողի տարածը:

Պատուհանից դուրս եմ նայում: Դիմացի տնից դուրս է գալիս մի մարդաբոյ կերպարանք. երրորդ նշիկն է: Թարախն ու արյունը կաթում են վրայից: Երկու ոտք ունի, իսկ և իսկ նման Չուբին խահի ոտքերին:

- Ա՜հ, սա… սա երրորդ նշիկն է: Գոլիի կոկորդի ռենտգենի նկարն էլ հենց այս տեսքն ունի:

- Վիրահատական միջամտություն է պետք:

Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը 

 


[1] Պանրի տեսակ, որ պահում են աղաջրում:

Մեկնաբանություններ (2)

Նունե Հովհաննիսյան
Հարգարժա՛ն Արմենակ Եղիայեան, նախ շնորհակալություն նկատառման համար: Իհարկե, պարսկերեն -ԻԱՆ վերջավորությունը, հաշվի առնելով ձայնավորի և ի-ի միացությունը, կարելի է գրել նաև յան:Բայց քանի որ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե հայկական, այլ պարսկական ազգանվան հետ, նախընտրել եմ -իան տարբերակը: Իսկ տրամաբանությունը Դերվիշիանին է: Կրկին՝ շնորհակալություն:
Արմենակ Եղիայեան
Յարգելի՛ խմբագրութիւն, Հայկական ազգանունի երբեմնի «եան» մասնիկը պարսկերէնէ փոխառութիւն է, ուրեմն մեր եւ պարսիկներու ազգանունները ունին նոյն վերջաւորութիւնը: Ներկայիս արեւելահայերդ կը գրէք «յան», օրինակ ըսենք Պատալյան. իսկ ինչո՞ւ պարսկական ազգանունները կը գրէք «իան»-ով, ինչպէս այս յօդուածին մէջ է՝ Տերվիշիան: Ո՞ւր է այս տարբերութեան տրամաբանութիւնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter