HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է կառուցվում Երևանի Կիրովի անվան մանկական այգու տարածքում

Կիրովի այգու վարձակալները. հայտնի եւ անհայտ պատճառներով հատվող ծառերը

2014 թվականի մարտի 1-ից Կիրովի անվան մանկական այգում շինարարություն է ընթանում: Այն Երևանի բարեկարգման ծրագրի բաղադրիչներից մեկն է։

Այգին վարձակալել է «Սատուրն-Ա» ՍՊԸ-ն: Ընկերությունը նախատեսում է  մինչ 2016-ի ավարտը այգու ներսում կառուցել խաղասրահ՝ 187,88 քմ, շախմատի ակումբ` 68,18 քմ, սրճարան՝ 204,75 քմ, օժանդակ շինություն՝ 105,88 քմ, հանդերձարան`122.48 քմ մակերեսով: «Սատուրն-Ա» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով հանձնվել է 31786,78 քմ հողամասի ընդհանուր մակերես, ներառյալ 31097,61 քմ զբոսայգու տարածք:

Երևանի քաղաքապետարանը այդ 31786,78քմ հողամասի տարեկան վարձավճար է սահմանել 803748․80 դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի 1 քմ-ի կադաստրային արժեքը գնահատվել է 39000.00 դրամ:

Կիրովի անվան մանկական այգու տնօրեն Ստեփան Մինասյանի հավաստմամբ՝ սպասվելիք նոր ծառայությունների շնորհիվ այգու այցելուների թիվն աճելու է:  «Նմանատիպ այգի չի լինելու ողջ հանրապետությունում, այդ կարգի լավ այգի է լինելու»,-ասում է տնօրենը:

Նշենք, որ ըստ պետռեգիստրի տվյալների՝ Ստեփան Մինասյանը նաև այգին վարձակալող «Սատուրն-Ա» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է: Նա վարձակալող ընկերության տնօրեն է նշանակվել 2013-ին, իսկ արդեն 2014-ին դարձել Կիրովի այգու տնօրեն:

Թեև մինչ 2016-ի ավարտը պետք է կառուցվեր ներսում տեղակայված հինգ շինություն, սակայն դրանցից ոչ մեկը դեռ պատրաստ չէ, անգամ շինություններ կան, որոնցում շինարարական աշխատանքները չեն էլ սկսվել: Պատճառը կառուցապատող «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն է: Անցած տարվա փետրվարին ընկերության սեփականատեր Համլետ Ամիրխանյանն ինքնասպանություն է գործել: Մինասյանը նշում է, որ այժմ պետք է ավարտեն զուգարանի ամբողջական կառուցումը և հետո նոր մնացած չորս կառույցներին կանդրադառնան: Այժմ վարձակալող «Սատուրն-Ա» ՍՊԸ-ի սեփականատերերը շինարարական աշխատանքներ կատարող նոր ընկերություն են փնտրում:

Մարիամ Ավետիսյանը արդեն երրորդ տարին է՝ երկու երեխաների հետ ամեն օր այցելում է այգի: Որպես ծնող՝ նա դեմ է նոր  «ձևաչափով» այգուն. «Պատկերացրեք, որ այս այգում ոչ մի բան չի պակասում: Ճիշտն ասած՝ կցանկանայի, որ սրճարանը և այլ հաստատությունները չկառուցվեին: Այս այգու մի քիչ ամայությունը բնորոշ չի Երևանի այլ այգիներին, ավելի դուրեկան է այժմ: Այս դեպքում երեխաները գոնե իրար հետ խաղում են, իսկ դրանք կշեղեն նրանց, կցանկանան դրանցով զբաղվել»:

Այս ընթացքում Մարիամի որդին՝ չորսամյա Ալենը, ֆուտբոլ է խաղում ասֆալտապատ հրապարակում, հետո մոտենում է մեզ: «Ստեղ ես ֆուտբոլ եմ պարապում»,- ասում է և վազում գնդակի հետևից:

Հատված և չհահտված ծառերի պատմությունը

Այգում կան հատված ծառեր: Ինչպես երևում է դրանց տեսքից, որոշները հատվել են փտած լինելու պատճառով, սակայն որոշների հատման պատճառներն անհայտ են: Այգու տնօրենը նշում է. «Չոր ծառերը հատվել են, բայց այս տարի ծառ չի հատվել: Մի հատ ծառ կա, որ քամուց շրջվել ա (կա լուսանկար), ուրիշ ծառ չի հատվել: Եթե հատվել էլ ա, դրա թույլտվությունը ունեցել ենք: Ինձ թույլ էլ չեն տա, որ առողջ ծառ հատեմ»:

Մեր այցելության ժամանակ ևս այգու երկու աշխատակից ծառ էին արմատախիլ անում, որոնք, ինչպես տնօրենն է հայտնում, փտած են: Մինասյանը հավաստում է, որ արդեն նոր ծառեր են տնկվել հատվածների տեղում:

Այգում շրջելիս Ստեփան Մինասյանը ցույց է տալիս ստորև պատկերված ծառը՝ նշելով. «Փտած ա, կարող է պատահական կողաշրջվել, այդ պատճառով պատրաստվում ենք էտել»:

Երբ Մինասյանին մատնացույց ենք անում կտրված առողջ ծառերի բները, տնօրենը մեկնաբանում է, որ դրանք վաղուց են հատվել, դրանց հատման պատճառների մասին տեղեկություն չունի, քանի որ մինչ իր տնօրեն լինելն են կտրվել:  

Զուգարան՝ ծառերի արանքում

Կառուցվող զուգարանը տեղակայված է ծառերի արանքում: Մինասյանը ցույց է տալիս կառուցվող զուգարանին ամուր կպած ծառը. «Այս ծառը վտանգավո՞ր է թե՞ ոչ»: Հարցին՝ եթե վտանգավոր է, ինչու՞ է զուգարանը կառուցվել այս տեղում, պատասխանում է. «Այսինքն՝ ուրիշ ծառ կտրեի՞նք, որպեսզի զուգարանը կառուցեինք: Շինության համար տեղ չունենք ուրիշ: Սա ամենահարմար տեղն էր: Ենթադրում ենք, որ ի վերջո կստանանք սրա հատման թույլտվությունը»:

Դիտարկմանը՝  զուգարանը այլ շինության վայրում հնարավո՞ր չէր կառուցել, տնօրենը պատասխանում է. «էստեղ պետք է նայեք բիզնեսի տեսակետից: Մենք ստեղ բիզնես պիտի անենք: Եթե մենք անընդհատ ներդրումներ ենք անում, պիտի ինչ-որ եկամուտ ստանա՞նք դրանից, թե՞ չէ»:

Եթե անգամ ծառը փտած չլիներ, ռիսկային է հաստաբուն ծառից մի քանի սմ բաժանող շինություն կառուցել. «Ուրիշ հարմար այս չափով տեղ չունեինք: Որպեսզի ուրիշ տեղ կառուցեինք, պիտի ծառ հատեինք, որպեսզի չհատեինք, պետք է այստեղ կառուցեինք»,- պարզաբանում է տնօրենը:

Այսինքն՝ միևնույնն է, ծառը փտած լիներ, թե ոչ, հատվելու էր, քանի որ վարձակալողների համար նրա գոյությունը վտանգավոր է:

Մինասյանը հավաստում է, որ իր ղեկավարման երկու տարիների ընթացքում քաղաքապետարան է դիմել 30 ծառի հատման խնդրանքով, սակայն յոթ ծառի հատման թույլտվություն է ստացել:

Ովքեր են  այգու վարձակալները

Պարզվում է՝ «Սատուրն-Ա» ՍՊԸ-ի բաժնետերերը պատահական մարդիկ չեն: Ինչպես սկզբում նշել էինք, այդ ընկերության տնօրենը Ստեփան Մինասյանն է, ով նաև Կիրովի անվան մանկական այգու տնօրենն է: Միասյանը նշում է, որ ինքը կապ չունի վարձակալմանը, քանի որ իր ղեկավար հիմնարկն է այգին վարձակալել («Սատուրն-Ա» ՍՊԸ-ն-հեղ.): Նա ասում է, որ այգում շինարարական աշխատանքներ պետք է ընթանային, պարզապես իր՝ այգու տնօրեն նշանակվելն ու աշխատանքների մեկնարկը համընկել են:

ՍՊԸ-ի 20% բաժնետոմսերը պատկանում են Աշոտ Ղուլարյանին, 25-ական տոկոս՝ Գևորգ և Գոռ Ղալումյաններին, ովքեր եղբայրներ են և հաշվառված են նույն հասցեում, իսկ 30%-ի բաժնետերը Հրանտ Գուլարյանն է։ Նա մոտ մեկ ամիս առաջ է ձեռք բերել բաժնեմասը:

Աշոտ Ղուլարյանը Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի եղբայրն է: Գևորգ և Գոռ Ղալումյաննները ոստիկանության նախկին աշխատակից, պաշտոնաթող գնադապետ Ղևոնդ Ղալումյանի որդիներն են: Աշոտ Ղուլարյանը եւ Ղևոնդ Ղալումյանը հորեղբոր որդիներ են։

Ղևոնդ Ղալումյանը զբաղվել է բենզինի բիզնեսով, ունի շինարարական և այլ ընկերություններ: Ղալումյանը 2013-ին ներգրավված է եղել Մաշտոցի 33/1 շենքի գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությանը:

Աշոտ Ղուլարյանն ու Ղևոնդ Ղալումյանը ևս համատեղ բիզնեսներ ունեն: Նրանց անունով են գրանցված «Ինտերկաբել», «Ալամբոթ», «Երևան Կաբել»,«Ինտեր Ֆյուել», «Յուգաս», «Գ Եվ Ա» ՍՊԸ-ները: Բացի այս ընկերություններից, Ղուլարյանն ու Ղալումյանը այլ ընկերությունների բաժնետերեր և հիմնադիրներ են:

Բացի «Սատուրն-Ա» ՍՊԸ-ից, Գևորգ և Գոռ Ղալումյանններն ու Հրանտ Գուլարյանը «Էս ԴԻ Սի Սի» ՍՊԸ-ի համատեղ բաժնետերեր են: Այս անձանց անունով ևս մի քանի ընկերություններ կան գրանցված:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4–րդ կուրս 

Մեկնաբանություններ (1)

Vahram
It seems as if EVERYTHING in Armenia is fair game when it comes to making a buck. Nothing escapes the eye of developers and the officials they bribe to get their way. There is so little green space left in Yerevan, especially the cement center of town, but that doesn't stop the municipal planners from asphalting over what remains. Great news for residents come the sweltering summer.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter