HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Իրական բեսթսելլեր. ամենաշատը վաճառվել է Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» գիրքը, իսկ «Արմենպրեսը» կեղծում է փաստերը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը կեղծ տվյալներ է ներկայացրել 2015թ. ամենալավ վաճառված գրքերի վերաբերյալ: «Երևանյան բեսթսելլեր» (լավագույն վաճառք) ամենապահանջված գրքեր նախագծի շրջանակում գործակալության ներկայացրած ամենապահանջված երեք գրքերն իրականում ամենալավ վաճառված գրքերի եռյակում էլ տեղ չունեն, իսկ դրանցից մեկն ընդհանրապես չի հիշատակվում գրախանութների տված տվյալներում:

«Հետքը», հարցումներ անելով Երևանի հինգ գրախանութներում, պարզել է, որ բոլորովին այլ գրքեր են ամենապահանջվածները և ամենալավ վաճառվածները:

Հարցումներ չեն արվել այն գրախանութներում, որոնք պատկանում են հրատարակչություններին, քանի որ նրանք հանդիսանում են շահագրգիռ կողմ (ինչպես օրինակ «Զանգակ»-ին պատկանող «Զանգակ» և «Անտարեսի» տնօրենին պատկանող «Հայ գիրք» գրախանութներում):

«Արմենպրես»-ը մեկ ամիս առաջ մեծ շուքով «Լոֆթ» ժամանցի կենտրոնում  ներկայացրեց, թե 2015 թ․-ին Հայաստանում ամենապահանջված գիրքն է Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» վեպը («Անտարես», 2015թ․), թարգմանական գրականությունից՝ Էլֆրիդե Ելենիկի «Դաշնակահարուհին»՝ Կառլեն Մատինյանի թարգմանությամբ («Անտարես», 2014թ․), իսկ Լևոն Անանյանի մրցանակին արժանացավ, որպես տարվա հայտնություն, Գրիգի «Հիսուսի կատուն» («Անտարես», 2015թ․):

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե այդ գրքերից որքան են վաճառվել։

«Արմենպրեսի» տնօրեն Արամ Անանյանը «Հետքին» ասաց, որ վարկանիշային ցանկը կազմել է անցյալ տարի տպված գրքերով: Սակայն Էլֆրիդե Ելենիկի «Դաշնակահարուհին» տպվել է 2014-ին: Հաշվի առնելով նաև, որ տվյալ տարին տպված գիրքը կարող է լավ վաճառվել հաջորդ տարում, «Հետքը» 2014-2015 թվերի հրատարակություններով է ներկայացնում ամենապահանջված գրքերը:

«Բուկինիստ» և «Արտբրիջ» գրախանութները կոնկրետ տվյալներ հատկացրին, «Նոյյան տապանն» ու «Նոր գիրքը» ավելի ընդհանուր տվյալներ տվեցին, իսկ «Բյուրոկրատը» տվեց երկուսից ավել վաճառված գրքերի ցանկ: «Արմենպրեսը» այս գրախանութներից հարցում է արել «Նոր գրքին», «Բուկինիստին» և «Նոյյան տապանին»:

Բոլոր գրախանութների տվյալներն էլ հաշվի առնելով՝ հիմք է ընդունվում «Բուկինիստ» և «Արտբրիջ» գրախանութներինը:

Ըստ այդմ, 2015-ին ամենալավ վաճառված գիրքը Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն է (2015թ․, «Անտարես», վաճառքը՝  741 հատ («Բուկինիստում»՝ 291, «Արտբրիջում»՝ 450)), երկրորդ տեղում է Արամ Պաչյանի «Օվկիանոսը» (2014թ․, «Անտարես», 42 հատ («Բուկինիստում»՝ 26, «Արտբրիջում»՝ 18)), երրորդում՝ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» (2014թ․, «Անտարես», 37 հատ («Բուկինիստում»՝ 33, «Արտբրիջում»՝ 4)):

Ամենալավ վաճառվող գրքի հեղինակը՝ 29-ամյա Էդգար Հարությունյանը, լուսանկարիչ է, 10 տարի զբաղվում է տուրիզմով, նրա ֆեյսբուքի էջին հետևում է 102 հազար 209 մարդ:

Գրքի շնորհանդեսը եղել է 2015-ի հուլիսի 2-ին, այսինքն այդ ամբողջը վաճառվել է կես տարում, երկու անգամ տպագրվել է ընդհանուր 1970 տպաքանակով, պատրաստվում է երրորդ տպագրությունը՝ 477 տպաքանակով: Գիրքը տպվել է հեղինակի միջոցներով: Հարությունյանն ասում է, որ նախապես իր գրքով ոչ մի հրատարակչություն չի հետաքրքրվել, սակայն հաջողությունից հետո, այս պահին երկու հրատարակչություն՝ «Էդիթ պրինտը» և «Բուկինիստը», ցանկանում են նրա երկրորդ գիրքը հրատարակել:

Ֆեյսբուքում «Նվիրվելու արվեստը...» էջը 4062 հավանող ունի:

Եթե Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոնը» հայ գրականության մեջ ընդգրկվեր, ապա երկրորդ ամենաշատ վաճառվածը կլիներ: Բայց քանի որ ռուսերենից է թարգմանված, ապա այն դրվեց թարգմանությունների վարկանիշում:

Ամենաշատը վաճառված թարգմանված գրքերն են Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոնը» (ռուսերենից թարգմանել է Կարինե Աշուղյանը, 2014, հրատ.՝ «Անտարես», 187 հատ («Բուկինիստում»՝ 146, «Արտբրիջ»՝ 41)), Քրիս Բոհջանյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը (թարգմանիչ՝ Արամ Արսենյան, 2014թ․, «Ծիծեռնակ» հրատարակչություն, 109 հատ («Բուկինիստում»՝ 94, «Արտբրիջում»՝ 15)), երրորդը՝ Ջոն Գրին, «Աստղերն են մեղավոր» (2015, «Էդիթ պրինտ», 80 հատ (միայն «Բուկինսստում»)):

Իսկ եթե Հովհաննիսյանը տեղափոխվի հայ գրողների ցանկ, ապա երրորդ տեղ կգա «Սպասող մարդու օրագիրը» իրանական պոեզիայի ծաղկաքաղը Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ (2015թ․, հեղինակային հրատարակություն, 60 հատ («Բուկինիստում»՝ 54, «Արտբրիջում»՝ 6)):

«Նոյյան տապան» գրախանութը թեև որոշակի թվեր դժվարանում է տալ, այսուհանդերձ հաստատում է այս տվյալները:

Գրախանութի աշխատակից Մարգարիտ Գուլ Գազարյանն ասում է, որ լավ վաճառվել են «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» և «Մանդիլիոնը», սակայն սպառվելուց հետո նոր օրինակներ չեն բերվել, իսկ հարցնողներ շատ են: «Եթե «Նվիրվելու արվեստը...» լիներ, հիսունից ավել կվաճառվեր»,- ասում է նա:

Թեև դասական հեղինակների վարկանիշը «Արմենպրեսի» նախագծում ներառված չի, այսուհանդերձ նպատկահարմար է ներկայացնել «Բուկինիստի» տրամադրած նաև այդ տվյալները. թարգմանական գրականության մեջ առաջին երեք տեղերը Մարկեսի վեպերն են․ «100 տարվա մենությունը»՝ 350 հատ, «Սերը ժանտախտի օրերին»՝ 303, «Նահապետի աշունը»՝ 231: Ապա գալիս է «Դոստոևսկու պատմվածքները»՝ 161 հատ, կրկին Մարկես՝ «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» 134, Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»՝ 99:

Իսկ «Արմենպրեսի» հռչակած բեսթսելլերների տվյալներն են՝ Ելենիկի «Դաշնակահարուհին»՝ 38 հատ («Բուկինիստում»՝ 36, «Արտբրիջում»՝ 2), Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում»՝ 23 հատ («Բուկինիստում»՝ 20, «Արտբրիջում»՝ 3): 

«Նոյյան տապան»-ի տվյալներով՝ «Սերը Մոսկվայում» վեպից անցյալ տարվա ընթացքում հազիվ 3-4 հատ վաճառված կլինի: Գուլ Գազարյանը ասաց, որ ժամանակակից հայ հեղինակները քիչ են վաճառվում, ամենալավ վաճառվող գիրքը 20 հատից չի անցնում, այդ թվի շրջանակում լավ են վաճառվում Արամ Պաչյանի և Գուրգեն Խանջյանի գրքերը:

«Բյուրոկրատի» հատկացրած երկուսից ավել վաճառք ունեցող 210 գրքերի ցանկում «Արմենպրեսի» երեք գրքերից միայն «Դաշնակահարուհին» կար, մյուս երկուսը ընդհանրապես տեղ չէին գտել ցանկում:

«Հետքի» հարցին, թե ինչ սկզբունքով են որոշում ամենապահանջված գիրքը, «Արմենպրեսի» տնօրեն Արամ Անանյանը ասաց՝ վաճառքով, որ գործակալությունը գրախանութներին հարցումներ է անում և ըստ այդմ՝ պարզում, թե որն է բեսթսելլեր: Սակայն երբ ասվեց, որ «Հետքի» հարցումները այլ բան են ցույց տալիս, որ ամենալավ վաճառված գիրքը «Նվիրվելու արվեստն...» է, Անանյանը պատասխանեց, որ երկու չափանիշ ունեն՝ ամենալավ վաճառված և գրականագետի կարծիք: Թե որ գրականագետների կարծիքին են հետևում, Անանյանը երկու անուն տվեց՝ Արքմենիկ Նիկողոսյան և Հովհաննես Այվազյան:

Արքմենիկ Նիկողոսյանը «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն է և, բնականաբար, իրենց հրատարակած գրքերն է ներկայացրել որպես պահանջված:

Թեև որպես Էդգար Հարությունյանի գրքի հրատարակիչ նույնպես «Անտարեսն» է նշված, սակայն այս դեպքում հրատարակչությունը միայն տպարանի դեր է կատարել, գրքերը տպվել են անձնական միջոցներով, տպաքանակն էլ Հարությունյանին է պատկանում, ու ինքն է իրացնում: «Անտարեսն» այս գրքի վաճառքից եկամուտ չունի:

Իսկ «Արմենպրեսի» բեսթսելլերները «Անտարեսի» նախագծերն են, դրանց համար ֆինանսավորում է ստացել, «Սերը Մոսկվայում» և «Հիսուսի կատուն» գրքերը տպվել են պետական ֆինանսավորմամբ, «Դաշնակահարուհին»՝ Ավստրիայի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, գրքերը «Անտարեսն» է իրացնում և եկամուտ ստանում վաճառքից:

Այսպիսով, «Արմենպրես» պետական գործակալությունը լավագույն վաճառք մրցույթի ոչ բարեխիղճ անցկացումը վերածում է մի հրատարակչության, այս դեպքում՝ «Անտարեսի» ապրանքի թաքուն գովազդի:

լուսանկարը՝ Edgar Harutyunyan Photography ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter