HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կմասնակցի՞ հայ զինվորը ղրղզա-ուզբեկական ռազմական բախումներին

Վերջին օրերին լարվածության առայժմ թույլ և խիստ նախնական օջախ է ստեղծվել Միջինասիական տարածաշրջանում։ Ղրղզստանը անցած չորս օրվա ընթացքում արդեն երկու անգամ պաշտոնապես բողոքի նոտա է հղել Ուզբեկստանին երկու երկրների սահմանի վիճելի հատվածում ապօրինի կերպով 2 զրահամեքենա և սահմանապահ ուժերի 40 զինվորներ տեղակայելու համար, ինչը պաշտոնական Բիշքեկը, ի դեմս սահմանային հարցերով Ղրղզստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Կուրբանբեյ Իսկանդարովի, որակել է որպես իր տարածք ռազմական ներխուժման դրսևորում։ Ի պատասխան դրա Ղրղզստանն իր հերթին է այդ տարածքում զինտեխնիկա և մարդկային կոնտիգենտ կենտրոնացրել։

Ուզբեկական կողմը, որ վերջին օրերին սկսել էր Ղրղզստանի հետ սահմանագծի երկարությամբ, այդ թվում նաև չհամաձայնեցված, վիճելի գոտիներում հսկիչ կետեր տեղակայել և փշալարեր անցկացնել, պատճառաբանել է, թե իրականացրած միջոցառումների, այդ թվում նաև զրահամեքենայի ու սահմանապահների կենտրոնացման նպատակն է Նովրուզ Բայրամի տոնակատարությունների օրերին ավելացնել սահմանների անվտանգության մակարդակը։ Ըստ ամենայնի՝ երկու երկրների վեճի հիմնական պատճառը սահմանի այդ հատվածում գտնվող Օրթո-Տոկոյսկի ջրամբարն է, որը կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր տարածքի մեջ ներառել կամ ստանալ դրանից օգտվելու ավելի մեծ քվոտաներ։

Չբավարարվելով Տաշքենդին բողոքի նոտաներ հղելով՝ Ղրղզստանը, ի դեմս նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, մարտի 22-ին դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին անդամակցում է երկիրը, այս հարցով մշտական խորհրդի նիստ անցկացնելու նպատակով։ Կայացած առաջին նիստին Ղրղզստանի ներկայացուցիչն իրենց և Ուզբեկստանի սահմանին տիրող իրավիճակը ներկայացրել է որպես պայթյունավտանգ և ակնկալել  ՀԱՊԿ-ի ընդհուպ ռազմական միջամտությունը խնդրի կարգավորմանը։ Նախորդ երկու օրերին կայացել է խորհրդի 2 նիստ, սակայն դրանց արդյունքում կոնկրետ որոշում կայացնել չի հաջողվել։ Ի պատասխան պաշտոնական Բիշքեկը հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ-ն չկատարի Ղրղզստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր պարտավորությունները, իրենք կվերանայեն այդ կազմակերպությանը Ղրղզստանի անդամակցության հարցը։ Այլ կերպ ասած՝ պաշտոնական Բիշքեկն ամեն ինչ անում է՝ ՀԱՊԿ-ին ղրղզա-ուզբեկական հասունացող հակամարտության մեջ ներքաշելու համար։ Տարածաշրջանում ստեղծված այս իրադրությունը, և հատկապես ՀԱՊԿ-ի առջև հստակ պահանջներ դնելու Բիշքեկի մարտավարությունն ուշագրավ են մի քանի առումով։

Նախ՝ ակնհայտ է, որ Ուզբեկստանի քայլերը պայմանավորված են նրա հետ սահմանագծի դեմիլիտարացման գործընթացն ավարտին հասցնելու և այդ տարածքների ստրատեգիական օբյեկտներն իր բալանսում ներառելու Ղրղզստանի կառավարության գործողություններով։ Այս իրավիճակում դժվար է կողմնորոշվել՝ կողմերից որն է լարվածության առաջացման իրական պատասխանատուն։ Եթե դա Ուզբեկստանն է, ապա չի բացառվում, որ սա հետապնդում է ընդհանուր տարածաշրջանն ապակայունացնելու նպատակ։ Այս երկիրը վերջին 10-15 տարվա ընթացքում մի քանի անգամ կտրուկ փոփոխությունների է ենթարկել իր արտաքին քաղաքական վեկտորները։ Աֆղանստանում հակաթալիբական պատերազմի ժամանակ այն իր տարածքը տրամադրեց ԱՄՆ օդուժին՝ փաստացի թույլ տալով վերջինիս իր տարածքում ռազմաբազա տեղակայել։ Ապա նրա պահանջով այդ ռազմաբազան հանվեց, որի փոխարեն Ուզբեկստանում հայտնվեց ռուսական ռազմակայանը, իսկ երկիրը դարձավ ՀԱՊԿ-ի անդամ։ Սակայն 2012թ․ Ուզբեկստանը դուրս եկավ կազմակերպություններից՝ կրկին ռազմաստրատեգիական համագործակցության շուրջ բանակցություններ սկսելով Վաշինգտոնի հետ։ Վերջինիս համար Ուզբեկստանի աշխահրագրական դիրքը չափազանց գրավիչ է ողջ Ասիայում՝ ներառյալ Իրանի, Աֆղանստանի, Չինաստանի հարևանությամբ հենակետ ունենալու և այնտեղ իր հետաքրքրությունները պաշտպանելու համար։

Մոսկվայում ռուսական փորձագիտական քաղաքագիտական շրջանակները վերջին շրջանում համոզված պնդում են, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքի տարածաշրջանը քաոսի վերածելուց հետո անցելու է այսպես կոչված Միջին Ասիայի տարածաշրջանի վերաձևմանը և Ռուսաստանի հարևանությամբ նոր քաոսային «սև խոռոչ» ստեղծելու խնդրի լուծմանը, որտեղ Ուզբեկստանին դետոնատորի դեր է վերապահվում։ Եվ չնայած առայժմ որևէ լուրջ հիմքեր չկան պնդելու, սակայն չի բացառվում, որ Տաշքենդը փորձում է գործի դնել այդ դետոնատորը։

Նույնքան, սակայն, չի բացառվում, որ Ղրղզստանը պարզապես փորձում է Ուզբեկստանի հետ սահմանային կնճռոտ հարցերը լուծել Տաշքնեդի նկատմամբ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի գործոնի օգտագործմամբ ճնշում գոծադրելով։ Բիշքեկում հավանաբար հույս ունեն, որ խնդիրը ռազմական բախումնեևրի չհասցնելու համար Մոսկվան ստիպված կլինի Ուզբեկստանին համոզել ետ քաշել զորամիավորումը։ Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ չնայած հակամարտությունը դեռևս գտնվում է նախնական դեմոնստրացիաների փուլում, սակայն Ղրղզստանի նախագահը շտապում է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։ Եթե այդպես է, ապա այն, ինչ փորձում է անել Բիշքեկը, պարզ սադրանք է, որում փորձ  է արվում ներքաշել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին, ներառյալ Հայաստանին։ Թերևս հենց սա է պատճառը, որ ՀԱՊԿ-ն և Մոսկվան չեն շտապում միանշանակ պաշտպանել Բիշքեկին՝ շատ լավ հասկանալով, որ սա կարող է ծուղակ դառնալ, քանի որ չի բացառվում, որ ի պատասխան դրան, անկանխատեսելի Ուզբեկստանն իր հերթին կդիմի ԱՄՆ-ի օգնությանը և նրա համար միջինասիական շրջան վերադառնալու ճանապարհ կհարթի, ինչը բացարձակապես պետք չէ Ռուսաստանին։

ՀԱՊԿ-ին ներկայացվող Ղրղզստանի ներկայիս ուլիտամտումները ծուղակ են նաև այն իմաստով, որ փորձության առաջ են կանգնեցնում ՀԱՊԿ-ին, քանի որ մերժումը կամ տարատեսակ մանևրումները նշանակելու, կամ ավելի ճիշտ բացահայտելու են, որ իրականում ՀԱՊԿ-ը, որպես ռազմական դաշինք, բովանդակային առումով գոյություն չունի և ի վիճակի չէ ապահովելու դրա անդամ երկրների անվտանգությունը։ Այս իմասոտվ Մոսկվան, որի համար կենսական նշանակություն ունի ՀԱՊԿ-ի սնանկության բացահայտումը հնարավորինս հետաձգելը, իսկապես բարդ խնդրի առջև է կանգնել։

Փաստորեն Ղրղզստանն անում է այն, ինչը տարիներ շարունակ իրեն թույլ տալ չի համարձակվում Հայաստանը։ Վերջինս, ի տարբերություն Ղրղզստանի, ուղղակի ռազմական կոնֆլիկտի մեջ է հարևան Ադրբեջանի հետ։ Բայց Հայաստանը երբեք հայ-ադբեջանական սահմանային բախումների պատճառով ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստ չի հրավիրել, իսկ եթե հրավիրել է, ապա դա եղել է գաղտնի և գաղտնի էլ դրան ընթացք չտալու որոշում է կայացվել։ Համենայնդեպս անցած տարեվերջին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պոռթկումը դաշինքի անդամ երկրների կողմից Հայաստանի արտաքին սպառնալիքներն անտարբերության մատնելու, դրանցով չհետաքրքրվելու մասին, վկայում է, որ Երևանը կամ կամավոր կամ ստիպողաբար հրաժարվել է ՀԱՊԿ-ին առջև կոնկրետ պահանջներ դնելու իր իրավունքի իրացումից և ավելի լավ տարբերակ չի գտնում, քան խռոված բողոքավորի դերի մեջ մնալը։

Հայաստանի և Ղրղզստանի ընտրած մարտավարությունները ցույց են տալիս, թե որքան անկախ է Բիշքեկը Մոսկվայից՝ նրա հետ ուլիտմատումների լեզվով խոսելու համար և որքան կախյալ կամ հնազանդ է Երևանը՝ զոհաբերելով իր շահերը, անվտանգությունը հանուն ՀԱՊԿ-ի՝ արհեստականնորեն ջրի երեսին մնալու ռուսական նախապատվության։

Փաստորեն ստեղծվում է մի իրավիճակ, երբ նման դիրքավորումների պայմաններում հայ զինվորը կարող է հայտնվել ղրղզա-ուզբեկական սահմանագծին և դառնալ իր համար բացարձակապես որևէ նշանակություն չունեցող ռազմական բախումների մասնակիցը։ Եվ սա այն դեպքում, երբ Ղրղզստանը ոչ միայն որևէ ժեստով իր հարգանքը չի դրսևորել Հայաստանի նկատմամբ, այլև, ըստ էության, գործել է նրա դեմ։ Բավական է հիշել թեկուզ 2015թ․ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստում ստեղծված՝ Հայաստանի համար խայտառակ իրավիճակը։ Այդ նիստը գլխավորում էր Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Նա նիստի ավարտին, ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացւոցիչների անունից հայտարարել էր, թե ՀԱՊԿ երկրների բոլոր շտաբների պետերը հավանություն են տվել Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացման կապակցությաբ Ռուսաստանի դիրքորոշմանը և որ բոլորը Ռուսաստանի հետ ենք  և ՀԱՊԿ-ն միասնական է, ինչպես երբեք: Դրանից հետո Բելառուսի, Ղազասխտանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարությունները հանդես եկան պարզաբանումներով, թե Խաչատուրովը բոլորի անունից խոսելու իրավունք չուներ՝ փաստացի ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին մեղադրելով ստախոսության մեջ։ Ընդ որում՝ Ղրղզստանն առանձնահատուկ ձևով էր ընդգծել, թե իրենք Խաչատուրովին չէին լիազորել իրենց անունից նման հայտարարություն անելու։ Այս Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունք ունեցող երկրի տարածքները պաշտպանելու համար հանկարծ կարող է հայ զինվորը, սեփական երկրի սահմաններին առկա պատերազմի պայմաններում հայտնվել ղրղզա-ուզբեկական հակամարտության կիզակետում։ Մինչդեռ պաշտոնական Երևանից դեռևս որևէ մեկնաբանություն այս կապակցությամբ չի հնչել։ Թերևս սպասում են Մոսկվայի հրահանգին…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter