HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Կոթի գյուղի ստեղծագործական միակ խմբակը

«Գյուղում մշակութային գործող որևէ խմբակ չկար, երեխաներն իրենց առօրյան հագեցնելու համար ստիպված էին բավարարվել միայն դպրոցի դասերով, իսկ ես արդեն մի քանի տարի էր, ինչ մտածում էի ձեռագործության խմբակ բացելու մասին»,- պատմում է սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի Մարինե Խաչիկյանը:

Մարինեն ուսանողական տարիներից զբաղվել է ձեռագործությամբ, աշխատանքային հիմնական գործիքը հելունն է, հետո հմտացել է նաև հուլունքագործության ու շյուղագործության մեջ:

«Դպրոցական տարիներից սիրել եմ ձեռագործությունը, մայրիկիցս եմ սովորել, իսկ ուսանողական տարիներին արդեն կարողանում էի ինձ համար, ընկերներիս, բարեկամներիս համար որոշ իրեր պատրաստել: Քանի  որ դպրոցում եմ աշխատում, իմ աշակերտների մի մասն էլ ծանոթ էր ձեռագործ աշխատանքերիս, շատ ժամանակ իրենք էլ առաջարկում էին  իրենց էլ  սովորեցնել և ուրախանում էին, որ մի քանի պարզ քայլ էի ասում»,-ասում է Մարինեն:

Մարինեն 23 տարեկան է, արդեն  վեց տարի է՝ աշխատում է Տավուշի մարզի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցում, հայոց լեզու ու գրականություն է դասավանդում: Վեց  ամիս է, ինչ  բացել է Կոթիի  «Ստեղծագործ ձեռքեր» ձեռագործության խմբակը՝  նախապես ունենալով 15 աշակերտ:

«Գաղափարը մի քանի տարի առաջ է ծնվել: Բայց աշխատանքը սկսելու համար թելեր, գործիքներ էին հարկավոր. բոլորն էլ որոշակի գումար արժեն: Ես չէի կարող այս ամենը ստեղծել, իսկ երեխայի ձեռքից գումար վերցնել անկարող էի, ուստի անընդհատ հետաձգվում էր: Հիմա էլ, երբ արդեն ձևավորված խումբ ունենք,  երեխաներին անվճար եմ սովորեցնում»:

Մարինեին իր նպատակն իրականացնելու գործում օգնել են ծանոթները, ընկերները, «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ն: Ստեղծագործ խմբակն այսօր ունի շուրջ 40 սան, որոնք զբաղվում են հելյունագործությամբ:  Հիմնականում պատրաստում են տիկնիկներ, փոքր խաղալիքներ, կենցաղային իրեր,  մանկական հագուստ:

«Ժամանակ առ ժամանակ հարցնում եմ երեխաներին՝ արդյոք սիրելով են գալիս, թե գալիս են միայն ուրախ ժամանակ անցկացնելու համար, պատասխանները հիմնականում նույնն են.բոլորն էլ սիրում են սովորել»,-պատմում է Մարինեն:

Խմբակի սաներից է ութամյա Միլենան։ Նա արդեն հմտացել է ձեռագործության մեջ:

«Շատ էի ուզում, որ հաճախեմ ձեռագործության դասընթացի, երբ լսեցի, որ գյուղում բացվելու է նման խմբակ, մայրիկիս համոզեցի, որ ինձ անպայման տանի,  նա վախենում էր, որ չեմ հասցնի դասերս սովորել»,- ասում է Միլենան:

Օր օրի ավելանում է նաև երեխաների թվաքանակը, Մարինեն պատմում է, որ չի կարողանում մերժել որևէ մեկին, բոլորին է ընդունում: Կազմակերպում է աշխատանքների ցուցահանդես-վաճառք, իսկ գոյացած եկամտի շնորհիվ կարողանում է հոգալ անհրաժեշտ նյութերի ծախսերը, բայց խմբակը չունի պարապմունքների հարմար նախատեսված մշտական սենյակ:

«Հիմա չունենք պարապմունքներ անցկացնելու սենյակ, երեխաների քանակն ամեն օր ավելանում է: Գյուղապետը մշակույթի տանը սենյակ է տրամադրել, բայց հատակն ու պատերը բետոնապատ են, չկան  ջեռուցում, մշտական ջուր: Ձմռան ամիսներին մշակույթի տան աշխատողների սենյակում ենք անցկացրել պարապմունքները, պատրաստվել ամանորյա ցուցահանդես-վաճառքին: Օրերի տաքանալուն պես աշխատելու եղանակն ենք ստիպված փոխել. վարպետացած խմբերի հետ աշխատում եմ գծապատկերներով, բացատրում եմ, իսկ աշխատում են հիմնականում տանը: Նորեկների հետ զբաղվում եմ դպրոցում, սովորեցնում առաջին քայլերը»,-ասում է Մարինեն և ավելացնում, որ ձեռագործությունը պետք է լինի մաքուր պայմաններում, իսկ դպրոցում, դասերից հետո, անհնար է:

Մարինեն չի ցանկանում հուսահատեցնել աշակերտներին, ուստի հնարավոր տարբերակներ է փորձում աշխատանքները չդադարեցնելու համար,  նույնիսկ ամեն առավոտ  թելերի ու գործիքների կապոցը իրենց տնից է  դպրոց տանում:

«Երբ որոշակի պատճառներով հետաձգում եմ խմբակի պարապմունքը, երեխաների  մոտ հուսահատություն եմ զգում, ես չեմ ուզում,  քանի որ այս փոքրիկ խմբակը նրանց առօրյայի մի մասն է դարձել: Երեխաների ոգևորությունն ամեն բան արժե: Իհարկե, հասկանում եմ ՝  միշտ չեմ լինելու  խմբավար,  ուզում եմ՝ իմ փոխարինողները լինեն իմ սաները: Հպարտանում եմ,  որ արդեն ունեմ  սաներ, ովքեր լավ աշխատանքներ են ստեղծում»,- ասում է Մարինեն:

Կարինեն  «Ստեղծագործ ձեռքեր» խմբակի լավագույն աշակերտներից է, ով խմբակի ստեղծման մասին իմանալով, առաջին օրերից մասնակցել է պարապմունքներին․

«Երբ ընկեր Մարինեն հայտարարեց խմբակի մասին, շատ ուրախացա: Մեր գյուղում ոչ մի հետաքրքիր զբաղմունք չկա, քանի որ ես սիրում եմ նաև գործել, միանգամից համաձայնվեցի»,- պատմում է տասնվեցամյա Կարինեն և ավելացնում. «Խաղալիքներ գործելով` մենք ուրախացնում ենք երեխաներին, բայց մենք գործում ենք նաև այնպիսի իրեր, որոնք ուրախացնում են մեծահասակներին»:

Մարինեն  չի թողնում, որ դպրոցի դասերը տուժեն խմբակի պարապմունքերի պատճառով:

 «Մի անգամ նորեկներից մեկի մայրիկը մի օր ինձ տեսավ դպրոցի ճանապարհին, ու ասաց.

-Էս ինչ ես արել երեխուս հետ, գրքերը, դասերը թողած՝ հելունը վերցրել է, ամբողջ օրը գործում է, մեզ էլ ստիպում, որ օգնենք:

Ես  միշտ ասում եմ՝ սկզբից դասերը, հետո նոր հելյունը, ասում եմ ՝ պիտի այնպես աշխատեն, որ դասերն ու ձեռագործությունը իրար չխանգարեն, յուրաքանչյուրն իրեն հատկացված ժամանակն ունենա»:

Դասերից հետո ամենօրյա խմբակի աշխատանքից Մարինեն չի դժգոհում, նույնիսկ ասում է՝  դպրոցում աշխատելն օգնում է, քանի որ ճանաչում է երեխաներին և գիտի նրանց ունակությունը, աշխատասիրությունը:

«Ընկերուհիներս միշտ ասում են՝ ոնց կարելի է ամեն օր գործել, բայց ես հիմա չեմ պատկերացնում իմ օրն առանց ձեռքի աշխատանքների: Դպրոցն ու դասերը հոգնեցնում են, իսկ ձեռագործության շնորհիվ ես հանգստանում եմ, լիցքաթափվում: Չնայած բոլոր դժվարություններին՝ այս պահին թաքուն հպարտություն ունեմ. ուրախանում եմ ինքս իմ մեջ, որ թեկուզ իմ աննշան ներդրումով բացահայտվել են սաներիս ունակություններն ու շնորհքը: Հուսով եմ՝ աշխատասեր իմ սաները շուտով մեծ հաջողությունների կհասնեն»,-ասում է Մարինեն:

Ամալյա Մարգարյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter