HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Քանի մեքենա է ապահովագրված Հայաստանում և որքան է կազմում համակարգի վնասաբերության ցուցանիշը

Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունի 435 հազ. 532 ամվտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։

Մեկ տարում (2015-ի փերտրվարի վերջի համեմատ)՝ ապահովագրված մեքենաների քանակը հանրապետությունում ավելացել է մոտ 6 հազարով։ Դրանք ապահովագրված են գործող 6 ապահովագրական ընկերություններում։ Եթե այդ ընկերություններին դասակարգենք ըստ ապահովագրված ավտոմեքենաների քանակի, ապա՝ առաջին տեղում «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն է, երկրորդում ՝ «Ինգո Արմենիա»-ն։ Եռյակը եզրափակում է «Նաիրի ինշուրանս»-ը։

Ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող գլխավոր ցուցանիշը հաշվեգրված ապահովագրավճարների թիվն է։ Ընդհանուր առմամբ, հունվար-փետրվարին հաշվեգրվել է մոտ 4,558 մլրդ դրամ ապահովագրավճար, որի ավելի քան 30%-ը՝ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում։ 2015 թվականի նույն ամիսների համեմատ ապահովագրավճարները նվազել են մոտ 409 մլն դրամով։

Փետրվար ամսվա համար ԱՊՊԱ համակարգում բավարարված դիմումների գծով հաճախորդներին վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 864 մլն դրամ։ Այս ցուցանիշը  նախորդ ամսվա համեմատ  284 մլն դրամով  աճել է։ Հատուցման միջին չափը կազմել է մոտ 196 հազար դրամ: Համեմատության համար՝ 2015-ի փետրվարին այն 215 հազ. դրամ է կազմել։

Ապահովագրողների բյուրոն  ներկայացնում է նաև Հայաստանում ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը։ Եթե փորձենք հակիրճ բացատրել, ապա՝ այն ցույց է տալիս հաճախորդներին տրված փոխհատուցումների կշիռը հավաքագրված ապահովագրական վճարների կազմում: Դրա հաշվարկում Ավտոապահովագրողների բյուրոն հաշվի է առնում նաև այլ ցուցանիշներ։ Բյուրոյի «RL 1-009» կանոնում սահմանված է, որ ԱՊՊԱ սակագնի կառուցվածքում բեռնվածության չափը կազմում է 22-25%: Այստեղից հետևություն՝ համակարգի վնասաբերության ցուցանիշը համարվում է թույլատրելի, եթե այն չի գերազանցում 75-78%-ը։ Այս հունվարի դրությամբ հայաստանյան ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 50%։  Դա նշանակում է, որ համակարգի վնասաբերության ցուցանիշը այժմ թույլատրելի մակարդակում է։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ համակարգն աշխատում է առանց վնասներ կրելու։  Բայց երկու ամիսը դեռևս բավարար չէ վնասաբերության ցուցանիշի վերաբերյալ պատկերացում կազմելու համար, քանի որ տարվա ընթացքում այն փոփոխվում է։ Որպես կանոն՝ համակարգի վերաբերյալ ավելի շատ բան է խոսում վնասաբերության տարեկան ցուցանիշը։ Այսպիսով, Հայաստանի ապահովագրողների բյուրոյի հաշվետվություններից տեղեկանում ենք, որ 2015-ի համար այն կազմել է  53%։ Համեմատության համար՝ 2014 թվականին կազմել է 62%, 2013-ին՝ մոտ 77%։ Դրանք ևս թույլատրելի միջակայքում են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետք»-ն անդրադարձել է Հայաստանի ապահովագրական շուկային՝ ընկերություններին դիրքերին, վճարած հարկերին ու նրանց դեմ բողոքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter