HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զեյթունի գերեզմանատունն ու կառուցվող այգին մեկ պարիսպ է բաժանելու

Երեւանի Լեփսիուսի փողոցի բնակիչները ստիպված են հրաժարվել իրենց 30 տարի մշակած հողամասերից՝ արմատախիլ անելով ծաղկած ծառերը, քանդելով փոքր տաղավարները։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանը որոշել է կառուցել 10 հազար քմ-ից ավել տարածք ընդգրկող այգի՝ լողավազանով, շատրվանով, ֆուտբոլային հրապարակով, տաղավարներով: Կառուցվող նոր այգին և Զեյթունի գերեզմանտունն ընդամենը մեկ պարիսպ է բաժանելու: Տարածքում չկա շինարարական աշխատանքների մասին ծանուցող որևէ տեղեկատվական վահանակ։ 

Այս հողերը մշակողների սեփականությունը չէ, սակայն նշում են, որ տարածքը գերեզմանատան վերածելուց իրենք են «փրկել»՝ այն մշակելով։ Թոշակառու բնակիչներից շատերն առօրյա հոգսերից կտրվում էին իրենց հողամասերը մշակելով: Ասում են՝ տարիներ են անցկացրել այդ այգիներում և միայն օրեր առաջ են տեղեկացվել՝ քանդման աշխատանքների մասին։

Ռոզա Գրիգորյանը 1991-92 թվականից մշակում է այգին: Սովետական Միության փլուզումից հետո, անգործ մնալով, միացել է հարևաններին, մաքրել այդ հողերի աղբը, ցանկապատել տարածքը, ծառեր տնկել: Իր ընտանիքի համար հանգստի անկյուն է ստեղծել՝ թոռներին այդ այգում մեծացնելով: Տիկին Ռոզային այգին բնակիչներին հայտնի է «Դրախտ» անունով: Այգում անգամ վառարան է տեղադրել, էտած ճյուղերը օգտագործելով ճաշ է եփում, քանի որ երբեմն անգամ գազի վճարը չի կարողանում մարել: Այգին քանդելու որոշման մասին երեք օր առաջ է տեղեկացել: Ոչ աշխատանքային օրերից հետո միայն այսօր է գերատեսչություններ ահազանգել: Թաղապետարանի, թեժ գծի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքից բավարարված չէ: Ասում է՝ լղոզված մեկնաբանություններ են տալիս: Ռ․ Գրիգորյանի բնակարանի սեփականաշնորհման վկայականում նշված է բնակելի տարածքի և կից հողակտորի մասին: 

«Ես կուլ չեմ գնալու: Ինձ մահ ա սպասում: Եթե քանդելով հասնեն իմ հողին, ինձ գցելու եմ տրակտորի տակ: Չեմ թողնելու մի քայլ առաջ գնան: Միայնակ թոշակառու եմ, իմ առօրյան ես այստեղ եմ անցկացնում: Եթե իմ ծաղկած այգուն, ծաղկանոցին ձեռ տաք, էդ հողի հետ ինձ պետք ա բարձրացնեք մեքենան: Եթե չանեմ, ուրեմն ես էս աշխարհում չեմ ապրել: Սաղ կյանքս գրանցված աշխատել եմ, ամուսինս երրորդ կարգի հաշմանադամ է եղել, ես էս պետությունից ոչ մի օգնություն չեմ ստացել: Հանգստի անկյուն չունենք, մի կտոր հող է մշակում ենք, էլի: Մի քանի մետր այն կողմ մեռել թաղեն, դուդուկ նվագեն, մամա, պապա ջան գոռան, ո՞ր ծնողը իր երեխային ստեղ կբերի: Երեխեքը, ողբ լսելով, պիտի կարուսել նստե՞ն»,- ասում է տիկին Ռոզան:

Սվետա Մկրտչյանը մեր այցի ժամանակ իր՝ 20 տարուց ավել մշակած ծառերն արմատախիլ էր անում եւ տալիս բարեկամին: «Ներդրում ենք արել, տանջանք ենք կերել, էսօր լացացնում են մեզ: Նայեք՝ ծառերս ծաղկած են: Ասել են՝ հեռացրեք դրանք, էս տարածքը քանդելու ենք: Քանի օր ա՝ հավաքում ենք: Սրտացավորեն մշակել եմ էս հողը, հիմա որ տենում եմ, սենց քանդելու են, սրտի դեղ եմ խմում, որ չմեռնեմ, ինֆարկտը չխփի: Ահավոր ա էս տեսարանը՝ մշակածդ գալիս քանդում են: Դպրոցի կողքը ազատ տեղ կա, թող ըտեղ սարքեին խաղահրապարակ, ինչի՞ համար բերեցին էս ծառերը հանել տվին»:

Շինաշխատանքներ կատարող «ԼԵՎ» ՍՊԸ-ի տնօրեն Լյովա Հայրյանի փոխանցմամբ՝ բարեկարգման աշխատանքները երկու փուլով են կատարվելու: Մի հատվածը այս, մյուսն էլ՝ հաջորդ տարի: Տնօրենի պնդմամբ, ովքեր ունեն սեփականաշնորհման վկայական, նրանց հողատարածքները չեն քանդվելու: Դիտարկմանը, թե բնակիչներին պարտադրել են հանել ծառերը, տնօրենն ի պատասխան հավաստում է, որ եթե դրանք չխանգարեն ֆուտբոլային հրապարակի կառուցմանը, կմնան իրենց տեղում:

Երբ բնակիչներից մեկը սկսեց բողոքել գերեզմանատան կողքին կառուցվող այգու վայրից, Լ․Հայրյանը բարկացավ. «Չեմ սիրում, որ լավ գործի համար բնակիչները այսպիսի վեճեր են առաջացնում: Այս տարածքից արդեն մի քանի մեքենա թիթեղյա սալիկներ ու մեքենաների կմախքներ ենք տեղափոխել: Սրանք պետական հողեր են»:

Նշենք, որ Լեփսիուսի 41 շենքի և Զեյթունի գերեզմանատան միջև օրենքով նախատեսված 300 մետր հեռավորությունը ևս պահպանված չէ:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter