HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերին

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝  հանդիպմանը Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ և երախտագիտություն է հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ԱՄՆ-ը ցուցաբերում է Հայաստանին ամենատարբեր ոլորտներում:

Երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նահանգների և հատկապես Մասաչուսեթ¬սի դերակատարությունը: Նա  նշել է, թե Հայաստանը կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը և այդ առումով ցանկանում է ուղիղ կապեր հաստատել Մասաչուսեթս նահանգի հետ: Համագործակցությունը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող է կրել ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ նպաստել կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում սերտ կապերի հաստատմանը:

ՀՀ նախագահը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նահանգապետ Չարլի Բեյքերի վճռական դիրքորոշման և հայ ժողովրդին աջակից լինելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, թե ուրախ է, որ Մասաչուսեթս նահանգի ղեկավարությունը պատմականորեն արդար դիրքորոշում է ունեցել այս հարցում, ինչի մասին է վկայում այն, որ 19-րդ դարավերջի համիդյան ջարդերից և Հայոց ցեղասպանությունից մազապուրզ հայերի մի ստվար մաս հաստատվեց հենց այս նահանգում: Ըստ նախագահի, այդ մասին է խոսում նաև այն, որ նահանգային դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմություն է դասավանդվում:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի անկախության համար մղված պայքարում վճռական դեր կատարած Մասաչուսեթս նահանգի առանձնակի վերաբերմունքը ԼՂ հիմնախնդրի նկատմամբ:

Առանձնացնելով Մասաչուսեթսի պատկառելի ներուժը գիտակրթական ոլորտում և նշելով, որ բավական է միայն նահանգում գտնվող մի շարք հեղինակավոր բուհերի շարքում հիշատակել Հարվարդի համալսարանն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիուտը, Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ է նշել, որ Մասաչուսեթսը և ընդհանրապես ԱՄՆ-ն իր գիտակրթական ներուժով Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել է նաև մեր պետականության ամրապնդմանը: Բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ամերիկյան կառավարության աջակցությունը:

Ընդգծելով, որ Հայաստան-Մասաչուսեթս հարաբերություններն ունեն խոստումնալից ապագա և Հայաստանը շահագրգռված է Մասաչուսեթսի հետ ակտիվ կապեր հաստատելու հարցում, Սերժ Սարգսյանը հրավիրել է նահանգապետ Չարլի Բեյքերին մեր երկիր։

Հանդիպման ավարտին աշխատանքային ճաշ է տրվել` նահանգապետ Չարլզ Բեյքերի, համայնքային ղեկավարների և Ներկայացուցիչների պալատի անդամների մասնակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter