HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դրամն ու Նովրուզը. երեք տարին՝ մեկ ինֆոգրաֆիկայում

Նովրուզը Հայաստանում նշող իրանցիների հոսքի՝ տնտեսության վրա թողած ազդեցության մասին հոդվածում «Հետք»-ը խոստացել էր դրամի փոխարժեքի այս տարվա ցուցանիշներին անդրադառնալ ավելի ուշ։ Այսպիսով, որոշ իրանցիներ արդեն մեկնել են Հայաստանից, իսկ նրանց մի մասին դեռևս կարելի է հանդիպել Երևանում։ Մի քանի օր հետո Նովրուզը Հայաստանում նշող իրանցու էլ չես հանդիպի։

Ինչպես փոխվեց դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ այս ընթացքում, ցույց կտանք ՀՀ կենտրոնական բանկի տրամադրած ցուցանիշների հիման վրա։ Մեկ ինֆոգրաֆիկայում կներկայացնենք վերջին 3 տարիների մարտ ամիսների պատկերը։ Սակայն, այստեղ  պետք է  ընդգծենք, որ բացի «Նովրուզի գործոնից», տարբեր տարիների այդ ամսին դրամի վրա ազդել են նաև այլ գործոններ։ Իրանցի զբոսաշրջիկների այցի ազդեցությունը մարտ ամիսների վերջին տասնօրյակներին է վերաբերում, քանի որ հենց այդ օրերին են նրանք նշում Նովրուզը և հենց այդ օրերին է նրանց հոսքը դեպի Հայաստան մեծ լինում։ Հետևաբար, նաև մեծ է լինում արտարժույթի հոսքը։ Այսինքն՝ մինչև այդ դրամի գրանցած տատանումները պայմանավորված չեն նրանց այցով։

Գրաֆիկայում չենք ներառել 2012 և 2013 թվականների ցուցանիշները, քանի որ այդ տարիներին Իրանի ազգային արժույթի՝ ռիալի (IRR) արժեզրկման պատճառով Նովրուզին նրանց հոսքը Հայաստան զգալիորեն կրճատվել է։ Ուստի, դրամի վրա ազդեցությունը նկատելի չի եղել։

Տվյալները՝ ՀՀ կենտրոնական բանկի

Ինչպես երևում է, վերջին երեք տարում մարտի 20-ից սկսած դրամն արժևորվել է։ Նախորդ տարվա օրինակը ցույց տվեց, որ իրանցիների մեկնելուց հետո դրամը կրկին արժեզրկվում է դոլարի նկատմամբ։ Դա խոսում է այն մասին, որ մարտի վերջին դրամի ապրապնդումը միայն կարճաժամկետ բնույթ է կրում։

Տվյալները՝ ՀՀ կենտրոնական բանկի

Նախորդ տարվա մարտի կեսերից, ինչպես ցույց է տրված ինֆոգրաֆիկայում,  դրամը սկսել է արժևորվել: Հատկապես ամսի 20-ից հետո՝ ավելի սրընթաց կերպով։ Բայց ապրիլի սկզբից՝ իրանցիների մեկնելուց հետո, կրկին արժեզրկվել է։ Նույն ամսվա կեսերից նորից արժվորման  փուլ է սկսվել, ըստ երևույթին՝ պայմանավորված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ մեծաթիվ հյուրերի Հայաստան ժամանմամբ։

Այնպես, որ հավանական է՝ մի քանի օր անց դոլարը Հայաստանում կրկին թանկանա, եթե չլինեն արտարժույթի նոր և զգալի ծավալի հոսքեր։ Իսկ նման հոսք, կարծեք, չի սպասվում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter