HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկավանքը` համաքրիստոնեական աղոթատեղի

Տե՛ր իմ, Տե՛ր պարգևատու...,
Բոլորին տիրող հավասարապես…
Գրիգոր Նարեկացի

2015-ը պատմության գիրկն անցավ որպես Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը խորհրդանշող տարեթիվ: Բավական խոսվել է այն մասին, թե Հայաստանն ինչ պատշաճությամբ բարձրաձայնեց քաղաքակրթության դեմ ուղղված մեծագույն ոճիրի մասին, թե հիշատակման օրերին աշխարհը որքան էր զուսպ ու կարեկից, թե ինչ տվեցին մեզ տարելիցի միջոցառումները և ինչ կարող էին տալ:

Իմ խորին համոզմամբ` Հայոց եղեռնի հարյուրերորդ տարում կատարված ամենամեծ իրադարձությունը կաթոլիկ եկեղեցու կենտրոնում էր` Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ, որը Վատիկանում ցեղասպանության զոհերի համար երբևէ տրված առաջին պատարագն էր, Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհեց:

Այդպիսով ոչ միայն երկնային պատիվ տրվեց մեր սրբացած հանճարին, այլև մեկ միլիարդից ավելի կաթոլիկների անունից ողջ քրիստոնյա աշխարհին հնարավորություն ընձեռվեց ի դեմս Նարեկացու` իրենը դարձնել մի տիեզերական մտածողություն, մի աստվածաշնորհյալ մշակույթ:

Մենք` հայերս, սիրում ենք այլոց կողմից գնահատված լինել, մեր արժեքներն ավելի պայծառ լույսով ենք տեսնում ու վերագնահատում ենք մեր ունեցածը, երբ այն նկատելի է դառնում ուրիշներին: Այս հանգամանքը, ինչպես նաև մեր, եթե կարելի է ասել` գենետիկ նարեկապաշտությունը նկատի ունենալով (որքան էլ որ շեղվել ենք մեր ներքին ձևից)` զարմանալի է, որ Հռոմում տեղի ունեցած այս մեծագույն իրադարձությանը որևէ գործնական շարունակականություն չտրվեց:    

Քրիստոնյա հայի համար Աստվածաշնչից հետո երկրորդ սուրբ գիրքը` Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը` հրաշագործ աղոթագիրք «Նարեկը», եվրոպական վերածննդից դարեր առաջ ազդարարել է վերածնությունը` արարչի հանդեպ մարդու հավատքի քրիստոնեականությունը դիտելով ու մատուցելով տիեզերական բարձունքներից, նորովի: Այսօր, ավելի քան հազար տարի անց, հարկ է, որ «Մատյան ողբերգության» աղոթագրքի նորանոր թարգմանություններով համաշխարհային գրականությունը հարստացնելու, Քրիստոսի հավատքի բազմախորհուրդ շերտերը աշխարհի համար Նարեկացիով բացելու միջոցառումների ծրագիր մշակվի:

Այն բարձրագույն կոչումը, որ շնորհվեց իրապես տիեզերական հանճարին, կարող է և պե՛տք է հիմք հանդիսանա, որպեսզի մենք` հայերս, որ հոգևոր ժառանգորդն ենք Գրիգոր Նարեկացու, դիմենք Թուրքական կառավարությանը` 10-րդ դարի քրիստոնեական վանական համալիր Նարեկավանքը, որտեղ ուսանել, ապա վանահայր է եղել Նարեկացին, քրիստոնյա աշխարհին վերադարձնելու առաջարկով: Այս առաջարկի համար իրավական հիմք է ծառայում ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի` «Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»: Այս կարևոր գործը պետք է նախաձեռնի Հայաստանի կառավարությունը` հայոց պատրիարքարանի ներկայացմամբ: Մեր առաջարկի վերազգային բնույթը նկատի ունենալով` այդ հարցում մեզ կարող է սատարել դրա իրականացման համար հոգևոր-բարոյական հիմք ստեղծած, ինչպես նաև  ցեղասպանությունը, ստալինիզմն ու ֆաշիզմը ի լուր աշխարհի քննադատող կաթոլիկ աշխարհի առաջնորդը:

Նարեկավանքը  նոր  խորհրդով  քրիստոնյաներին  վերադարձնելուց  հետո  կարելի է կազմակերպել միասնական մոմավառություն հիշեցնող մի աննախադեպ միջոցառում. կաթոլիկ և ուղղափառ  եկեղեցիների  հավատավորները  ընդամենը  մեկ մոմի գին նվիրաբերելով` կկարողանան մասնակիցը դառնալ Հայոց մեծ եղեռնի ժամանակ ավերված սուրբ Նարեկավանքի վերակառուցմանը: Այդ պարագայում տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու վանքը կվերածվի համաքրիստոնեական աղոթատեղիի, որտեղ միջկրոնական երկխոսության մթնոլորտում աշխարհի բոլոր քրիստոնյաները կկարողանան համախմբվել համաքրիստոնեական  իդեալի  շուրջ:

Ռազմիկ Մարկոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter