HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատաքննությունը ձգձգվում է

Գրիգոր Իգիթյանին մեղադրանք է առաջադրվել ամերիկահայ բարերար Ջորջ Նաջարյանի գույքին խարդախությամբ տիրանալու համար: Գործը մտել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, եւ մարտից դատաքննությունը շարունակվում է:

Վկա Էդուարդ Կորկոտյանի հարցաքննությունից հետո դատարանում վկայություն տվեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը: Այնուհետեւ տուժողի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը դատարանին միջնորդեց փոփոխել ապացույցների հետազոտման կարգը եւ մյուս դատական նիստին որպես վկա ներգրավել ճարտարապետ Գրիգոր Նազարյանին: Վերջինս ԱՄՆ քաղաքացի է եւ այդ օրերին գտնվում էր Երեւանում: Թեեւ պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկեց, դատարանը բավարարեց այն` «հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախաքննության մարմնին այդպես էլ չի հաջողվել հարցաքննել Գ. Նազարյանին: Իսկ նա անմիջականորեն առնչվել է շենքերի կառուցապատմանը եւ կատարել համապատասխան ծախս»:

Գ. Նազարյանի հարցաքննությունը սկսվեց մայիսի 18-ին: Ինչպես մյուս երկու վկաներին, այնպես էլ Գ. Նազարյանին պաշտպանության կողմի տված որոշ հարցեր ունեին մեղադրական բնույթ: Դատավոր Ժորա Վարդանյանը հանում էր այդ հարցերը` դրանք որակելով որպես «վկայի վրա ճնշում գործադրելու եւ ձեռնտու ցուցմունքներ կորզելու միջոց»: Պաշտպանության կողմից վկաներին ուղղված մի քանի տասնյակ հարցեր էլ Ժ. Վարդանյանն այս ընթացքում հանել է կրկնվելու, ինչպես նաեւ մեղադրանքին չառնչվելու հիմնավորմամբ: Ավելին` հնչել են նաեւ այնպիսի հարցեր, որոնք դատավորն ուղղակի որակեց «անլրջության մակարդակի հասնող»:

Նշենք, որ Գ. Նազարյանը հարցաքննության ժամանակ ի սկզբանե դատարանին տեղեկացրեց, որ մոտ երկու շաբաթից Հայաստանից մեկնելու է: Սա հաշվի առնելով` Ժ. Վարդանյանը հաջորդ նիստերը նշանակեց մայիսի 23-ին եւ 24-ին: Սակայն մայիսի 23-ի դատավարությունը չկայացավ մեղադրյալի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի բացակայության պատճառով:

Այս կապակցությամբ մայիսի 24-ի դատաքննությանը Հ. Ղուկասյանը հայտարարեց. «Նախկինում Կ. Գրիգորյանի նախաձեռնությամբ դատական նիստերը բազմիցս հետաձգվել են տարաբնույթ կիսախելամիտ, իսկ երբեմն էլ անհեթեթ պատճառաբանություններով` մեկ այլ գործով հարցաքննության մասնակցելը, հանրապետությունից մեկ շաբաթով բացակայելը, Ծաղկաձորում սեմինարի մասնակցելը, դատական նիստերի դահլիճում գտնվող ամբաստանյալի «բարձր ջերմություն» ունենալը եւ այլն:

Պաշտպանության կողմի որդեգրած նման գործելակերպի հետեւանքով շուրջ 2,5 ամիս տեւող դատական քննության ընթացքում հարցաքննվել է ընդամենը երկու վկա, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս այս պարզ գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու, այն «հավերժական դատավարության» վերածելու` ամբաստանյալի եւ նրա պաշտպանի չքողարկված մտադրությունը: Կարծում եմ, որ նման վարքագիծը մեծապես պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ, ազատության մեջ մնալով, ամբաստանյալը չարաշահում է իր հանդեպ դատարանի դրսեւորած մարդասիրական վերաբերմունքը, թեեւ քրեական գործում կային ու ներկայումս շարունակում են մնալ ավելի քան բավարար հիմքեր նրան կալանավորելու համար»:

Հ. Ղուկասյանը դատարանին խնդրեց «անհապաղ միջոցներ ձեռնարկել պաշտպանության կողմի անպատասխանատու եւ ապակառուցողական գործելակերպը կանխելու, ինչպես նաեւ քրեական գործի քննության բնականոն ընթացքն ու պատշաճ լուծումն ապահովելու համար»:

Չորս անհիմն բացարկ` մեկ դատական նիստի ընթացքում

Դատավարությունը շարունակվեց հունիսի 1-ին: Հ. Ղուկասյանը դատարանին հայտնեց, որ Գ. Նազարյանը մեկնել է ԱՄՆ, եւ ներկայացրեց ինքնաթիռի տոմսի պատճենը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ ԱՄՆ-ից Երեւան է ժամանել տուժող Ջորջ Նաջարյանը, եւ դատարանին միջնորդեց սկսել վերջինիս հարցաքննությունը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Մեղադրյալի պաշտպան Կ. Գրիգորյանը նախ կասկածի տակ դրեց տոմսի պատճենի իսկությունը եւ միջնորդեց Գ. Նազարյանին բերման ենթարկելու որոշում կայացնել, քանի որ նրա հարցաքննությունը կիսատ է մնացել: Հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, «Գ. Նազարյանի ցուցմունքները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում»:

Դատավորն այս միջնորդությունը մերժեց` նշելով, որ «Գ. Նազարյանը, լինելով այլ երկրի քաղաքացի, որեւէ պարտավորություն չի ունեցել երկար ժամանակ մնալ Երեւանում, երկու դատական նիստերում արդեն իսկ հարցաքննվել է, իսկ պաշտպանության կողմը մեկ ամբողջ աշխատանքային օր նրան միայն հարցեր է տվել: Ուստի, դատարանը կարող է գործում եղած ապացույցների համադրմամբ հանգել համապատասխան հետեւության»:

Փաստաբան Կ. Գրիգորյանն առարկեց նաեւ դատարանի կողմից ապացույցների հետազոտման կարգը փոխելու եւ տուժողին հարցաքննելու որոշման դեմ` այն որակելով իբրեւ դատավորի քմահաճ վերաբերմունք: Պաշտպանության կողմը բացարկ հայտնեց նիստը նախագահող Ժ. Վարդանյանին:

Դատարանը բացարկը մերժեց` որոշման մեջ շեշտելով, որ փոփոխությունը կատարվել է միայն գործի շահերից ելնելով եւ դատաքննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու նկատառումով:

«Դատարանը հաշվի է առել նաեւ այն հանգամանքը, որ ինչպես Գ. Նազարյանը, այնպես էլ Ջ. Նաջարյանը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, ուր բնակվում են մշտապես եւ միայն հանգամանքների բերումով են գտնվում Հայաստանում ու չեն կարող մինչեւ գործի դատաքննության ավարտը մնալ Երեւանում»,- հայտարարեց Ժ. Վարդանյանը:

Ամբաստանյալի պաշտպանն այս որոշման դեմ եւս հայտնեց իր առարկությունը, ինչը կրկին չընդունվեց:

Ջ. Նաջարյանը խոսում էր անգլերեն: Թարգմանությունն ապահովելու համար Արտաշես Էմինը դատարանին ներկայացրեց իր` թարգմանչական գործունեության մասին հավաստող Անհատ ձեռներեցի պետական գրանցման վկայականի պատճենը եւ Համընթաց թարգմանությունների միջազգային միության անդամների ցանկը, որի մեջ ներառված էր նաեւ նրա անունը:

Կ. Գրիգորյանն այս անգամ բացարկ հայտնեց թարգմանչին, քանի որ վերջինս, ըստ պաշտպանի, չներկայացրեց իր որակավորումը հաստատող վկայական` տրված Արդարադատության նախարարության կողմից:

Բացարկը մերժվեց, եւ սկսվեց տուժողի հարցաքննությունը: Այն բանից հետո, երբ Ջ. Նաջարյանն ասաց, որ հունիսի 5-ին պետք է մեկնի Հայաստանից եւ չգիտի, թե երբ է վերադառնալու, մեղադրյալի պաշտպանը դարձյալ հանդես եկավ միջնորդությամբ. «Ես գիտեմ` մեղադրանքի կողմի հարցերից հետո մեզ մի տոմսի պատճե են ցույց տալու, որ տուժողն արդեն Հայաստանում չէ, ինչպես եղավ Գ. Նազարյանի դեպքում: Մենք ունենք դատակոչված վկաներ: Դատակոչն ավարտելուց հետո նոր կանդրադառնանք տուժողի հարցաքննությանը»:

«Դատարանը որոշեց պաշտպան Գրիգորյանի միջնորդությունը մերժել, տուժողի հարցաքննությունը սկսել այսօր եւ շարունակել հունիսի 4-ին, որի պայմաններում պաշտպանական կողմը հնարավորություն կունենա տուժողից պարզել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները: Նախապես կանխորոշել, որ հարցաքննությունն ամսի 4-ին չի ավարտվելու, դատարանը չի կարող»,- ասաց Ժ. Վարդանյանը եւ հավելեց, որ միայն հարցաքննության ավարտից հետո հնարավոր կլինի կողմնորոշվել հետագա անելիքների մեջ:

Ամբաստանյալի փաստաբանը դարձյալ բացարկ հայտնեց նախագահողին` այն հիմնավորելով հետեւյալ կերպ. «Այս պահի դրությամբ պաշտպանության կողմն ունի 12 էջից բաղկացած հարցեր: Եվ բնական է, որ դրանք չենք հասցնի տանք տուժողին, քանի որ կպահանջվի 3 դատական նիստ: Նախագահող դատավորը Գ. Նազարյանի տարբերակով փորձ է կատարում մեզ զրկելու տուժողին հարցաքննելու իրավունքից: Այսինքն` նա ոչ թե արտահայտում է իրավունքի շահը, այլ հանդես է գալիս մեղադրանքի կողմից»:

Ժ. Վարդանյանն էլ հայտարարեց. «Նկատի ունենալով, որ պաշտպան Գրիգորյանի բացարկն այսօր հայտնած բացարկի կրկնությունն է, ոչնչով հիմնավորված չէ եւ կառուցված է ենթադրությունների վրա, դատարանը որոշեց մերժել այն»:

Քիչ անց Կ. Գրիգորյանը երրորդ անգամ բացարկ հայտնեց նախագահող դատավորին:

«Բացարկի հիմքը ոչնչով չփոխվեց: Ակնհայտ է դառնում, որ այս եղանակով պաշտպանական կողմը միտք ունի դատաքննությունը ձգձգելու»,- նկատեց դատավորը եւ որոշեց բացարկին չանդրադառնալ:

Ջ. Նաջարյանի հարցաքննությունը, ի վերջո, շարունակվեց: Իսկ երբ եկավ պաշտպանության կողմի հարցեր տալու հերթը, մեղադրյալի պաշտպանը ժամանակ խնդրեց հարցաքննությանը նախապատրաստվելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը, եւ դատական նիստը վերսկսվեց հունիսի 4-ին: Այս դատավարության ընթացքում շուրջ 7 ժամ պաշտպանության կողմը հարցեր տվեց Ջ. Նաջարյանին: Ի դեպ, վերջինս եւս անմասն չմնաց Կ. Գրիգորյանի գնահատականներից: Մասնավորապես, փաստաբանը կասկածի տակ դրեց տուժողի տված ցուցմունքների արժանահավատությունը: Դատավորն անմիջապես դիտողություն արեց` ընդգծելով, որ գնահատականներ տալու իրավունքը վերապահված է միայն դատարանին:

Դատական քննության հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 12-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter