HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ի՞նչ է Մոսկվան փնտրում ղարաբաղյան պատերազմում

Արդեն երեք օր է՝ պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Երևանին և Բաքվին կոչ են անում երկուստեք դադարեցնել ռազմական գործողությունները ռազմաճակատի վերածված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։ Արդեն վերսկսված լոկալ պատերազմի երկրորդ օրը հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը մեկնելու են Բաքու։ Թե ո՞րն է նրանց այցի նպատակը, հայտնի չէ։ Չի բացառվում, սակայն, որ նրանք Ադրբեջան են մեկնել՝ քննարկելու նոր հրադադարի հաստատման, գուցե նաև Կրեմլի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորության հարցը։ Իսկ մինչ այդ, ադրբեջանական զինուժը ԼՂ-ի դեմ արդեն գործողության մեջ է դրել TOC-1 տիպի (կրակացիր) ծանր հրետանային համակարգեր, որոնք ձեռք է բերել Ռուսաստանի հետ կնքված՝ ժամանակակից հարձակողական զինտեխնիկայի գնման՝ մոտ 5 մլրդ դոլարի գործարքի արդյունքում։

Չնայած այն փաստին, որ անցած երկու տարիներին ռուսական կողմը, ի պատասխան այդ գործարքի շուրջ Երևանի արտահայտած անհանգստության, հավաստիացնում էր, թե վերահսկում է իրավիճակը, և այդ հրետանային միջոցները չեն կիրառվելու Հայաստանի և Արցախի դեմ, այսօր այդ կապակցությամբ Մոսկվայից որևէ մեկնաբանություն, որևէ բացատրություն չի հնչում։

Ընդհանրապես վերսկսված պատերազմի անցած երեք օրերիի համատեքստում Ռուսաստանի պահվածքը չափազանց տարօրինակ է։ Երբ 2014թ․ օգոստոսին ադրբեջանական զինուժի կիրառած առաջին խոշորամասշտաբ դիվերսիոն հարձակումներից հետո տեղի ուենցան հայ-ադրբեջանական առաջին լուրջ բախումները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մի քանի րոպե պահանջվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրելու Սոչի՝ շփման գծում առաջացած լարումը թուլացնելու և եռակողմ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Դրանից հետո իրավիճակը որոշ չափով իսկապես լիցքաթափվեց։ Սակայն այս անգամ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հաստատեց, որ իրենք են նախահարձակ եղել, ՌԴ նախագահի կողմից առանձնապես շտապողականություն չի դրսևորվում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Պուտինը ոչ Իլհամ Ալիևի և ոչ էլ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույց չի ունեցել։ Եթե սա կարելի է հասկանալ Ադրբեջանի առումով, ապա լրիվ անհասկանալի է Հայաստանի պարագայում, հաշվի առնելով ոչ միայն հայ-ռուսական երկկողմ ռազմաստրատեգիական համագործակցության մասին պայմանագրի առկայությունը, այլև ՀԱՊԿ-ի շրջանակներում «դաշնակիցներ» լինելու իրողությունը։ Նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում Սերժ Սարգսյանը կազմակերպության մյուս անդամ երկրների ղեկավարներին հանդիմանեց այն բանի համար, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած ագրեսիվ ռազմական գործողություններից ու ոտնձգություններից հետո նրանից և ոչ մեկը հեռախոսը չի վերցնում՝ Հայաստանի նախագահից հետաքրքրվելու, թե ինչ է կատարվում իրենց դաշնակից երկրի շուրջը։ Փաստորեն, այդ գանգատը ոչ մի ազդեցություն չի ունեցել։ Եթե Պուտինը բավարարվել է ընդամենը իր մամուլի քարտուղարի միջոցով ԼՂ-ում ստեծղված իրավիճակի կապակցությամբ անհանգստություն հայտնելով, ՀԱՊԿ-ի մյուս դաշնակից երկրի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ միայն հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, այլև հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն իր աջակցությունը։  

Ղարաբաղյան սահմանագծում ստեղծված իրադրության շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև պարիտետ պահպանելու դիրքորոշումը կրեմլամերձ քաղաքագետ-սազանդարները բացատրում են նրանով, թե Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ-ի կողմից պաշտպանության ենթակա սահմանների մեջ, իսկ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության պայմանագիրը վերաբերում է Հայաստանին, այլ ոչ թե ԼՂՀ-ին։ Նման մոտեցումը, սակայն, թե շովինիստական է և թե թաքնված պրոադրբեջանական։ Որովհետև դրանով Մոսկվան փաստացի ԼՂ-ն համարում է Ադրբեջանի տարածք և այդքանով արդեն արդարացնում «իր տարածքի» ամբողջականությունը ցանկացած միջոցով վերադարձնելու Բաքվի քաղաքականությունը և Հայաստանին ճանաչում ագրեսոր։ Նման դեպքում պաշտոնականԵրևանը պետք է Ռուսաստանին հիշեցներ, որ եթե ԼՂ-ն չի գտնվում նրա և ՀԱՊԿ-ի երաշխավորած անվտանգության գոտում, ապա կրակը դադարեցնելու կոչը պետք է ուղղի ոչ թե Երևանին և Բաքվին, այլ Ստեփանակերտին և Բաքվին։ Իսկ եթե կոչի հասցեատերը Հայաստանն է, ուրեմն պետք է բարի լինեի ընդունելու Ռուսաստանի պատասխանատվությունը թե Հայաստանի և թե ԼՂ-ի համար։ Որովհետև ռազմավարական գործընկերությունը նախևառաջ նշանակում է ոչ միայն հասկանալ և հարգել գործընկեր երկրի շահերը, այլև պաշտպանել այդ շահերը։ Ի վերջո, Ռուսաստանը Հայաստանի հետ երկկողմ ռազմական համագործակցության և ՀԱՊԿ-ը հիմնելու համաձայնագրերը կնքելիս չէր կարող հաշվի չառնել ԼՂ հիմնահարցի կենսական նշանակությունը Երևանի համար, նրա ունեցած շահերն այդտեղ։ Մոսկվան չէր կարող չիմանալ, որ Երևանն առաջին հերթին հենց այդ հիմնահարցից առաջացած ռիսկերից ելնելով է գնում նման երկարաժամկետ և որոշ իմաստով նաև իր համար նվաստացուցիչ համաձայնագրերի ստորագրման։

Այսինքն՝ երկընտրանքը շատ պարզ է․ այս իրավիճակում Ռուսաստանը կամ Հայաստանի կողքին է, կամ գործում է նրա դեմ։ Եվ սա չափազանցություն չէ՝ նկատի ունենալով Հայաստանի համար Թուրքիայից եկող սպառնալիքը։

Հայ-ադրբեջանական այս պատերաազմի բոլոր երեք օրերին անխտիր Թուրքիան, լինելով ԵԱՀԿ անդամ, միանշանակ և ամբողջականորեն պաշտպանեց Ադրբեջանի նախահարձակ գործողությունները։ Ապրիլի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անձամբ է զանգահարել Ալիևին և շնորհավորել նրան ԼՂ-ի հետ շփման գծում իրականացված ռազմական հաջող օպերացիայի և դիրքային առաջխաղացման համար։ Իսկ հաջորդ օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թե Հայաստանի և թե առավել ևս Ռուսաստանի համար մի չափազանց լուրջ ու անհանգստացնող ուղերձ պարունակող հայտարարություն արեց այն մասին, որ օսմանյան թյուրքը չի կարող չլինել եղբայրական ադրբեջանցու կողքին։ Սա ոչ այլ ինչ էր, քան ԼՂ հակամարտության՝ ռազմական ֆազա տեղափոխվելու ներկայիս գործընթացը թուրքական կայսերապաշտական քաղաքականության համատեքստում ներկայացնելու խոստովանություն։

Դրան, սակայն, Մոսկվայի արձագանքը եղավ ուղղակի ապշեցնող։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման թիկունքում որևէ երրորդ ուժի, այդ թվում նաև Թուրքիային, չի տեսնում։ Ռուսաստանն անգամ քարոզչական նկատարումներով չփորձեց օգտագործել Ադրբեջանին Թուրքիայի թե քաղաքական և թե ռազմական բացահայտ օժանդակություն ցուցաբերելու հարցը։ Եվ  սա չի կարող որոշակի հետևությունների տեղիք չտալ։

Խնդիրը միայն այն չէ, որ այդպիսով Ռուսաստանը փաստացի Հայաստանին մեն-մենակ է թողնում թուրք-ադրբեջանական բացված երախների առջև։ Խնդիրը նաև այն է, որ Ռուսաստանը փաստացի քաղաքական ռևերանս է անում Թուրքիային՝ ցուցադրելով Ղարաբաղում սրված իրավիճակը, պատերազմի վերսկսումը երկկողմ հարաբերությունների վերականգնմանն առիթ դարձնելու ցանկությունը։ Տրամաբանությունը շատ պարզ է․ Ադրբեջանի ագրեսիայի ետևում թաքցնելով Անկարայի ականջները՝ Մոսկվան ցանկանում է հասկացնել, որ իրավիճակը կայունացնելու համար Թուրքիան կարող է օգտագործել Ադրբեջանի, Ռուսաստանը՝ Հայաստանի նկատմամբ իրենց ազդեցությունը, ինչը կարող է երկու երկրների միջև դիվանագիտական, քաղաքական կոնտակտների վերականգնման պատճառ դառնալ։

Հարցն այն է՝ թե Ռուսաստանի ինչի՞ն է պետք Թուրքիայի հետ ձեռքսեղմումը կովկասյան «ֆրոնտում»։ Բանն այն է, որ Մոսկվան բացարձակապես շահագրգռված չէ Հր․ Կովկասում նոր պատերազմական օջախի առաջացման մեջ, որտեղ ինչ-որ պահից կարող է ստիպված լինել ներքաշվել։ Սիրիայից, Ուկրաինայից հետո դա կարող է նրա համար դառնալ երրորդ «կաթսան»։ Մոսկվան հրաշալի հասկանում է, որ Ադրբեջանը պարզապես կարող է այդ հարցում Թուրքիային ծառայություն մատուցել, մանավանդ որ ինքն է շահագրգռված Անկարայի և Մոսկվայի միջև միջնոդ դառնալու հարցում։ Եվ այստեղ տեղի է ունենում բոլոր երեք կողմերի՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի շահերի համընկնում։

Թուրքիան, ԱՄն-ից ապտակ ստանալուց հետո, Մոսկվայի հետ ԼՂ հարցով միջնորդավորված կոնտակտներ հաստատելու շանս է ստանում, Ադրբեջանը՝ փորձում է հայկական ուժերի մարտունակությունը և ավելի լայնածավալ ագրեսիայով ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պոտենցիալը, Ռուսաստանը՝ մի կողմից չեզոքացնելու մեծ, տարածաշրջանային պատերազմի ծավալման վտանգը, մյուս կողմից՝ հանդես գալու նոր բնագծերի պայմաններում հայ-ադրբեջանական սահմանագծում խաղաղության երաշխավորի դիրքերից՝ չի բացառվում՝ հակամարտության գոտի ռազմական կոնտինգենտ մտցնելու միջոցով։ Մոսկվային ձեռնտու չէ հայ-ադրբեջանական նոր, լայնածավալ ու արյունահեղ պատերազմը, քանի որ չի ցանկանում կորցնել Ադրբեջանին՝ որպես իր ռազմաարդյունաբերության արտադրանքի ամենախոշոր գնորդներից մեկին և որպես Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կապող օղակ։ Իսկ հանուն դրա կարելի է նաև զոհաբերել Հայաստանի շահերը։

Բայց այս ամենով հադներձ՝ Ռուսաստանը հիմա մի շատ կարևոր ծառայություն է մատուցում Հայաստանին, ԼՂՀ-ին և հայ ժողովրդին․ նա սովորեցնում է չվստահել ոչ ոքու, այդ թվում նաև իր նման ստրատեգիական պարտնյորների, և հույսը դնել բացառապես սեփական ուժերի, սեփական կամքի վրա։ Ռուսաստանը հիմա մեզ «սովորեցնում է» լինել իրատես։ 

Մեկնաբանություններ (10)

լիլիտ
պահպանեք զինվորական գախտնիքները մի գրեք և բացատրեք թե որ ավտոբուսը ուր պետք է գնա և որ ժամին։ Ադրբեջանցիները շատ լավ հայերեն են հասկանում և խոսում։ Գրեք և գուշացրեք բոլոր թերթերին և անձանց
Դրո
Ասել եմ և կասեմ` ռուսներ=դեղին թուրքեր
Հայկ
Ինչքան ՞ պետք խաբվենք, ինչքան ՞ պետք է կորցնենք, որպեսզի հասկանանք , որ Ռուսաստանը մեր դաշնակիցը և բարեկամը չէ։ Մերձավոր Արևելյան վերջին իրադարձությունները ապացուցեցին բոլոր ուղղություններով Թուրքիայի առավելությունները Ռուսաստանի նկատմամբ։ Այժմ ձգտելով գոնե ինչ որ չափով հետ բերել կամ պահպանել իր գերտերության կեղծ իմիջը, Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով ձգտում է վերականգնել իր «բարեկամական » հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա նորմալացնել հարաբերությունները Արևմուտքի և ԱՄՆ հետ։ Նշված ծրագրի իրականացման ամենահարմար միջոցը Ռուսաստանի համար հայկական շահերի ոտնահարումն է , որը ոչ մի հետևանք չի կարող ունենալ իրենց համար՝ ըստ իրենց։ Սակայն նրանք լավ չեն հասկանում, որ արևմուտքը գերազանց գիտի, թե ինչպիսի չարիք է իրենից ներկայացնում Ռուսաստանը աշխարհի համար և երբեք չի հրաժարվի այդ չարիքը վնասազերձելու իր ծրագրերից։ մեր միակ հույսը և հավատը մեր ազգի ներուժն է, որը պետք է գործի գնել առավելագույն կարողությամբ։ Իսկ թե ինչպես, դա դիվանագոտների , քաղաքագետների, ռազմական գործիչների, հատուկ ծառայությունների աշխատանքն է։ Պետք է անել ամեն հնարավորը որպեսզի հայ ժողովուրդը ինտեգրվի քաղաքակիրթ աշխարհի հետ, այլ ոչ թե հույսը կապի «Ոսկե հորդայի» նենգ մնացորդի հետ։
հայւհի
Շնորհակալ են Արցախի, Հայաստանի, սփյուքի ողջ հայությանը միասնության համար. սա մեր հաղթանակի գրավականն է, փառք հայ քաջարի զինվորներին: Մենք միասնաբար կհաղթենք այս պատերազմում: Ապա պետք է բանակցենք հավասարապես բոլոր երկրների հետ, անգամ՝ թշնամի: Չպետք է թույլ տանք, որ ռուսը կամ ՀԱՊԿ-ի անդամ մյուսները, եւ կամ մի այլ երկիր մեր կեղծ բարեկամը լինելով օգտագործի մեզ: Մեզ համար բոլորը հավասար են ու նույն հարթության վրա: Ժամանակն է առաջիկայում համաձայնության գալ՝ առանց միջնորդի, ու խաղաղություն հաստատել: P.S. Զարմացած եմ ամերիկյան ճշմարտացի ընկալմամբ...
karo
հայ-ազերի պատերազմի ընթացքում Ռուսաստանի ակընհայտ քայլերի հետ հույսեր կապելը անիմաստ է: Ռուսաստանը հիմա ինքը լրջագույն պաշպանության կարիք ունի,
koryun
ինձ թվում է վոր էս պայմանագիրը չի պահպանվէլու ալիէվը հիտլէրի քայլէրովա գնում
ARA
Արդյո՞ք կպարտադրեն մեզ կնքել նոր՝ ոչ բարենպաստ պայմանագիր, կամ գուցե ԼՂՀ-ն կլինի բանակցային կողմ՝ դեռ պարզ չէ, մի բան հաստատ է՝ ժամանակն է ազերիների հետ համաձայնության գալու ու վերջ դնելու այս պատերազմին, որ թուրքը կամ ռուսը չօգտագործեն մեզ միմյան դեմ: Միանշանակ ժամանակն է նախորդ դարի զինատեսակնեը արդիականացնել, որի համար ունենք ներուժ, մասնագետներ ու գիտելիքներ: Մի՞թե մենք իրավունք ունեինք երկու օրում այդքան զոհ տալու ու տարածքներ կորցնելու, ինչու դա եղավ...հարցեր, որ դեռ պատասխանի են սպասում: Փառք հայոց զինվորներին: ...Հիշենք բոլորին անուն առ անուն եւ հիշենք ցավով...:
Հայկ
Ռուսաստանի գլխավոր նպատակը՝ հակամարտության գոտի «խաղաղապահ» զորք մտցնելն է, որը նրան կնձեռի մշտական և անխափան գործող լծակ իր բռի մեջ պահելու և կառավարելու Հայաստանին և Ադրբեջանին.։ Եթե դեպքերի բերումով ստիպված լինենք համաձայնվել խաղաղապահ ուժեր տեղակայելու հետ ապա միակ պայմանը պետք է լինի ոչ ռուսական կամ նմամ երկրի զորքերի տեղակայումը։ Դրանք կարող են լինել Ֆրանսիայի, Իտալիայի, Ավսստրիայի կամ ԱՄՆ և այլ երկրների զորքեր։ Եթե համաձայնելու ենք Ռոսաստանի մասով , ապա հավատացեք ավելի լավ է միանգամից առանց ցնցումների և զոհողությունների Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին։
Աշոտ
Անշուշտ այս պատերազմը մեզ անգնահատելի դասեր տվեց: Դրանցից ամենակարևորը, ըստ իս դա այն է, որ մենք սկսեցինք հասկանալ, որ Ռուսաստանը մեր բարեկամը չէ: Մյուսը, որ որքան ժողովրդավար է երկիրը, այնքայն նա ավելի արդյունավետ է պատերազմում՜ Իսկ ռուսների և թուրքերի հաշվարկը պարզից էլ պարզ էր, կարճ ասաց հետևյալն էր – մոտ 2008 թվականից սկսած զինել ադրբեջանին և թուլացնել Հայաստանին: Հարմար պահին հրահրել պատերազմ, որի ընթացքում Ադրբեջանը կգրավի ԼՂ-ի ողջ տարածքը և կներխուժի Հայաստան: Հայաստանը ստիպված օգնություն կխնդրի ռուսներից, իսկ մեր ՞բարեկամ՞ ռուսները ռազմական բազա կհիմնեն Հաըաստանի և Ադրբեջանի միջև: Քանի, որ, ըստ պլանի նախատեսվում էր, որ ԼՂ-ն արդեն Ադրբեջանը գրավել է, ապա ռուսները կմոռանան դրա մասին, պայմանով, որ Ադրբեջանը կմիանա ԵՏՄ-ին և նաև ՀԱՊԿ-ին: Այնուհետև մնում էր վերջնական շտրիխը – վերախմբագրել մեր պատմությունը, ինչպես Ռուսները դա բազմիցս արել են նախկինում:
Վարդան
Մնում է միայն Ռուսաստանից շնորհակալություն հայտնենք այդ կարևոր ծառայությունը մատուցելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter