HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Ունի՞, արդյոք, Հայաստանը հեռանկար

Այն մասին, որ Հարավային Կովկասը` որպես տարածաշրջան, արհեստական միավոր է, որի անդամ երկրներն ունեն տարբեր (իսկ երբեմն էլ` հակադիր) շահեր եւ մղումներ, այսօր խոսում են շատերը։

Արդյոք այն կամրապնդվի՞ ուրիշ երկրների ներգրավման կամ ավելի ընդարձակ միավորման մաս կազմելու հաշվին, թե պարզապես կքայքայվի կենտրոնախույս մղումների պատճառով` դժվար է կանխատեսել։ Ակներեւ է, սակայն, որ առայժմ այս տարածաշրջանը, որտեղ գլխավոր գործոնը, թվում է, ադրբեջանական նավթն է, առավելապես անհարմար է հենց Հայաստանի համար, որը մեկուսացվել եւ դուրս է մղվել տարածաշրջանային համագործակցության բոլոր ծրագրերից։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի հետ չլուծված հակամարտությունը, Ռուսաստանի եւ Իրանի հետ մերձությունը ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային առումներով Հայաստանին դնում են ոչ շատ հաճելի իրավիճակի մեջ` ստեղծելով երկրի այնպիսի իմիջ, որն այնքան էլ ներկայանալի եւ գրավիչ չէ։

Ի՞նչ լուծումներ են հնարավոր այս վտանգավոր վիճակից դուրս գալու համար։ Առաջարկվող տարբերակներից մեկը Հայաստանի մտավոր կարողությունների արդյունավետ օգտագործումը, գիտության եւ բարձր տեխնոլոգիաների յուրացման ու զարգացման միջոցով տնտեսական առաջընթացի հասնելն է։ Բայց Հայաստանի կրթության եւ գիտության ներկա տխուր վիճակն այդ առումով լավատեսության նվազագույն հիմքեր իսկ չի ստեղծում։ Մյուս կողմից` ակներեւ է երկրի կառավարության` իրատեսական եւ հավակնոտ ռազմավարական ծրագրեր կազմելու, ներկա գլոբալ իրադրությանը պատշաճող հեռանկարներ մշակելու անկարողությունը։ Խոսք լինել չի կարող նաեւ տարբեր կուսակցությունների տնայնագործ ծրագրերի մասին։

Հայտնի է, օրինակ, որ վերջին տարիներին տարբեր շահագրգիռ ուժերի հետ (ծրագրային ապահովման բիզնեսում հաջողության հասած մի շարք ամերիկահայ ձեռներեցներից մինչեւ Համաշխարհային բանկ) միասին Հայաստանի կառավարությունը հավակնում էր ծրագրային ապահովման միջազգային շուկայում Հայաստանը դարձնել «նոր Հնդկաստան», ինչը պետք է թե՛ երկրին տար միջազգային իմիջ, թե՛ նպաստեր ողջ տնտեսության զարգացմանը, հասարակության արդիականացմանը եւ սոցիալական իրավիճակի բարելավմանը։ Բայց սկզբից եւեթ պարզ էր, որ այս նպատակները հասանելի չեն։

Մատենադարանի ձեռագիր մատյանների «թվայնացման» (ընդունված բառով ասած) աղմուկ հանած հարցը մի ավելորդ անգամ ցույց տվեց տխուր, գավառական մակարդակը հենց այն ասպարեզում, որտեղ Հայաստանն իբրեւ թե «մեծ ներուժ» ունի։ Իրականում ակներեւ է տարրական գիտելիքներ ունեցող եւ որեւէ հոդաբաշխ մեկնաբանության ընդունակ մասնագետների բացակայությունը։ Աշխարհի հետ այս փոքրիկ բախման հարուցած «մտավորական» իրարանցումը անմիջապես հայտնվեց վտանգված «ազգային արժեքների», անձեռնմխելի «մշակութային գանձերի» եւ այլնի հնամաշ հռետորության շրջանակում։

Մյուսը ժողովրդավարական հասարակության ստեղծման ընդհանուր գաղափարն է, որն ավելի ու ավելի հաճախ ներկայացվում է որպես իրական այլընտրանք թե՛ հասարակության զարգացման, թե՛ Արեւմուտքի բարեհաճ վերաբերմունքը վայելելու եւ մի օր եվրոպական ընտանիքի անդամ դառնալու համար։ Ըստ այդմ, չմոռանալով հանդերձ ազգային նկարագրի հետ որոշ արեւմտյան արժեքների անհամատեղելիության, ինչպես նաեւ «հայկական մենտալիտետի» որոշ անխմբագրելի առանձնահատկությունների մասին, կարելի է հուսալ, որ ժողովրդավարացումը Հայաստանին մրցունակ կդարձնի տարածաշրջանում։ Որոշ վերլուծաբաններ ավելի հեռու են գնում` հակամարտող կողմերի ժողովրդավարացման հետ կապելով ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորությունները նույնպես։

Ի՞նչ է ժողովրդավարությունը

Խորհրդային վերջին եւ ետխորհրդային առաջին տարիներին Հայաստանի հեռանկարները կառուցվում էին խորհրդային նյութից։ Կայսրության փլուզումից հետո խորհրդային իրականությունից հեռանալու ճամփաներն ու նպատակները խորհրդային համատեքստի ծնունդ էին։ Հայոց երազային հայրենիքն այս անգամ անխուսափելիորեն որոշակիություն էր ստանում խորհրդային ժամանակաշրջանում ձեւավորված որոշակի արժեքների, ինքնագնահատականների եւ աշխարհի մասին պատկերացումների օգնությամբ։ Խորհրդային կայսրության անկման շրջանի հայոց տեսլականը մի տեսակ անդասակարգ ազգային պետություն էր ՝ ժամանակակից արդյունաբերությամբ, մշակութային հարուստ ավանդությամբ եւ զարգացած արդիական մշակույթով, գիտության եւ կրթության բարձր մակարդակով եւ այլն։ Եւ ետխորհրդային տարիների առաջին մեծ հիասթափության հիմնական պատճառներից մեկը հենց այդ կեղծ հեռանկարն էր։ Այսօր արդեն այդպիսի կեղծ, չմտածված հեռանկար կարող է դառնալ ժողովրդավարությունը։ Հայաստանում ժամկետանց արեւմտյան ժողովրդավարության վերավաճառքով զբաղված որոշ հասարակական կազմակերպությունների համար ժողովրդավարությունը շահութաբեր բիզնես է։ Կան կուսակցություններ եւ գործիչներ, որոնց համար ժողովրդավարությունը ներկա իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր կեցվածքի մի ձեւ է, մի տեսակ քաղաքական խորշ։ «Ժողովրդավարություն» է նաեւ այն խաղի անունը, որ ետխորհրդային երկրներից շատերի նման Հայաստանը խաղում է Արեւմուտքի եւ, մասնավորապես, Եվրամիության հետ։ Բայց, թվում է, այն նաեւ նմանվում է ինքնախաբեության, դառնում ապագային լավատեսորեն նայելու մի նոր հնարավորություն, որն ազատում է այդ ապագայի մասին մտածելու մեծ գլխացավանքից։

Ընդհանուր առմամբ, ժողովրդավարության գերիշխող հասկացությունը ազատական ներկայացուցչական ժողովրդավարությունն է, բայց պարադոքսն այն է, որ որքան աշխարհում տարածվում է ժողովրդավարությունը, այնքան նրա նկատմամբ նվազում է վստահությունը առավել զարգացած ժողովրդավարական հասարակություններում։ Թեեւ ժողովրդավարական կառավարման գերակշռող ձեւը մնում է ազատական ժողովրդավարությունը, այդուհանդերձ, կապիտալիստական հասարակություններում առկա է ժողովրդավարության ճգնաժամ, հոռետեսություն նրա հետագա հնարավորությունների նկատմամբ։ Չեն դադարում քննարկումները ժողովրդավարության ներհակությունների ու սահմանափակությունների, ժողովրդավարության տարբեր մոդելների շուրջ` ներկայացուցչական, զարգացումային, մասնակցային, արմատական, ժողովրդական ժողովրդավարություն եւ այլն, իսկ այսօր` Ինտերնետի դարում, նաեւ ակնթարթային ժողովրդավարություն։

Գուցե, ասենք, հենց մասնակցային ժողովրդավարության մասին պետք է խոսել, երբ քննարկում ենք «ընտրակաշառքների» եւ «ձայնը ծախելու» հարցը։ Հայաստանի դեպքում տեղին չէ՞ քննարկել բաժանումը ժողովրդավարության` որպես մեթոդի, եւ ժողովրդավարության` որպես բովանդակության միջեւ տարբերությունը։ Ժողովրդավարությունը առաջին հերթին հանդես է գալիս որպես քաղաքական ներկայացուցչության մեթոդ, եւ Հայաստանում մի օր ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու երազանքը միանգամայն տեղավորվում է այս մոտեցման մեջ։ Մինչդեռ ժողովրդավարության` որպես բովանդակության հասկացությունը ենթադրում է այնպիսի ժողովրդավարական համակարգ, որը նպաստում է հանրային գործերի մեջ ժողովրդի մասնակցությանը, թույլ է տալիս վերացնել մարդկանց սոցիալական եւ քաղաքական մասնակցության խոչընդոտները։

Իսկ արդյոք ժողովրդավարությունն անքակտելիորեն կապվա՞ծ է կապիտալիզմին, թե հնարավոր են նաեւ այլ մոդելներ, մասնավորապես` սոցիալիզմի հետ համատեղելի։ Իսկ ի՞նչ է նշանակում ժողովրդավարությունը գլոբալացման դարաշրջանում` ազգային պետութան դերի անշեղ նվազման պայմաններում առհասարակ եւ, Հայաստանի դեպքում, Ռուսաստանի եւ տարբեր անդրազգային ուժերի շեշտված քաղաքական եւ տնտեսական ազդեցության պայմաններում…

Այս եւ այլ հարցերի պատասխանները պետք է ակնկալել ոչ թե կուսակցական գործիչներից կամ խորհրդարանականներից, այլ գիտնականներից ու հետազոտողներից` հասարակագետներից։ Բայց որտե՞ղ են այդ գիտնականները։ Ահա եւ վերադարձանք կրթության եւ գիտության հարցին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter