HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը Ֆրանսիայում մեկնարկում է համաեվրոպական հեռախոսամարաթոնը

Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում կմեկնարկի համաեվրոպական հեռախոսամարաթոնը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 20-ը:

Շուրջ 700 կամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից այս օրերի ընթացքում 12 ժամ շարունակ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Տուլուզ, կզանգահարի ընդհանուր առմամբ 60000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված այս կարեւոր նախաձեռնությանը: Համաեվրոպական հեռախոսամարաթոնին իրենց երկրներից մասնակցում են նաեւ Հոլանդիայի եւ Հունաստանի հայ համայնքները:

Հեռախոսամարաթոնի հանգանակություններն այս տարի կուղղվեն Լեռնային Ղարաբաղում  եւ Հայաստանի Տավուշի մարզում շուրջ մեկ տասնյակ գյուղերում ջրի խնդրի լուծմանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հանգանակված շուրջ 1.400.000 եվրոն ուղղվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հարթաշեն, Տող, Ակնաղբյուր, Ուխտաձոր գյուղերում ջրամատակարարման համակարգերի կառուցմանն ու վերակառուցմանը եւ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում դպրոցի կառուցմանը:

Հեռախոսամարաթոն 2011-ի կնքահայրը Ֆրանսիայում մեծ ժողովրդականություն վայելող հաղորդավար Միշել Դրյուկերն է: «ՙԾնողներս սերում են Ռումինիայից, որտեղ հայկական մեծ համայնք կա, եւ ես բազմիցս առիթ եմ ունեցել լսելու հայերի ու նրանց դառը ճակատագրի մասին: Ինձ համար պատիվ է մասնակցել Հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի գլխավորած այս դրամահավաք մարաթոնին, որի նպատակը հայության բնօրրանի վերածնունդն է»,- ասում է Դրյուկերը: «Հազարավոր մարդիկ Ղարաբաղում եւ Հայաստանում ակնկալում են ձեր առատաձեռն մասնակցությունը»,- Եվրոպայի հայ համայնքներին կոչով դիմում է Միշել Դրյուկերը:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` հեռախոսամարաթոնը վաղուց ընդլայնել է իր ազգային սահմանները, եւ այսօր Հայաստանին ու Արցախին սատարելու նպատակով հեռախոսամարաթոնին նաեւ մեծ թվով այլազգի կամավորներ են մասնակցում : Միայն Տուլուզում այս տարի զանգեր կատարողների 90 տոկոսը այլ ազգերի ներկայացուցիչներ են:

Հիշարժան է, որ 2000 թ.-ին, երբ Ֆրանսիայի տեղական մարմինն առաջին անգամ հանդես եկավ դրամահավաք հեռախոսամարաթոն կազմակերպելու  կարեւորագույն նախաձեռնությամբ, մասնակից կամավորների թիվն ընդամենը 70-ն էր, եւ զանգեր կատարվեցին միայն Փարիզում գործող հեռախոսակայանից:

Հեռախոսամարաթոնի գլխավոր հովանավորն ու գործընկերն այս տարի եւս Ֆրանս Տելեկոմ Օրանժն է, որը տարիներ շարունակ միջոցառմանը ծառայեցնելով հինգ քաղաքներում տեղակայված իր հեռախոսակայանները` անգնահատելի մասնակցություն է բերում այս կարեւորագույն բարեսիրական ձեռնարկին:

Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը հեռախոսամարաթոն կազմակերպում է սկսած 2000 թվականից: Չորս օր 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ եւ այլազգի կամավորներ զանգահարում են մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին եւ կոչ անում մասնակցել Հայաստանի եւ Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին:

Առաջին հեռախոսամարաթոնի ընթացքում 2907 խոստման արդյունքում հավաքագրվել էր 216.500 եվրոյին համարժեք ֆրանկ: Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 411.285 զանգ, եւ 20.800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9.938.000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter