HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Անվադողեր առաջնագծի համար` Շիրակի մարզից

Գյումրեցուն բնորոշ հումորը, որի դրսեւորումներին մարդիկ բազմիցս հանդիպել էին երկրաշարժի օրերին, այս անգամ էլ իրեն չուշացրեց: «Մեր հումորն ապրեցնող է»,-արդարանում է Արսենն ու պատմում, որ հին անվադողերի վրա փակցրած գրության հեղինակը Գագիկն է՝ «Անի» ֆոտոսերվիսի ղեկավարը: Երբ հայտարարություն են տարածել, որ հին անվադողեր են հավաքում՝ սահման ուղարկելու համար, շատ մեծ արձագանք է եղել, մարդիկ շտապել են բերել իրենց ունեցածն ու սկզբում այդ ամենը կուտակվել է լուսանկարչատան հարեւանությամբ՝ բաց տարածքում: Երեկոյան արդեն մեծ քանակություն կար անվադողերի եւ, բնականաբար, անտեղյակներին ինչ-որ կերպ զգուշացնելու կարիք: Այդպես ծնվեց հայտնի գրությունը՝ «Սահմանի համար է՝ չգցեք բերաններդ ծամելով էրթաք»:

Արցախի եւ ՀՀ հյուսիսարեւելյան սահմանների խրամատների հավելյալ ամրապնդման համար Գյումրիում եւ Շիրակի մարզի գյուղական համայնքներում 5 օր առաջ սկսված հին անվադողերի հավաքագրումը դեռ շարունակվում է: Ապրիլի 11-ի դրությամբ հավաքագրվել է տարբեր չափերի 15000 անվադող:

«Նախաձեռնությունը միաժամանակ սկսվել է Գյումրիում եւ Երեւանում,-ասում է Արսեն Վարդանյանը՝ նախաձեռնության հեղինակներից մեկը,-անվադողերի հավաքագրումը շատ արագ դուրս եկավ Գյումրու սամաններից՝ մեզ միացան նաեւ գյուղերը: Շատ համայնքապետեր, ավագանու անդամներ, կազմակերպություններ, պարզապես անհատ անձինք բերում էին, ու եղել են դեպքեր, որ բերել են իրենց ունեցած 5-րդ լրացուցիչը, ասել են՝ վերցրեք, բան չկա, մենք հետո մե բանըմ կմտածենք»:

Անվադողերի հավաքագրումը կազմակերպելուց զատ դրանք առաջնագիծ հասցնելու խնդիր կա, որ մեծ դժվարությամբ է լուծվում: Արսենն ասում է՝ բեռնատար մեքենաների պակասը դանդաղեցնում է գործընթացը: «Երեկ, կարելի է ասել, սաղ մարզը «սանրել» ենք ու հավանաբար մեկ կամ երկու մեքենա կունենանք, որովհետեւ էն կառույցները, որ կպատկերացնեինք, թե բեռնափոխադրում իրականացնող են կամ ունեն համապատասխան ռեսուրսներ, արդեն իսկ զբաղված են այլ բեռներ տեղափոխելով»:

Կազմակերպիչներին ուրախացնող փաստերից մեկը մեծ անիվների հավաքագրումն է, որ պաշտպանական առումով ավելի նպատակահարմար է, առավել կայուն են ու ծանր: Համացանցում տարածված կարծիքները, թե ինչու են առաջնագիծ ուղարկում դյուրավառ, ոչ հրակայուն անվադողերի այդպիսի մեծ քանակություն, ըստ Արսենի, առնվազն անգիտության հետեւանք է:

«Ես բանակում ծառայել եմ ու էն մարդիկ, ովքեր թերհավատորեն կմոտենան անվադող ասածի պաշտպանական հատկություններին, ասեմ, որ սխալվում են: Նախ եւ առաջ՝ էս անիվներն ունեն ռեզոնանսային հատկություն: Դրանք առաջին հերթին իրենց վրա կվերցնեն արկերի բեկորների հարվածները, կմեղմեն հարվածի ուժը եւ այլն: Սրանք, սովորաբար, դրվում են հենակետերում, լցվում են ավազով, լրացուցիցչ ինժեներական պաշտպանական աշխատանքների բաղկացուցիչ մաս են կազմում»:

Զրուցակիցս նշում է, որ, ամենայն հավանակությամբ, Շիրակի մարզում կուտակված անվադողերը կուղարկվեն Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներ: Ամենամեծ խնդիրն այս պահին բեռնատար մեքենաների սակավությունն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter