HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորաբակն արդեն գյուղապետ ունի

Մոտ երեք ամսվա անիշխանությունից հետո Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքը վերջապես գյուղապետ ունեցավ։

Համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնեց Վազգեն Ասատուրյանը։ «Հետքը» մանրամասն ներկայացրել է Նորաբակի ընտրությունները եւ ուշադիր հետեւել դրան հաջորդած իրադարձություններին։

Բանն այն էր, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի (14.03.2007) դատարանի վճռով համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթող ճանաչված Վազգեն Ասատուրյանին մարզպետարանը համառորեն չէր ներկայացնում համայնքին եւ չէր կատարում հանձնում-ընդունումը։ Այս համառությունը տեւեց մոտ երեք ամիս, մինչդեռ, համաձայն օրենքի, ընտրությունից (տվյալ դեպքում՝ դատարանի վճռից) հետո հինգ օրվա ընթացքում հաղթած թեկնածուն պետք է ստանձներ իր պաշտոնը։

Հայաստանի Հանրապետությունն ունի կառավարման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները, եւ դրանցում քիչ չեն իրավասու այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման համար։

Կա տարածքային կառավարման առանձին նախարարություն։ Նախարարը, ով ի պաշտոնե նաեւ փոխվարչապետ է, ունի երեք տեղակալ, աշխատակազմի ղեկավար եւ ղեկավարի տեղակալ, չորս խորհրդական եւ չորս վարչության պետ։ Չեմ հաշվում տարատեսակ բաժինների եւ ստորաբաժանումների ղեկավարներին եւ աշխատակիցներին։ Տասնչորս բարձրաստիճան պաշտոնյաներից գոնե մեկը չէր կարող ծանոթ չլինել Նորաբակի ընտրություններին վերաբերող հրապարակումներին, որոնք, բացի «Հետքի» կայքէջում տեղադրվելուց, տպագրվել էին նաեւ «168 ժամ» թերթում, սակայն նրանց կողմից որեւէ արձագանք, կամ իրավիճակը շտկելու որեւէ փորձ այդպես էլ չեղավ։

Գեղարքունիքի մարզպետն ունի երկու տեղակալ, աշխատակազմի ղեկավար եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Տեղական հինգ պաշտոնյաներից գոնե մեկը պետք է որ ծանոթ լիներ Նորաբակում ստեղծված իրավիճակին, սակայն նրանք ոչ միայն չարձագանքեցին սեփական նախաձեռնությամբ, այլեւ անուշադրության մատնեցին տարբեր հասարակական կազմակերպություններից ստացված հարցումները։ Օրինակ՝ Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի Գեղարքունիքի մասնաճյուղը մարտ ամսին Նորաբակի ընտրված գյուղապետի ներկայացումը ձգձգելու հարցով նամակ էր ուղարկել մարզպետարան։ Համաձայն օրենքի` եթե հարցը երկարատեւ ուսումնասիրության կարիք չունի, մարզպետարանը պետք է պատասխաներ հնգօրյա ժամկետում, իսկ Նորաբակի հարցն ուսումնասիրելու համար բավական էր աչքի անցկացնել միայն Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ կարդալ ընտրական հանձնաժողովի նամակը։ Նամակագիրը պատասխանը ստացել է մոտ երկուսուկես ամիս անց՝ հունիսին։

Ասում են, որ ընտրված գյուղապետի մրցակիցը շատ ազդեցիկ բարեկամ ունի տարածքային կառավարման նախարարությունում, ով ամեն կերպ աշխատում էր չեղյալ համարել մարտի 4-ի ընտրությունը։ Սա ստուգված չէ, ուստի դրանից բխող եզրակացություններ չարժե անել։ Բայց Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ առանձին պաշտոնյաներ խոչընդոտում են օրենքի կատարմանը։ Օրենքներն ու դրանք իրագործելու կոչված մեխանիզմները պաշտպանված չեն առանձին պաշտոնյաների կամայականությունից, եւ սա պետության առողջության համար մտահոգվելու լուրջ առիթ է։

Եթե լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ակտիվ միջամտության պարագայում հնարավոր եղավ մոտ երեք ամիս անարգել խախտել օրենքը, կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Նորաբակի բնակիչներն ու ընտրված գյուղապետը միայնակ պայքարեին իրենց իրավունքների համար։

Ամեն դեպքում, պետք է շնորհավորել նորաբակցիներին իսկապես ազատ ու արդար ընտրություն կատարելու եւ իրենց տված ձայնին մինչեւ վերջ տեր կանգնելու համար եւ հուսալ, որ մեկ գյուղի օրինակը կարող է վարակիչ լինել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter