HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ռուսաստանի վարած քաղաքականության

«Կորչի՛ նման սուտ դաշնակիցը», «Մենք ենք տերը Արցախի», «Մեր դաշնակիցը մեր զինվորն է». այսպիսի վանկարկումներով հարյուրավոր քաղաքացիներ երեկ Երևանի Ազատության հրապարակից շարժվեցին դեպի կառավարության շենք, արտաքին գործերի նախարարություն, այնուհետ՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Քաղաքացիներին վրդովեցրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքն ու այդ երկրի ոչ դաշնակցային քաղաքականությունը:

Ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենք Ռուսաստանից պահանջում են դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, վերանայել դաշնակցային և Մինսկի խմբի անդամ լինելու իրենց պարտավորությունները և չհրահրել պատերազմ:

«Մենք չենք ընդունում, որ այս իշխանությունը Հայաստանը լեգիտիմ ներկայացնում է, այդ դեպքում մեր երկրի լեգիտիմ տերերը մենք ենք և մենք ենք իրենց ասում, թե ինչպես պետք է անել: Ռուսաստանը կամ դաշնակից է, կամ թող հեռանա այս երկրից: Այլ տարբերակ չկա: Չի կարելի դաշնակցի ֆոնի վրա առևտուր անել»,-նշում է Սանասարյանը:

Կառավարության շենքի դիմաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիայանը հայտարարեց. «Բոլորս էլ գիտենք, որ ԵՏՄ-ի անդամները նաև ՀԱՊԿ-ի անդամներ են, և եթե իրենք համարում են, որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ է, իրենք պետք է սատարեն Հայաստանին: Այսքանով հանդերձ՝ ՀՀ վարչապետը մեկնեց Մոսկվա և այս պահին հանդիպում է այն վարչապետների հետ, որոնց առաջարկությամբ հանդիպումը (այն պետք է կայանար Հայաստանում-հեղ.) տեղափոխվեց Մոսկվա: Սա ոչ միայն նսեմացնում է մեր պետական արժանապատվությունը, այլ կարծես դիվանագիտական մակարդակով մեր դեմքին թքեն,  մենք ասենք՝ անձրև է գալիս: ՀՀ վարչապետը այսքանից հետո կարող էր գնալ Մոսկվա միայն մի գրությամբ՝ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու պրոցեդուրաներ սկսելու վերաբերյալ»:

ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի առաջին կուրսի երկու տասնյակ ուսանողներ «Вы нам “Колъцо”. Мы вам “Свадъбу в горах”», «Нет противника страшнее чем Лжeсоюзник» պաստառներով, հայոց եռագույնով միացան ակցիային՝ պահանջելով Ռուսաստանից՝ որպես ռազմավարական դաշնակից կատարել իր պարտականությունները և թիկունքից չհարվածել հայ զինվորին: «Ռուսաստանը կարող է լինել մեր դաշնակիցը, բայց ոչ մեր տերը: Մենք ենք մեր երկրի տերը և մենք ենք որոշում»,- նշեց նրանցից մեկը:

Դեպի դեսպանատուն երթը ուղեկցում էին տասնյակ ոստիկաններ: Ռուսաստանի Դաշնության  դեսպանատան դիմաց, մինչ քաղաքացիների ժամանումը,  արդեն ոստիկանական ուժի մեծ կուտակում էր: Ակցիայի կազմակերպիչները երկար ժամանակ Վալերի Oսիպյանի հետ քննարկում էին քաղաքացիների «դիրքավորումը» դեսպանատան տարածքում: Քննարկումներից հետո միայն  քաղաքացիներին հաջողվեց մոտենալ դեսպանատանը:

Դավիթ Սանսարյանը, ի պատասխան ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի «պրոպագանդիստական փսլնքոտներ» արտահայտության, Շահեն Հարությունյանի հետ ձվեր նետեց դեսպանատան վրա, որից հետո ոստիկանությունը փորձեց նրանց բերման ենթարկել, սակայն րոպեներ անց ազատ արձակեց:

Ակցիայի ավարտին մասնակիցները խոստացան վերադառնալ և առավել կոշտ քայլերի դիմել, եթե Ռուսաստանը չդադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը: «Թող մեզ ջղաձգվողներ չասեն, մեզ չասեն 10, 100, 1000 հոգի: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անելու ենք այն, որով նաև նրանց աչքերն ենք բացելու »,- ավարտեց Սանասարյանը:  

Դիանա Ղազարյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter