HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հայաստանն արտոնում է Ռուսաստանին՝ զենք վաճառել Ադրբեջանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն երեկ Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ ԵՏՄ անդամ երկրների վարչապետերի այդ հանդիպումը պետք է կայանար Երևանում՝ ապրիլի 8-ին, սակայն Մոսկվա էր տեղափոխվել Ռուսաստանի և Ղազախստանի նախաձեռնությամբ։ Պատճառաբանությունն այն էր, որ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի պատճառով Բաքվում հանկարծ տպավորություն չստեղծվի, թե դրանով ԵՏՄ անդամ երկրները ԼՂ հարցում աջակցում են Երևանին։

Ապրիլի 7-ին Երևանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր. «Կցանկանայի ընդգծել, որ մենք անընդունելի ենք համարում նման աշխատաոճը»։ Ավելի ուշ կառավարությունից ակնարկել էին, թե երևանյան հավաքը չեղարկելու պատճառով Հովիկ Աբրահամյանը կարող է չմասնակցել Մոսկվա տեղափոխված միջոցառմանը։

Նույն օրը, Մեդվեդևին ընդունելով իր նստավայրում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ասել էր․ «Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ՝ դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»։

Այս պայմաններում Հովիկ Աբրահամյանի Մոսկվա գործուղվելու որոշումը ԵՏՄ անդամ մյուս երկրներին, որոնք, նաև հանդիսանում են ՀԱՊԿ-ի անդամ, Երևանը հղեց երեք շատ կոնկրետ ուղերձ։ Առաջին՝ Երևանը, չնայած հակառակ պնդումներին, ընդունելի է համարում իր հետ հարաբերություններում գործընկեր երկրների նման աշխատելաոճը, և հետայսու ևս կազմակերպության առանձին անդամներ կարող են սեպարատ պայմանավորվածություններով պլաններ փոխել՝ արհամարհելով Հայաստանի առարկությունները և չհարգելով նրան որպես իրավահավասար գործընկերոջ։ Երկրորդ՝ Հայաստանը միանում է իր շահերի և արժանապատվության ոտնահարման հաշվին Ադրբեջանին քաղաքական օգնություն ցուցաբերելու ռուս-ղազախական արշավին և այսինքն հանուն ռուս-ղազախական շահերի, ինքնակամ պատրաստ է ադրբեջանամետ նախաձեռնության մասնակիցը և օժանդակողը դառնալ։ Եվ վերջապես երրորդ՝ Երևանն ունակ չէ սկզբունքային և հետևողական լինել իր հայտարարությունների և գործողությունների մեջ, որովհետև անում է այն, ինչ նախապես համարում է ոչ միայն անընդունելի, այլև իր թշնամուն ցուցաբերվող օգնություն։

Թվում էր, թե չնայած այս խայտառակ իրողությանը, Աբրահամյանի Մոսկվա մեկնելու որոշումը կարող էր կայացված լինել այդ հանդիպումը որևէ վճռական, շրջադարձային և վերջապես Հայաստանի դեմքը փրկելուն միտված պրոցեսի նախերգանք դարձնելու համար։ Մեդվեդևի՝ Երևանից մեկնելուց հետո իշխանությունները տեղեկատվական «բադիկներով» նախ շրջանառության մեջ դրին այն տեսակետը, թե Աբրահամյանի Մոսկվա մեկնելն ընդամենը դիտարկվում է որպես ստեղծված իրավիճակում Երևանի գործողությունների երեք հնարավոր տարբերակներից մեկը, իսկ առավել հավանական էր համարվում նրա փոխարեն նախարարներից մեկին ուղարկելը։ Հետո տեղեկատվական հոսքերն այնպիսի ընթացքի մեջ դրեցին, թե այնուամենայնիվ, որոշվել է, որ պետք է մասնակցել վարչապետի մակարդակով, բայց այն պայմանով, որ վերջինս այդ հանդիպման ժամանակ պետք է քարը քարին չթողնող կոշտ ելույթ ունենա և մյուս երկրներին, ինչպես ասում են, տեղը դնի։

Սակայն Մոսկովայում երեկ կայացած հանդիպմանը որևէ նմանատիպ ելույթ չհնչեց։ Ավելին, հայկական կողմից որևէ ելույթ չհնչեց առհասարակ։ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունից և լուսանկարներից պարզ է դառնում, որ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն ելույթ չի ունեցել, այլև անգամ մյուս անդամ երկրների իր գործընկերների հետ տետ-ա-տետ հանդիպում չի ունեցել։ Չի բացառվում, որ արարողակարգով ելույթների չնախատեսումը եղել է միտումնավոր։ Ռուսական կողմը, գուցե հասկանալով, թե հասցված վիրավորանքից նեղացած ՀՀ վարչապետն ինչպիսի սկանդալի կարող է վերածել նիստը, պարզապես որոշել է նիստի մասնակիցների համար ելույթի ընթացակարգ չսահմանելով նրան զրկել այդ հնարավորությունից։ Այսինքն՝ եթե անգամ Երևանն իսկապես նախատեսում էր իր ասելիքը տեղ հասցնել Մոսկվայում, նրան պարզապես գցել են թակարդը։ Բայց որպեսզի հանկարծ Երևանն այդ վիրավորանքը շատ ծանր չտանի, որոշվել է հաջորդ ամիս վարչապետերի հերթական հանդիպումն անցկացնել Երևանում։

Բայց արդյոք դա կարո՞ղ է հարցի լուծում լինել կամ փոխել իրերի դրությունը ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում։ Ոչ մի երաշխիք չկա, որ հերթական, իսկ իրականում հերթապահ այդ հանդիպումը Երևանում անպայման կկայանա։ Երևանի այսպիսի անողնաշարության ու անսկզբունքայնության պայմաններում ոչինչ չի խանգարում ինչ-որ անհեթեթ հերթական պատճառաբանությամբ կրկին չեղարկել այդ հանդիպումը։ ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում արդեն վարժվել են․ Երևանը մի քիչ կնեղսրտի, մի քիչ կնվնվա, բայց գլուխը կախ կանի այն, ինչ իրենցից պահանջվում է և ինչ միշտ անում է բարեխիղճ, բայց կամազուրկ աշակերտի նման։ Իրերի դրության փոփոխություն չի լինում առաջին հերթին այն պարզ պատճառով, որ Երևանն իսկապես նվնվալուց ավելին անել, իր հրապարակավ արտահայտած դժգոհությունը կոնկրետ գործողության վերածել չի կարողանում կամ չի ցանկանում։ Իսկ այս դեպքում գործողությունը պետք է լիներ միանշանակ Մոսկվա մեկնելուց հրաժարվելը և  Մոսկվային ու Աստանային փաստի առաջ կանգնեցնելը։

2015թ․ դեկտեմբերին, երբ Ադրբեջանը հերթական ռազմական ոտնձգություններն էր ձեռնարկել ԼՂՀ-ի ուղղությամբ, Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթաժողովում բավականաչափ կոշտ ելույթ ունեցավ՝ մյուս անդամ երկրներին մեղադրելով Հայաստանի շահերի դեմ գործելու, կազմակերպության հեղինակությանը հարվածելու մեջ։  Նմանատիպ մի փոքրիկ պոռթկում էլ նա ունեցել էր մինչ այդ անցած տարվա սկզբներին Աստանայում։ Ու կրկին այդ հայտարարությունների տրամաբանությունից բխող որևէ քայլ, նախաձեռնություն, Երևանից չարվեց։ Եվ ինչպես կարելի էր սպասել՝ այդ հայտարարությունները գոնե մեկ տոկոսի ազդեցություն չէին ունեցել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի վրա։ Հակառակը, այս երեք երկրներից յուրաքանչյուրն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանի թիկունքից հարվածել է յուրովի։ Բելառուսի նախագահը, ոգևորված ադրբեջանական բանակի նախնական հաջողություններից, ապրիլի 3-ին շտապում է զանգահարել Իլհամ Ալիևին և իր լիակատար աաջակցությունունը հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Ղազասխտանը նախաձեռնում է ԵՏՄ վարչապետների երևանյան հանդիպման չեղարկումը՝ առանց թաքցնելու, որ դա անում է Ադրբեջանի հետ ԼՂ հարցում իր սոլիդարությունը դրսորելու նպատակով։ Դե իսկ Ռուսաստանը նախ շտապում է ընդառաջել Հայաստանին նվաստացնող ղազախական այդ հերթական խեղկատակությանը, ապա, ի դեմս փոխվարչապետ Դմիտի Ռոգոզինի, հայտարարում, որ շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին և որ այս հարցում հայերը լավ կանեն «փսլինք չթափեն»։

Երևանի հանդեպ առկա նման ստորացուցիչ վերաբերմունքի պատճառները թաքնված չեն, սակայն, Մոսկվայում, Աստանայում կամ Մինսկում։ Դրանք գտնվում են Երևանում։ Դժվար է հարգել մի «գործընկերոջ», որն ինքն իր պաշտոնական դիրքորոշումները հարգել չգիտի և պատրաստ է շատ հանգիստ անցնել դրանց վրայով։ Դժվար է հարգել մի «գործընկերոջ», որը ոչ մի քայլ չի համարձակվում անել հրապարակայնորեն արտահայտած դիրքորոշումները, հայտարարությունները նյութականացնելու համար, և որն այնքան առաձգական է, որ կարելի է նրանից ուզածդ ֆիգուրը կռել։ Դժվար է հարգել մի կողմի, որն անգամ ունակ չէ պահանջելու իր ռազմավարական գործընկերոջից՝ կատարել իր պայմանագրային պարտավորությունները։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Ռուսաստանից զինտեխնիկա ձեռք բերելու վարկային պայմանագիրը։ Սակայն միայն ԼՂ-ում մասշտաբային ռազմական գործողւթյուններից ու հսկայական մարդկային կորուստներից հետո Երևանը համարձակվեց կեսբերան բարձրաձայնել, որ այդ զինտեխնիկայի մատակակարումն ուշացվում է և ուշացվում է ռուսական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով։ Եթե այդ զինտեխնիկան արդեն տրամադրված լիներ, Ադրբեջանը, թերևս, չէր համարձակվի սանձազերծել այս պատերազմական ավանտյուրան, կամ առնվազն հայկական զինված ուժերը կկարողանային նրան համարժեք արսենալով պատասխան տալ և գուցե կանխել բազմաթիվ զինվորների ցավալի կորուստը։

Հետևաբար, երբ հիմա Երևանը գլուխը կախ հարմարվում է իր փոխարեն և իր արժանապատվության հաշվին կայացվող որոշումներին՝ անգամ այն դեպքում երբ դրանք գնահատում է որպես իր թշնամու շահերն սպասարկող, կամա թե ակամա իր ստորագրությունն է դնում զինտեխնիկայի վաճառքի ռուս-ադրբեջանական նոր համաձայնագրերի տակ։ Համաձայնագրեր, որոնց կնիքը հայ զինվորների արյան գույնն ունի։

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ասում են Ռագոզինը /նույնն է թե Պուտինը/ ոչ միայն հայտարարել է, որ Ադրբեջանն իրենց ռազմավարական գործընկերն է ու շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին, այլև այս պահին մասնագետներ են ուղարկել եղբայրական Карабах, ստուգելու այն թյուրիմածությունները, թե ինչու քաղաքները թողած դաշտերում են թափվել կամ осечка են տվել Град Ураган Смерч տիպի մահասփյուռ հռթիրները: Ոչ թե ռուսները, այլ Համաշխարհային ընդհատակյա կառավարությանը ենթարկվող ստահակ կառավարիչները, այդ թվում նաև մեր խամաճիկները խոստացել են թերությունները համատեղ վերացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter