HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մրցակցային միջավայրը Հայաստանում «բարելավվում է», բայց ներդրումները՝ մեծ ծավալով կրճատվում

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը 2 տարի ժամկետով նշանակվել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդի նախագահ։ Դա նշանակում է, որ նա կղեկավարի ԱՊՀ և ԵԱՏՄ բոլոր պետությունների մրցակցային մարմինների խորհուրդը։ Մինչ այս, այդ պաշտոնում  10 տարի շարունակ պաշտոնավարել է ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը։ Այս մասին երեկ հայտարարվեց ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով միջպետական խորհրդի նիստին։

Մի քանի նախադասությամբ նախ անդրադառնանք նիստին։ Ա. Շաբոյանը, ինչպեսև սպասվում էր, ներկայացրեց իրենց աշխատանքի արդյունքները, նշեց, թե ինչ չարաշահումներ են հայտնաբերել, ինչպես են «պատժել» որոշ անբարեխիղճ տնտեսվարողների և վերջապես՝ ինչպես են բարելավել Հայաստանում տնտեսական մրցակցային միջավայրը։

Ներկա էին նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ալդաբերգենովը։

ՏՄՊՊՀ նախագահը  հայտարարեց, որ ՌԴ գործընկերների հետ համագործակցության արդյունքում մի շարք խնդիրներ են լուծվել՝ առանձնացնելով ռոմինգ հեռախոսակապի սակագների խնդիրը, «Հարավկովկասյան երկաթուղի»  ընկերությունում բացահայտված խնդիրները։ Նաև տեղեկացրեց, որ այս պահին վարչական վարույթներ են հարուցված ռուսական «Աէրոֆլոտ» և «Սիբիր ավիա» ընկերությունների նկատմամբ, որոնց գործերը առաջիկայում ուղարկվելու են ՌԴ հակամենաշնորհային ծառայություն։ Մտահոգությունը վերաբերում է տոմսերի գնագոյացմանը։

«Արտահանող հայկական ընկերությունները ռուսական շուկայում խոչընդոտների են հանդիպում»,- հայտարարեց Ա. Շաբոյանը։

Ըստ նրա՝ մի շարք հայկական ընկերություններ դժգոհում են, որ Ռուսաստանի տարածքում առևտրային ցանցերը, մասնավորապես՝ սուպերմարկետները, հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առևտրի  ոլորտ։ Մատակարարող հայկական ընկերությունների հետ ուղղակի աշխատելու փոխարեն նրանք նախընտրում են ձեռք բերել տեղական դիստրիբյուտորական ընկերությունների միջոցով, որոնք էլ իրենց պայմաններն են թելադրում և ավելացնում մարժան։ Արդյունքում հայկական ապրանքները ՌԴ տարածքում թանկանում են ու գնային տեսանկյունից՝ դառնում ոչ մրցունակ։ Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ ռուս գործընկերների հետ համաձայնության են եկել ուսումնասիրել խնդիրը և ստուգել սուպերմարկետները։

Նիստին բարձրաձայնվեց նաև էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման խնդիրը։

Ըստ Նուրլան Ալդաբերգենովի՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին լուրջ ազդեցություն է թողել անդամ  երկրներում տարվող մրցակցային քաղաքականությունների արդյունավետության բարձրացման վրա։

Իսկ առհասարակ որքանո՞վ են այս նիստերը, հայտարարություններն ու քայլերը նպաստում Հայաստանի տնտեսական մրցակցության միջավայրի բարելավմանը։  Եվ արդյոք բարելավվե՞լ է այն։ Այս հարցերն, իհարկե, միանշանակ պատասխաններ չունեն։ Բայց փորձենք այն դիտարկել մեկ տեսանկյունից՝ երկրում տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող օտարերկրյա ներդրումների վրա ունեցած ազդեցության։

Օրեր առաջ անդրադարձել ենք Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումներին։ Դրանց վերաբերյալ վերջին տարիների ցուցանիշները մտահոգիչ են։  Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2015 թվականին, 2014 թվականի համեմատ,  ընդհանուր ներդրումները Հայաստանում նվազել են ավելի քան 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումներն էլ՝  40%-ով։ Իսկ երկրում տնտեսական մրցակցության միջավայրի բարելավումը ներդրումների աճի գլխավոր նախապայմաններից մեկն է։  

Այսինքն՝ մի կողմից խոսվում է, որ տնտեսական միջավայրի բարելավման ուղղությամբ լուրջ առաջընթաց կա, մյուս կողմից՝ ներդրումների ծավալները լուրջ հետընթաց են գրանցում։  Թեև ներդրումների վրա ազդող գործոնները շատ են, բայց մրցակցային դաշտի լուրջ հաջողությունները ենթադրում են ներդրումների, թեկուզ, փոքր ծավալի աճ կամ եղած ցուցանիշների պահպանում։

Իսկ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը համաձայն չէ, որ ներդրումները երկրում նվազել են մրցակցային միջավայրի թույլ մակարդակի պատճառով։ Նա նախ համաձայն չէ, որ  մրցակցային  մակարդակը թույլ է։ Եվ երկրորդ՝ որ ներդրումների նվազման պատճառներից մեկն էլ իրենց կառույցի աշխատանքի թերացումն է։ «Հետք»-ի հետ զրույցում նա հավաստիացրեց, որ ՏՄՊՊՀ-ի աշխատանքն, ընդհակառակը, դրական ազդեցություն է ունեցել ներդրումների ծավալի վրա։

«Ներդրումների վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Մրցակցային միջավայրը կարող է էական դերակատարում ունենալ։ Մեր կառույցն իր լիազորությունների տեսանկյունից անում է ամեն ինչ, որ շուկաներում չարաշահումների երևույթները բացառվեն։

Ճիշտ է՝ մեր կառույցի անունն է՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, բայց այն պատասխանատու չէ մրցակցության բոլոր խնդիրների լուծման համար։ Մրցակցությունը շատ լայն հասկացություն է։ Մենք այնքանով են պատասխանատու, որքանով այդ խնդիրը գտնվում է մեր իրավասության շրջանակներում։ Խնդիրները, որոնք գտնվում են մեր իրավասություններից դուրս և անդրադառնում են մրցակցության վրա, ուղարկում ենք պետական համապատասխան լիազոր մարմիններ։

Միանշանակ համաձայն չեմ, որ ներդրումները նվազել են այն պատճառով, թե շուկայում հակամրցակցային համաձայնություններ, գերիշխող դիրքի չարաշահումներ կան։ Ընդհակառակը, ուսումնասիրելով մեր կատարած գործերը՝ ես կարող եմ ասել, որ այդ տեսանկյունից մենք բավականին մեծ դերակատարում ենք ունենում ներդրումների ծավալը ավելացնելու ուղղությամբ։ Շուկան ենք բացում, մուտքի խոչընդոտները վերացնում»,-  նշեց Ա. Շաբոյանը։

Նա հղում արեց «Համաշխարհային տնտեսական ֆորում»-ի https://www.weforum.org/՝  երկրների մրցակցային միջավայրերի վերաբերյալ զեկույցին, ըստ որի՝ 2015  թվականին Հայաստանը երկու ցուցանիշով բարելավում գրանցել։ Եվ շեշտեց, որ վերջին 4-5 տարիների ցուցանիշներով Հայաստանն անընդհատ բարելավում է արձանագրում։

Միևնույն ժամանակ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներն էլ փաստում են, որ 2011  թվականին Հայաստանում ներդրումներն աճել են 16,2%-ով, 2012-ին՝ 7,9%-ով նվազել, 2013-ին նվազման տեմպերն ավելացել են և կազմել 20,5%, 2014-ի դինամիական պարզ չէ (ներդրումների հաշվարկման մեթոդաբանական փոփոխությունների պաճառով), իսկ  2015-ին ևս անկում է արձանագրվել։

Երկրում տնտեսական մրցակցային միջավայրի բարելավումը ուղղակիորեն նշանակում է բիզնես ոլորտի բարելավում։ Եվ եթե հավատանք մրցակցային միջավայրի առաջընթացի մասին հայտարարություններին, ապա ստացվում է, որ Հայաստանում բիզնես ոլորտը բարելավվում է, բայց ներդրողները, չգիտես ինչու, հավաքում են ճամպրուկներն ու հեռանում։

Լուսանկարը` altitudeacquisitions.co.uk-ից

Մեկնաբանություններ (1)

Арег
Все очень печально и боюсь будет только хуже. Все дело в том что наши руководители и бизнес элита настолько безграмотные что могут думать только о сегодняшнем дне и только о забивании карманов. Посмотрите пример Израиля... Ещё 70 лет назад этой страны не было на карте, сегодня это весьма индустриально и аграрно развитая страна, а все потому что они - евреи - уважают своих, и не пытаются отобрать последнее. И посему благодарный народ работает и живет в этой стране и благополучно защищает свою страну, которая как и наша со всех сторон окружена врагами..... Одумайтесь ироды!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter