HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարգարիտա Քարամյանի կոչը սփյուռքահայությանը

Արցախի պատերազմի մասնակից Մարգարիտա Քարամյանը սփյուռքահայությանն ուղղված կոչ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․

«Վերջին երկու շաբաթը նորից ապացուցեցին, որ մենք արժանապատիվ ազգ ենք, և պատրաստ ենք մի բռունցք դառնալ և պաշտպանել մեր վերջին տարիների ընթացքում մի փոքր թերացած արժանապատվությունը:

Ես երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին դիմում են և իրենց պատրաստակամությունը հայտնում՝ օգնել մեր համերկրացիներին, որոնք հայտնվել են ծանր վիճակում, կորցնելով իրենց հարազատներին, խնամելով մեր վիրավոր տղաներին, կորցնելով իրենց հարազատ գյուղն ու տունը: Մենք արդեն կապեր ենք հաստատում բոլոր ընտանիքների հետ, գրեթե հավաքագրել ենք տվյալները և կփոխանցենք հետաքրքրվողներին:

Շնորհակալ ենք նաև այն հանգանակությունների ու հումանիտար օգնության համար, որը առաջին օրվանից ուղարկվում է Արցախ:

Սակայն, մենք ունենք առաջին պատերազմի դառը փորձը, որը չպետք է կրկնվի: Ես կոչ եմ անում մեր բոլոր արտերկրում ապրող ազգակիցներին ընդունել իմ խորհուրդները, որպեսզի մենք նորից մի քանի տարի անց չզարմանանք, թե ինչու այդքան ջանքերը արդյունք չտվեցին, ավելին, այդ հայրենասիրությունը հակառակ արդյունք տվեց, և մենք ունեցանք հանցավոր ռեժիմներ:
Եթե այսօր Սփյուռքը ուզում է օգնել միացյալ Հայաստանին, պետք է անել հետևյալը.

- Բոլոր հանգանակությունները պետք է ուղղվեն զենքի և զինամթերքի գնմանը: Ռուսաստանի հետ Հայաստանի կնքված պայմանագրերը թույլ չեն տալիս, որ մեր երկիրը զենք ներկրի այլ երկրներից, իսկ Սփյուռքն ունի այդ հնարավորությունը: Ուստի, պետք չէ փոշիացնել այն ահռելի գումարները, որոնք, համոզված եմ, կհավաքվեն:

- Հումանիտար օգնությունը պետք է միացյալ Հայաստան հասցվի համապատասխան փաստաթղթերով և լիազորված մարդկանց միջոցով, որոնք պարբերաբար պետք է հաշվետվություն տան, թե ինչ օգնություն է հասցվում միացյալ Հայաստան և ինչ նպատակներով է այն օգտագործվում:

- Բոլոր այն մարդիկ, որոնք հնարավորություն ու ցանկություն ունեն օգնելու մեր զոհված և երկարատև բուժման ենթակա վիրավոր զինծառայողների ընտանիքներին, պետք է իրականացնեն դա բանկային հաշիվների միջոցով, կապ հաստատելով նշված ընտանիքների հետ և հաշիվ բացելով նրանց բնակության վայրերում գործող բանկերում:

- Մենք չպետք է մոռանանք այն զինծառայողների մասին, որոնք այսօր էլ գտնվում են առաջնագծում և պոտենցիալ թիրախ են հանդիսանում: Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում՝ տեր կանգնել նրանց ընտանիքներին, մինչև նրանք ավարտեն իրենց ժամկետային ծառայությունը:

- Այսօր մեր Սփյուռքը կարող է օգնել մեզ նաև մեր բոլոր զինծառայողների կյանքերը ապահովագրելու գործընթացում: Դա նույնպես պետք է անել հատուկ ապահովագրական ծառայություն ստեղծելու միջոցով, ինչի համար պետք է ստեղծվի հատուկ հիմնադրամ, որի գումարները կկուտակվեն հանգանակությունների միջոցով:

Այս ամենը, իհարկե, պետք է ապահովի պետությունը, սակայն, մենք դեռ խնդիր ունենք կարգի բերել մեր երկար տարիների ընթացքում քանդված երկիրը, իսկ իմ նշած խնդիրները պետք է լուծվեն անհապաղ, որպեսզի մենք չունենանք նոր արտագաղթ:

Համոզված եմ, որ մեր ազգակիցները ճիշտ կհասկանան ռեալ աշխատանքի ոճը, և մենք կապացուցենք միասնական Սփյուռք-Հայաստան իրական կապը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter