HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հեղափոխություն

Սկիզբ

Մի պահ նորից վերադառնանք Օպերայի շրջակա տարածքի քարտեզագրման բարդ խնդրին։

Նախ` սա այն տարածքը չէ, որն անուշադրության մատնված կամ մոռածված լինելով է, որ քիչ-քիչ կորցնում է իր հին նշանակությունները։ Հրապարակը եւ հարակից տարածքը ենթակա են գործուն միջամտությունների, որի հետեւանքով էլ տարածությունը շարունակում է մնալ գրավիչ` նոր սոցիալ-մշակութային իրադրության համար խաղալով նույնքան կենտրոնական դեր։ Այսինքն` հին իմաստների մոռացումը եւ ժամանակավրեպությունը ոչ միայն ընդհանուր համատեքստի կտրուկ փոփոխության, այլեւ նոր իրողությունների ներխուժման եւ ամրագրման արդյունք է։ Արձանները չեն տեղահանվել (նորերն են ավելացել` Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան), բայց միջավայրն այլեւս ժամանցային է, սիմ ֆոնիկ եւ օպերային երաժշտություն դահլիճներում դեռ հնչում է, բայց գերակշռում են ռաբիսը եւ ամեն տեսակի «էստրադան»։

Խորհրդային Միության փլուզումը եւ գլոբալ իրադրության մեջ հայտնվելը արմատապես փոխում են կեցության ընդհանուր համատեքստը եւ հեռանկարը. ժողովրդի լուսավորության, մշակութային զարգացման եւ արդիականացման ուղերձը զրկվում է իր աղբյուրից, հրապարակը կորցնում է իր ուտոպիական հորիզոնը։ Ծավալային խոշոր հատվածներից կառուցված միջավայրի շարահյուսությունը խցանվում է ժամանցային գոտու տարերային ընդարձակմամբ, հրապարակի ազգային եւ քաղաքական չափումը բեկվում է հասարակության նորահայտ տարասեռության, իշխանություն-ընդդիմություն բազմաշերտ հարաբերությունների ծալքերում …

Բայց, ինչպես արդեն ասվեց, հակառակ ամեն ինչի` այս տարածքն այսօր էլ ունի ձգողական մեծ ուժ։ Դեռ խորհրդային տարիներին Օպերայի ցանկապատը քաղաքային ամբողջ միջավայրից (որի համար սովորական էին «Փառք ՍՄԿԿ» տիպի զանազան գաղափարաբանական պատգամներն ու կոչերը) առանձնանում էր որպես մշակութային տեղեկատվության հիմնական աղբյուր, թատերական, համերգային եւ այլ ազդագրերի տեղ։ Այժմ մշակութային տեղեկատվության հոսքը դարձել է ավելի բազմազան եւ հախուռն. ժամանցային հանդեսների եւ նորահայտ աստղերի ներկայացում, թատերական եւ երաժշտական (ռաբիսից մինչեւ հյուրախաղերի եկած նշանավոր կատարողներ) իրադարձությունների եւ շոուների գովազդ։ Այս տարածքը շարունակում է մնալ տեղեկատվության, ազդարարության ամենաառատ արտազեղման օջախը, որտեղ մատչելի են նաեւ ժամանցի տարբեր ձեւեր, եւ իր կողմն է ձգում հանդիսության մաս կազմելու եւ սպառողականության ակունքներին հաղորդակցվելու ցանկություն ունեցողներին։ Ինչպես սովորաբար լինում է, այստեղ նույնպես մատչելիությունը եւ վերահսկողությունը գործում են միաժամանակ. եւ ՛ տրամադրվում են ժամանցի հնարավորություններ, եւ ՛ խրախուսվում ու ձեւավորվում են սպառողական որոշակի նորմեր, հաստատվում ճաշակներ եւ արժեքներ։ Չ մոռանանք, որ այս ամենը կատարվում է ոչ միայն տեղային պրակտիկաների միջոցով, այլեւ տեղեկատվամիջոցների գործուն մասնակցությամբ, ուստի այլեւս անհնար է Ազատության հրապարակն ընկալել տեղեկատվամիջոցներից, հատկապես` հեռուստատեսությունից առանձին։

Այսպիսով` հանրային տարածություններին վերագրվող իմաստներն անփոփոխ եւ հարատեւ չեն, այլ ենթակա են խնդրականացման եւ վիճարկման։ Դրանք կառուցվում եւ տեւականացվում են ոչ միայն նյութական կրիչների (շինություններ, արձաններ), այլեւ տարատեսակ պրակտիկաների օգնությամբ։ Իմաստները եւ արժեքները պարզապես որեւէ ուժի պարտադրանքի արդյունք չեն, այլ հաճախ` փոխհամաձայնության, բանակցության եւ փոխզիջումների։ Իմաստների ձեւավորմանը եւ կազմալուծմանը մասնակցում են նաեւ տեղեկատվամիջոցները, դրանցով կատարվող ներկայացումները, այդ թվում` նկարագրող, մեկնաբանող տեքստերը։

Մշակութային հեղափոխությո՞ւն

Մինչեւ այժմ դիտարկվող հարցերի մեջ կարելի է նշմարել երկու մշակութային շերտերի ներկայությունը. առաջինը խորհրդային ժամանակից ժառանգվածն է, իսկ երկրորդը` այն, ինչ արդյունք է գլոբալ մշակույթի` Հայաստան հասնող հոսքերի։ Երկուսում էլ ակնհայտ են անցանկալի կողմեր։ Այս անգամ խոսենք առաջինի մասին եւ հարցնենք` ինչպե՞ս ազատագրել ազգային մշակույթը ռուսական-խորհրդային տիրապետությունից կամ շարունակվող ազդեցություններից եւ անցանկալի հետքերից։ 20-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր տեսաբան եւ մշակութային քննադատ Էդվարդ Սայիդը ապագաղութացման ընթացքը բաժանում է երկու փուլի. առաջին փուլը նա անվանում է աշխարհագրության վերագտնում, իսկ երկրորդը` «մշակութային փոփոխություն»։

Գրեթե երկդարյա ռուսական-խորհրդային տիրապետությունից հետո ապագաղութացումն առաջին հերթին կարող է նշանակել պարզապես չորս կողմը նայելու ունակության վերագտնում։ Չէ՞ որ այդքան ժամանակ արեւելահայության հայացքն ու միտքը կողմնացույցի սլաքի նման ուղղված է եղել միայն դեպի հյուսիս։ Այսօր, խորհրդային կայսրությունից դուրս ընկնելուց հետո, մեր գործն է վերանվանել եւ վերագնահատել աշխարհի կողմերը. «արեւելք, արեւմուտք, հարավ ու հյուսիս»։

Անկախության հետ Հայաստանի սահմաններն անջատվեցին թե՛ խորհրդային անծայրածիր, անպարագրկելի տարածքներից, թե՛ Հայաստանի բազմաթիվ պատմական սահմաններից եւ ստացան որոշակիություն` պատերազմական գործողությունների ու շրջափակման պատճառով դառնալով ցավալիորեն շոշափելի։ Բայց, միեւնույն ժամանակ, այդ սահմանները դարձան հեղհեղուկ, ցանցկեն` արտագաղթի, մեկնողների ու վերադարձողների անկանոն, հախուռն հոսքի պատճառով։ Անդամակցությունը տարբեր միջազգային կազմակերպություններին եւ միավորումներին (ԱՊՀ, Եվրախորհուրդ), ղարաբաղյան չլուծված հարցը բնավ ինքնավարության եւ սահմանների հստակության, ազգային ինքնության աշխարհագրական հիմքի որոշակիության օգտին չեն խոսում։ Ավելացնենք, որ այսօր էլ Հայաստանի սահմանները պաշտպանում է ռուսական զորքը։

Երկրորդը` մշակութային փոփոխությունը, թերեւս ավելի բարդ խնդիր է։ Կարելի է այն հասկանալ որպես խորհրդային ազդեցություններից ազգային ավանդությունը, մշակույթը եւ մշակութային գիտակցությունը մաքրելու եւ այդպիսով մաքուր ազգայինը վերագտնելու ընթացք կամ ճանապարհ։ Մոտավորապես այսպես է ձեւակերպում այդ խնդիրը «Հայկական ժամանակ»-ի (փետրվար 3, 2007) հեղինակը «Հայաստանի երկրորդ դեսովետիզացիա» վերնագրով հոդվածում։ Ահա մի քանի բնութագրական արտահայտություն` «երկրորդ դեսովետիզացիա, ազգայինի նորովի բացահայտում», «սովետի դեմ նոր ընդվզում, սովետից նոր ազատագրում», «Հայաստանը հղի է հեղափոխությամբ», որի իրականացումն «ընդամենը կամքի, տեխնիկայի ու հանգամանքների հարց է»։ Հեղինակը համոզված է, որ այդ ամենից հետո տեղի կունենա «հայկական թռիչքը». քաղաքական եւ մշակութային հեղափոխություններն այստեղ անքակտելիորեն կապված են իրար։

Արեւելահայության համար խորհրդային շրջանը եղել է արդիականացման (մոդեռնիզացման) փուլ, որի ընթացքում, արդիականացման խորհրդային նախագծի հունում, այս կամ այն չափով յուրացվել են նոր ժամանակի ազգին բնորոշ մի շարք քաղաքական եւ հասարակական կառույցներ եւ ատրիբուտներ, ձեւավորվել է մշակույթի, ազգի եւ ազգային ինքնության որոշակի ըմբռնողություն, տարբեր ասպարեզներում ստեղծվել բարձր «խորհրդահայ մշակույթ» եւ այլն։ Սա հիմք է տալիս պնդելու, որ խորհրդահայը հիբրիդային գոյացություն էր (ինչպես բառն է հուշում), որտեղ բուն հայկականն անտարանջատելի, անմատչելի է որեւէ նախնական, անխառն տեսքով։

«Դեսովետիզացիայի» վերը նկարագրված ծրագիրը, կարծում եմ, աչքաթող է անում այս կարեւոր նրբությունը` էսենցիալացնելով եւ առասպելականացնելով ազգայինը, իսկ մյուս կողմից` անտեսելով ապախորհրդայնացման (եթե այս տերմինն օգտագործենք «դեսովետիզացիա»-ից տարբեր իմաստով) կամ մշակութային ապագաղութացման մեծ դժվարությունները։ Ուզում եմ հիշեցնել Արջուն Ապադուրայի միտքը. «Նախկին գաղութի համար ապագաղութացումը երկխոսություն է գաղութային անցյալի հետ, այլ ոչ թե գաղութային սովորույթների ու կենսակերպերի պարզ քանդում»։ Ուստի, ազգային «աուտենտիկ ավանդության», անխառն եւ միաձույլ ինքնության որոնումները պետք է թողնել ազգայնական ալքիմիկոսներին եւ պատրաստվել երկարատեւ աշխատանքի ու դանդաղ փոփոխությունների։ Մշակութային ավանդության քննադատական վերանայումը, կազմալուծումն ու (վերա)կառուցումը պահանջում են այնպիսի ժամանակակից գիտելիքներ (տեսություններ, մեթոդներ), մտահորիզոն եւ իմացական կարողություններ, որոնք չունի «հայ մտավորականը», որոնք, բնականաբար, չեն ուսուցանվում Հայաստանի անթիվ-անհամար համալսարաններում։ Ցավոք, բազմաթիվ լուրջ եւ հրատապ հարցերի մասին խորհրդածելու եւ լուծումներ առաջարկելու հիմնական տեղը, պատշաճ գիտական կարողությունների եւ ասպարեզի բացակայության պայմաններում, հաճախ դառնում են հանրահավաքային հարթակներն ու լրագրերի խմբագրական սյունակները։

Նման իրավիճակում մշակութային հեղափոխությունը պարզապես անհնար է, թեեւ բացատրելի է հեղափոխական ժեստով («մեկ զարկով») ամեն անցանկալի բան միանգամից մաքրելու ցանկությունը։ Բայց այդ ժեստն էլ հենց նշանակում է հարցի քաղաքականացում պազ իմաստով։ Մշակութայինն ինքնին քաղաքական է, եւ նրա բանալ քաղաքականացումը իսպառ տանուլ է տալիս խնդրի բովանդակությունը։

Ավելին` թվում է, թե մշակութային հեղափոխության մասին պնդումն ինքը խորհրդային ծագում ունի. մեզ առավել լավ ծանոթ մշակութային հեղափոխության հեղինակները հենց բոլշեւիկներն էին։ Եթե այդպես է, ապա ապախորհրդայնացումը պիտի նշանակեր նաեւ զգուշավոր վերաբերմունք ամեն տեսակի մշակութային հեղափոխությունների նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter