HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենադարձության տապալո՞ւմ, թե՞ նախկին ազատամարտիկն իրեն այդպիսի բան երբեք թույլ չի տա

Հայկ Ղազարյան

Մեկ շաբաթ առաջ հայկական լրատվական կայքերում տեղադրվեց «Քաշաթաղի շրջանի ղեկավարությունը ընդդիմադիր դաշտ է դուրս եկել» հոդվածը: Նրա հեղինակն է Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Համբարձում Արզանյանը: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ քաշաթաղյան ղեկավարությունը «ընդդիմադիր» կեցվածք է ցուցաբերում ԼՂՀ իշխանությանը այն առումով, որ հայրենադարձության և վերաբնակեցման գործընթացը վերջիններիս կողմից տապալվում է: 

Ավելի ուշ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի նախագահ Հայկ Խանումյանն իր ստատուսում գրել է. «Հերիք ա Սուրեն Խաչատրյանի, Համլետ Խաչատրյանի պես շրջանների ղեկավարներ ունենալ Քաշաթաղում, ու Ադրբեջանը կարող է հանգիստ գլուխը բարձին դնել` մի օր Քաշաթաղը սրանք կհանձնեն Բաքվին»: 

Այդ հայտարարության տակ «ֆեյսբուքցիները» հանդես եկան տարբեր մեկնաբանություններով. մի կողմը կիսում էր այս տեսակետը, մյուսը` ոչ: Մի քանի հոգի դժգոհ էին նրանից, որ Հ. Արզանյանի հոդվածում կոնկրետություն չկա:

Մենք որոշեցինք կապվել Համբարձում Արզանյանի հետ: Այն հարցին, թե կոնկրետ ինչ է եղել, շրջանի ղեկավարությունը ի՞նչ ճնշումների միջոցով է խոչնդոտում վերաբնակեցման և հայրենադարձության գործընթացը, Արզանյանը պատասխանել է. «Խնդիրն այն է՝ երկար ժամանակ, կարծես կանխատեսլեով հետագա զարգացումները, աշխատել ենք համակերպվել և «դուրս չհանել մեր կեղտոտ սավանները». հարցերը լուծել ներքին կարգով: Ոչ թե ճնշումների պատճառով Քաշաթաղը դատարկվում է, այլ տեղական ղեկավարության գործողությունները հիասթափեցնում են մարդկանց: Բնակչության մի ստվար զանգվածի նկատմամբ ճնշումներ են կիրառվում` հիմնականում աշխատանքից զրկելով կամ զրկելու սպառնալիքով: Առայժմ` այսքանը»: Նա խոստացավ առաջիկայում ավելի կոնկրետ դեպքերի մասին նյութ տեղադրել:

Հ. Արզանյանը կատարեց իր խոստումը: Հաջորդ` «Ինտելեկտը Քաշաթաղում` «պերոսոնա նոն գրատա»» վերնագրով նյութը հայտնվել էր ինտերնետային լրատվամիջոցներում մի քիչ ուշ: 

Բացի նրանից, որ Արզանյանը Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի առաջատար մասնագետ է, այլև հանդիսանում է «Հայեր-Քաշաթաղ» ինտելեկտուալ թիմի ավագը: Թիմը սկսած 2008 թ. Լեռնային Ղարաբաղի երկու ինտելեկտուալ թիմերից մեկն է, մասնակցել է. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հարավային Կովկասի առաջնություններին, որոնք տեղի են ունենում Վրաստանում և որոնց մասնակցում են թիմեր Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից:

Ըստ Արզանյանի՝ ադրբեջանական պատվիրակությունն ամեն անգամ վայնասուն է բարձրացնում` առաջնության մասնակիցների ցուցակում տեսնելով այդ թիմերի անունները, իսկ հիմա, իր խոսքերով, թիմը «պրծավ»:

«Կարծում եք՝ ադրբեջանցիների հոխորտանքից վախեցա՞նք, «Ակումբների միացյալ ասոցացիան մեզ որակազրկե՞ց», «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը կորցրե՞ց իր հետաքրքրությունը: Ոչ, ոչ և նորից ոչ»,- գրում է Հ. Արզանյանը:

Նրա վերադառնալուն պես հանձնվեց աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի պահանջը` «աշխատանքից անհարգելի բացակայելու պատճառով բացատրություն ներկայացնելու» մասին:

«Մի քանի օր ստացա ծանուցում այն մասին, որ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը սկսել է ծառայողական քննություն` ինձ աշխատանք տալ-չտալու վերաբերյալ»,- շարունակում է Արզանյանը:

Միջնորդությունը ներակայցրել էր նույն Դավիթ Դավթյանը, ով, Արզանյանի կարծիքով, գործում է Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի համաձայնությամբ և քաջալերմամբ:

«Ես Խաչատրյանի հետ այդ մասին խոսել եմ անձամբ և համոզվել, որ ինձ աշխատանքից հեռացնելը նրա նվիրական ցանկություններից մեկն է»,- ասում է Հ. Արզանյանը: Սակայն ԼՂՀ Քաղծառայության խորհուրդը մերժում է Դավթյանի միջնորդությունը:

Ըստ Արզանյանի՝ հետո բացվում է մի նոր էջ. «Այսպես, օրինակ, սույն թվականի հոկտեմբերի 20-ին իր գրության մեջ նա (Դավիթ Դավթյանը) պահանջում է, որպեսզի ես բացատրություն տամ, մասնավորապես, թե որտեղ եմ եղել և ինչով եմ զբաղվել… պինդ բռնվեք… ժամը 14:15-ին»:

Համբարձում Արզանյանն ասում է, որ չի պատրաստվում «հանձնվել» և հայց է ներկայացրել դատարան` իրեն տրված տույժն անվավեր ճանաչելու պահանջով: 

Մենք կապվել ենք նաև Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ: Նա հերքում է, որ բնկաչության մի ստվար զանգվածի նկատմամբ ճնշումներ են կիրառվում` հիմնականում աշխատանքից զրկելով կամ զրկելու սպառնալիքով:

«Եկեք շրջան ու համոզվեք, որ ամեն ինչ կարգին է»,- ասում է վարչակազմի ղեկավարը: Ներկայացնենք մեր զրույցը վարչակազմի ղեկավարի հետ:

Իսկ Համբարձում Արզանյանին աշխատանքից ինչո՞ւ եք ուզում հեռացնել, պարոն Խաչատրյան: Վերջինս պնդում է, որ խոսել է Ձեզ հետ և համոզված է, որ իրեն աշխատանքից հեռացնելը Ձեր նվիրական ցանկություններից մեկն է:

Դե, շատ բան է ասում: Ասում են, որ տարբեր բաներ է գրում ինտերնետում: Իսկ ինչո՞ւ պիտի նման ցանկություն ունենամ: Նրան աշխատանքից ոչ ոք չի պատրաստվում հեռացնել: Ընդամենը նկատողություն ենք հայտարարել: Կարող եք կապվել քաղծառայության հետ ու իրենց էլ հարցնել:

Ստացվում է՝ ով ինտելեկտուալ խաղին մասնակցել է, պիտի աշխատանքից բացակայելու պատճառով խիստ նկատողությո՞ւն հայտարարել:

Ես չգիտեմ՝ ով ինչպես է մասնակցել, բայց Հ. Արզանյանը վեր է կացել ու գնացել` առանց, ինչպես կարգն է պահանջում, դիմելու ու տեղեկացնելու:

«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի նախագահ Հայկ Խանումյանի կարծիքով՝ «նրանք օգտակար մարդկանց ուզում են «կոտրել», որովհետև նրանք այդ տեսակետը հասկանալ չեն կարող»: 

Քարվաճառցի մտավորական Ալեքսանդր Քանանյանը նույնպես իր զորակցությունն է հայտնում Համբարձում Արզանյանին. «Ուզում եմ զգոնության կոչ հղել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ ժամանակավոր պաշտոնավարման բերմամբ նրանց ձեռքում հայտնված վարչական լծակները կարող են շահադիտաբար կիրառվել անձնական փառամոլությունը սնուցելու, Արցախի սահմանադրական տարածքում ավատատիրական կարգեր հաստատելու և ապօրինի ոտնձգութուններով գիտակից քաղաքացիական կեցվածք ունեցող անձանց ահաբեկելու, գործազրկելու և տարածքից վտարելու համար»:

Իսկ Սուրեն Խաչատրյանին պաշտպանողները բերում են այն փաստարկը, որ նա ազատամարտիկ է եղել և չի կարող հիմա հայրենադարձությունն ու վերաբնակեցումը տապալելով զբաղվել:

« ...Ով կյանքն է վտանգել հանուն հայրենիքի, ոչ մի շահ չի կարող նրան ստիպել Քաշաթաղը դատարկել ու դատարկ հանձնել Բաքվին»,-գրում է Սուչեն Խաչատրյանի կողմնակիցներից մեկը:  

Մեկնաբանություններ (8)

Գոռ
Տղերք սրան ինչ կասեք,երբ Քաշաթաղի շրջանի ղեկավարությունը Կովսականում այնպես է ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Թաթուլ Կրպեյանին նվիրված միջոցառումը կազմակերպում , որ ՀԵՐԵՍԻ քույրը` Ռուզաննա Կրպեյանը և իր հետ եկողները նեղացած և բարկացած են գնում:Սա արդեն բոլոր սահմաններից այն կողմ է:
Սերոբ
Բարև Գոռ ջան...չէի ուզենա բանավիճել նյութական աջակցության չափի կամ որակի մասին,քանի որ այսօրվա տարաձայնությունները և անհամաձայնությունը տարատեսակ հարցերում ավելի խորքային են և առարկայական նույնիսկ աղաղակող,իսկ Ս.Խաչատրյանը այն ժամանակ ՇՈԲ-ի պետն էր և չուներ այլ գործառույթներ վարչակազմի ԿՄՍԵ վարչության մշակույթային ձեռնարկներին և մասնակցում էր դրտորդի և աջակցի մղումով:Խոսքս դրա մասին էր , ոչ ավելին:Գոռ ջան ես չունեմ խնդիր որևէ մեկի պաշտպանի դերը ստանձնելու կամ հնազանդության կոչ անելու:Ամեն հարցի առնչությամբ ես ուեմ և ունեցել եմ իմ ուրույն կարծիքը, և որպես քաշաթաղցի կարողանում եմ կարդալ նաև տողատակերը:Շնորհակալություն:
Գոռ
Ողջույն Սերոբ ջան, ընկեր ինչպես գիտես, թե նախկինում թե հիմա ես Համբարձումի կատարած բոլոր ծրագրերի անմիջական մասնակիցն եմ եղել: Դու նշում ես,որ Ս.Խաչատրյանը բազմիցս օգնել է տարբեր ծրագրերի իրականացմանը. ընկեր ասեմ, որ Ս. Խաչատրյանի օգնությունը Համբարձումի իրականացրած ծրագրերին սահմանափակվել է մի քանի տարի առաջ երիտասարդության օրվան նվիրված միջոցառման մասնակիցներին ոստիկանության անունից տրված 5 նկարով: Կարծում եմ դա չի կարելի համարել մի շարք ծրագրերին օգնություն:
Սերոբ
Համբարձումին վաղուց եմ ճանաչում:Նա իր աշխատանքով և նվիրվածությամբ բազմիցս ապացուցել է իր ներկայության անհրաժեշտությունր այդ տարածքում:Ի սկզբանե Համբարձումի ազատամտությունը միշտ էլ տարակուսանք էր առաջացնում ղեկավարների մոտ , ցակայն ժամանակի ընթացքում սկսեցին նրան հանգիստ թողնել , որպեսզի նա կարողանա աշխատել:Նրա ջանքերով և անմիջկան մասնակցությամբ շրջանուն կյանքի կոչվեցին մի շարք ծրագրեր, որոնք էական փոփոխություն մտցրեցին քաշաթաղցիների մշակույթային և ինտելեկտուալ մտածողության մեջ:Քանի որ լավատեղյակ եմ նրա գործունեությունից և եղել եմ շատ մոտ կանգնած այդ ամենին կարող եմ նշել նաև , որ մի շարք ծրագրերում , որտեղ պետական նախատեսված միջոցները չէին բավարարում բազմիցս օգնել է Ս.Խաչատրյանը դա իրական և անհերքելի փաստ Է:Այն ինչ տեղի է ունենում այսօր Քաշաթաղում անհիմն վարչարարության և միջամտության արդյունք է նույն Ս.Խաչատրյանի և Հ.Արզանյանի հարաբերություններում:Վարչակազմի ղեկավարը պետք է վեր կանգնի ներանձնական և կլանային խմորուներց , որոնք այսօր կան Քաշաթաղում և այլևս գաղտնիք չեն և դաևձել են լայնածավալ քննարկումների առարկա:Վարչակարգերը,վարչակազմերը,գլխավոր և առաջատար մասնագետները գալիս ու գնում են, իսկ երկիրը հողը մնում են:Պետք է այպես անեն , որ արժանի լինեն ժողովրդի օրհնանքին և բարի հիշատական:Հաջողություններ:
Քաշաթաղցի
Համբարձում Արզանյանը լավ մարդ է, լավ ընկեր, երբեք իր նեղ անձնական շահերի համար մեծ աղմուկ չէր բարձրացնի, նա ստախոս չի: Համբարձումը շրջանի համար ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ կարգով այնքան գործ է արել, որ ոմանք չեն արել և չեն անում Ի ՊԱՇՏՈՆԵ
Գոռ
Ես Ձեր հետ լրիվ համամիտ եմ` Իսկական Բերձորցի, միայն ավելացնեմ, որ Համբարձումը իսկական ընկերելա, գիտի թե ինչ բանա ընկերությունը և գիտի ամենակարևորը` ընկերներին մենակ չեն թողնում, մի խոսքով` իսկական ՔԱՇԱԹԱՂՑԻԱ
Իսկական Բերձորցի
Համբարձում Արզանյանը իսկական հայ մտավորական է , իսկ այսօր շաս քիչ են նրա նման մսավորականները ; Նա նաև շատ լավ մանկավարժ է ,որոնց կարիքը կա այսօրվա դպրոցում ; Սրանք պատահական խոսքեր չեն և հնչում են վաստակավոր մանկավարժի կողմից
Բերձորի բնակիչ
Կարծեւմեմ` Սուրեն Խաչատրյանն ի սկզբանե նպատակ չի ունեցել ,,Քաշաթաղը դատարկել ու դատարկ հանձնել Բաքվին,, ,սակայն ակնհայտ է, որ բազմավաստակ մաւդկանց աշխատանքից ազատելով և նրանց փոխարեն խնամի-բարեկամ պատճառահետևանքային կապով անձանց պաշտոններ բաշխելով,իրոք, նպաստում է դրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter