HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկնակի փախստականները

Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախից Հայաստան տեղափոխված գրեթե բոլոր մեծահասակները կրկնակի փախստականներ են: Երկու պատերազմ են տեսել, երկու անգամ փախստական դարձել:   

68 տարեկան Ռուբիկ Ավանեսյանի ընտանիքը Թալիշից Հայաստան է եկել երկու անգամ` 1992-ին և 24 տարի անց` ապրիլյան պատերազմի ժամանակ: Երկու անգամ էլ գյուղից դուրս են եկել մի ձեռք հագուստով, առանց հասցնելու անգամ ունեցվածքը վերցնել: 

Ասում է, որ 92-ին ուրիշ էր, կրակում էին ավտոմատներով, հիմա ահավոր էր: Ռուբիկ պապը պատմեց, որ 1994-ին վերադարձել են հայրենի գյուղ` Թալիշ: 

«Քանդած էր լոխ, քանդած, թալանած»,-պատմում էր յոթանասունին մոտ տղամարդը` հազիվ զսպելով հուզմունքը: 

1994-ին Ռուբիկը նոր տուն է կառուցել նախկին տան ավերակների վրա: 

«Մեր պետությունն անասուն ա տվել, լյավ ինք ապրում, կով կա, սագը կա, գյառը կա, մըր բաղ ու բախչա, թողել ենք եկել: Սովետի ժամանակ սկի տհենց ապրել չենք, իմ արև, է: Թութ կա, թթից արաղ էինք քաշում, նուռ կար, քաղում էիք, ծախում էինք, բաղ ու բոստան էինք անում»,-պատմում է ավագ Ավանեսյանը, ասում, որ անասուններին ու թռչուններին գոմում փակած են թողել ու ապրիլի 1-ի լուսադեմին դուրս եկել գյուղից: 

Հիմա Ռուբիկը վատառողջ է: Ապրիլի 1-ի գիշերը տղան շալակած է հորը տարել գյուղապետարան: Ավանեսյանները 14 հոգով ապրիլի 2-ի լուսադեմին դուրս են եկել Թալիշից: Ընտանիքի չափահաս անդամները չեն հասցրել վերցնել անգամ իրենց փաստաթղթերը, չունեն անձնագիր: Երեխաները գնում են Չարենցավանի 1-ին դպրոց, դասագրքերը դպրոցն է տրամադրել: 

Ավանեսյանները տեղավորվել են Ռուբիկ Ավանեսյանի քենու` Աղունիկ Իսախանյանի օջախում: Տիկին Աղունիկը 33 տարեկանում՝ 1992 թ.-ին հինգ երեխաների ու ամուսնու ծնողների հետ է եկել Չարենցավան ու հաստատվել այնտեղ: 

Ռուբիկն ասում է, որ հիմա վտանգավոր է Թալիշ վերադառնալը երեխաների համար: Ամաչում է քենու օջախում մնալ երկար ժամանակով: Նրանք ուզում են տուն վարձել, բայց ֆինանսական ու փաստաթղթային խնդիրներ ունեն:     

Ապրիլյան պատերազմի օրերին Արցախից Չարենցավան է տեղափոխվել 35 ընտանիք. 5 ընտանիք՝ Մարտակերտից, 30-ը՝ Թալիշից. ընդհանուր թվով՝ 130 մարդ, նրանցից 50-ն անչափահասներ են: 35 ընտանիքներից շուրջ կեսը բազմազավակ ընտանիքներ են: Երկու ընտանիքում վիրավորներ կան, բուժում են ստանում Երևանի հիվանդանոցներում: Մեկ ընտանիք կորուստ ունի. ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը զոհվել է Չարենցավանում ապաստանած 17-ամյա Անուշ Օհանյանի ամուսինը` 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը:  

Չարենցավանում կա թալիշցիների համայնք դեռ խորհրդային տարիներից: Նախորդ դարի 70-ականներին Թալիշից մոտ 50 ընտանիք է եկել ու հաստատվել այն ժամանակ արդյունաբերական քաղաքում: Գործել է «Թալիշ» հայրենակցական միությունը: 

1991-94թթ.՝ Արցախյան պատերազմի տարիներին, Թալիշից բազմաթիվ փախստականներ են հաստատվել Չարենցավանում` ունենալով բարեկամներ: Իսկ գյուղի ազատագրումից, վերականգնումից հետո որոշ ընտանիքներ կրկին վերադարձել են Թալիշ, վերականգնել կամ ավերակներից նորից տներ կառուցել: Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ Չարենցավանում ապաստանած 130 քաղաքացիները կմնան այնտեղ: 

Չարենցավանի քաղաքապետի օգնական Սուրեն Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ընտանիքներ կան, որտեղ տղամարդիկ բերել են, տեղավորել, իրենք վերադարձել են Թալիշ: Նա տեղեկացրեց, որ սկզբում 35 ընտանիքները տեղավորվել են ծանոթ-բարեկամների տանը: Սակայն այս պահի դրությամբ նրանցից մոտ կեսը տեղափոխվել են կամ վարձով բնակարաններ կամ՝ անհատույց տրամադրված: 

«Ի պատիվ մեր քաղաքի բնակչության՝ ասեմ, որ շատերը օժանդակեցին, որոշ բնակարաններ անհատույց տրամադրվեցին»,-ասաց քաղաքապետի օգնականը` նշելով, որ վարձի ու կոմունալ խնդիրների հարցով քաղաքապետարանը պատրաստ է աջակցել:  

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Տեսանյութը`Դավիթ Բանուչյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter