HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոսկեհատ համայնքում արտոնյալ եւ անապահով են միայն գյուղապետն ու նրա մերձավորները

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղական համայնքի բյուջեն դարձել է համայնքապետի, ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների «նեղ օրվա» ապրուստի միջոցը: Տարիներ շարունակ ավագանին որոշում է կայացրել, որ հենց իր անդամն է կարիքավոր ու նրան է գումար հատկացրել: Ավելին՝ «կարիքավոր» ավագանու անդամը մասնակցել է նիստերին և կողմ քվեարկել, որ համայնքի բյուջեից իրեն գումար հատկացնեն:  Այդ օգնություններից անմասն չեն մնացել նաև համայնքապետի որդիները, որոնք նույնպես «կարիքավոր» են ներկայացել և օգտվել համայնքային բյուջեից: Նրանց տրվել է նաև գույքահարկը չվճարելու արտոնություն: Այդ որոշումներն ավագանու նիստում ընդունվել են միաձայն՝ «և՛ գառներն են ողջ և՛ գայլերն են կուշտ» սկզբունքով: Փոխարենը փոշիացրել են համայնքային միջոցները:

Այս գյուղի օրինակով կարելի է բնորոշել համայնքների մեծ մասում տիրող իրական վիճակը:

Ոսկեհատ համայնքը 2002թ.-ից ղեկավարում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը: Ուսումնասիրելով ավագանու և համայնքապետի վերջին մի քանի տարիների որոշումները՝ պարզեցինք, որ դրանք հիմնականում նեղ անձնական են և բխում են ոչ թե համայնքի, բնակչության, այլ ավագանու, համայնքապետի և վերջինիս աշխատակազմի շահերից:

Արտոնյալ «անապահովները»

Ոսկեհատ համայնքի բյուջեի սեփական եկամուտները կազմում են մոտ 12 մլն դրամ, իսկ դոտացիան՝ 55 մլն: Վերջին երեք տարիների ընթացքում համայնքային բյուջեից տարեկան 4,5 մլն դրամ է հատկացվում թաղման ծախսերի մասնակի հատուցման, սոցիալապես անապահով խավերին մասնակի օգնության համար:

Թեև Ոսկեհատում բազմաթիվ խնդիրներ կան, և համայնքապետն առանձնացնում է գյուղի մայր ջրանցքի, մանկապարտեզի և ճանապարհների վերանորոգումը, սակայն գյուղի սեփական եկամուտների 37,5%-ը հատկացվում է սոցիալապես «անապահովներին», այսինքն՝ համայնքապետարանի աշխատակազմի ու ավագանու անդամներին, նրանց ընտանիքի անդամներին, մերձավորներին: Բյուջեով հստակեցված է, որ անապահովներին օգնությունը տրվում է տարին մեկ անգամ՝ համայնքապետի որոշմամբ և քաղաքացիների դիմումների ուսումնասիրության հիման վրա: Սակայն, «մեկ անգամը» վերաբերում է սովորական ոսկեհատցիներին, իսկ  ավագանու և նրանց ազգականների համար, կարծես թե, սահմանափակում չկա:

Այսպես՝ որպես անապահով 2016թ. արդեն երկու անգամ օգնություն է ստացել ավագանու անդամ Կարապետ Ազիզյանը՝ 30 և 25 հազար դրամ: 2015-ին էլ նա երկու անգամ աջակցություն է ստացել՝ դարձյալ նույն գումարի չափով: 2014թ. ավագանու որոշմամբ Կ. Ազիզյանը ստացել է 10 հազար, իսկ 2013-ին՝ 15 հազար դրամ:

Այս տարի 50 հազար դրամի չափով օգնություն է ստացել ավագանու մեկ այլ անդամ՝ Սերոբ Դիշլանյանը, նույնքան՝ տնտեսվար Մարիցա Հայրապետյանի ամուսինը՝ Սահակ Հայրապետյանը և ուրիշներ:

Սերոբ Դիշլանյանը 100 հազար դրամի օգնություն ստացել է նաև 2013-2015 թվականների ընթացքում, իսկ եղբայրը՝ համայնքապետարանի պահակ Մուրադ Դիշլանյանը՝ 70 հազար: Նրանց մայրը՝ Եղիսաբեթ Դիլանյանը, ևս հայտնվել է անապահովների ցուցակում և ստացել 40 հազար դրամ: Դիշլանյաններից հետ չի մնացել ավագանու անդամ Արմեն Գյոզալյանը, ով ստացել է 80 հազար դրամի չափով օգնություն, վերջինիս 29-ամյա որդին՝ Աբրահամ Գյոզալյանը, որպես անապահով ստացել է 35 հազար դրամի օգնություն: 50 հազար դրամի օգնություն էլ ստացել է Արմեն Գյոզալյանի եղբոր կինը: Իսկ ավագանու մյուս անդամ Նիկոլայ Տեր-Խաչատրյանի կարիքը «գնահատվել» է 40 հազար դրամ, նրա եղբորը՝ Կարապետ Տեր-Խաչատրյանին, աջակցություն է ցուցաբերվել 35 հազար դրամի չափով: Նշված ժամանակահատվածում ավագանու անդամ Լևոն Բարաղամյանը գյուղի բյուջեից օգնություն է ստացել 40 հազար դրամի չափով:

Վերը նշված բոլոր դեպքերում օգնություն ստացած ավագանու անդամները մասնակցել են նիստերին և քվեարկել իրենց ֆինանսական օգնություն հատկացնելու որոշումների օգտին:

Բայց սա դեռ ամենը չէ: Անապահովների ցանկում հայտնվել է նաև համայնքապետ Գևորգ Ներսիսյանի որդին՝ Համբարձում Ներսիսյանը: Ավագանին որոշել է համայնքապետի 35-ամյա որդուն օգնել 35 հազար դրամի չափով:

Գումար խնդրելու հայտ է ներկայացրել և ստացել համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Գագիկ Նադանյանը: 2013-2015թթ. նա 185 հազար դրամի չափով օգնություն է ստացել: Վերջինիս կարիքավոր կինը 30 հազար դրամ է ստացել, ավագ որդին՝ 31-ամյա Գարիկ Նադանյանը՝ 20 հազար դրամ: Կրտսեր որդուն՝ 28-ամյա Գևորգ Նադանյանին, 2015թ. ավագանին երկու անգամ է գումար հատկացրել՝ ընդհանուր 65 հազար դրամ, իսկ այս տարի՝ 30 հազար դրամ:

Կարիքի մեջ են եղել նաև համայնքապետի տեղակալ Ռաֆիկ Ավագյանը և նրա որդին՝ Արտավազդ Ավագյանը: Ավագանին համայնքապետի տեղակալին օգնել է 130 հազար դրամի չափով, որդուն՝ 30 հազարի:

Ուշագրավ է, որ անապահով ընտանիքների ցուցակում հայտնվել և համայնքային բյուջեից օգնություն է ստացել  նաև համայնքապետարանի քարտուղար Սիլվա Առաքելյանը: Վերջին երեք տարիների ընթացքում  Ս. Առաքելյանը ստացել է 135 հազար դրամ, որից 70 հազարը՝ 2015-ին երկու անգամ՝ 35 հազարական դրամ չափաբաժնով:

Խաթուն Հակոբյանը, ով զբաղեցնում է գյուղի մանկապարտեզի տնօրենի պաշտոնը ևս օգտվել է համայնքային բյուջեից: Ավագանին 2015թ. նրան ներառել է անապահովների ցուցակում՝ հատկացնելով 50 հազար դրամ: Նման աջակցություն ստացել է նաեւ համայնքապետարանի առաջատար մասնագետ Մարինե Գյուրջյանը: Գյուղի ավագանին 2015թ. նրան հատկացրել է 30 հազար դրամ: Այս տարվա մարտին էլ որպես անապահով օգնություն է ստացել համայնքապետարանի աշխատակցի ամուսինը՝ 80 հազար դրամի չափով:

Սա դեռ ամենը չէ: Համայնքապետարանի այլ աշխատակիցներ ևս ներառվել են «սոցիալապես անապահովների» ցուցակում և իրենց բաժինը ստացել համայնքի բյուջեից: Եղել են դեպքեր, երբ մեկ որոշումով ընտանիքի երկու անդամի են անապահով ճանաչել և երկուսին էլ գումար հատկացրել: Օրինակ՝ այս տարվա մարտի 1-ի որոշումով ավագանին համայնքի բնակիչներ Նելիկ Մանուկյանին և Հովհաննես Գալստյանին, ովքեր նույն ընտանիքի անդամ են, հատկացրել է 80 հազարական դրամ:

Գումարներ են հատկացրել նաև բնակիչների, ովքեր Ոսկեհատի հաշվառում չունեն, սակայն, համայնքապետի ասելով՝ փաստացի բնակվում են գյուղում:

Հարցին, թե ինչու են ավագանու անդամներն իրենց անապահով ներկայացրել և համայնքի բյուջեից գումարներ ստացել, համայնքապետ Գևորգ Ներսիսյանը պատասխանեց.

«Իսկ ավագանու անդամները չե՞ն  կարող անապահով լինել: Տրվում է դիմումների հիման վրա, հիվանդ են լինում, օգնության կարիք են ունենում, դիմում են, տալիս ենք: Հարուստները չեն էլ ուզում գալ ավագանու անդամ դառնալ: Բնակիչներն էլ ընտրում են անապահովին, որ ընտրվի, իրենց հարցերը բարձրացնի»,-ասում է Ոսկեհատի համայնքապետ Գևորգ Ներսիսյանը՝ չմանրամասնելով, թե ավագանու «անապահով» անդամները, բացի սեփական հարցերը լուծելուց, բնակիչներին վերաբերող ի՞նչ հարցեր են բարձրացրել:

Տեսականորեն, իհարկե, կարող է ավագանու անդամն անապահով լինել, սակայն «ինչու՞ է նույն ավագանու անդամը կողմ քվեարկել իր օգտին կայացվող որոշմանը» հարցին համայնքապետը պատասխան չուներ: Միայն նշեց, որ ում օգնություն հատկացվել է, իրոք կարիքավոր են եղել:

«Ավագանու անդամ Կարապետը Ազիզյանը տեսողության խնդիր ունի, սրտի խնդիր ունի: Երեխաները աշխատանք չեն կարողանում գտնել, երբ  նա դիմում է, ավագանու մյուս անդամները միաձայն օգնություն են հատկացնում: Սերոբ Դիշլանյանն էլ խնդիր ունի: Փոքր տղան առողջական խնդիրներ ունի»,-պատասխանում են Ոսկեհատի համայնքապետարանից:

«Ձեր որդինե՞րն էլ են անապահով» հարցին համայնքապետ Գևորգ Ներսիսյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Որդիս ստացել է օգնությունը, բայց տվել է կարիքավորի»: «Իսկ ինչո՞ւ իրական կարիքավորը չի դիմել օգնության խնդրանքով,- հարցրինք համայնքապետին: «Դե, եսիմ: Երևի ամաչել են»,- պատասխանեց Գևորգ Ներսիսյանը:

Համայնքապետն ասաց, որ պարտադիր 20.000 դրամ տրամադրում են նոր ծնված երեխա ունեցողներին, որպեսզի անհրաժեշտ իրեր գնեն: Նրա հավաստմամբ՝ գումարը հատկացնում են միայն կարիքավորներին: Հարցին, թե ովքեր են անապահովները, համայնքապետը պատասխանեց՝ «դե գյուղ ա, մեծ մասը անապահով են»:

Գույքահարկի արտոնություններ՝ համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և համայնքապետի որդիների համար

Բացի համայնքային բյուջեից ստացած օգնություններից, Գևորգ Ներսիսյանը եւ համայնքապետարանի ու ավագանու անդմաները հարկային արտոնություններ են ստացել ավտոմեքենայի, շենք-շինությունների համար:

Ոսկեհատի ավագանին վերջին տարիներին մի քանի անգամ գույքահարկի արտոնություն է տվել համայնքի բնակիչներին: Մասնավորապես՝ 2013թ. զիջել է ավտոմեքենաների գույքահարկը, որից բացառապես օգտվել են ավագանու անդամ Արմեն Գյոզալյանը՝ 17,000 դրամի չափով, որդին՝ Աբրահամ Գյոզալյանը՝ 30,000 դրամ, համայնքապետի տեղակալ Ռաֆիկ Ավագյանը՝ 96,000 դրամ, վերջինիս որդին՝ Արտավազդ Ավագյանը՝ 11,000 դրամ, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սիլվա Առաքելյանը՝ 20,000 դրամ, ավագանու անդամ Նիկոլայ Տեր-Խաչատրյանը՝ 8,000 դրամ, նրա եղբայրը՝ Կարապետ Տեր-Խաչատրյանը՝ 50,000 դրամ, համայնքապետարանի պահակ, ավագանու անդամի եղբայր Մուրադ Դիշլանյանը՝ 90,000 դրամ և համայնքապետի կրտսեր որդին՝ Կորյուն Ներսիսյանը՝ 68,000 դրամ: Նշենք, որ Կորյուն Ներսիսյանը ներկայումս դատախազ է աշխատում: Այս ցուցակում «պատահական» մարդ եղել է միայն Պետրոս Ջանոյանը, ով օգտվել է արտոնությունից՝ համայնքային բյուջե չվճարեով 10,000 դրամ:

Ավագանու այս որոշումով համայնքային բյուջե չի վճարվել 400,000 դրամ հարկ:

Քանի որ վերահսկող չկա, սեփական շահով առաջնորդվողի ձեռքը բռնող չկա, ավագանին և համայնքապետը հաջողված փորձից ոգևորված՝ 2015թ. 400,000 դրամի հարկային ևս մեկ արտոնություն են տվել «կարիքավորներին»:

Այս անգամ ավտոմեքենայի 34,000 դրամ գույքահարկը չվճարելու արտոնություն են ստացել անձամբ համայնքապետ Գևորգ Ներսիսյանը և նրա երկու որդիները: Համբարձում Ներսիսյանը արտոնություն է ստացել միայն 48,000 դրամ շինության գույքահարկը չվճարելու, իսկ մյուս որդին՝ Կորյուն Ներսիսյանը՝ 68,000 դրամ ավտոմեքենայի և 40,000 դրամ շինության գծով:

Ցուցակի մյուս հատվածը գրեթե անփոփոխ է: Ավագանու անդամներ Կարապետ Ազիզյանը՝ 40,000 դրամի, իսկ Արմեն Գյոզալյանը 54,000 դրամի արտոնություն են ստացել: Համայնքապետի տեղակալ Ռաֆիկ Ավագյանի արտոնության չափը 70,000 դրամ  է, ավագանու անդամ Նիկոլայ Տեր-Խաչատրյանինը՝ 8,000 դրամ: Աշխատակազմի քարտուղար Սիլվա Առաքելյանը բավարարվել է 30,000 դրամով, իսկ առաջին կարգի մասնագետ Գագիկ Նադանյանը՝ 18,000 դրամ արտոնությամբ:

Համայնքապետը լավ աշխատանքի համար պարգևատրում է իրեն, կնոջը

Ոսկեհատի համայնքապետ Գևորգ Ներսիսյանը տարին մի քանի անգամ կարգադրություն է ստորագում, որով համայնքապետարանի մի շարք աշխատակիցների նկատմամբ կիրառում է  խրախուսում՝ միանվագ դրամական պարգևատրում աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Այս ցանկը տարիներ շարունակ ևս անփոփոխ է մնացել: Այն գլխավորում է անձամբ համայնքապետ Գևորգ Ներսիսյանը: Այս տարի նա ինքն իրեն պարգեւատրել է 233,000 դրամով, հետո համայնքապետի տեղակալն է խրախուսվել՝ 181,000 դրամի չափով, համայնքապետի կինը՝ Սոնիկ Ներսիսյանը, ով գյուղի գրադարանի վարիչն է և ամուսնու կողմից արժանացել է 100,000 դրամ պարգևի: Մշտապես պարգևատրվողներից է մշակույթի տան տնօրեն Եպրաքսյա Եղիյանը՝ 100,000 դրամի չափով, ապա երկու պահակներն են՝ ավագանու եղբայր Մուրադ Դիշլանյանը և Շահեն Աբգարյանը՝ 93,200-ական դրամով:

2015-ի ընթացքում համայնքապետն իրեն գնահատելով որպես բարեխիղճ աշխատող՝ սեփական անձին պարգևատրել է 699,000 դրամի չափով, կնոջը՝ 368,000 դրամի: Նույնչափ պարգևատրում է ստացել մշակույթի տան տնօրենը: Համայնքապետի տեղակալի մեկ տարվա պարգևատրման գումարը կազմում է 543,000 դրամ, իսկ պահակներինը՝ 280,000:

Այս ամենից հետո Գևորգ Ներսիսյանին հարցնում ենք, թե համայնքի բյուջեի միջոցներով ի՞նչ ներդրում է իրականացվում գյուղում: «Համայնքի միջոցներով անցյալ տարի կատարել ենք դպրոցի ճանապարհի ասֆալտապատում: Գումար ենք հատկացրել, սոցներդրումներով գյուղապետարանի շենքն է վերանորոգվել»,-պատասխանում է համայնքապետը:

Իրական կարիքավորները օգնություն չեն ստանում

Համայնքապետից խնդրեցինք տրամադրել իրենց գնահատմամբ գյուղի անապահով ընտանիքներից մի քանիսի տվյալները, որպեսզի այցելենք նրանց: Աշխատակիցների օգնությամբ Գևորգ Ներսիսյանը փոխանցեց մի քանիսի տվյալները: Այցելեցինք նրանց: Համայնքապետի ասած կարիքավորներից մեկն ընդհանրապես համայնքապետարանից օգնություն չէր ստացել, իսկ մյուսը՝ տարին մեկ անգամ՝ չնչին գումար:

Խոնար Ղուկասյանի ընտանիքը համայնքապետի նշած գյուղի անապահով ընտանիքներից էր: Ընտանիքում առանց հոր մեծանում է չորս անչափահաս երեխա: Նրանց հայրը՝ 36-ամյա Արմեն Ղուկասյանը, 2015թ. Ռուսաստանի Դաշնությունում ավտովթարի է ենթարկվել և մահացել: Նա գյուղի էլեկտրիկն էր:

Վեց հոգանոց ընտանիքն ապրում է միայն թոշակով ու նպաստով, քանի որ կորցրել են ընտանիքի միակ կերակրողին:

Ձախից՝ Խոնար Ղուկասյանը եւ Լեյլի Արշակյանը

Հարցրինք, թե երբևէ գյուղապետարանից օգնություն ստացե՞լ են: Երեխաների տատը՝ Խոնար Ղուկասյանը, պատասխանեց, որ չի դիմել ու օգնություն չի ստացել: «Ի՞նչ դիմեմ, իրենց աչքի առաջ ենք, չեն տեսնու՞մ»,-ասաց Խ. Ղուկասյանը և կասկածանքով հարցրեց հարսին՝ «Լալա, ստացե՞լ ենք»:

Հարսը՝ Լեյլի Արշակյանը, ևս նշեց, որ ամուսնու մահից հետո օգնություն չեն ստացել: Նշեց, որ երեխաներին դժվարությամբ է պահում և ցանկացած օգնություն իրենց անհրաժեշտ է:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (3)

Հայ
Ասել պետք չէ, պետք է գործել... համապատասխան մարմիններ կան դրա համար, թող հաշվեն թալանը, բռնագանձեն գույքը իսկ հետո միայն պաշտոնանկ անեն!!!
Լ.
Դե եթե մարդը խոհարար ու ճաշարանի վարիչ աշխատելուց հետո դարձել է գյուղապետ, ոչինչ էլ ավելացնել պետք չէ: Ամեն ինչ դրանով ասված է: Հայաստանի դառը իրականությունն է դա..
առաջ քո ծառը ջրի
Ինքը կիսասուրբ մարդ ա, ոնց կարող ա արդարն ու սխալը չտարբերի?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter