HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդ. Նալբանդյան. «Հայաստանը ջանք չի խնայի համանախագահ երկրների հետ միասին աշխատելու՝ միտված ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը

Մայիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայում մասնակցեց ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին բացման ելույթով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Այս մասին հայտնեց ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Նիստին ելույթ ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասաց.

«Անցյալ տարի մենք հնարավորություն ունեցանք Երևանում հյուրընկալելու Վիշեգրադյան քառյակի երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչներին' քննարկելու համար Հայաստան-Վիշեգրադյան քառյակ կապերի խորացման հնարավորությունները:

2015 թվականը հատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար, այդ թվում' ինտենսիվ երկխոսության և բարձր մակարդակով այցելությունների տեսանկյունից: Անցյալ դեկտեմբերին Հայաստան-ԵՄ ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցությունները մեզ թույլ կտան ստեղծել մեր հարաբերությունների համար նոր իրավական հիմք: Հայաստանը միացել է ԵՄ մի շարք ծրագերին կամ գտնվում է միանալու գործընթացում՝ COSME, Horizon 2020, «Ստեղծագործ Եվրոպա»։ Մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները և երկխոսությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ։

Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագիրը վերահաստատեց ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի և հանձնառությունների վրա հիմնված' գործընկերության մեր ընդհանուր տեսլականը: Գագաթաժողովը նաև վերահաստատեց իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը' հիմնված 2009 թվականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների կողմից արված հինգ հայտարարությունների վրա: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էր Ադրբեջանը Ռիգայի գագաթնաժողովին փորձում կանխարգելել եզրափակիչ փաստաթղթի ընդունումը՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններին հղման պատճառով։

Այնուամենայնիվ, Բաքուն շարունակաբար մերժել է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության կոչերը: Ապրիլի սկզբին, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունները պատճառ են դարձել բազմաթիվ զոհերի և վիրավորների, դրանք, միաժամանակ, ուղեկցվել են միջազգային մարդասիրական և մարդու միջազգային իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով:

Չնայած Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից կնքված զինադադարի հաստատման վերաբերյալ 1994թ. և հրադադարի ամրապնդման 1995թ․ եռակողմ համաձայնագրերն անվերապահ կատարելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների պարբերական կոչերին՝ Բաքուն փորձեր է կատարում կասկածի տակ դնելու այդ համաձայնագրերի վավերականությունը' ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում համապատասխան նամակներ տարածելու ճանապարհով: Այդ փորձերը ձախողվեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների արագ արձագանքի շնորհիվ, որոնք կոչ արեցին ամբողջովին հարգել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը:

Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները' շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, առավել ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում' փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար:

Այսօրվա հրամայականն է կանխել ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը ապագայում, երաշխավորել, որ այս խնդրին ռազմական լուծում տալու վտանգավոր փորձերն արդյունավետ կերպով կսանձահարվեն: Համանախագահների կողմից առաջադրված վստահության ամրապնդման միջոցների կյանքի կոչումը, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունների մեծացումը, անկասկած, կնպաստեն այդ նպատակի իրագործմանը։ Նման որոշակի քայլերը կարող են թույլ տալ վերականգնել բանակցային մթնոլորտը, շարունակելու խաղաղ գործընթացը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը ջանք չի խնայի համանախագահ երկրների հետ միասին աշխատելու՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter