HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

ԼՂՀ-ն ճանաչեցինք, հետո՞…

Պաշտոնական Երևանը, սկսած ապրիլի 3-ից հայտարարում է, որ եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի Արցախի դեմ, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Երկու օր առաջ Հայաստանի կառավարությունը, փորձելով լրջություն տալ իր այս հայտարարությանը, հավանություն տվեց ԼՂՀ ճանաչման մասին շրջանառվող օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության եզրակացությանը, ինչը միջազգային մակարդակով տպավորություն ստեղծեց, թե Երևանը ԼՂՀ-ի ճանաչման գործընթաց է սկսում։ Մինչդեռ այդ եզրակացությունն ընդամենը նրա մասին էր, որ արտաքին գործոններից կախված՝ Արցախի հետ քննարկումներից հետո Հայաստանը կարող է գնալ այդ քայլին։ Այսինքն բովանդակային իմաստով սա եզրակացություն էր․․․ ըստ էության, ոչնչի մասին։ Դրա միակ նպատակը ԼՂՀ-ի ճանաչման հարցը «տաքացնելն» էր, որով Երևանը փորձում է լուծել երկու խնդիր․ կանխել Ադրբեջանի կողմից ևս մեկ լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծումը և ստիպել միջազգային հանրությանը՝ այս հարցում ազդել Բաքվի նկրտումների վրա։

Կառավարության վերոնշյալ նախաձեռնությունից հետո ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե հուսով է՝ կողմերը չեն անի քայլեր, որոնք կքանդեն հակամարտության գոտում հաստատված փխրուն խաղաղությունը և կլարեն իրադրությունը։ Արձագանք հնչեց նաև Վաշինգտոնից։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ամենօրյա ասուլիսում հայտարարեց, թե Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը և վերջինիս վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն «համապարփակ կարգավորման ենթատեքստում»: Նա կոչ արեց կողմերին` կարգավորման սեղանի շուրջ հավաքվել «բարի կամքով»՝ կարգավորման հասնելու համար:

Այսինքն ԵԱՀԿ մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն, շատ պարզ հասկացնում են, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը կարգավորման առումով ոչնչի չի հանգեցնելու և որ ոչ իրենք, և ոչ էլ միջազգային հանրությունը չեն պատրաստում դրանից հետո հետևել Հայաստանի օրինակին և ճանաչել ԼՂՀ-ն։ Ավելին․ փաստորեն թե Վաշինգտոնը և թե Մոսկվան Երևանի այդ հնարավոր նախաձեռնությունը դիտարկում են որպես խաղաղ կարգավորումը խաթարող, ինչը նշանակում է, որ պաշտոնապես այդ քայլին դիմելուց հետո նրանք Հայաստանին են մեղադրելու անխուսափելի պատերազմի վերսկսման մեջ՝ դրանից բխող հետևանքներով։

Վաշինգտոնի և Մոսկվայի այս հայտարարություններն ազդարարում են ԼՂ հարցում հայաստանյան դիվանագիտության փաստացի ձախողումը։ Որովհետև դրանք ցույց են տալիս, որ համաշխարհային քաղաքականության երկու առանցքային կենտրոններում կամ չեն հասկացել ԼՂՀ-ն ճանաչելու Երևանի նախազգուշացումների իրական դրդապատճառները, կամ փորձում են տպավորություն ստեղծել, թե չեն հասկացել։ Իսկ փաստն այն է, որ Երևանը այդ սպառնալիքը կիրառում է՝ ոչ թե պարտադիր  ԼՂՀ-ն ճանաչելու և դրանով բանակցությունների հեռանկարը խափանելու համար, այլ որպես հետևանք Ադրբեջանի պատերազմական քաղաքականության։

Այսինքն հերթական անգամ միջնորդներն առաջացած խնդրի բուն պատճառը, այն է՝ հրադադարի պայմանագիրը խախտելու և ռազմական մասշտաբային գործողություններ սկսելու Ադրբեջանի քաղաքականությունն անտեսելով, թիրախ են ընտրում հայկական կողմի նախաձեռությունը։ Ստացվում է, որ նրանց համար միանգամայն հանդուրժելի և նորմալ է, որ Ադրբեջանը խախտում է 1994 և 1995թթ․ հրդադարի պայմանագրերը ու շարունակում սպառնալ նոր պատերազմով՝ սահմանի ողջ երկայնքով լուրջ ուժեր կենտրոնացնելով, բայց ընդունելի չէ, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն՝ ստանձնելով արցախցիների անվտանգության ապահովման երաշխավորի դերը։ Ստացվում է, որ պատերազմի սանձազերծումը և պատերազմի շանտաժի շարունակումը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացը չի քանդում, իսկ ահա ԼՂՀ-ի ճանաչումը՝ քանդում է, ինչպես բնորոշում է Պեսկովը։ Հակառակ դեպքում նույնպիսի ջերմեռանդությամբ, ինչպես հիմա են Երևանի այս նախաձեռնությանն արձագանքում, դեռևս ապրիլի 3-ին նրանք պետք է Ադրբեջանին մեղադրեին նախահարձակ լինելու, հրադադարի պայմանագրերը կոպտորեն խախատելու մեջ, ինչը, սակայն, այդպես էլ չարեցին՝ փարիսեցիաբար հայտարարելով, թե նման մանդատ ՄԽ եռանախագահությունը չունի։ Հետևաբար նման ընկալումները և մեկնաբանությունները խոսում են այն մասին, որ  հայաստանյան դիվանագիտությունը չի կարողացել բացատրել ԼՂՀ-ի ճանաչման անգամ նախազգուշացումներ հնչեցնելու հայկական կողմի մոտիվները՝ փոխարենը թույլ տալով, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը բարդվի հենց իր՝ Երևանի վրա։

Պարզ է՝ ոչ ԱՄՆ-ին և ոչ էլ Ռուսաստանին բացարձակապես ձեռնտու չէ, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն։ ԱՄՆ-ին դա պետք չէ, որովհետև դրանով ուղղակիորեն ավարտվում է Մինսկի խմբի մանդատը և ԱՄՆ-ն կորցնում է ԼՂ հիմնահարցի վրա ազդելու հիմնական լծակներից մեկը։ Ռուսաստանին դա ձեռնտու չէ, որովհետև ճանաչումը նշանակում է պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն ինքնստինքյան կարող է հանգեցնել այդ պատերազմում Մոսկվայի անմիջական ներքաշման։ Պարզ է նաև, որ երբ ազգային շահը պահանջում է, պետք է թքած ունենալ, թե ինչ են ակնկալում քեզանից գերտերությունները, եթե այդ ակնկալիքները կապված են միակողմանի զիջումների հետ։ Բայց որքանո՞վ կարող է Հայաստանը հիմա շրջանցել կամ քանդել այս պատը։ Հայկական դիվանագիտության պարտությունը ոչ այնքան նա է, որ հնչում է ճանաչմանը չգնալու անուղղակի պահանջ կամ հորդոր, այլ այն, որ այդ պահանջը կամ հորդորը հնչեցնում են և Մոսկվան և Վաշինգտոնը, այսինքն որ այս հարցում միջազգային հանրությունն ունի  կարծես թե կարծրացած դիրքորոշում։ Եվ այս իմաստով է, որ պատի ճեղքումը դառնում է չափազանց դժվար։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ զուտ քաղաքական առումով անգամ վերջին «խաղաքարտը»՝ ԼՂՀ-ի միակողմանի ճանաչումը, կարող է ոչինչ չտալ հայկական կողմին։ Որովհետև մեծ է ռիսկը, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նման դիրքորոշման ազդեցությամբ Հայաստանից բացի որևէ այլ երկիր այդ քայլին չի գնա։ Այսինքն՝ մեծ հաշվով ունենալու ենք նույն ներկայիս վիճակը, քանի որ այսպես թե այնպես ԼՂ-ն մենք համարում ենք Հյաաստանի դե ֆակտո մասը։ Միայն մեկ կարևոր վերապահմամբ․ ճանաչումից հետո լայնածավալ պատերազմն է լինելու անխուսափելի՝ կամ Ադրբջանի կամ Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի ելքով։ Դրան ավելացրած, որ այդ որոշումից հետո Հայաստանն է դիտարկվելու որպես խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող կողմ, ինչն ավելի է ամրապնդելու Ադրբեջանի դիվանագիտության ռազմավարական դիրքերը։

Սա չի նշանակում, որ ԼՂՀ-ն ճանաչելու հարցը չպետք է բարձրացվեր Երևանի կողմից։ Այն ոչ միայն պետք է բարձրացվեր, այլև արդեն կատարված փաստ պետք է լիներ՝ իբրև հետևանք ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի։ Բայց դա պետք է արվեր մինչև Մոսկվայում կրակի դադարեցման պայմանավորվածությունների ձեռբերումը։ Այդ պահը, որը սկուտեղի վրա մատուցել էր Ադրբեջանն ինքը, չափազանց հարմար էր առաջին հերթին այն պատճառով, որ միջազգային հանրությունը, թեկուզ առանց բարձրաձայնելու, հենց Ադրբեջանին էր համարում ռազմական գործողությունների նախաձեռնող և այս կոնտեքստում միանգամայն բնական և օրինաչափ էր համարվելու ԼՂՀ-ի ճանաչումը Երևանի կողմից՝ որպես այդ սադրանքի ամենակոշտ քաղաքական պատասխան։

Բայց այդ պահը կորսված է։ Եվ հիմա մնում է միայն մեկ տարբերակ․ ամեն ինչ անել՝ ոչ թե ԼՂՀ-ի միակողմանի, այլ միջազգայնորեն ճանաչման նախադրյալներ ստեղծելու համար։ Որևէ պարագայում չպետք է թույլ տալ, որ տեղի ունենա Հայաստանի և ԼՂՀ-ի մոտեցումների «կղզիացում»։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ի վերջո Երևանից հնչեն հնարավորինս համառ և ինտենսիվ այն ուղերձները, որ պատերազմի սպառնալիքն ստեղծում է ոչ թե Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման քայլը, այլ Ադրբեջանին ուղղակի թե անուղղակի պատերազմ սկսելու արտոնություն տալը և որ միայն Ադրբեջանի սանձարձակությունը զսպելու, նրան կառուցողական բանակցությունների սեղանին նստեցելու միակ միջոցը հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կողմից ԼՂՀ-ն միանշանակորեն ճանաչելու հեռանկարի հետ Բաքվին առերեսելն է։

Բայց այսպիսի անուղեգիծ և անատամ դիվանագիտությամբ նման խնդիրներ հնարավոր չէ լուծել։     

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայկական մամուլը վերջին շրջանում լիքն է նման վերլուծություններով: Հիմա հարցին նայենք մյուս կողմից. ա) Իսկ եթե ՀՀ-ն ԼՂՀ-ին չ՛ճանաչի. հետո՞: Ո՞րն է ա՛յդ դեպքում լուծումը:…………………… բ) իսկ ՈՐՏԵ՞Ղ է բանակցությունների 3-րդ կողմը՝ Արցախն ինքը: Հայաստանի Արցախի անկախությունը ճանաչելուց հետո Մինսկի խումբը իր գործունեությունը թող շարունակի՝ Ադրբեջանի ու Արցախի՛ միջև՝ նույն նպատակներով: ՀՀ-ն իրեն Ի՞ՆՉՈՒ է խցկել բանակցությունների մեջ: ԵՏՄ մտնելիս Հայաստանը պաշտոնապե՛ս հայտարարեց, որ ԼՂՀ-ն ՀՀ-ի մաս չէ: Է՜հ,բա էլ ինչու՞ եք խառնվում ԼՂՀ-ի ներքին գործերին ու իր սահմանների հարց որոշում,եթե այդպես է: ……………………Եվ վերջապես՝ Արա Պապյանի հղումը ՄԱԿ-ի նախորդ Ազգերի լիգայի 1920 թ. սահմանների որոշմանը վատ չէր լինի, ԲԱՅՑ՝ ՄԱԿ-ի կողմից ներկա սահմաններով ճանաչված Ադրբեջան պետություն կա: Հայաստանը Ի՞ՆՉ ՀԻՄՔԻ վրա կարող է միավորվել ԼՂՀ-ի հետ՝ առանց այն սկզբից ճանաչելու: Արա Պապյանը (կամ մեկ ուրիշը) այս հարցին կպատասխանի՞:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Արա Պապյան՝ Կա Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի որոշում, որը սահմանագծել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը, որը պիտի ի կատար ածվեր Վիլսոնի Իրավարար վճռի ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում: Վերջինս ի կատար չածվեց, քանի որ Հայաստանը սովետականացվելուց հետո դադարեց միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց: ՄԱԿ-ը Ազգերի Լիգայի իրավահաջորդն է, համապատասխանաբար որոշումը հենց ՌԴ համար պարտադիր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter