HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոնց որ մի լուսավոր բան կա՝ հերոս է, հայրենիքիդ համար է, բայց մոր սրտին էդ ոչ մի բան»,- ասում է զոհված տանկիստի մայրը

Գայանե Սարգսյան

Մեծավանցի Արտակ Պետրոսյանի տանը մեզ դիմավորում է մայրը: Երկհարկանի տան առաջին հարկում Արտակի լուսանկարներն են՝ ժպտացող, կյանքով լի: Տիկին Լարիսան առաջարկում է բարձրանալ երկրորդ հարկ: Բակում աղավնիներ են: Արտակն է բանակ գնալուց առաջ բերել ու ի պահ տվել մորը:

«Ասեց՝ մամ ջան, դոյդոյներիս լավ կպահես, մինչև գամ: Ամեն զանգելով հարցնում էր՝ դոյդոյներս իմա՞լ են: Դոյդոյներիդ պահեցինք, քեզ չկարողացանք պահել»,- շշնջում է մայրը:

Նախասրահում, հյուրասենյակի պատին, ապակեպատ կահույքի բոլոր հնարավոր անկյուններում Արտակն է:

«Նկարները շուտվանից էի դրել, հենց բանակ ճանապարհելուց հետո: 5 ամիս երկու ախպերն էլ տանը չէին, ինքը զորակոչվել էր բանակ, իսկ ախպերն արդեն ծառայում էր: Անընդհատ խոսում էի իրանց հետ, լացում էի, բայց ոչ սենց, կարոտից…իսկ հիմա ուրիշ ա…»: 

Որդու հետ զրույցը մայրը շարունակում է նաև այսօր: Երկհարկանի մեծ տան մեջ Արտակը մոր միակ շուրջօրյա զրուցակիցն է: Ամուսինն ու ավագ որդին՝ 20-ամյա Արմանը, օրեր առաջ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն:

«Ախպոր կորուստը շատ ծանր էր նրա համար, մինչև հիմա ուշքի չի գալիս, հերը տարել է, որ մի քիչ ցրվի, բայց իմա՞լ կեղնի»,- տարակուսում է մայրը:

Հյուրասենյակի սեղանի մի անկյունում արհեստական ծաղիկներից կախված փայտե խաչն աչք է ծակում: Խաչի կեսը չկա:

«Որ զորակոչվավ բանակ, ինքը վզին խաչ ուներ: Հետո, որ օտպուսկ եկավ, խաչի մեկ ճյուղը կոտրված էր: Ասեց՝ մամ, վզիս վրա ջարդվել է, որ երթաք եկեղեցի, կտանեք կդնեք էնտեղ: Որ արդեն պիտի հետ գնար, էս խաչը ախպերն է վիզը գցել: Ինքն էլ մի ճյուղի վրա իր անունի տառն է փորագրել, մյուսին՝ սիրած աղջկա: Ըշտե, էդ ժամանակ իրա վիզն ա եղել խաչը, մի ճյուղը կոտրվել է, իր անունինը, մյուսը՝ մնացել»,- պատմում է տիկին Լարիսան: 

Խաչի կոտրվելը մայրը չգիտի՝ ճակատագի՞ր համարի, թե՞ պատահականություն:  Արտակի սիրած աղջկա անվանատառը ցույց տալով՝ մայրաբար ասում է՝ իր համար էլ դժվար է:

Որդուն հարազատները վերջին անգամ տեսել են նախորդ տարվա դեկտեմբերին: Հունվարին տեսակցության է մեկնել հայրը:

Ամեն ինչով գոհացող Արտակը ծառայության ընթացքում ծնողներից շատ բան չի ուզել: Վերջին խնդրանքը եղել է բռնցքամարտիկի ձեռնոցները: Շատ էր ուզում մարզադահլիճում պարապել: Սակայն, տնեցիները չեն հասցրել ուղարկել: Որդուն բազմիցս հաղթանակներ պարգևած ձեռնոցներն այդպես էլ կախված են մնացել ննջասենյակի պատից:

Տանկիստ որդու հետ մայրն ամեն օր խոսել է հեռախոսով:

«Ապրիլի 1-ի իրիկունը որ զանգեց, կրակոցների ձայն կգար: Ամսի 2-ին առավոտ զանգեց, ասեց՝ մամա, կռիվը սկսվեց, մի ժամից մեզ կտանեն առաջին գիծ տանկերով: Ընթացքում զանգում էր: Մեկ էլ օրը կեսօրվան էլի զանգեց, ասի՝ Արտակ ջան, իմա՞լ ես, թե՝ մամա ջան, հլա սաղ եմ: Բայց չգիտեմ ինչի մեջ էր, ինչ կրակ էր, երևի ուժեղ մարտեր էին գնում: Էլ բան չասեցի: Մենակ ասում էինք՝ Արտակ ջան, աստված ձեր հետ էղնի: Ամսի 3-ին իրիկունը հոր հետ էր զրուցել, խրամատներում էին: Ասել էր՝ եթե երկու-երեք օր չզանգեմ, իմացեք, որ զարյադկա չունեմ: Ամսի 4-ին կնստեն տանկը, կերթան առաջ, կանցնին չեզոք գոտի: Հետո էլ թե ինչ է եղել, չգիտենք: Էլ չզանգեց…»:

Մեխանիկ-տանկիստին ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:

  

«Հերոս է Արտակս, հերոսաբար զոհվել է: Ես կուզեի, որ հերոս լե չեղներ, բայց ինքը սաղ տուն գար: Մի կողմից՝ ոնց որ մի լուսավոր բան կա. հերոս է, հայրենիքիդ համար է, բայց մոր սրտին էդ ոչ մի բան,-մորմոքվում է մայրն ու հիշում՝ միայն Արտակը չի, էլի զոհեր ունենք,- շատ ափսոս մեր ջահել երեխեքը, որ էդման կզոհվին, ինչքան ապրելու տեղ ունեին, ինչքան երազանքներ ունեին, բայց ամենը կիսատ մնաց»:

Արտակի մեծագույն երազանքի մասին մայրը չի խոսում: Նրա փոխարեն այդ մասին ասում են որդու ընկերներն ու դասղեկը:

«Սիրած աջիկ ուներ, երազանքն էն էր, որ հետ գար, սիրած աղջկան հասներ: Մենակ դրա մասին էր երազում»,- ասում է մտերիմ ընկերն ու ազգականը՝ Արմենը:

Դասղեկ Արմենուհի Սիմիկյանն այսօրվա պես հիշում է՝ հարևան դպրոցում սովորող սիրած աղջկան տեսնելու համար Արտակն անընդհատ բացակայում էր «Վերջին զանգ»-ի փորձերից, իր ասելիք տեքստը չէր հասցնում վերցնել: Երբ մի օր վերջապես դիմում է դասղեկին՝ խնդրելով տալ իր տեքստը, վերջինս կատակում է՝ ասելիքդ գնա մյուս դպրոցից վերցրու:

«Վերջին զանգ»-ից տարիներ անց դասղեկը հիշում է Արտակի լուսավոր, անմեղ ժպիտն ու խոստովանում. «Այս օրերին ուսուցիչներով հաճախ ենք զրուցել Արտակի մասին, փորձել ենք հիշել ինչ-որ դեպք, երբ Արտակը բարկացրած, նեղացրած լինի ինչ-որ մեկին: Չենք հիշել: Նույնիսկ ամենաբարկացած պահերին,երբ նայում էի Արտակի դեմքին, բարկությունս իսպառ անցնում էր: Նրա անկեղծ ժպիտը ստիպում էր մոռանալ ամեն ինչ ու ներել՝ ինչ էլ եղած լիներ»:

Մեկնաբանություններ (2)

Փայլակ
Բառեր չկան մխիթարելու վորդեկորուս մորը.Միայն ասեմ աստված պահապան ձեզ եվ ձեր մյուս վորդուն.Ուրիշ ձև չկա Հայրենիք պահելու.Խոնարվում եմ Հերոսի շիրիմի առաջ.... Հառգանքներով Լա Մանշ-Փայլակ.
Arpi
Չապրած օրերիդ կարոտը մնաց մորդ աչքերում արցունքներ դարձած,հորդ մտքերում կա դեռ անսահման սպասում քո գալուն,եղբորդ մնաց մի մեծ ցանկություն նորից տեսնելու` քեզ պաշտպանելու,սիրած աղջկադ անավարտ մի սեր,սիրո պատմություն կիսատ մնացած,Ու մեզ բոլորիս քեզանից մնաց անսահման թախիծ ու հերոսություն,,,,մեր հերոս եղբայր Արտակ Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter