HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացվել ադրբեջանական ԶՈՒ կատարած դաժանությունների մասին զեկույցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունները եւ նրան է փոխանցել ԼՂՀ օմբուդսմենի զեկույցը:

Մայիսի 12-ին Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:

Պաշտպանը Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նաեւ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված դաժանությունների կոնկրետ օրինակներ եւ նրան է փոխանցել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցը:

Արման Թաթոյանն ընդգծել է նաեւ ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն եւ բռնություն սերմանող՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության կործանարար հետեւանքները, որը խաթարում է Եվրոպայի խորհրդի ողջ իրավապաշտպան համակարգը: Ընդ որում, այդ քաղաքականությունը խրախուսվում է պետական մակարդակով եւ կրում է բացարձակ անհանդուրժողական բնույթ:

Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել:

Կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում եվրոպական չափանիշների ներդրման  հարցում: Մասնավորապես, հանդիպման ընթացքում նշվել է Օմբուդսմենի հաստատության կարեւորությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործում: Քննարկվել են նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter