Տավուշի մարզի դատախազի տեղակալը հարբած նստել է ղեկին և ընկել լիճը. դատախազությունն ուսումնասիրում է միջադեպը
«Հետքի» ընթերցողներից մեկն այսօր նամակ է ուղարկել, որտեղ պատմում է Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից տարածքում գտնվող ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին։ Ստորեւ ներկայացնում ենք նամակը նույնությամբ.
«Հայաստանում պետական ապարատի հերթական պաշտոյայի ոչ վայել արարքը մեր հասարակության ուշադրությանն արժանացնելու և ի վերջո պետական կառավարման ոլորտում պաշտոնատար անձի վարքագծի կարգավորման ուղղությամբ մեր պատասխանատու պաշտոնյաների ամպագոռգոռ հայտարարություններին հակադարձելու համար, Ձեզ հայտնում եմ հետևյալ տեղեկատվությունը՝ հույս ունենալով, որ այն կարժանանա Ձեր լրատվական կայքի և պատասխանատու պաշտոնյաների ուշադրությանը:
Տավուշի մարզի դատախազության աշխատակիցներից մարզի դատախազի տեղակալ Հ.Բաղդասարյանը այնքան է զվարճացել ու ոգելից խմիչք օգտագործել, որ 21.05.2016թ. Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող ռեստորաններից մեկում, որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ, հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի 01 OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում: Ամոթալին ոչ միայն այն է, որ որպես պաշտոնյա նա հարբած վարում է ավտոմեքենան, այլ այն է, որ դատախազը, լինելով իգական սեռի ներկայացուցիչ, չարաշահում է ալկոհոլ, հրաժարվում օրը ցերեկով դեպի վայր ժամանակ շտապ օգնությունից և ի վերջո սահմանին տիրող լարված իրավիճակում զվարճանում սրա-նրա հետ, իսկ ճանապարհով անցնող բազմաթիվ պատահական անցորդները ծիծաղում էին և միմյանց ասում․ «Էս էլ մեր ալկագոլիկ դատախազը, էլ ինչ ասես ես երգրի մասին»: Սա է մեր դառը իրականությունը ... հետևությունները թողնում եմ Ձեզ:
Հ.Գ. նյութի հետ միասին կցում եմ ճանապարհով անցնող պատահական անցորդների կողմից արված լուսանկարները»:
Ընթերցողը քիչ անց այլ մանրամասներ էլ հայտնեց.
«Խնջույքը տեղի է ունեցել «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռեստորանում: Տավուշի մարզի դատախազ Ա.Մարուխյանի հրավերով, այսպես ասած՝ «պատիվ տալու համար», Տավուշի մարզ են եկել ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները, այդ թվում՝ դատախազ Մամիկոն Մարտիրոսյանը, ով պատկերված է լճում գտնվող ավտոմեքենայի առջևի մասում և փորձում է դուրս բերել ավտոմեքոենան լճից: Խնջույքին ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և ապօրինի անտառհատումների դեմ պայքարի վարչության դատախազները, Տավուշի մարզի դատախազը և նրա տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը: Զավեշտալին այն է, որ հյուրասիրությունը կազմակերպել է Իջևանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը, ով նաև իր ուժերով ու միջոցներով «Գազ 66» մակնիշի ավտոմեքենա է կանչել դեպքի վայր, որ մեքենան դուրս հանվի լճից, այնուհետև տնօրենն իր իսկ միջոցներով ներկայումս Իջևանի արհեստավորների մոտ վերանորոգում է լճում հայտնված դատախազի «Նիսսան Տեանա» ավտոմեքենան: Այս ամենի արատավոր և կեղտոտ երևույթն այն է, որ ապօրինի անտառհատումների և կոռուպցիայի դեմ պայքարող դատախազներն անտառտնտեսության տնօրենի հետ միասին զվարճանում են, որից հետո մեր պաշտոնյաները, այդ թվում՝ գլխավոր դատախազությունը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարելու, անտառհատումները բացահայտելու մասին, նամանավանդ, որ սահմանին տիրում է լարված իրավիճակ, պետության ֆինանսական միջոցները սուղ են, իսկ պետական չինովնիկները քեֆ են անում, զվարճանում և միմյանց հետ և նման կերպ «պայքարում» անտառհատումների և կոռուպցիայի դեմ:
Եվ սա դեռ ամենը չէ, պարզվում է նաև, որ նշված դեպքով որևէ պատկան կառույց չի զբաղվել: Լինելով իգական սեռի ներկայացուցիչ՝ բարձրաստիճան պաշտոնյա Հայկուշ Բաղդասարյանը մեքենան վարել է հարբած վիճակում, իսկ լուսանկարում կարմիր շապիկով պատկերված ռեստորանի տնօրեն Վահե Ղալումյանը, նրա կողքին գտնվող և լուսանկարում պատկերված Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը ձեռքները գրպանում դրած հետևում էին, թե ինչպես են մեքենան դուրս բերում լճից: Հարց է առաջանում, թե ու՞ր են նայում մեր պատկան մարմինները, նույն մարզի դատախազը ինչու՞ է թույլ տալիս, որ իր տեղակալը ոչ սթափ վիճակում վարի մեքենան, և այսպե՞ս են դատախազները պայքարում ապօրինի անտառհատումների դեմ՝ անտառտնտեսության տնօրենի կողմից քեֆ կազմակերպելու եղանակով: Առ այսօր որևէ իրավասու մարմին նշված խնդրին չի անդրադառնում, կարծես բոլորը քնած են, սա է մեր դառը իրականությունը, ինչպես ասում են՝ նման անօրեն դատախազներով պայքարում ենք ապօրինությունների դեմ, էլ ի՞նչ պետք է հասարակ քաղաքացին ակնկալի նման պաշտոնյաներից, էլ ինչպե՞ս պետք է հասարակ քաղաքացին հավատա արդարությանը»:
«Հետքը» փորձեց դատախազութոյւնից պարզել թե դեպքի առթիվ ծառայողական քննություն իրականացվել է, թե ոչ: Դատախազությունը հայտնեց հետևյալը. «ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել