HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի նախագահին և արտգործնախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Նախագահ Հասան Ռոհանին:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Հասան Ռոհանին գոհունակությամբ նշեց, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորեց դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։ Նա հավելեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Էդվարդ Նալբանդյանը Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և ջերմ ողջույնները: 

Իրանի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձան երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հասան Ռոհանին նշեց, որ, թեև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, փոխգործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել։ Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը։

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ կյանքի կոչված և իրականացվող համատեղ տնտեսական ծրագրերին և շեշտեց Հայաստանի պատրաստակամությունը` նոր առավել հավակնոտ նախագծեր մշակել և իրագործել, ինչպես ի շահ երկու հարևան երկրների տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության։ Այս առումով կարևորվեց թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը, մայիսին Վիեննայում կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում Նախագահ Ռոհանին ընդգծեց, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովումը` առկա խնդիրների խաղաղ կարգավորման ուղղությամբ, և վերահաստատեց, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հագուցալուծումը։ Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի Հանրապետության Նախագահին և նշեց, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հայաստան:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Մոհամադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանը առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումը և առկա ամուր հիմքի վրա բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցները համակարծիք էին, որ Իրանի Նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցը կարևոր լիցք կհանդիսանա հայ-իրանական փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար։ Այս համատեքստում երկուստեք վերահաստատվեց հանձնառությունը՝ հետևողական ջանքեր գործադրելու համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Կարևորվեց արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության և տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման, գործարար շրջանակների միջև կապերի խթանման, երկու երկրներում միջազգային տնտեսական ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության հարցեր: Նախարարները կարևորեցին երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։

Նախարարներն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին: Քննարկեցին աշնանը Թեհրանում կայանալիք 14-րդ նիստի նախապատրաստական աշխատանքները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության հաստատման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Քննարկվեց իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման, դրա արդյունքում տարածաշրջանում ստեղծված փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ: Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ այդ համաձայնությունը միջազգային հարաբերություններում 2015թ․ ամենանշանակալի ձեռքբերումներից էր, ինչը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ քաղաքական կամքի առկայության պարագայում դիվանագիտական ու բանակցային ճանապարհով կարելի է հասնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծմանը:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Կարևորվեց Վիեննայում գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։

Նույն օրը Իրանի նախագահի նստավայրում Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը ստորագրեցին Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter