HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողները քաղաքական ապաստան են խնդրում

««Ա1+» հեռուստաընկերությանը պարտադրված 11 ամիսների անգործությունը եւ այն հեռուստատեսային պատկերը, որ ամբողջացել է «Ա1+»-ի բացակայությամբ, մեզ առիթ են տալիս խորհելու, որ այս երկրում մենք անելիք չունենք». 2003 թ. փետրվարի 14-ին ՀՀ-ում օտարեկրյա դեսպանատներին ուղղված այս հայտարարությամբ «Ա1+» հեռուստաընկերության աշխատակիցները քաղաքական ապաստան են խնդրում դեսպանատներից: 

 «Ա1» հեռուստաընկերությունն իր գործունեությունը սկսել է 1991թ.: Հեռուստաընկերությունը հանրապետությունում կատարվող իրադարձությունների մասին տեսանյութեր էր պատրաստում ինչպես տեղական, այնպես էլ Ռուսաստանի («Վեստի»), Ֆրանսիայի («ՏՖ-1»), Գերմանիայի («ԶԴՖ»), Միացյալ Նահանգների («ՍիԷնԷն» ) հեռուստաընկերությունների տարբեր ծրագրերի համար: 

1993-1995թթ. «Ա1»-ը նորություններ էր հեռարձակում` եթերային ժամանակ գնելով Հայաստանի պետական հեռուստաընկերությունից: 1995թ. «Ա1»-ի վերակազմավորման արդյունքում ստեղծվեց «Մելտեքս» ՍՊԸ-ի «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը: 1997թ. սեպտեմբերի 12-ից այն հեռարձակվում էր շուրջօրյա: 

1999թ. սեպտեմբերին «Ա1+»-ը ստեղծեց անկախ hեռուստաընկերությունների «Համասփյուռ» ցանցը: Հեռուստաընկերությունները լուրեր, հաղորդումներ եւ ֆիլմեր են փոխանակում: Ցանցի ծրագիրը դիտում էր հանրապետության հեռուստադիտողների 70 %-ը: 

2002թ. փետրվարին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), որի անդամներին, ըստ օրենքի, նշանակում է ՀՀ նախագահը կապուղիների մրցույթ հայտարարեց: Նշենք, որ հանձնաժողովի: 37-րդ կապուղու համար հայտ էին ներկայացրել «Ա1+», «Շարմ» եւ «Դոֆին-ԹՎ» ընկերությունները: Ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ 37-րդ կապուղին հանձնվեց «Շարմ» ընկերությանը. մրցույթը շահել էր «Շարմը»: 

2002թ. ապրիլի 3-ին «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: 

««Ա1+» անկախ հեռուստաընկերությունը փակվեց ոչ թե օրինական մրցույթում պարտվելու հետեւանքով, այլ քաղաքական պատվերի շրջանակներում»,-այս կարծիքն արտահայտեցին մի շարք ԶԼՄ-ներ մարտի 3-ին համատեղ ընդունած հայտարարության մեջ: Երեւանում կազմակերպվեցին ցույցեր, միտինգներ: Բողոքի ակցիաներն ուղղված էին Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման դեմ: Ցուցարարները իշխանություններից պահանջում էին չեղյալ հայտարարել մրցույթի արդյունքները եւ վերաբացել «Ա1+»-ը: Ի հակակշիռ դրան, իշխանամետ 17 լրատվամիջոցների ղեկավարներ ստորագրեցին հայտարարություն, թե Հայաստանում խոսքի ազատությանը վտանգ չի սպառնում: 

Մինչ այդ` ապրիլի 1-ին «Ա1+»-ը դիմել էր ՀՀ Տնտեսական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել հանձնաժողովի` հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթներ անցկացնելու մասին որոշումները, նշելով,որ դրանք կայացվել են օրենքի խախտումներով: Դատարանը հայցը մերժեց: Տնտեսական դատարանի որոշումը «Ա1+»-ը բողոքարկեց Վճռաբեկ դատարան: ՀՀ դատարաններում «Ա1+»-ը որեւէ արդյունքի չհասավ: Դատարանն այդպես էլ չընդունեց, որ մրցույթն անցկացվել է օրենքի մի շարք խախտումներով: Նոյեմբերի 1-ին «Ա1+»-ի հայցն ընդունվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթ: «Ես համոզված եմ` հաղթելու ենք, քանի որ փորձառու պաշտպանների խումբ է աշխատում: Նրանց գնահատականով` մենք կհաղթենք»,- ասում է «Ա1+»-ի նախագահ Մ. Մովսեսյանը: «Հետք» շաբաթաթերթին տված հարցազրույցում «Արտիկլ 19» միջազգային կազմակերպության իրավական ծրագրի ղեկավար Թոբի Մենդելը նշել է, որ «Ա1+»-ը հաղթելու մեծ հնարավորություն ունի. «Կարծում եմ` առնվազն 3 հիմք կա: Առաջինն այն է, որ օրենքի հիման վրա ստեղծված հեռուստառադիոընկերության ազգային հանձնաժողովն անկախ չէ: Օրենքը չի երաշխավորում հանձնաժողովի անկախությունն իշխանություններից, ինչը հակասում է միջազգային չափանիշներին, Եվրախորհրդի հանձնարարականներին: Երկրորդ հիմքն այն է, որ մրցույթում «Ա1+»-ի դեմ եղել է կողմնակալ վերաբերմունք: Երրորդ փաստարկը բավականին հետաքրքիր է. Ա1+ին զրկելով լիցենզիայից` փաստորեն մարդկանց զրկել են կարեւոր ձայնից: Մարդիկ պետք է բազմազան լրատվություն ստանալու հնարավորություն ունենան: Եթե այս փաստարկները ճիշտ ներկայացվեն Եվրադատարանում, գործը շահելու մեծ հնարավորություն եմ տեսնում»: 

«Ա1+»-ը հայտ էր ներկայացրել նաեւ 2002թ-ի հոկտեմբերի 15-ին կայանալիք հեռուստատեսային կապուղիների լիցենզավորման մրցույթին։ Սակայն մրցույթը մինչ օրս չի կայացել։ Այն սկզբում հետաձգվեց ՀՌԱՀ անօրինական գործողությունների հետեւանքով։ ՀՌԱՀ-ը չէր ընդունել «Նոյյան Տապանի» մրցույթին մասնակցելու դիմումը` հիմնավորելով, որ ընկերությունն իր դիմումում չէր նշել կոնկրետ կապուղի: «Նոյյան Տապանը» դիմեց դատարան: Դատարանը երկիմաստ որոշում կայացրեց: ՀՌԱՀ-ին պարտավորեցրեց ընդունել դիմումը, իսկ հեռուստաընկերությանը` նշել կոնկրետ կապուղի: Այսպիսով թեւ դատարանը բավարարեց «Նոյյան Տապանի» պահանջը, սակայն դրանից հեռուստաընկերությունը ոչինչ չշահեց:

Մրցույթը նորից հետաձգվեց. այս անգամ հանձնաժողովի դեմ հայց ներկայացրին 5 հեռուստաընկերություններ` «Դար 21», «ԱրմենԱկոբ», «TV5», «Երեւան», «Էվ» (CNN): Հեռուստաընկերությունները պահանջել էին յոթ օրով վերադարձնել՝ մրցույթին մասնակցելու իրենց փաթեթները, քանի որ իրենք նախապես դիմել էին նոյեմբերի 19-ի մրցույթի համար։ Մրցույթը, սակայն, դատական գործընթացների պատճառով հետաձգվել էր մինչեւ 2003թ. հունվարի 30։ Այս դեպքում անհնար էր դառնում իրենց ներկայացրած ծրագրերի իրագործումը։ «Ա1+»-ը հիմա էլ սպասում է այս դատավարության ավարտին: Դատական գործընթացները շարունակվում են մինչ օրս: Ոչ ոք չի կարող գուշակել, թե երբ կավարտվեն դրանք: Սակայն շատերը համոզված են, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները «Ա1+»-ը եթեր դուրս չի գա: Իսկ դատական հայցերի հիմքեր ստեղծելու միջոցով մրցույթը հետաձգելու հնարավորություն ՀՌԱՀ-ը միշտ էլ ունի: «Իշխանությունն ամեն ինչ անում է, որ մենք չլինենք: Նրանք միակողմանի շախմատ են խաղում երկու դաշտի վրա»,- ասում է Մեսրոպ Մովսեսյանը:

 «Ա1+»-ի աշխատակիցներն աշխատանքի առաջարկներ են ստանում տարբեր լրատվամիջոցներից: Բայց աշխատակազմը չի ցրվում: Այսօր նրանք տեսանյութեր են պատրաստում «Համասփյուռ» հեռուստացանցի եւ հեռուստաընկերության ինտերնետային էջի համար (www.a1plus.am): Հրատարակում են նաեւ «Այբ-ֆե» օրաթերթը: Բայց այն քիչ է վաճառվում: : «Երբ «Ա1+»-ի աշխատակիցները հասկացան, որ մյուս լրատվամիջոցների մեր կոլեգաներն իշխանության թելադրանքով խոչընդոտներ են ստեղծում մեզ համար, արեցինք դեսպանատներին ուղղված այս հայտարարությունը»,- ասում է «Ա1+»-ի տնօրենը:

Հեռուստաընկերության լրագրողներն այս հայտարարությունը համարում են բողոքի ակցիա` նախազգուշացում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter