HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացին դիմել է արդարադատության խորհուրդ՝ դատավոր Դարբինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով

Քաղաքացի Գնել Հայրապետյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի աջակցությամբ, դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր, Արդարադատության խորհրդի անդամ Աղասի Դարբինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով, քանի որ վերջինս սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել հայցադիմումի առարկայից և հիմքից: Քաղաքացու կարծիքով՝ դատավոր Դարբինյանը հայցադիմումի պահանջը հարմարեցրել է իր կայացրած վճռին՝ խեղաթյուրելով փաստերը: Բացի այդ, Գ. Հայրապետյանը գտնում է, որ դատավոր Դարբինյանը եղել է կողմնակալ: Դատավորը հօգուտ կողմերից մեկի չի կատարել օբյեկտիվ և ամբողջական քննություն:

Բանն այն է, որ Ծաղկաձոր համայնքի ավագանին 09.09.11թ. որոշել է քաղաքային սեփականություն համարվող մի քանի հողակտորներ աճուրդային կարգով օտարել: Հողամասերից մեկը աճուրդ-վաճառքով գնել է Գնել Հայրապետյանը: Քաղաքապետի որոշմամբ՝ 0,27 հա հասարակական կառուցապատման համար օգտագործվող հողամասը 12,825,540 դրամով օտարվել է Գնել Հայրապետյանին: Կնքվել է առուվաճառքի պայմանագիր, կատարվել է գույքի սեփականության իրավունքի պետական գրանցում:

Գնել Հայրապետյանը պատմում է, որ հողամասը գնելուց հետո այնտեղ կառուցել է հանրային սննդի օբյեկտ, որը շահագործել է մինչև 2013թ.: Այնուհետև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Հրազդանի ՃՇՇՁ ԲԲԸ-ի տնօրեն Օնիկ Բաղդասարյանի հետ, և այն երկու տարի ժամկետով շահագործման է հանձել վերջինիս: Տեսնելով, որ Օնիկ Բաղդասարյանը խախտում է պայմանավորվածությունը և իրեն չի փոխանցում շահագործումից ստացված հասույթը, տեղեկացրել է նրան, որ պայմանավորվածության ժամկետը լրացել է և պետք է ազատի տարածքը: Օնիկ Բաղդասարյանը հրաժարվել է կատարել Գնել Հայրապետյանի պահանջը:

Գնել Հայրապետյանը 2015թ. երկու հայցերով, ընդդեմ Օնիկ Բաղդասարյանի, դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մեկը՝ ապօրինի տիրապետումից գույքն ազատելու, մյուսը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամաս, դրա վրա առկա շինությունների ապօրինի ներխուժումը դադարեցնելու պահանջներով: Առաջին ատյանի դատարանը Գնել Հայրապետյանի երկու հայցերն էլ մերժել էր: Սակայն, վերաքննիչ քաղաքացիական դատարանը դրանք բեկանել է և գործն ուղարկել նոր քննության:

Իր հերթին Օնիկ Բաղդասարյանը 2015թ. ապրիլին, ընդդեմ Ծաղկաձորի քաղաքապետարանի և կադաստրի պետական կոմիտեի, դիմել է վարչական դատարան՝  Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան 39 հասցեում գտնվող 2700քմ (0.27հա) մակերեսով հողամասի նկատմամբ 2009թ. սեփականության իրավունքի պետական  գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Որպես հետևանք՝ Օ. Բաղդասարյանը պահանջել է նույն հողամասի նկատմամբ  հետագայում ընդունված բոլոր վարչական ակտերը և Ծաղկաձորի քաղաքապետի որոշումը՝ Գնել Հայրապետյանին հողամասը վաճառելու մասին, դրա հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ևս անվավեր ճանաչել: Պատճառաբանությունն այն է, որ հողի վրա կառուցված շինություններն ինքն է կառուցել, հետևաբար պետք է վաճառքի նախապատվությունը տրվեր իրեն: Գնել Հայրապետյանը դատավարությանը ներգրավվել է որպես երրորդ անձ:

Նշենք, որ կառավարության որոշման հիման վրա վիճելի հողամասը 2008թ. «Հայանտառ» ՓԲԸ-ից փոխանցվել է  Ծաղկաձոր համայնքին: Իսկ 2009թ. այդ հողն արդեն հանդիսացել է  քաղաքի սեփականությունը, ինչն էլ հիմք է տվել պետական գրանցում կատարելու և հետագայում աճուրդով վաճառելու համար:

Օնիկ Բաղդասարյանը հայցադիմումում նշել է, որ իր տղան՝ Էդգար Բաղդասարյանը, դեռևս 2006թ.  դիմել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ վիճելի հողամասը իրեն վարձակալության տրամադրելու խնդրանքով: Ստացել է պատասխան, որ դիմումը քննարկման փուլում է: Այնուհետև Օ. Բաղդասարյանը նշում է, որ իր և «Հայանտառ»-ի ղեկավարության միջև եղել է բանավոր պայմանավորվածություն, և նշված հողամասը հանձնվելու էր վարձակալության: Դա էլ հիմք է հանդիսացել իր համար, որ 2007-2008թթ.  տարածքում կառուցի ռեստորանային համալիր՝ «Արքա» անունով: Նրա ասելով՝ Գնել Հայրապետյանը չի կառուցել ռեստորանը, պարզապես այն աշխատեցրել է: Իսկ ինքը Գնել Հայրապետյանի կողմից հողամասը սեփականաշնորհելու մասին իմացել է այն ժամանակ, երբ իր դեմ Գ. Հայրապետյանը հայց է ներկայացրել դատարան: Հենց այդ պատճառաբանությամբ էլ վարչական դատարանին խնդրել է հարգելի ճանաչել բաց թողնված դատավարական ժամկետը և հայցադիմումն ընդունել վարույթ, ինչը և դատարանն արել է:

Գնել Հայրապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Առաքելյանն ասում է, որ Օնիկ Բաղդասարյանը քաջատեղյակ է եղել խնդրո առարկա  անշարժ գույքի պետական գրանցման մասին, քանի որ 2013թ.-ից, այդ տարածքում Մհեր Հարությունյան ԱՁ-ով իրականացնելով գործունեություն, որը վկայակոչել է հենց Օ. Բադասարյանը,  ՊԵԿ համապատասխան մարմնին է ներկայացրել խնդրո առարկա տարածքի սեփականության վկայականը, որը տրված է Գնել Հայրապետյանի անունով: Փաստաբանը միջնորդել է, որպեսզի դատարանը պետական մարմնից պահանջի Մհեր Հարությունյան ԱՁ-ի կողմից ՊԵԿ ներկայացված ելակետային տվյալները, որով կհիմնավորվեր, որ Օնիկ Բաղդասարյանը Գնել Հայրապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցման մասին իմացել է առնվազն 2013թ-ից: Ֆինանսների նախարարությունն այդ տեղեկությունը Գնել Հայրապետյանին չի տրամադրել, իսկ դատարանի միջնորդությամբ ստանալու դեպքում գործի վարույթը կարճելու հիմք կլիներ, քանի որ Օնիկ Բաղդասարյանը բաց է թողել դատարան դիմելու ժամկետը: Վարչական դատարանը հօգուտ Բաղդասարյանի մերժել է միջնորդությունը՝ Հայրապետյանի համար ստեղծելով անբարենպաստ հետևանք:

Ինչ վերաբերում է տարածքին, ապա «Հայանտառ»-ի տնօրենը գրավոր հայտնել է, որ Էդգար Բաղդասարյանը դիմել է միայն «Ղշով Աղբյուր» տարածքների վարձակալության համար: Ավելին՝ «Ղշով Աղբյուր» կոչվող անտառամասը գտնվում է Աղավնաձոր համայնքի վարչական տարածքում և ոչ մի կապ չունի Մ.Մկրտչյան փողոց, թիվ 39  հասցեում գտնվող 0,27հա մակերեսով հողամասի հետ:

Ինչ վերաբերում է Գ. Հայրապետյանի հողամասում կառուցված շինությանը, ապա վարչական դատարանում հարցաքննվել են Օնիկ Բաղդասարյանի վկայակոչած վկաները: Բացառապես նրանց ցուցմունքներով դատարանը հաստատված է համարել, որ այն կառուցել է Օ. Բաղդասարյանը: Ըստ Գնել Հայրապետյանի՝ վկաները եղել են Օ. Բաղդասարյանի ազգականներն ու վերջինիս կողմից ղեկավարվող Հրազդանի «Ճանշին»-ի աշխատողները, որոնց մեծ մասը մինչ այժմ էլ աշխատում են: Վկաները դատարանում ևս նշել են, որ Օնիկ Բաղդասարյանի աշխատակիցներն են: Ընդ որում՝ այդ ցուցմունքները եղել են հակասական և, Հայրապետյանի ասելով, իրականությանը չհամապատասխանող: Օրինակ՝ եռակցող Համլետ Բարսեղյանը իբր մոնտաժել է ռեստորանի ջրի խողովակները, այն դեպքում, երբ խողովակները մետաղապլաստից են և եռակցել հնարավոր չէ: Վկաները շինարարության տարբեր ժամկետներ են նշել: Մեկն ասել է, որ տեսել է Գնել Հայրապետյանին տարածքում առավոտյան և երեկոյան, իսկ նրա հետի աշխատողը ընդհանրապես Գնելին չի տեսել և այլն:

Բացի այդ՝ դատավոր Աղասի Դարբինյանը, առանց փորձագետի եզրակացության, որոշել է, որ կառուցված շինությունը՝  Օ. Բաղդասարյանի ասած ռեստորանային համալիրը, հողին ամրացված հիմնական շինություն է, քանի որ բետոնով ամրացված է հողին: Գնել Հայրապետյանն ասում է, որ  դրանք ժամանակավոր փայտե տաղավարներ են, դրված են բետոնե հիմքի վրա, սակայն չեն կարող համարվել հիմնական շինություն և հանգիստ կարելի է դրանք տեղափոխել: Տաղավարները շահագործվել են իր կողմից և 2008 թ.-ից ամռան ամիսներին  բացօթյա  առևտրի թույլտվություն է ունեցել: «Հաշվի առնելով այն փաստը, որ ք.Ծաղկաձոր, Մ.Մկրտչյան փողոց, թիվ 39 հասցեի շինությունները կառուցվել են բետոնե հիմքերի վրա և ամրացված են հողին` դատարանը փաստում է, որ երրորդ անձի ներկայացուցչի փաստարկը` նշված շինությունները ոչ հիմնական շինություն հանդիսանալու վերաբերյալ, անհիմն է»,-եզրակացրել է դատավոր Դարբինյանը, ով նույնիսկ չի էլ տեսել շինությունը։

Այնինչ, փաստաբան Առաքելյանի խոսքերով՝ միայն վկաների ցուցմունքներով, առանց փորձաքննություն նշանակելու կամ այդ փաստի վերաբերյալ այլ  փաստաթղթային տվյալների առկայության հնարավոր չէ հաստատված համարել ցանկացած շինության այս կամ այն անձի կողմից, այս կամ այն ժամանակ կառուցված լինելը:

Գնել Հայրապետյանն ասում է, որ իր հողատարածքում կառուցված ապօրինի շինություններն օրինականացնելու նպատակով դիմել է փորձագիտական կենտրոն և փորձագետը եզրակացություն է տվել, ըստ որի՝ 2008թ. կառուցված շինությունները եղել են փայտից: Տուֆ քարից, այսինքն՝ հողին ամրակայված  շինությունները կառուցվել են իր կողմից հողը գնելուց և սեփականության իրավունքը գրանցելուց հետո, ինչը չի կարող հողի վաճառքի պայմանագրի ու պետական գրանցման անվավերության հիմք հանդիսանալ:

Բացի այդ, Օնիկ Բաղդասարյանին իր սեփական տարածքից վտարելու պահանջով Հ. Հայրապետյանը դիմել է Հրազդանի ոստիկանության բաժին: Համայնքային ոստիկանության ավագ տեսուչ կապիտան Ա. Հովհաննիսյանի 04.06.2015թ. տվել է եզրակացություն, որով պարզել է, որ  Գնել Հայրապետյանն է  ձեռք բերել և կառուցել հանրային սննդի օբյեկտը: Այն շահագործել է մինչև 2013թ. օգոստոս ամիսը, այնուհետև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Օնիկ Բաղդասարյանի հետ և երկու տարի ժամկետով շահագործման է հանձնել իրեն: Վարչական դատարանը այս այս եզրակացությունը ևս անտեսել է:

Արդյունքում Օնիկ Բաղդասարյանի հայցը բավարարել է մասնակի: Անվավեր է ճանաչել Ծաղկաձորի քաղաքապետի՝ վիճելի հողատարածքը Գնել Հայրապետյանին վաճառելու մասին որոշումը: Անվավեր են ճանաչվել նաև առուվաճառքի պայմանագիրը, Գնել Հայրապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Իսկ Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան 39 հասցեում գտնվող 2700քմ (0.27հա) մակերեսով հողամասի նկատմամբ 2009թ. համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջը մերժվել է:

Հենց այստեղ է, որ Գնել Հայրապետյանը դժգոհում է, թե դատավորը շահագրգռվածություն է ունեցել և իր նախաձեռնությամբ է փոխել հայցի հիմքն ու առարկան: Գ. Հայրապետյանի ներկայացուցիչն ասում է, որ 08.12.2015թ. հայցվոր կողմը դատարան է ներկայացրել իր հիմնական պահանջը, ինչը դատարանի վճռով մերժվել է: Մնացած պահանջները եղել են ածանցյալ, այսինքն՝ հիմնական պահանջից բխող: Ըստ այդմ՝ Օնիկ Բաղդասարյանի հիմնական պահանջը մերժվել է, ուստի այդ պարագայում չէին կարող բավարարվել ածանցյալ պահանջները: Մինչդեռ վճռում կարդում ենք, որ իբր այդ օրը դատարան է ներկայացվել այլ պահանջ, որով հիմնական է դարձել նաև Գնել Հայրապետյանի օգտին կայացված գործարքները անվավեր ճանաչելու պահանջը: Իրենց  ձեռքին է հայցվոր կողմից ներկայացված, ստորագրված պահանջը, որով դատարանի կողմից հիմնական դարձած պահանջը ածանցյալ պահանջ է:

Գնել Հայրապետյանն ասում է, որ դատավորն ինքն է իր նախաձեռնությամբ հայցի հիմքն ու առարկան փոխել, ածանցյալ պահանջը դարձրել հիմնական:

Բացի այդ, Հայրապետյանի խոսքերով՝ դատարանը չի կատարել իրենից կախված անհրաժեշտ բոլոր գործողությունները պարզելու համար՝ արդյոք Օնիկ Բաղդասարյանը վարչական գործով պատշաճ պատասխանող է, թե ոչ, քանի որ հողի վարձակալության վերաբերյալ գրությունները «Հայանտառ» ուղարկվել են ոչ թե Օնիկ Բաղդասարյանի, այլ որդու անունով: Փոխարենը դատարանը, ապացուցված համարելով շինությունները Օնիկ Բաղդասարյանի կողմից կառուցված լինելու հանգամանքը, դրանով իսկ պատշաճ կողմ է փորձել դարձնել հենց նրան:

Գնել Հայրապետյանը դատարանի վճիռը բողոքարկել է վեարչական վերաքննիչ դատարան, որը քննվելու է հունիսին 15-ին:

Աղասի Դարբինյանի լուսանկարը՝ court.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter