HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երջանիկ է նա, ում գործը շարունակում են որդիները

Եթե հաշվի չառնենք հայր-որդի Ալիեւների փոխարինումների հանգամանքը, ապա Ադրբեջանի նախագահական ընտրություններն էլ ընթացան բոլոր նախորդ անգամների նման` ներքաղաքական լարվածություն, տեղական բախումներ, փոխադարձ մեղադրանքներ եւ երկրում պառակտումներով թշնամուն չուրախացնելու կոչեր, հորդորներ: Նույնիսկ գլխավոր մասնակիցների առումով ընտրությունները ոչ մի անակնկալ չմատուցեցին. փորձարկված պայքար արտաքին ու ներքին հասարակություններին լավ ծանոթ դեմքերի միջեւ:

Ոչ մի նոր քաղաքական գործիչ չերեւաց ծանրաքաշների շարքում, ոչ մի նոր վառ դեմք: Չնայած դրա իրական հնարավորությունները եւ կային, եւ չկային: Կային, որովհետեւ ադրբեջանական հասարակության մեջ վաղուց զգացվում էր այդ նորով ոգեւորվելու գրեթե ֆիզիոլոգիական պահանջը, չկային, որովհետեւ ցանկացած նոր գործիչ սովորաբար «փչացվում էր» ի սկզբանե: Ադրբեջանում այս ընտրություններով դրվում էր ոչ թե քաղաքական սերնդափոխության, այլ ալիեւական հսկա ունեցվածքի անձեռնմխելիության հարցը: Իսկ այնտեղ, որտեղ բացի քաղաքականից բախվում են նաեւ ֆինանսական շահերը, պայքարը «եւրոպական նրբագեղության» շրջանակներում պահել հնարավոր չէ: Սա համարենք ադրբեջանական «քաղաքական մենթալիտետի» եւրոպական ընտրական ստանդարտների հետ բախվելու առաջին լուրջ դրսեւորումը:

Ի սկզբանե Իլհամ Ալիեւը քաղաքականության մեջ ներմուծվեց որպես պահուստային տարբերակ: Անկախ այն բանից, որքան կկարողանար ձգել Ալիեւ հայրը (մինչեւ ընտրարշավի հաղթական ավարտը, երդման արարողությունից հետո եւս երեք ամիս, մեկ տարի, թե էլի մի քիչ ավելի), միեւնույն է նրա առողջությունը թույլ չէր տալու գտնվել Բաքվում անընդմեջ եւս հինգ տարի շարունակ: Պահուստային տարբերակն աշխատեցնելու պահանջը զգացվելու էր: Սա բազմափորձ գործիչը հասկանում էր փայլուն կերպով, հետեւաբար պատահական չէր ընտրությունների նախօրեին Իլհամին վարչապետ դարձնելու որոշումը:

Եթե վատանար Ալիեւի առողջությունը ընտրություններից հետո, որպես նախագահի պաշտոնակատար որդին փոխարինելու էր նրան մինչեւ արտահերթ ընտրությունները: Ասում են, որ ընտրություններում հաղթելու համար բավական էր մարդկանց աչքին երեւալ որպես «նախագահ Ալիեւ» եւ հորից հասարակության վրա տարածված սինդրոմն անխափան աշխատելու էր որդու ընտրման օգտին: Մարդիկ սովորաբար չեն խորանում այն բանի մեջ պաշտոնակատա՞ր ես, թե՞ ոչ: Ալիեւի առողջությունը կտրուկ վատացավ այս սցենարից դուրս, կատարվեց այսպես կոչված ոչ արձանագրային քայլ: Որդի Ալիեւը, որը քարոզարշավի մեծ մասն աշխատել էր հոր թեկնածության համար, ստիպված եղավ արագ կողմնորոշվել դժվար իրավիճակում: Ադրբեջանցի լրագրողների վկայությամբ` Իլհամի դեմքին ընտրարշավային մեկ օրից մինչեւ հաջորդ օրը աստիճանաբար հալվում էր հերթապահ ժպիտը, որը կոչված էր արտահայտելու քաղաքական հզոր դեմք դառնալու նրա պատրաստակամությունը:

Երեւի նոր էր զգում, թե ինչ ծանր բեռի տակ էր դեմ տվել իր ուսը: Հոկտեմբերի 15-ին Իլհամին օգնեցին լուծելու ընտանիքի ունեցվածքի ապահովության հարցը:Ավելի լուրջ շարունակականություն նա դրսեւորել չի կարողանա: Ճիշտ է Ադրբեջանից հասնող տեղեկություններն ու թվերը վկայում են ընտրությունների առաջամարտիկի եւ նրա մրցակիցների տվյալների էական տարբերության մասին, սակայն պարզ է, որ այլեւս ավարտված կարելի է համարել ալիեւական դարաշրջանը:

Ընդհանուր առմամբ 34 տարվա կառավարման ժամանակաշրջանը քաղաքականության մեջ մի ամբողջական փուլ էր, որի ընթացքում կարելի էր այնուամենայնիվ աճեցնել արժանի հետնորդին, առանց իշխանության ժառանգման ասիական մոդելի գործադրման: Ինչ է սա ի վերջո տալու Հայաստանին: Ադրբեջանում մի քանի կարգով եւրոպական ստանդարտներին չհամապատասխանելուց ուրախացող հայ վերլուծաբանններին ու գործիչներին կոչ եմ անում չտրվել թեթեւացած շունչ քաշելու գայթակղությանը: Եվ եթե Եվրոպայի գլխավոր դիտորդը հանկարծ որոշի, որ այստեղ պարզապես այլանդակ ընտրություններ են կազմակերպվել, հավատացած եմ, որ նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները տարածվելու են նաեւ մեզ վրա: Պատահական չէ, որ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում այդ գլխավոր դիտորդը նույն մարդն է` Պիտեր Այքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter