HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես է Հայաստանն ամեն տարի ապահովել 500 մլն դոլարի հանքահումքի արտահանումը

Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանի հանքարդյունաբերության մասին իր նոր զեկույցով հիշեցրեց ՀՀ կառավարությանը, որ տնտեսության այս ոլորտը լուրջ միջամտության կարիք ունի։ Անհապաղ նախաձեռնել հանքարդյունաբերության ազգային քաղաքականության մշակման գործընթացը. սա է  «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում- Հայաստան» զեկույցի գլխավոր խորհուրդը։ Դրա հետ մեկտեղ ՀԲ-ն ընդգծում է, որ նման գործընթացն ավարտելու համար կպահանջվի առնվազն մեկ տարի և որոշ քայլեր առաջարկում նշված քաղաքականության մշակման համար։  

ՀԲ-ն արձանագրել է, որ հանքարդյունաբերությունը բավարար չափով չի նպաստում Հայաստանի երկարաժամկետ կայուն զարգացմանը: Այդուամենայնիվ, չի էլ թերագնահատվում այս ոլորտի կարևորությունը Հայաստանի տնտեսության համար։

Եվ այդ կարևորությունը վկայող ցուցանիշներից մեկն էլ, եթե ոչ՝ ամենակարևորը, արտահանման  ցուցանիշն է, որի մասին զեկույցում կարդում ենք. «Հանքարդյունաբերությունը և մետաղների վերամշակման արտադրանքը միակ արտարժույթ բերողն է Հայաստանի տնտեսության համար: 2006-2014 թթ. ընթացքում ընդհանուր ապրանքային արտահանման մեկ երրորդ մասը վերագրվում էր լեռնահանքային և վերամշակման գործունեությանը: Արտահանման արդյունքում ԱՄՆ դոլարի տարեկան ներհոսքը վերջին 5 տարվա ընթացքում կազմել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար»։

Այսքանով առայժմ հանգիստ թողնենք ՀԲ-ի այս զեկույցն՝ առաջիկա հրապարակումներում դրանում տեղ գտած ուշագրավ այլ հատվածներին անդրադառնալու նպատակով, և «բացենք»  500 մլն ԱՄՆ դոլարն ու փորձենք հասկանալ, թե ինչպես է դատարկվել Հայաստանի ընդերքն ամեն տարի այդ 500 մլն դոլարն ապահովելու համար։ Այլ խոսքով՝ այն, ինչի մասին զեկույցում չեք կարդա։  ՀԲ-ի այս ուսումնասիրությունն առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու Հայաստանի արտահանման կազմում հանքահումքային արտադրանքի կշռին, տարիների փոփոխություններին և գործընկերներ-երկրներին։

Ավելի ու ավելի շատ շահագործելով  ընդերքը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները ևս վկայում են, որ հանքահումքային արտադրանքի տեսակարար կշիռը ՀՀ արտահանման կազմում առնվազն վերջին 5 տարում մեծ է եղել։ 2015 թվականին այն կազմել է ավելի քան  31%։

Հանքահումքը ՀՀ-ից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում է։ Ըստ ՀՀ մաքսային ծառայության  տվյալների՝ նշված ցանկում պղնձի խտանյութն առաջին տեղում է։ Հայաստանից ավելի շատ պղինձ է արտահանվում, քան օրինակ՝ ոսկի, կոնյակ, ծխախոտ։  Ոսկին, սակայն, ևս ամենաբարձր մաքսային արժեք ունեցողների ցանկում է։ 2014-2015թթ. այս ցանկում տեղ են գտել նաև մոլիբդենը, ցինկը և թանկարժեք մետաղների հանքանյութը։  

Ընդհանուր հաշվարկով՝ 2015 թվականին նշված հանքահումքային տեսակների արտահանումը Հայաստանից կազմել է ավելի քան 600 մլն ԱՄՆ դոլար։  Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում մեկտեղել ենք վերջին տարիների ցուցանիշները։ Այստեղ երևում է, որ վերջին հինգ տարում՝ 2011 թվականից, մաքսային արժեքի ընդհանուր ցուցանիշի կտրուկ տատանումներ, որպես այդպիսին, չեն գրանցվել։ Փոխարենն, առանձին պարանքների մասով զգալի տատանումներ եղել են, օրինակ՝ պղնձի խտանյութի։

Պատկերը բոլորովին այլ է հանքահումքի արտահանման ֆիզիկական ծավալների մասով, որը կտրուկ աճել է վերջին տարիներին։


Create column charts

Այսպիսով, այս երկու պատկերներն ընդհանուր ցույց են տալիս, որ տարիների ընթացքում հանքահումքի արտահանման ֆիզիկական ծավալներն անընդհատ աճել են, իսկ մաքսային ընդհանուր արժեքը գրեթե նույն մակարդակում է մնացել՝ երբեմն ենթարկվելով ոչ կտրուկ փոփոխությունների։  Մասնավորապես, զգալի է պղնձի խտանյութի արտահանման ֆիզիկական ծավալների ավելացումը։ Բացի այդ, վերջին երկու տարիներին Հայաստանը նորից սկսել է մեծ ծավալի թանկարժեք մետաղի հանքանյութ արտահանել։  

Ինչպես արձանագրել է ՀԲ-ն,  2005-2011 թթ. աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է վերելք, որը մեծապես պայմանավորված էր Չինաստանի պահանջարկով: Վերջին մի քանի տարիներին (2011 թ. ի վեր) տեղի է ունեցել ապրանքների գների աճի դանդաղում և նվազում:

Այսինքն՝ ինֆոգրաֆիկայում ներկայացված տարիներին հանքահումքային արտադրանքի միջազգային գները նվազել են։ Օրինակ՝ պղնձի մեկ տոննայի միջին գինն, ըստ Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների (LME), 2010 թվականին տատանվել է 6,5-9,5 հազ. դոլարի շրջանականերում, իսկ 2015-ին՝ 4,5-6,5 հազ. դոլարի շրջանակներում։ Իսկ Հայաստանն այն երկրների շարքում է, որը բավականին զգայուն է մետաղների համաշխարհային գների նկատմամբ, քանի որ  ինչպես տեսանք, դրա արտահանումից ստացվում են զգալի արտարժութային ռեսուրսներ: Գների նվազման հետևանքով կրճատվում է արտարժույթի ներհոսքը, որն էլ ազդում է է դրամի արժեզրկման վրա: Բացի այդ, հանքարդյունաբերող ձեռնարկությունները Հայաստանում խոշոր հարկատուներ են։ Նրանց վճարած հարկերը, բնականաբար, ուղղակի կապ ունեն մետաղների միջազգային գների հետ, քանի որ եկամուտները կախված են այդ գներից:

Բայց ինչպես տեսնում ենք միջազգային շուկայում գունավոր մետաղների գների նվազմանը զուգահեռ Հայաստանից հանքահումքի արտահանման ծավալներն անընդհատ ավելացել են, ինչի շնորհիվ էլ մաքսային ընդհանուր արժեքի կտրուկ նվազումներ չեն գրանցվել։ Այլ խոսքով՝ արտահանման գումարային ցուցանիշը պահպանվել է  Հայաստանի ընդերքի ավելի ու ավելի արագ տեմպերով դատարկելվու հաշվին։ Այնուամենայնիվ, օրինակ, ֆեռոմոլիբդենի  մասով գնանկումն այնքան մեծ տեմպերով է եղել, որ 2015 թվականին չի հաջողվել ծավալների մեծացման հաշվին լրացնել այդ բացը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը բավականին տուժել է մետաղների գնանկումից, քանի որ եթե նման ֆիզիկական ծավալներով արտահանման ժամանակ միջազգային գները չնվազեին, ապա արտահանումից ստացվող գումարները շատ ավելի մեծ կլինեին։ Եվ եթե միջազգային շուկայում նվազումը շարունակվի առաջիկա տարիներին, ինչը հավանական է, Հայաստանի տնտեսական կորուստներն ավելի մեծ կլինեն՝ չհաշված բնապահպանական մեծ կորուստները, որոնց մասին անընդհատ բարձրաձայնվում է։  Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ Հայաստանին հարկավոր է տնտեսության այլ ճյուղերի զարգացում և միայն հանքարդյունաբերության վրա հույս դնել չի կարելի։  

ՀԲ-ն զեկույցում Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տալիս հանքարդյունաբերության ազգային քաղաքականության մշակման հարցում հաշվի առնել  այս ոլորտի ռիսկերը՝ կապված միջազգային շուկայում գունավոր մետաղների գների հետ։ «Հանքարդյունաբերության ոլորտը ցիկլային է, և վաղ թե ուշ շուկան վերելք կունենա, ի հայտ կգան նոր ներդրումներ: Այժմ բարենպաստ պահ է հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման համար»,- ասվում է զեկույցում։

Չինաստանը, Գերմանիան և Կանադան՝ արտահանման ամենախոշոր շուկաներ

Իսկ ինչ վերաբերում է գործընկերներին, ապա հանքարդյունաբերության ոլորտում արտահանման մասով Հայաստանի հիմնական գործընկերի ցանկը մեծ չէ։ 2015 թվականի տվյալներով՝ առավել խոշոր գործընկերն են Չինաստանը, Գերմանիան և Կանադան։ Ստորև գտնվող նյութում կարող եք տեսնել, թե որ երկիր որքան հանքահումք է արտահանվել Հայաստանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter