HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիզնեսից հեռու արցախցի բրուտը, որ երազում է արվեստանոց ունենալու մասին

«Կավը միայն նյութ չէ, գոյություն է: Կավին պիտի չխաբես»,- գլուխը կախ՝ կավե քանդակի վրա շտկումներ է անում մարտակերտցի կավագործ, քանդակագործ Սերոբ Մամունցը: Սերոբը նստել է արվեստանոցի պատուհանի մոտ, լույսն ընկնում է քանդակի վրա: Մեր զրույցը կավի հունցման պրոցեսի պես է: Սերոբը հարցերին պատասխանում է անշտապ: Հնարավորինս փորձում եմ նրա լռությունը չլցնել հարցերով:

«Կավն ունի աշխատողի բնավորություն: Ինչ կերպ մոտենաս, նույն ձևով պատասխանում է, եթե ուզում ես վիրավորել, ինքը վիրավորում է քեզ… Ինքը միայն նյութ չէ, գոյություն է, շատ ավելի կարևոր ինֆորմացիա է պարունակում, մեր պապերի, հայրերի, նույնիսկ մեր արյունն է ներծծված այնտեղ, իմ կարծիքով՝ կավին դիպչողը արժանի գործ պիտի անի, այլ ոչ թե իր բիզնեսի համար՝ ինչ պատահի»,- քանդակի վրա աշխատելիս բացատրում է Սերոբը:

Այդ ամենը, շարունակում է, մեր նախնիները գիտեին: Օրինակ է բերում, որ արցախցիները կավին լուսնահող են ասել: Այդ մասին շատ է մտածել՝ ինչո՞ւ են անվանել հենց լուսնահող, հետո գտել է պատասխանը. «Կավը, գտնվելով բնության մեջ, արևից կլանում է դրական էներգիան, փոխանցում է այն իր հետ շփվողին»:

Կավի հետ զրուցող արվեստագետը

Սերոբի ու կավի երկխոսությունը դժվար է չնկատել, և սա վերացական չէ: Առհասարակ, կավագործությունն աշխատանք չէ, երկխոսություն է: Զրույցի ընթացքում ժամանակային զգացողությունդ փոխվում է. «Հայտնվում ես մի միջավայրում, որտեղ, կարծես, քո մարմնից դուրս ես գալիս, ուղեղդ աշխատում է ուրիշ արագությամբ, նույնիսկ այդ պահը չես նկատում, հետ գալուց ես նկատում»:

Կավը կլանում է իրեն դիպչողի էմոցիաները՝ և՛ դրականը, և՛ բացասականը, իր հարցերն է տալիս: Սերոբն ասում է, որ երբ զայրացած է լինում կամ վատ տրամադրությամբ, կավին չի մոտենում. դրանից կավը չորանում է, հետո մի բան ջարդվում է: Բացի դրանից, եթե բացասական էներգիայով ես պատրաստում գործդ, հետո ինչ-որ մեկի ձեռքին հայտնվելով՝ վնասում է նրան:

«Վատը թաքցնելով, չես կարող լավ բան ստանալ, անհնար է: Տարիներ հետո քո մարմինը չի լինելու, դու պիտի արժանի գործեր անես, որոնք կմնան քեզնից հետո»,- կավե աշխատանքներով շարված սեղանին մոտենալով՝ ասում է կավագործը:

Սերոբի պատասխանները նման են իր աշխատանքներին՝ կարծես, լավ թրծված լինեն ներսում: Մտածում եմ, որ դրա համար կենսափորձ պիտի ունենա մարդ: Սերոբի տարիքն իմանում եմ միայն զրույցի ընթացքում, երբ պատմում է, որ կավագործությունը ժառանգաբար է անցել իրեն. հայրը Երևանում խեցեգործություն էր սովորել, նրանից էլ մայրն է սովորել (Սերոբի երկու եղբայրներից ավագը ոսկերիչ է, կրտսերը՝ ուսանող):

1993 թ.-ին Մարտակերտում մարտական գործողության ժամանակ հայրը զոհվել է: Այդ ժամանակ Սերոբը 3 տարեկան էր: «Մասունքները չենք գտել, գլխաշորն ու զգեստներից մի քանի բան ենք գտել՝ տարբեր վարկածներ են պատմում զոհվելու մասին...»,- պատմում է նա:

Դպրոցական տարիներին մայրը Մարտակերտի մանկապատանեկան կենտրոնում (այդ կենտրոնի տնօրենն է մինչ օրս) կավագործության խմբակ բացեց, սակայն մի քանի ամիս անց փակվեց, որովհետև աշակերտները քիչ էին: Հիմա դասընթացները դարձյալ վերականգնվել են: Կենտրոնում դասավանդում է Սերոբը կինը՝ Սաթենիկը: Նա նկարչուհի է:

Սերոբը կավագործություն սովորել է ինքնակրթությամբ: Արցախի պետական համալսարանի կերպարվեստի ու գծագրության բաժնում է սովորել (ավարտել է նաև մագիստրատուրան), ասում է՝ որպես առարկա նշված էր խեցեգործությունը, սակայն պրակտիկ աշխատանք չի եղել: Համալսարանն ավարտելուց հետո 6 ամիս գունավոր մետաղների ձևավորման դասընթացներ է անցել, սակայն ավարտական վկայական չի ստացել, քանի որ ծրագրի ֆինանսավորումը դադարեցվեց: Ստացած գիտելիքները հիմա համադրում է կավագործության մեջ՝ կախազարդեր, մատանիներ է պատրաստում:

Կավագործությունը բիզնես չէ

Սերոբին ճանաչողներն ասում են, որ բիզնեսից շատ հեռու է: Երկար ժամանակ ընկերները համոզել են, որ գործերից վաճառի: Երբ նրանք փորձում են ձեռք բերել որևէ գործ, Սերոբը գին չի կարողանում նշել: Կավագործն ասում է՝ դժվարությամբ է բաժանվում իր գործերից, վաճառելուց էլ պարտադիր պետք է իմանա, թե ում մոտ է հայտնվելու աշխատանքը: «Դիմակավոր» մարդկանցից է զգուշանում, անմիջապես զգում է՝ մարդը կեղծավո՞ր է, թե՞ չէ: Իր գործը բարի մարդկանց ձեռքերում պիտի լինի, որ չվնասվի: Ամենաշատը նյարդայնանում է, որ այսօր կավագործությունը բիզնեսի են վերածել:

«Նույն կուժը կարող ես գնել 5000 դրամով կամ ավելի բարձր գնով կամ էլ ընդհանրապես չկարողանաս գնել: Կարևոր է, թե ստեղծագործողն ինչ է փոխանցում, իր զգացմունքները, գաղափարագրերը: Այն, ի վերջո, ժառանգություն թողնելու հնարավորություն է տալիս»,-ասում է կավագործ-քանդակագործը: Դարձյալ ավելացնում է, որ կավե իրերն ավելի երկար են ապրում, քան մնացած նյութերից պատրաստվածները: «Քո դիպուկ խոսքով կարող ես երկարացնել նրա կյանքը: Դարեր հետո կարող են գտնել մեր ստեղծածն ու տեսնել, թե ինչպես ենք ապրել»,- ավելացնում է:

Երազանքների մասին

Սերոբը կավագործության և քանդակի դասընթացներ է անցկացնում Շուշիի հումանիտար քոլեջում, իսկ Ստեփանակերտում բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողնական կենտրոնում կավագործական արտթերապիա է իրականացնում: Իր անձնական արվեստանոցը չունի, դրա համար կենտրոնում աշխատում է նաև դասերից հետո՝ մինչև կեսգիշեր: Աշխատանքն սկսում է առավոտյան ժամը 9-ին՝ քոլեջում, հետո՝ կենտրոնում: Այնտեղ պատրաստած իրերի վաճառքի 50 տոկոսը վճարում է կենտրոնին: Կենտրոնի տնօրենից գոհ է, ասում է, փոխհամաձայնեցված աշխատում են: Կենտրոնում ներդրումներ է արել նաև լիբանանահայ Հովսեփ Արզումանյանը:

«Մեր կենտրոնում տարբեր բնավորության, կարողության, խնդիրներով մարդիկ են գալիս: 10 հոգու նույն կավից գնդեր եմ բաժանել՝ նույն խտությամբ, նույն փափկությամբ, նույն սառնությամբ, սկսել են աշխատել, ով ավելի նյարդային է, նրա կավը շատ շուտ է չորացել, շուտ է տաքացել, իսկ ով բնավորությամբ ավելի հանգիստ է, պարզ է, ավելի սառն է եղել կավը»,- բացատրում է կավագործը:

Սերոբի համար սեփական արվեստանոց ունենալը երազանք է: Ասում եմ՝ իսկ գուցե մեկը կարդա մեր զրույցն ու որոշի արվեստանոց կառուցել: Ժպտում է: Հետո ավելի ուշ իմանում եմ, որ Սերոբն ընտանիքի հետ վարձով է բնակվում Ստեփանակերտում: Ընկերներից մեկն ասում է՝ եթե բիզնեսի վերածի իր գործը, կունենա, բայց Սերոբը հրաժարվում է այդ մտքից:

Կավի հումքը

Արցախցի կավագործը նշում է, որ Արցախում բոլոր կավագործներն աշխատում են իր հումքով, իսկ մինչ այդ Երևանից էին գնում, հիմնականում ռուսական կավ էր: «Դա միայն իմ շնորհքը չէ՝ Հովսեփ Արզումանյանն է սովորեցրել ինձ, միասին սկսեցինք փնտրել կավի հումքը, նա եկել էր Լիբանանից՝ բարեգործական նպատակներով, իր գիտելիքները փոխանցելու մեկին, բարեբախտաբար, այդ մեկը ես էի»,- նկատում է Սերոբը: Ասում է, որ իրենց կավն ամենաշատը երկաթ է պարունակում, ինչը կարևոր է ամրության համար: Կավագործության մեջ թրծման տեխնոլոգիան էլ է կարևոր: Դրանով կարող ես ստանալ նույնիսկ այնպիսի սև կավ, որ թվում է՝ հնէաբանական գտածո է:

Ապրիլի 2-ն ու երկրի ապագան

«Ոչ միայն ապրիլի 2-ին, այլ նաև ապրիլի ընթացքում շատ բան փոխվեց և պիտի փոխվի, մարդիկ պիտի գիտակցեն, որ էսպես չի կարող շարունակվել՝ էդ ամենն անողներն ու չանողները: Եթե շարունակվեց այնպես, ինչպես մինչև հիմա, կործանման ենք գնալու, այդ ամենը դաս էր մեր գիտակցությունը նորից ոտքի կանգնեցնելու համար»,- ասում է բրուտը:

Ապրիլյան առաջին օրերին չէր կարողանում աշխատել: «Հետո բաժակներ սկսեցի պատրաստել, որոնց կոթերը պիտի լինեին մարդկանց տեսքով: Բայց արդյունքում մարդկանց փոխարեն հրեշտակներ ստացվեցին»,- ասում է զրուցակիցս: Հարցնում եմ՝ ի՞նչ է մտածում երկրի ապագայի մասին, պատասխանում է. «Ապագան, չգիտեմ, շատ բարդ է: Մենք, մեզ հույս տալով, ասում ենք՝ լավ է լինելու, իրականում եթե ամեն մեկս մի ներդրում անենք, պիտի ասենք, որ լավ է լինելու, ցանկություններից շատ բան է կախված, ոչ թե դիմակներով պտտվենք ամեն տեղ, այլ ամեն մեկս մեր գործն անենք»:

Հետո խնդրում ենք որևէ աշխատանք անի «չարխով», ուղղում է, թե սարքի անունը դուրգ է կամ կավագործի անիվ: «Չարխ» ասում են բիզնեսմեն-կավագործները: Կավե կուժերից մեկն է ցույց տալիս, որ դեռ պատրաստման ընթացքում է: Դրա պարանոցին ծառ է պատկերված՝ արտահայիչ ճյուղերով, քիչ ներքևում կանայք ու տղամարդիկ են: Թութ թափ տալու տեսարան է: «Այստեղ ամեն մի դետալ իր նշանակությունն ունի՝ մարդկանց քանակը, ճյուղերի քանակը... Բիզնեսմեն-կավագործները գիտեն, թե եթե կուժի վրա գրենք Արցախ, ապա արցախյան կոլորիտ է դառնում: Մինչդեռ հակառակը՝ կոլորիտով պետք է ցույց տալ, թե դա որտեղ է»,- նշում է կավագործը:

Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter