HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ճարտարապետների ուղերձը` Սերժ Սարգսյանին. «Հորդորում ենք անհապաղ դադարեցնել «Զվարթնոց»-ի անհիմն ապամոնտաժումը»

 «Մեծարգո  Նախագահ

 Ճարտարապետության բնագավառում պետական մրցանակների շնորհման գաղափարն ինքնին  պետք է վկայեր, որ մեր երկրում կարևորվում են ազգային մշակույթի զարգացման, ճարտարապետական արժեհամակարգի զորացման, պահպանման ու հանրահռչակման խնդիրները:   Սակայն երբ  մի ձեռքով  խթանվում է նորը, մյուսով` արտոնվում նախորդ նվաճումների կործանումը, ապա իմաստազրկվում է ոչ միայն բնագավառում պետական մրցանակներ շնորհելու գաղափարը, այլև  ընդհանրապես մեզանում ճարտարապետության ոլորտի  կրթական համակարգի առկայությունը, քանզի անհնար է կրթել ազգային ոգով տոգորված սերունդ, եթե նա  հետադարձ հայացքի իր հորիզոնում նախնյաց արարումներ այլևս չունի:

Ուղղորդվելով այս մտայնությամբ, մենք՝  ՀՀ Նախագահին առընթեր հայրենական ճարտարապետության ու քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի շնորհման հանձնախմբի անդամներս, խորապես մտահոգվելով վերջին տասնամյակում հանրապետության ողջ տարածքով մեկ  ճարտարապետության ազգային ժառանգության հանդեպ սեփականատերերի նախաձեռնմամբ սկիզբ առած բարբարոս  վերաբերմունքից, փաստելով խնդրո առիթներով հանրությունում օր օրի հնչեցվող տագնապի ու պահանջի հանդեպ պետական կառույցների թևաթափ կեցվածքն ու անտարբեր պահվածքը, ինչի հետևանքով անդառնալիորեն չքացան պետական պահպանման ցուցակներում ներառված  բազմաթիվ  շենքեր ու շինություններ, որոնց ճակատագրին այժմ արժանանում  է «Զվարթնոց»  օդանավակայանի հոյակերտ համալիրը, վկայելով, որ այս ամենով  կոպտորեն խախտվում են նաև միջպետական մեր պարտավորությունները, որոնք ամրագրված են ճարտարապետական ժառանգության պաշտպանության Եվրոպական  համաձայնագրում և վավերացված ՀՀ Կառավարության  կողմից, գիտակցելով, որ մենք, առաջին հերթին` ճարտարապետներս, կամա թե ակամա դառնում ենք արատավոր այս գործընթացի մեղսակիցն ու մասնակիցը  և հիշեցնելով, որ նման ուղերձով դիմել ենք Ձեզ դեռ 2013-ի մայիսի 20-ին, այժմ որպես բողոքի նշան,  հանդեպ համատարած մշակութային ջարդի հայտարարում ենք ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության  ոլորտում պետական մրցանակների շնորհման ենթահանձնաժողովում մեր անդամակցության դադարեցումը և կոչ  անում սառեցնել այդ ենթահանձնաժողովի գործունեությունն այնքան ժամանակով, քանի դեռ չեն խստացվել ու չեն կիրարկվել Հայաստանի ողջ տիրույթում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը երաշխավորող  օրենսդրական ակտերի անվերապահ կիրառումը:

Այս առնչությամբ, որպես առաջին և անհետաձգելի քայլ, հորդորում ենք  անհապաղ դադարեցնել  Հայաստանի պետական մրցանակի արժանացած ու միջազգայնորեն իբրև 20-րդ դարի երկրոդ կեսի հետխորհրդային տիրույթում իրականացված ճարտարապետական լավագույն կառույցը ճանաչված «Զվարթնոց» օդանավակայանի անհիմն  ապամոնտաժումը՝ մինչ նրա վերագործարկման նախագծի քննարկումն ու հաստատումը: 

Հարգանքով և հուսով՝

Սաշուր Քալաշյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Մկրտիչ Մինասյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Ասլան Մխիթարյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Սարգիս Սարդարյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ,ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Լեվոն Խրիստաֆորյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Աշոտ Ալեքսանյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

 Նունե Չիլինգարյան, Ճարտարապետության թեկնածու, Լիոնի բարձրագույն ազգային ճարտարապետական դպրոցի պրոֆեսոր

Անուշ Տեր-Մինասյան, Ճարտարապետության թեկնածու, ԵՃՇԱՀ դոցենտ

Աշոտ Արշակյան, Ճարտարապետ, ՀՃՄ անդամ

 15  հուլիսի 2016 թ.»:

Ուղերձի ստորագրված տարբերակը կարող եք տեսնել այստեղ

Մեկնաբանություններ (1)

Harry Mardirossian, Architect
The demolition of such an honourable structure is a shame to the present day decision makers who are driven by quick gain capital. It will be a loss to the capital Yerevan, the nation, and equally Soviet era modernist movement masterpiece. Such approach undermines all other values other than capital. This is dangerous trend as it may encompass all similar projects including the Genocide Monument as it occupies an important chunk of urban real estate. Alas all new projects replacing the old have present any intellectual design value. This act will contribute to the impoverishment of Armenian landmarks which should be stopped.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter