HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողի գյուղացի. «Ի՞նչ կապ ունի՝ խճից է կեղտոտվում, թե պոչն եք բաց թողնում, գետը ցեմենտի գույն ունի»

Երեկ երեկոյան Շնողի մշակույթի պալատում կայացած շահառու՝ Թեղուտ և Շնող համայնքերի բնակիչների հետ հանդիպմանը «Թեղուտ» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանը հայտարարեց. «Մենք՝ (նկատի ունի՝ ընկերությունը - հեղ.) մեր ունեցած ցանկացած ծախսի համար այսօր պատասխանատու ենք նաև այլ օղակների առաջ՝ մեզ ֆինանսավորող կազմակերպությունների առաջ: Եվ մենք ֆինանսական պարտավորությունների վերաձևակերպման փուլում ազատ չենք իրականացնելու պարտավորություններ, որոնք  մեզ համար սահմանված չեն օրենսդրորեն: Բայց դա չի նշանակում, որ այդ իրադրությունը անվերջ կլինի, և ընկերությունը չի կարողանա հնարավորինս մոտ ապագայում վերականգնել սոցիալական օժանդակության այն միջոցառումները, որը արել է նախկինում»:

««Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից շահառու համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումը ավելի շատ իմիտացիոն բնույթ է կրում: Նպատակը՝ գալչկա դնեն, որ շահառու համայնքերի բնակիչների հետ հանդիպել են: Երևի դա արտաքին պահանջ ա: Ես այն կարծիքին եմ, որ ճիշտն այն կլիներ, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը ընդհանրապես շահառու համայնքների ժողովրդի հետ շփվեր՝ բնակչության պահանջներին մոտիկից տեղեկանար»,- ասաց Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը:

Շնողցի Լյովա Ալիխանյանի ասելով՝ շահառուների հետ հանդիպումները «Թեղուտ» ՓԲԸ-ին պարտադրված է. «եռամսյակը մեկ ուզած-չուզած գալիս են ստեղ՝ բնակիչների հետ հանդիպելու»: Ընկերության բնապահպանական բաժնի պետ Սուրեն Երիցյանը Հովիկ Սահակյանի ասած «գալչկային» համապատասխան էլ «մի քանի խոսքով, հակիրճ տեղեկություն հաղորդեց ընկերության 2016թ.-ի 1-ին կիսամյակի բնապահպանական պարտավորությունների կատարման մասին: Պարզվեց՝ անցած 6 ամիսներին կազմվել և ընկերության արտաքին գործընկերների հաստատմանն է ներկայացվել նախորդ տարվա կատարված աշխատանքերի բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագրով  նախատեսված աշխատանքերի հաշվետվությունը: Շարունակվում են օդի, ջրի, ինչպես նաև թթվային արտահոսքերի ներուժի գնահատման ուղղությամբ ընկերության մոնիտորինգային և դեռևս 2 տարի առաջ մեկնարկած բնապահպանական ու տեխնիկական անվտանգության կառավարման համակարգերի ներդրման աշխատանքերը: Ս. Երիցյանի ասելով՝ բաց հանքում մակաբացման աշխատանքերի ժամանակ քանդվել և պահեստավորվել է շուրջ 180 հազար տոննա սևահող՝ հետագայում պոչամբարում ռեկուլտիվացիոն աշխատանքերի նպատակով:

Ընկերության բնապահպանական խնդիրներն էլ, ըստ Ս. Երիցյանի, վերաբերում են ջրային ավազանի կախույթային մասնիկների ավելացմանը, որը որոշակիորեն պայմանավորված է խճի ջարդման լվացման տեղամասի աշխատանքերի հետ: «Դրանց արտահոսքերը կանխելու համար կառուցվել են պարզարաններ, բարելավվել է արդեն իսկ նախօրոք կառուցված պարզարանների աշխատանքը, ու այս պահին այդ խնդիրը ըստ էության հասցված է նվազագույնի»,- հայտնեց Ս.Երիցյանը: Վերջինիս հիշեցրինք, որ շնողցիները դժգոհում են հատկապես գիշերները ընկերության կողմից Շնող գետ թափվող պոչանքային հոսքերից:

«Նու, դրանք պոչամբարի հոսքեր չեն, դրանք պարզեցման լճից կատարվող արտահոսքեր են, որոնք տեղի են ունեցել շրջանառու պոմպակայանի պոմպերից մեկի խափանման պատճառով»,-բացատրեց նա: Երիցյանը վստահեցրեց, որ խափանված պոմպը վերանորոգված է, և առաջիկա օրերին այդ խնդիրը ընդհանրապես կվերանա:

«Հողից օգտվող եմ: Երեք տարի առաջ գետի ջրի աղտոտման հարց է բարձրացվել: Պապոյան Ռուբիկն ասավ՝ պարզարան ենք սարքում, դեռ փորձարկում եք: Դեռ փորձարկու՞մ եք, թե՞ պրծել եք: Ես այգի ունեմ, ամեն օր էդ ջրից օգտվում եմ: Ասում եք՝ գիշերը: Գիշեր-միշեր չկա: Գիշերը ո՞րն ա, երեկ գիշեր ջրի գույնը էլ չեմ ասում ինչ գույն էր»,- դժգոհեց Գագիկ Թամազյանը:

«Պարոն Պապոյանի ասած լվացարանները վերաբերվել են խճի լվացման տեղամասին»:- բացատրեց Սուրեն Երիցյանը,- Իմ ասածը վերաբերում է ընդհանուր Շնող գետի աղտոտվածությանը: Ի՞նչ կապ ունի՝ խճից է կեղտոտվում, թե էսօր պոչն եք բաց թողնում, գետը ցեմենտի գույն ունի: Ամեն օր, եթե չլինի, գոնե երկու օրը մեկ լցնում եք գետը»,- վրդովվեց Գագիկ Թամազյանը:

«Այո, եղանակային պայմաններով պայմանավորված կոնկրետ ժամանակահատվածներում ընկերության պոմպակայանի հզորությունը չի բավարարել, որ ընկերության պոչանքային տնտեսության երկրորդային պարզեցման ավազանում կուտակված ջրի ամբողջ ծավալը հետ մղվի արտադրություն և վթարի որոշակի արտանետումներ, այո, տեղի են ունեցել»,- պարզաբանեց Վահրամ Ավագյանը:

«Վթա՞րը: Ես համոզված եմ, որ դա վթարի հետ հեչ կապ չունի: Ես ասում եմ՝ ամբողջ մի տարին գետը աղտոտել եք, վթարը նոր ե՞ք վերացնում: Ես ուշադիր հետևել եմ գետին: Պարբերաբար պոչը գետն է բաց թողնվում»,- պնդեց Գագիկ Թամազյանը:

«Պարո՛ն Ավագյան, երբ Ձեզ խոսելիս լսում եմ, մինչև հանքի շահագործման սկսելը մեր բնության մասին էտենց գեղեցիկ խոսող չի եղել, ինչպես հիմա Դուք էս ավերակ բնության մասին եք խոսում: Շատ գեղեցիկ եք խոսում, ու ավելի սիրուն է ստացվում, քան մինչև այդ էր: Շնող գետը աղտոտվում է պարբերաբար, ինչ էլ դուք ասեք»,- ասաց Վարդան Վարդանյանը: Վերջինս պահանջեց գետի աղտոտումը բացառելու մեխանիզմներ ասել, «Ի՞նչ եք արել հիմա, որ գետի աղտոտումը բացառեք: Դուք ասում եք՝ ստացվել է վթարը, համաձայն եմ: Շնողի ջուրը էսօր օգտագործելու չի, հաստատ: Դուք չեք կարող համոզել, որ  Շնող գետը հիմա ավելի լավն է, քան եղել է առաջ: Եթե ավելի վատն է, քան առաջ, ուրեմն Դուք ունեք Ձեր մեղքը»:

Սուրեն Երիցյանին հարցրինք, թե արդյոք ընկերության արտանետումները շնողցիների այգիների ու դաշտերի վրա վատ ազդեցություն ունենում են: Նրա ասելով՝ այդ ազդեցությունները դժվար է գնահատել:

«Թե մարդկանց վրա դա ինչ ազդեցություն կունենա, իհարկե, չունենք: Որովհետև դա երկարաժամկետ ազդեցություն է, եթե այդ արտահոսքերը երկար ժամանակ շարունակվի, ինչ խոսք՝ այդ ջուրը մաքուր չի: Բայց թե ինչ ազդեցություն կունենա, դա դժվար է գնահատել»,- պատասխանեց Ս. Երիցյանը:

«Եթե հասցված վնասի որևէ ապացույց լինի, որ ընկերության  գործունեությամբ է պայմանավորված, ընկերությունը բնականաբար պատրաստակամորեն կքննարկի փոխահատուցման հնարավորությունները»,- հայտնեց Վահրամ Ավագյանը:

«Ինչպես հայտնի է, տեսչական ստուգումներ արգելված են ընկերություններում՝ վարչապետի հրամանով: Եթե դուք մոնիտորինգ չեք անցկացնում, ինչպես մենք հասկացանք, դուք չունեք ստույգ տվյալներ, ապա ինչպե՞ս պետք է հաշվարկվի այդ վնասը, ինչպե՞ս պետք ստանան այդ արդյունքերը, ո՞ւմ դա պետք է ներկայացվի, և ո՞վ պետք է վերջապես այդ ակտը կազմի և վնասը գնահատի ու փոխհատուցում կատարի գյուղացիներին»,- հարցրեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

«Մոնիտորինգ իրականացվում է, ես ասեցի արդյունքերը, իհարկե, կան: Արդյունքների հիման վրա ազդեցությունը գյուղացիների դաշտերի վրա, դա է դժվար գնահատել»,- բացատրեց Ս.Երիցյանը:

Ինգա Զարաֆյանը խնդրեց մոնիտորինգի արդյունքերը տեղադրել ընկերության կայքում. «Եթե դուք իրոք իրականացնում եք ջրի և օդի մոնիտորինգ, լավ կլինի, որ դա հրապարակված լինի, և մենք հասկանանք՝ ինչ ծավալով է դա գնում»,- պահանջեց բնապահպանը:

Շնողցիները դժգոհեցին «Թեղուտ» ՓԲԸ-ում իրականացվող աշխատողների կրճատումներից: Ընկերության մարդկային ռեսուրսների ծառայության պետ Ֆելիքս Նազարյանի ասելով՝ 2016թ.-ին «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքից կրճատվել է մոտ 25 մարդ: Վերջինս հրաժարվեց հայտնել 2015թ.-ի աշխատանքից կրճատվածների թիվը:

Շնող գյուղը

«Մղդսյան Սուրոյի որդին, որը Թալիշում երկու ամիս զենքը ուսին սահման պահեց, հմի էսօր զինվորի հորը աշխատանքից կրճատել են: Ի՞նչ անենք, ես ու ամուսինս արտագաղթե՞նք»,- հարցրեց  զինվորի մայրը՝ Գայանե Բաղդասարյանը:

Վահրամ Ավագյանին հարցրի, թե ինչու Վալերի Մեջլումյանը չի մասնակցում շահառու համայնքերի բնակիչների հետ հանդիպմանը, երբ վերջիններիս հուզող հարցերը առավելապես առնչվում են «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահին: «Վալերի Մեջլումյանը բազմազբաղ մարդ է և չի կարող ամեն ինչին ժամանակ հատկացնել»,- պատասխանեց Վահրամ Ավագյանը: