HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախընտրական պատմություններ

Կարինե Սիմոնյան

Ընտրակաշառք վետերաններին

Նոր-Նորք համայնքի թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մարտին Հովհաննիսյանը մայիսի 9-ին Հայրենական պատերազմի վետերանների համար կազմակերպել էր տոնական խնջույք: Հյուրասիրությունը կազմակերպվել էր Նոր-Նորքի 1-ին զանգվածում գտնվող Մ. Հովհաննիսյանի խանութում: Վերջում վետերանները ստացան նվերներ` մեկական տուփ ծխախոտ եւ 5000-ական դրամ:

Ընտրակաշառք հաշմանդամներին

Կապանի «Սոսի» հեռուստաընկերության հաղորդագրության մեջ նշված է, որ «Կապանում 60 հաշմանդամ ապահովվել է ձեռնափայտերով, փրոթեզներով եւ օրթոպեդ կոշիկներով։ Երեւանից եկած «Փրոթեզաօրթոպեդիկ» ընկերության մասնագետները տեղում կատարել են չափումներ եւ հաշմանդամներին հանձնել իրենց հասանելիքը»։ Նրանք մեկ օր առաջ եղել էին Գորիսում եւ հաշմանդամներին կոչ էին անում քվեարկել թիվ 52 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Սուրեն Խաչատրյանի օգտին, որին աջակցում է ՀՀԿ- ն։ Կապանում էլ «Փրոթեզաօրթոպեդիկի» մասնագետները խորհուրդ էին տալիս ընտրել հանրապետական Սերժ Մկրտչյանին։

Պատգամավորության թեկնածուն փողոց է ասֆալտապատում

Մայիսի 8-ին Նոր Հաճըն քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ է իրականացվել ԱԺ պատգամավոր, թիվ 44 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ: Ասֆալտապատվել են Նոր Հաճըն քաղաքի գլխավոր փողոցները: Քաղաքացիները գոհ են, որ փողոցներն ասֆալտապատվում են, բայց չեն խոստանում ընտրել Արամ Հարությունյանին։

«Օրինաց երկիրը» նախընտրական կնունքներ է կազմակերպել

Մարտունի քաղաքի «Զանգակ» հեռուստաընկերությունը հաղորդել է «Օրինաց երկիրը» կուսակցությունը իրենց քաղաքում կազմակերպել է կնունք: Երկու տարի է, ինչ «Օրինաց երկիրը» հանրապետությունում երեխաներ մկրտելու նախաձեռնություն է իրականացնում։ Ամեն տարի եկեղեցին կուսակցության միջոցով կնքում է 200 ից - 300 հայ երեխա։ Մայիսի մեկին Մարտունու եկեղեցում մկրտության հերթական արարողությունն էր: Կուսակցության վարչության անդամ Ստեփան Բարսեղյանը կնքվող բոլոր 70 երեխաների քավորն էր։ Երեխաներից յուրաքանչյուրը ստացավ մեկական ոսկե խաչ։ Ստեփան Բարսեղյանը պնդում է, որ կնունքի արարողությունը առնչություն չունի ԱԺ-ի ընտրությունների քարոզարշավի հետ։

Նախընտրական քարոզչությունը գեներատորով

Թիվ 12 ընտրատարածքում (Երեւան, Շենգավիթ) ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութը) ամեն ինչ անում է իր հիմնական մրցակից, անկուսակցական Վերսանդիկ Հակոբյանի քարոզարշավը տապալելու համար: Հ.Ղարագյոզյանի կողմնակիցները մայիսի 12-ին փորձել են ձախողել Վ. Հակոբյանի Նորագավիթի ընտրողների հետ նախատեսված հանդիպումը։ Հ. Ղարագյոզյանի եղբայրը մի խումբ մարդկանց հետ ծեծի են ենթարկել հանդիպումը կազմակերպող անձանց: Կարամելի Հարութի եղբայրը անձամբ է ծեծել կազմակերպիչներից մեկին` Նորիկ Սարգսյանին: Այնուհանդերձ ընտրողների հետ հանդիպումը կայացել է: Տարածքը հոսանքազրկվել է, իսկ կազմակերպիչները բարձրախոսները միացնելու համար ստիպված են եղել բերել գեներատոր: Ըստ մեր ունեցած տեղեկությունների այս ընտրատարածքում ճնշումներ են գործադրվում նաեւ հանձաժողովի որոշ անդամների նկատմամբ:

Սպառնալիքները կարող են փոխել ընտրությունների ելքը

Թիվ 40 ընտրատարածքում(Ալավերդի) մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածու Համլետ Թամազյանի շտաբի պետ Ֆ. Կոստանդյանը դիմում-բողոքով դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահ Ա. Սահրադյանին։ Դիմումի մեջ նշված է, որ ընտրատարածքի 51 տեղամասերից 19-ում դեռ չկան գործավարության մատյաններ։ Ըստ նախընտրական շտաբի դիտարկումների, Լոռու մարզպետն ու Ալավերդու քաղաքապետը, խախտելով ԸՕ, իրենց աշխատակիցներով աշխատանքային ժամերին քարոզչություն են կատարում դպրոցներում, բուժ.հիմնարկներում եվ մարզպետարանի ու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող այլ հիմնարկ-ձեռնարկություններում՝ դրանով ճնշում գործադրելով տնօրենների ու ղեկավարների վրա։ Ըստ շտաբի ղեկավարի, նրանք պահանջում են ամբողջ կոլեկտիվով քվեարկել ԱԺ պատգամավորության թեկնածու Հովհաննես Քոչինյանի օգտին։ «Ճնշումների հիմնական թիրախ են դառնում աշխատանք ունեցող մարդիկ, որոնց սպառնում են չենթարկվելու դեպքում ազատել աշխատանքից»,- ասված է դիմում-բողոքի մեջ։ Որպես օրինակ նշված է, որ Ալավերդու թիվ 12 դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը սպառնացել է դպրոցի ավարտական դասարանի աշակերտներին քննությունների ցածր գնահատականներով, եթե նրանք փորձեն մասնակցել Համլետ Թամազյանի կողմից կազմակերպվող միջոցառումներին կամ ավելին. ձայն չտալ Հովհ. Քոչինյանին։ Հիշեցնենք, որ Հ. Քոչինյանն ԱԺ պատգամավոր է եւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը։

Համլետ Թամազյանի կողմնակիցները գտնում են, որ այս ամենը արհեստական լարվածություն է ստեղծում ընտրողների շրջանում։ Դիմումի մեջ նախընտրական շտաբը հայցում է ԿԸՀ աջակցությունն ու միջամտությունը ընտրությունները ՀՀ ԸՕ-ին համահունչ անցկացնելու համար։

Գովասանքներ ախոյանի հասցեին կամ նախընտրական խորամանկություն

Թիվ 40 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Հովհաննես Քոչինյանն սկսել է նախընտրական քարոզարշավներում գովաբանել իր հավերժ ախոյանին՝ ԱԺ պատգամավորության թեկնածու Լարիսա Փարեմուզյանին։

1999թ. ի վեր Լարիսա Փարեմուզյանը Քոչինյան եղբայրների հիմնական մասսայական ընդդիմախոսն է։ Բոլոր ընտրական պայքարներում եղբայրներին հաղթելու Փարեմուզյանի ձգտումներն ապարդյուն են անցել։ Նա դրա պատճառը համարում է մարզպետ Հենրիկ Քոչինյանի կողմից պաշտոնական լծակների կիրառումը, ու գտնում է, որ բոլոր դեպքերում ինքը բարոյական հաղթանակներ է տարել։ Այս ընտրապայքարում Լ. Փարեմուզյանի հիմնական մրցակից համարվելու շանսերը փոքր-ինչ նվազ են։ Քոչինյանների հակահարվածները հիմնականում ուղղված են Ալավերդու պատվավոր քաղաքացի, բժիշկ-պրոֆեսոր Համլետ Թամազյանին։ Ուստի, եթե նախորդ ընտրություններում Լ. Փարեմուզյանի հասցեին ուղղորդում էին անձնականից մինչեւ քաղաքական մեղադրանքներ, ապա այժմ (հատկապես վերջին օրերին) ընտրողների հետ իր բոլոր հանդիպումներում Հովհ. Քոչինյանն ընդգծում է, որ 4 թեկնածուներից միայն ինքն ու Լ. Փարեմուզյանն են, որ ունեն քաղաքական հստակ դիրքորոշում եւ նախընտրական ծրագիր։ Լ. Փարեմուզյանն առաջադրվել է «Արդարություն» դաշինքի կողմից։ Քոչինյանները քաջ գիտակցում են, որ Փարեմուզյանին տրված ձայները Համլետ Թամազյանի հաշվին են լինելու։

 Ի դեպ Համլետ Թամազյանի ու Լարիսա Փարեմուզյանի համատեղ գործելու փորձերն առայժմ արդյունք չեն տվել, բայց ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ Հովհաննես Քոչինյանին հաղթելու հարցում նրանք խանգարում են միմյանց։

Նախընտրական շոու Ալավերդի քաղաքում

«Բազե» համահայկական երիտասարդական շարժումն իր հերթական համերգային ծրագիրը բերել էր Ալավերդի քաղաք։ Ռիթմիկ երգն ու երաժշտությունն ընդմիջվում էին նախընտրական կոչերով։ Բայց հանդիսատեսները հաճախ ստիպված էին շտկել ելույթ ունեցողների սխալ ձեւակերպումները։ Համերգավարներից մեկը ձայնի ողջ ուժգնությամբ վանկարկում էր Լոռու մարզպետի անունը։ Հանդիսատեսները կանխեցին՝ տեղեկացնելով, որ ԱԺ պատգամավորության թեկնածուն ոչ թե Հենրիկ Քոչինյանն է, այլ նրա եղբայրը։ Երգչուհի Մայա Մարգարյանն իրենց նախընտրական համերգների վերջին օրը շփոթել էր ընտրությունների օրվա հետ, եւ կոչ էր անում մայիսի 23-ին իրենց ձայնը տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter