HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրակաշառքների մարաթոն

«Ես վստահ եմ, որ էս ընտրությունների ժամանակ էլ են խախտումներ լինելու: Ինչքան նախագահական ընտրություններն արդար անցան, էնքան էլ խորհրդարանականը կանցնի. ձուկը գլխից է նեխած»,- ասում է Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Վիգեն Կիրակոսյանը: Պատգամավորության թեկնածուները փորձում են ամեն կերպ հավատ ներշնչել եւ, ինչպես ժողովուրդն է ասում, «ձայն փախցնել»:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում թեկնածուների մեծ մասը մրցում են ոչ թե ծրագրերով, այլ ընտրակաշառքներով: Իսկ ընտրակաշառք ասելով՝ արդեն կարող ենք պատկերացնել՝ ջրաչափ, ալյուր, օղի, շաքարավազ, գոմաղբ, պարարտանյութ, բուժօգնություն, ճաշկերույթ եւ այլն: Ընտրությունների նախօրեին տարբեր տեղամասերում հակառակորդ թեկնածուների միջեւ ծեծկռտուքներ են լինում: Մայիսի 7-ին՝ կեսգիշերին մոտ, թիվ 45 ընտրատարածքում պատգամավորական թեկնածու Մելիք Մանուկյանի կենտրոնական շտաբ է ներխուժել թեկնածու Վրեժ Շահգելդյանը՝ տասնյակ կողմնակիցներով: Այդ ժամանակ Մելիք Մանուկյանը շտաբում չի եղել: Ծեծկռտուքի արդյունքում մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ:

Թիվ 45 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված են 6 թեկնածու՝ Արամ Գեղամյան, Լիանա Դալլաքյան, Հովհաննես Հովհաննիսյան, Մելիք Մանուկյան, Վրեժ Շահգելդյան, Հրայր Պետրոսյան: Այս ընտրատարածքն ընդգրկում է Կոտայքի մարզի 26 գյուղ եւ Բյուրեղավան քաղաքը: Հիմնական մրցակցության մեջ են Վրեժ Շահգելդյանն ու Մելիք Մանուկյանը:

Վրեժ Շահգելդյանն ԱԺ պատգամավոր է: Նա «Սկյուռիկ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահն է եւ ղեկավարում է Ձորաղբյուրի թիվ 1 անասնապահական ֆերմայի աշխատանքները: Վ. Շահգելդյանն ամեն գնով փորձում է վերընտրվել: Արդեն մի քանի շաբաթ Բյուրեղավանում կազմում են «ընտրակաշառքի ցուցակներ»: Նրան ընտրողներն իրենց ցանկությամբ ստանալու են ջրաչափ կամ մի պարկ ալյուր: Քաղաքի փողոցների բարեկարգման համար խոստացել է 20-30 մեքենա ասֆալտ: Մեր ունեցած տվյալներով՝ 50մլն դրամ է հատկացրել քաղաքի գազաֆիկացման համար:

Մելիք Մանուկյանը ղեկավարում է «Սարանիստ» ՍՊԸ-ն, որը հիմնականում զբաղվում է ապակյա տարաների արտադրությամբ: Մ. Մանուկյանը նույնպես զերծ չի մնում կաշառքներից: Նա առաջարկում է ընտրակաշառքի յուրօրինակ չափ՝ «Վրեժ Շահգելդյանի տված կաշառքին գումարած 3000 դրամ»:

«Էսքան տարի Վրեժ Շահգելդյանը մի գործ չի արել: Միայն մայիսի 9-ին զոհվածների հուշարձանին ծաղկեպսակ է դնում: Հիմա էլ փորձում է մեզ կաշառել, բայց մեր գյուղը չի կաշառվի»,- ասում են Կամարիսի բնակիչները: Գյուղացիների զգալի մասն իր ձայնը տալու է Մելիք Մանուկյանին: Նա դեռ երկու ամիս առաջ Կամարիսում ալեհավաք (անտենա) է տեղադրել, դպրոցին խոստացել է վերանորոգել մարզադահլիճը: 1430 ընտրող ունի Կամարիս գյուղը: Բնակիչների ասելով՝ արդար ընտրությունների դեպքում Վրեժ Շահգելդյանը կպարտվի: «Նա, ով ասում է՝ այսօր փողով ձայներն եմ վերցրել, վաղը ձեր կանանց կվերցնեմ, իրավունք չունի պատգամավոր լինելու»,- ասում էր գյուղաբնակ Վիգեն Կիրակոսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter