HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեւհատ Գրիգորյան

Արդարություն փնտրելիս

«Ոչ փաստաթղթով, բայց հոգով ու սրտով մեր կառավարությունը, ձեր նախագահը»,- Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի մանկավարժ Հասմիկ Ղազարյանը այս կերպ ներկայացրեց «Արդարություն» դաշինքի առաջնորդներին եւ Ստեփան Դեմիրճյանին իր համագյուղացիներին: Այլ բնակավայրերում եթե նույնիսկ այս բառերով չեն ձեւակերպում, միեւնույն է, միտքը սա է: Ժողովուրդը որոշել է, որ հանրապետության նախագահ ընտրվել է Ստեփան Դեմիրճյանը եւ իր որոշումից չի ուզում հետ կանգնել, թեեւ դեռ հարց է՝ իսկ տեր կկանգնի՞ իր այդ նույն որոշմանը: Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում մեկը իրենց պրոբլեմները գրի էր առել եւ պատրաստվում էր այդ նամակը հանձնել «Արդարություն» դաշինքի ղեկավարներին:

Առնվազն զարմանալի էր, որ իրենց պրոբլեմների լուծումը գյուղացիները կապում էին ընդդիմության հետ: «Ի՞նչ անենք. իշխանություններին չենք հավատում: Էնքան ենք ասել, գրել նրանց: Ոչ մի օգուտ»: Ինչ օգուտ կունենան գյուղացիները «Արդարություն» դաշինքից, մանավանդ եթե վերջինս հաջողացնի մեծամասնություն կազմել խորհրդարանում եւ կառավարություն ձեւավորել: Համենայն դեպս խիստ անբարեկարգ ճանապարհներով Սեւանի տարածաշրջան հասնելուն պես ընդդիմության առաջնորդ Ստ. Դեմիրճյանը նեղսրտեց առանց հասցեատիրոջը ճշտելու.«Մի հատ ճանապարհ չէ՞ր կարելի սարքել»: Այնուհետեւ իհարկե անմիջապես վրա բերեց.« Երկիրը կանգնեցնել պետք է սկսել գյուղից»:

 Իր այցելած բոլոր բնակավայրերում Ստ. Դեմիրճյանին ընդունում են ավելի հաճախ նրա ոտքերի տակ ոչխար մորթելով, քան աղուհացով: Իսկ նման հանդիպումներին մեր դիտարկումներով ամենաշատը երեխաներն են լինում, որոնց համար հանդիպման ժամերին դպրոցում դասերն ընդհատվում են: Ոչխարը, որպես կանոն, մորթվում է ամենակենտրոնական տեղում եւ հետո մինչեւ հանդիպման ավարտ մնում է թարմ արյան լճակը: «Արդարություն» դաշինքը ժողովրդի հետ հանդիպումներին, հատկապես մարզերում մի քանի խնդիր ունի ներկայացնելու.ա) պարզաբանել սահմանադրական փոփոխությունների էությունը եւ կոչ անել դեմ քվեարկել դրանց; բ) զգուշացնել շուկայում կեղծ ընդդիմության առկայության մասին; գ) զգուշացնել, Վարդան Գրիգորյանի բնորոշմամբ, «կոոպերատիվ «Արդարության» գոյության մասին; դ)հավաստիացնել, որ Սահմանադրական Դատարանը Ռոբերտ Քոչարյանին մեկ տարի ժամկետ է տվել:

 Մնացյալը ածանցվում են սրանցից:

Ընդդիմությունից ժողովրդի ակնկալիքները համենայն դեպս հենց հանդիպումներին բավական համեստ են. մեր այցելած բոլոր բնակավայրերում պահանջում էին « ժիվոյ Արշակ Սադոյան»: Վերջինիս, որպես կանոն, ընդդիմությունը վերցնում է մարզեր այցելելիս: Ծափերի ուժգնությունից սակայն դատելով, ամենաբարձր ռեյտինգը անվերապահորեն Ստ. Դեմիրճյանինն է, երկրորդ տեղում Արամ Զ. Սարգսյանն է, երրորդում (եթե ներկա է) Արամ Կարապետյանը, եթե ոչ՝ Արշակ Սադոյանը: Վերջինս Կաթնաղբյուրում հայտարարեց.« Եթե ԱԺ-ում մեծամասնություն լինենք, մի ամսից բոլոր խնդիրները կլուծենք»: Եւ մատնանշեց դրան հասնելու ուղին.«Ամենակարեւորը՝ ոչ ասեք Քոչարյանի Սահմանադրությանը: Եթե նրա Սահմանադրությանը ոչ ասեք, միանգամից նրա տնակը փլվելու է»:

Նման այցելություններին լրագրող արդեն երկրորդ-երրորդ գյուղում կարող է հանգիստ չլսել հռետորներին եւ գյուղացիներից տեղեկանալ նրանց պրոբլեմների մասին. ելույթները ձանձրացնելու աստիճան կրկնվում են, իսկ գյուղացիներն այդ ընթացքում, միեւնույն է շատ հազվադեպ են ամբիոնից բարձրաձայնում իրենց խնդիրները: Երբեմն պատահում է, որ առաջնորդներին դիմավորելիս կամ ճանապարհելիս մարդիկ « կալմեջ են անում» հյուրերին եւ պատմում իրենց դարդերից: Դդմաշենում Վազգեն Մանուկյանն ասաց.« Մենք այս երկրում ենք ապրում. տեսնում ենք պրոբլեմները: Կարող ենք նաեւ ելքը տեսնել»: Գեղամավանում պրն Դեմիրճյանը ասաց.« Եթե նրանք (իշխանությունները- Ա.Գ.) չեն մտածում, էդ չի նշանակում, որ մենք էլ չպետք է մտածենք ժողովրդի հոգսը թեթեւացնելու մասին»: Իսկ այդ ժողովրդից արդեն պատրաստվում են մեկնել Հայաստանից, եթե այս մի ընտրություններին էլ խաբվեն:

Ընդ որում, խաբվել ասելով նկատի էին ունենում ոչ միայն հնարավոր ընտրակեղծիքները, այլեւ այն, որ ընդդիմությունը իշխանության գալով կարող է չարդարացնել իրենց սպասելիքները: Թալին քաղաքում մի պապիկ կանխատեսեց, որ մինչեւ ընտրություններն էլ մարդիկ երկիրը կլքեն. « Թալինում մինչեւ 1988թ. 10 հազար բնակչություն կար, հիմա երեք հազար էլ չի լինի: Մի 100-ն էլ մինչեւ ընտրություններ կգնան»: Իսկ ո՞վ պիտի մնա ու պայքարի երկրի ու ժողովրդի բարեկեցության համար՝ այս մասին տարբեր պատկերացումեր կային մարզերում: «Մենք ի՞նչ անենք.իրանք (ընդդիմությունը- Ա.Գ.) պիտի պայքարեն»: Կամ՝« Ժողովուրդը գիտե՞ք ինչ տեսակետով ա մեղավոր: Իրա ձայնը մաքուր տվել էր (Դեմիրճյանին- Ա.Գ.), պտի տենց էլ մասսայաբար հըլներ-կայներ, գերանդիով, փոցխով, եղանով իրա ձայնին տեր կայներ»:

Մարզերի քաղաքային բնակավայրերում ժողովրդին ավելի հեշտ են խեղճացնում: Գյուղերում նրանք գոնե կարող են հող մշակելով վաստակել իրենց օրվա հացը առանց շահույթ ստանալու, իսկ քաղաքներում աշխատատեղերն այնքան սահմանափակ են, որ դրանցով հանգիստ շանտաժի են ենթարկում, հատկապես ընտրությունների շեմին: Սեւանում, օրինակ, մարդիկ պատմում էին, որ æերմուկի նորաբաց թունելում աշխատել հնարավոր չէ, քանի որ չի գործում օդափոխիչ համակարգ: Մարդիկ մի քանի ժամ աշխատելուց հետո շնչահեղձ են լինում, դուրս են գալիս թունելից, մի 2 ժամ օդ շնչում, նորից շարունակում աշխատանքը:

Սակայն նրանցից ոչ ոք չի փորձում բողոքել, որովհետեւ նախկինում գործատուն այդ փորձերի դեմն առել է՝ հայտարարելով, որ կհեռացնի դժգոհներին. «Դու չաշխատես, մյուսը կաշխատի, էնքան պարապ մարդ կա»: Նույնը՝ Թալին քաղաքում: Միջին տարիքի մի տղամարդ բողոքում էր, թե ինչպես են իր 22-ամյա որդուն շահագործում ադամանդի մշակման գործարանում՝ մեկ հատ քարի մշակումը գնահատելով յոթ դրամ, աշխատեցնելով շաբաթը վեց օր, օրական տասը-տաս ու կես ժամ: Բայց նա չի հրաժարվի այդ աշխատանքից, որովհետե ընտանիքի միակ աշխատողն է: «Ժողովրդի 80 տոկոսը դուրս է գնալու, որովհետեւ ժողովրդին նեղում են»,- ասացին Սեւանում:

Արամ Գ. Սարգսյանը Դդմաշենում ասաց. «Ժողովուրդը ճնշումներին կդիմանա, եթե իմանա, որ արդարություն կհաստատվի»: Իսկ եթե արդարությունը «Արդարության» հետ չհաստատվի՞: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter