HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Արվեստագետները փորձում են քաղաքը ֆունկցիոնալ դարձնել

Քաղաքի լքված շինություններում և գործարաններում, դատարկ տարածություններում և հանրային վայրերում սկսվում է «Գործածելով քաղաքը» կամ "City in Use" նախագիծը: Հենց այս ընդհանուր խորագրի ներքո` լեհական The Other Space Foundation-ը, «AICA Հայաստան»-ը, «Արվարձան» մշակութային կենտրոնը և «Ուտոպիանա» հ/կ-ն իրականացնում են քննարկումների, շնորհանդեսների, ցուցադրությունների եւ գործողությունների շարք:

Գուցեեւ քաղաքի բնակիչներին արվեստը ներկայացնելու այս ոչ ստանդարտ ձեւը թվա տարօրինակ, այնուամենայնիվ, կազմակերպիչների կարծիքով` քաղաքային տարածքներում կազմակերպվող շարքը կբերի ժամանակակից արվեստի ներկայացման այլընտրանքային ուղիների ստեղծմանը:

Կազմակերպիչները նշում են, որ ներկայիս իրավիճակը հիշեցնում է 80-ականները, «պերեստրոյկայի» ընթացքն ու դրան նախորդող շրջանը, երբ արվեստագետները ցուցահանդեսներ էին կազմակերպում լքված շենքերում ու զբոսայգիներում, քանզի տարածքներ չկային ավանգարդ կամ ժամանակակից արվեստի համար: 90-ականներին, մեկը մյուսի ետևից երևան եկող հաստատությունների շքերթը նպաստեց ինստիտուցիոնալ «բումին»: Այդ հաստատությունների մի մասն այսօր փակ է, մյուսները ֆինանսավորման խնդիրներ ունեն:

Ցուցահանդեսների համադրողը Եվա Խաչատրյանն է: Գործողությունները, ցուցահանդեսներն ու քննարկումները անցկացվելու են նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցում եւ «AJZ տեղ» կենտրոնում:

Նախագծի շրջանակներում այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խմբային քննարկում էր «Վերջին տարիների հանրային տարածքի փոխակերպումները Երեւանում» թեմայով: Խոսնակներն էին Վարդան Ջալոյանը, Հրաչ Բայադյանը, Սուսաննա Գյուլամիրյանը, Վահրամ Աղասյանը, Միսակ Խոստիկյանը:

Այլընտրանքային վայրերի ստեղծման մեծ անհրաժեշտությունը կազմակերպիչները կապում են այն փաստի հետ, որ արվեստագետներից և համադրողներից շատերը չեն կարողանում իրենց գործունեությանը համապատասխան ցուցասրահներ գտնել:

Մյուս կողմից, նախագծի կազմակերպիչները փաստում են նաեւ հանրային գիտակցության ի հայտ գալը, եւ 2008 թ. մարտի 1-ից հետո դրա բացահայտ դառնալը: Ասել է, թե` քաղաքական ցույցերին զուգահեռ դիմադրությունն արտահայտվում է նաև սոցիալական և մշակութային մակարդակներում: Այսպիսով, արվեստագետները, գնահատելով Հայաստանի քաղաքական ու սոցիալական ներկա իրավիճակը, կարծում են, որ սոցիալ-մշակութային փոփոխությունները ծնում են հանրային միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտություն:

«Արդիականացնելով բացօթյա ցուցադրություններն ու site-specific նախագծերը, մենք կոչ ենք անում ստեղծել համագործակցության և ստեղծագործականության վրա հիմնված նոր ինստիտուցիոնալ կառույցներ: Նախագծի գլխավոր նպատակը արտիստական գործունեության համար բաց եւ մատչելի տարածքների որոնումն է` քաղաքային տարածության հետազոտության միջոցով: Նախագծի ընթացքում մենք կփորձենք արտիստական տեսանկյունից ֆունկցիոնալ դարձնել քաղաքը», – գրված է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Նախագիծն իրականացվում է «Տրանսկովկաս» մշակութային միջոցառման շրջանակներում, որը մեկնարկել է Վարշավայում, 2004-ին: Նախագիծը ֆինանսավորվել է Եվրախորհրդի աջակցությամբ, 2007-2013 թթ. Մշակութային ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter