HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ե. Պետրոսյանին ձերբակալելու որոշումը ներկայացվել է անվասայլակով հիվանդանոց տեղափոխելիս

Արդեն տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք փորձել են բերման ենթարկել Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանին:

Նրա՝ «Հետք»-ի հետ ունեցած զրույցից մեկ ժամ անց ոստիկանները Պետրոսյանին ձերբակալելու որոշում են ներկայացրել: Եղիշե Պետրոսյանի փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ դեռ հուլիսի 30-ի առավոտից Պետրոսյանի բնակարանի դիմաց ոստիկաններ են կանգնած եղել՝ մի քանի անգամ փորձելով մուտք գործել նրա բնակարան: Սակայն ոստիկանները չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, բերման ենթրակելու, բնակարան մուտք գործելու որոշում, այդ պատճառով Պետրոսյանի ընտանիքի անդամները ոստիկաններին արգելել են հանդիպել նրան:

Միայն ժամը 20:00-ի սահմաններում Պետրոսյանին ներկայացվել է քննիչի կողմից կայացված որոշում, որով պետք է ձերբակալեին Պետրոսյանին՝ որպես հիմք ներկայացնելով՝ անհայտ է Եղիշե Պետրոսյանի գտնվելու վայրը: Քննիչի որոշումը ներկայացվել է այն ժամանակ, երբ անվասայլակով նրան հիվանդանոց տեղափոխելիս են եղել:

Հիվանդանոց տեղափոխելիս Պետրոսյանի առողջական վիճակը, ըստ փաստաբանի, շատ վատ է եղել, անգամ ոտքի կանգնել չի կարողացել: Ոստիկանների ներկայությամբ ժամեր շարունակ բժիշկները հետազոտել են Պետրոսյանին, որից հետո բժիշկները պնդել են՝ նրան անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում: Այնուհետ մի խումբ ոստիկաններ հեռացել են հիվանդանոցից, և մինչ այժմ նրա հիվանդասենյակում հերթապահում է երկու ոստիկան:

Այժմ նա գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Վարոսյանը երեկ է տեսակցել իր պաշտպանյալին, ասում է՝ երեկ, նախորդ օրերի համեմատ, Պետրոսյանի առողջական վիճակում բացասական դինամիկա է գրանցվել:

Այժմ նրա նկատմամբ 72-ժամյա կալանքի որոշում է կայացվել: Կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Փաստաբանը դիտել է Եղիշե Պետրոսյանի՝ հուլիսի 29-ին ունեցած ելույթները և համոզված կարող է ասել՝ Պետրոսյանին իրականությունից կտրված կասկածանք է առաջադրվել, դրանում օրինական հիմք չկա: Նա կարծում է՝ սա որոշ մարդկանց որոշ ժամանակով հասարակությունից մեկուսացնելու նպատակ է հետապնդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter