HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավիթ Հովհաննիսյանի դեմ ցուցմունք են տվել երկու ոստիկաններ

Հուլիսի 30-ին իր բնակարանից բերման է ենթարկվել «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը և Քննչական կոմիտեում ձերբակալվել: Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը երեկ է տեսակցել իր պաշտպանյալին, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար: Փաստաբանի խոսքով, այս պահին Դավիթին միայն մտահոգում է այն հանգամանքը, որ իր նկատմամբ հետապնդում է տեղի ունենում ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարթությունում:

Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ  մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Փաստաբանը ծանոթացել է գործի հանգամանքներին: Մեղադրանքի երկու էջ նյութերում նկարագրվում է դեպքի մանրամասները և միայն մեկ տողով, վերջում նշվում ՝ Դավիթ Հովհաննիսյանը մասնակցել է զանգվածային անկարգությունների: Հովիկ Արսենյանը պարզել է, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք են տվել երկու ոստիկաններ:

«Նրանք նշել են՝ բախումների ժամանակ ճանաչեցինք ցույցի մասնակից Դավիթ Հովհաննիսյանին: Պատկերացնում եք, այս ժամանակահատվածում այսքան տեսանկարահանումներ են եղել, և, երբ համադրում ես փաստերը, անկհայտ է՝ Հովհաննիսյանը որևէ գործողություն չի կատարել, անգամ երբ սկսվել են Սարի թաղի խժդժությունները, դեպքի վայրից նա հեռացել է: Բայց հանկարծ երկու ոստիկան ցուցմունք է տալիս, թե անկարգությունների ժամանակ ճանաչեցինք Հովհաննիսյանին»,-«Հետք»-ի հետ զրույցում նշում է Արսենյանը:

Փաստաբանը շեշտում է՝ ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, իր պաշտպանյալը ևս իրավունք ուներ մասնակցելու խաղաղ երթի, և այդ հանգամանքը նրան ձերբակալելու պատճառ չպետք է հանդիսանար: Արսենյանը  իշխանություններին հորդորում է ողջամիտ գտնվել և իրավիճակը մեղմելու նպատակով ազատ արձակել քաղաքական հետապնդման արդյունքում ձերբակալված անձանց:

Լուսանկարը՝ 1in.am-ի

Մեկնաբանություններ (2)

Լեվոն
lusik, կարող եք՞ ճշել, որ զարգացած երկների մասին եք խոսում:
lusik
Զարգացած երկրներում քրեական գործ չի հարուցվում հիմք ընդունելով ոստիկանների ցուցմունքը: Երևի շատ գործեր կգնան եվրոդատարան և մարդիկ կարդարացվեն ստանալով փոխհատուցում Հայաստանից: Բայց ինչպե՞ս կարող է հատուցվի անազության մեջ անցկացրած այդ մարդկանց տառապանքը :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter