HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաճաճկուտցի բազմանդամ ընտանիքի 7 երեխաների երազանքը կրթություն ստանալն է

Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի համայնքապետ Միքայել Թամազյանն ուղեկցում է մեզ գյուղի բազմանդամ ընտանիքներից մեկը։ Ճանապարհին նա որոշ դրվագներ է պատմում Սամվել (Արարատ) Պողոսյանի ընտանիքի մասին։ Պողոսյանները յոթ երեխա ունեն։ Ասում է՝ չնայած ընտանիքն անապահով է, բայց երեխաներից ոչ մեկի աչքը դուրսը չէ․ «Մի դաստիարակված, մի շնորհքով, սովորող երեխեք են։ Անապահով են, բայց ոչ մեկը ոչ մի գողության, ոչ մի բան․․․»։

Տանը Սամվելն է դիմավորում մեզ, առաջ տանում զրույցը։ Պատմում է, որ 2001 թվականին մեկնել են Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաք և 7 տարի մնալուց հետո վերադարձել Կաճաճկուտ։ Վերադարձել են, որովհետև տունը, որտեղ բնակվել են, տանտերը վաճառել է, իրենք էլ վարձով ապրել չեն կարողացել։ Որոշել են վերադառնալ հայրենի գյուղ։ Դժվարություններն այդտեղից էլ սկսվել են։

Զրույցի պահին Ալավերդիից գնումներով վերադառնում է տանտիրուհին՝ տիկին Սիլվան։ «Խնդրում եմ մեզ չնկարել»,- տան հյուրերին և տեսալուսանկարչական սարքերը տեսնելով՝ արձագանքում է տիկին Սիլվան։ Տիկին Սիլվան վիրավորված է լրագրողներից։ Երբ 2008-ին վերադարձել են Կաճաճկուտ, դժվար օրեր են ապրել․ տուն չեն ունեցել, բնակվել են Սամվելի տատի տանը, անասուն չեն ունեցել, երեխաները փոքր են եղել, նպաստ չեն ստացել։ Այդ օրերին լրագրողներ են այցելել, նկարահանել են ընտանիքին, երեխաներին, նրանց խղճուկ վիճակում են ներկայացրել և օգնություն են խոստացել, բայց այդ օգնությունն այդպես էլ չի ցուցաբերվել։ Փոխարենը նրանց «կամպյուտր են գցել և աշխարհով մեկ խայտառակ արել»։

Տիկին Սիլվայի բարկությունը հետզհետե մեղմվում է, երբ նրան բացատրում ենք, որ մենք լրագրողներ ենք, ներկայացնում ենք հեռավոր գյուղերում ապրող բազմանդամ ընտանիքների վիճակը և որևէ օգնություն չենք խոստանում։

«Փառք Աստծո, ապրում ենք, սոված չենք, հասցնում ենք»,- ասում է տիկին Սիլվան։

«Մի բան հասցնում ենք, մի բան էլ՝ չէ»,- կնոջ խոսքը շարունակում է Սամվելը։

Կաճաճկուտը սողանքային գյուղ է։ Սամվելի տատի տունը, որտեղ դեռևս ապրում են Պողոսյանները, վթարային է։ Երեխաների մի մասը քնում է առաստաղն ամրացնող սյուների հարևանությամբ, որովհետև երկրորդ սենյակում բոլորով չեն տեղավորվում։ Փոքրիկի՝ 4-ամյա Նարեի օրորոցն էլ սյուների տակ է։ Միակ քիչ թե շատ բարեկարգ հատվածը միջանցքն է, որը վերջերս են կարողացել վերանորոգել։ Լոգարան չկա տանը, ջուրը դպրոցի մոտից են բերում։ Խոհանոցի պարագաները կիսված են սյուներով սենյակի և միջանցքի միջև։

Տիկին Սիլվան ասում է, որ հացի խնդիրը քիչ թե շատ լուծել են։ Նպաստ են ստանում, անասուններ ունեն, ինքն էլ դպրոցում հավաքարարություն է անում։ Սեզոնին էլ ազնվամորի են հավաքում ու վաճառում։ Երեխաների հագուստը մեկ-երկու չափ մեծ է գնում, որպեսզի այդ և հաջորդ տարի հագնեն և փոխանցեն փոքրերին։ Այդպիսով՝ հագուստի հարցն էլ է լուծվում։

«Փոշմանել եմ, որ եկել ենք Ռուսաստանից։ Էստեղ աշխատանք չկա, որ երեխանցս իրանց ուզածով անեմ։ Տղաներս նկարչական էին գնում, աղջիկս՝ ձևավորման, պարի, բայց բերի, ստեղ ոչ մի բանի էլ չեմ կարող տալ։ Հայրենիք եմ վերադարձել, բայց որ իրենց ուզածը չեմ կարող անել, շատ փոշմանել եմ»,-ասում է տիկին Սիլվան։

Ավագ որդին՝ Սենիկը, նոր է զորացրվել։ Պետք է շարունակի ուսումը Ալավերդիի Եվրոպական քոլեջի տնտեսագիտության բաժնի երրորդ կուրսում։ Միաժամանակ տղան ուզում է աշխատել, որ իր ուսման վարձը հոգա և ընտանիքին կարողանա օգնել։ Բայց գործ գտնել դեռևս չի հաջողվում։ Աշխատանքի փնտրտուքների մեջ է նաև Պողոսյանների ավագ դուստրը։

«Մեծ աղջիկս ձանձրացել է տանը մնալով, գործ չկա, որ աշխատի։ Սոֆյաս սովորել պրծել է ստեղ, չգիտեմ՝ որտեղ ղրգեմ, ստիպված Վանաձոր պիտի տանեմ, որ գնա մորքուրի տանը կենա սովորի, իսկ հիմա շատ դժվար է, ամսական պետք է իրան գումար հատկացնել, հագուստն առնել, ուտելիքն ապահովել»,-ասում է տիկին Սիլվան։

«Երկրորդ տղես՝ Արթուրս, տեսուղության խնդիր ունի, գլխացավեր է ունենում, հիմա ուզում են բանակ տանեն, բայց ինքն  ի վիճակի չի ծառայության։ Էսօր գեներալնի կամիսիա են կանչել, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասում է հայրը։

«Որ երեխիս տանեն առաջին գիծ, երեխես կարա՞ ծառայի, չի կարա»,- իր հարցին պատասխանում է Սիլվան։

«Մեր նպատակն էն է, որ մեր երեխաներին կարողանանք սովորեցնել, կրթության տանք»,- ասում է Սամվելը։

«Մարիամս կուզեր ռուսերենի դասատու գնալ սովորել, բայց փող չունեի, որ տանեմ երեխուս նստացնեմ սովորցնեմ։ Սոֆաս գերազանցիկ ավարտել է, ուզում է մանկավարժ սովորի։ Սենիկս էլ տնտեսագիտությունն է ավարտում, նկարչական է արել, շատ լավ էլ նկարում է, բայց որտե՞ղ գնա երեխես շարունակի, որտե՞ղ գնա աշխատի, երեխես մնացել է։ Ալլաս ու Անիս էլ պարի են ուզում գնալ, բայց ստեղ մեր գյուղումը պարի խմբակ չկա։ Նարես էլ դե փոքր է»,- իր երեխաների երազանքների մասին է պատմում մայրը։

Պողոսյանների երեխաները դպրոցում լավ են սովորում։ Հայրը հպարտանում է՝ այս տարի Սոֆյան «կարմիր դիպլոմով» ավարտել է գյուղի հիմնական դպրոցը, բայց թե որտե՞ղ է շարունակելու ուսումը, դեռևս պարզ չէ։

Սոֆյան այդ ընթացքում կարմրելով՝ կարմիր վկայականն է բերում սեղանին դնում և արագ հեռանում։ Հարցերին ամոթխած ու աչքերը խոնարհելով է պատասխանում։ Սոֆյան երազանք ունի՝ ուզում է համալսարան ընդունվել և մանկավարժ դառնալ իր սիրելի՝ հանրահաշիվ և երկրաչափություն առարկաները դասավանդելու համար։  

Տիկին Սիլվան խոստովանում է, որ իր յոթ երեխաների հետ շատ լավ է զգում։ Ասում է՝ փոքր ժամանակ շատ դժվար էր, հիմա երեխաները մեծ են, և եթե աշխատանք լինի, կաշխատեն ու կօգնեն ընտանիքին։