HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր»-ի առաջին վիրավոր Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը: Թամրազյանը «Սասնա ծռեր» խմբի առաջին վիրավոր անդամներից է:

Նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը երեկ Թաթուլի առողջական վիճակում որոշակի դրական փոփոխություն է նկատել՝ ի համեմատություն շաբաթ օրվա, երբ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստը ամեն 30 րոպեն մեկ ընդհատվում էր՝ Թաթուլին ցավազրկողներ ներարկելու համար:

«Հուլիսի 17-ին որովայնի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, բարդ վիրահատություն է կատարվել, և չորս ամիս անց ևս մեկ վիրահատության անհրաժեշտություն է լինելու: Հիմնականում պառկած է, ակտիվ շարժվել չի կարողանում, այսինքն՝ շարժումները սահմանափակ են: Թեպետ տարած բարդ վիրահատությանը և առողջական խնդիրներին՝ Թաթուլն ունի բարձր տրամադրություն, ընկճված չէ»,- մանրամասնում է փաստաբանը:

Մարգարյանին մտահոգում է, որ շաբաթ օրը՝ դատական նիստից անմիջապես հետո, Թամրազյանին դատարանից տեղափոխել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այնինչ մինչ այդ նա բուժում էր ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Փաստաբանի խոսքով՝ Թամրազյանը, ընդհանուր առմամբ, գոհ է «Դատապարտյալների հիվանդանոց»-ի բժիշկների սպասարկումից, բայց ինքը (փաստաբանը-հեղ.) դիմում է ներկայացրել արդարադատության նախարարին, քրեկատարողական վարչության պետին՝ պահանջելով Թաթուլ Թամրազյանին տեղափոխել քաղաքացիական որևէ հիվանդանոց՝ հետագա բուժումը վիրաբույժների և մասնագիտացված բժիշկների հսկողության ներքո շարունակելու համար, քանի որ «Դատապարտյալների հիվանդանց» Ք/Կ-ն չի կարող ապահովել հատուկ հետազոտություններ, վիրաբուժական միջամտություններ՝ բուժսարքավորումների բացակայության պատճառով

Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Թամրազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Թամրազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ցուցմունք տալ: Իսկ փաստաբանն այսօր վերքննիչ դատարան բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու պահանջով:

Լուսանկարը՝ Armtimes.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter