HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարագի փոխարեն սփրեդ վաճառած ընկերությունները տուգանվել են 30 մլն դրամով

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ:

Հանձնաժողովի նախաձեռնությամբ Երևան քաղաքի խոշոր խանութներում կատարվել են կարագի հսկիչ գնումներ: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով ևս հաստատվել է, որ մի շարք տնտեսվարողներ խաբում և մոլորեցնում են սպառողներին` կարագի անվան տակ վաճառելով գնային և որակական առումով էապես տարբեր սննդամթերք` բուսասերուցքային սպրեդ, որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից և բնականաբար շատ ավելի էժան է:

Հանձնաժողովի դիտարկմամբ, այն տնտեսվարողները, որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառել են կարագի անվան տակ, անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ` ստանալով մրցակցային լուրջ առավելություններ:

Այսպես, իրավախտումները կատարվել են 2 ճանապարհով: Մի դեպքում տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առևտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: Այդ ներկրողներն են «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ» և «Արդիս» ՍՊԸ-ները:

Հանձնաժողովը բացահայտել է նաև դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը փաստաթղթերով մատակարարից գնել է բուսասերուցքային սփրեդ, սակայն այն վաճառել է որպես կարագ: Այդ ընկերություններն են «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք» ՍՊԸ-ները:

Վերոնշյալ բոլոր ընկերությունները հանձնաժողովի որոշմամբ մանրածախ առևտրի ոլորտում գերիշխող են: Եվ հենց այդ պատճառով էլ հանձնաժողովը ուսումնասիրություններն իրականացրել է այդ ընկերություների սուպերմարկետներում: Չի բացառվում, որ նման խախտումներ անում են նաև այլ խանութներ, որոնք հանձնաժողովի տեսադաշտից դուրս են:

Չարաշահող ընկերությունները հիմնականում ընդունեցին իրենց խախտումը` խոստանալով հետագայում բացառել նման դեպքերի կրկնությունը: Ի դեպ, հանձնաժողովը մոնիտորինգի միջոցով արդեն պարզել է, որ խախտումներն այս ընկերություններում վերացված են:

Հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում էլ իրավախախտման բնույթը նույնն է՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար ՏՄՊՊՀ որոշմամբ սահմանվեց 3 մլն դրամ տուգանք` յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ: Տուգանքի ընդհանուր չափը կկազմի 30 մլն դրամ:

Համաձայն օրենքի՝ տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Միևնույն ժամանակ հանձնաժողովը տուգանվողներին զգուշացրեց, որ երկրորդ անգամ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում տուգանքի չափն անհամեմատ ավելի մեծ կլինի:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հայտնում է, որ վերոնշյալ բացահայտումներն աննախադեպ են այն առումով, որ մինչ այս տնտեսվարողների գործունեության նման լայնածավալ փաստաթղթային ուսումնասիրություն և զուգահեռաբար լաբորատոր փորձաքննություն չեն իրականացվել:

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter